HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Փաշինյան-Ալիև «հարցազրուցային» բանակցություններ, ԵՄ անդամության մասին օրենքի ընդունում. ինչպիսին էր անցնող քաղաքական շաբաթը

Անցնող քաղաքական շաբաթվա ամենաքննարկված թեման Փաշինյան-Ալիև հեռակա բանակցություններն էին։ Արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահը հարցազրույցի ժամանակ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին և պահանջներ ներկայացնում, իսկ Փաշինյանը պատասխան հարցազրույցով արձագանքում է դրանց։ Նախորդ հարցազրույցի ժամանակ Ալիևը խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի՝ սպառազինություն ձեռք բերելը։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը չի դիմանա իրենց հետ սպառազինությունների մրցավազքին, և որ Ադրբեջանը մյուս տարի ռազմական բյուջեն հասցնելու է 5 մլրդ դոլարի: 

Իլհամ Ալիևը նաև մեղադրել է արևմուտքի երկրներին Հայաստանին զինելու համար։ Ըստ Ալիևի` Հայաստանն ամենաշատ զենքը ստանում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից։ Այս անգամ Ալիևն ավելի հեռուն գնաց՝ պահանջելով, որ Հայաստանին զենք վաճառած երկրները խզեն պայմանագրերը և հետ վերցնեն վաճառված զենքերը։

Ալիևը հունվարի 7-ին տված հարցազրույցում Հայաստանն անվանեց «ֆաշիստական» պետություն։ Տարիներ շարունակ պետական մակարդակով հայատյացության քարոզ իրականացնող երկրի ղեկավարը սպառնաց ոչնչացնել ֆաշիզմը Հայաստանում, եթե դա չանի ՀՀ իշխանությունը։ «Մենք ուրիշ ելք չունենք։ Հայաստանի առաջին երեք ղեկավարները եղել են ֆաշիստական գաղափարախոսության կրողներ»,- հայտարարել է Ալիևը։

Իլհամ Ալիևը չշրջանցեց նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ «Ադրբեջանը Նախիջևանի հետ հաղորդակցության համար չի կարող իրեն թույլ տալ օգտագործել շրջանցող ճանապարհներ։ Հայկական կողմը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը, չարժե բարկացնել մեզ։ Նրանք պետք է հասկանան, որ այստեղ տերը մենք ենք»,- ասել է նա։

Ալիևի հարցազրույցի հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց «Արմենպրեսին» և արձագանքեց Ալիևի հայտարարություններին։

Ալիևին հակադարձելու փոխարեն Փաշինյանն առաջարկել է նստել և քննարկել բոլոր հարցերը, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանի նախագահը ցանկանում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմ հիմքեր ստեղծել։ 

«Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»,- ասել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև նշել, որ անհրաժեշտ է քննարկել և հասկանալ՝ ինչն է պատճառը, որ Ադրբեջանում Հայաստանի՝ ֆաշիստական պետություն լինելու մասին ընկալում կա։

«Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը»,- հավելել է վարչապետը։

Ավելի ուշ Ալիևի այս և նախորդ հայտարարություններին Փաշինյանն անդրադարձավ ֆեյսբուքյան գրառմամբ։ Մասնավորապես անդրադառնալով «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթին՝ նա գրել էր, որ ՀՀ տարածքում չկա և չի կարող գոյություն ունենալ «Արևմտյան Ադրբեջան»։

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից»,- գրել էր նա։

Նույն գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի 12 կետանոց առաջարկները. 

  • հրաժարվել էսկալացնող խոսույթներից, 
  • շարունակել սահմանազատման գործընթացը, 
  • կնքել Խաղաղության պայմանագիր, 
  • իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, 
  • հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, 
  • լուծել պահվող անձանց խնդիրը, 
  • աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, 
  • հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, 
  • աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի իրագործման վրա, 
  • սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել, 
  • ձեւավորել համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկելու համար 
  • լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Փաշինյանի այս առաջարկներին ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել։

Ալիևի հայտարարությունների ֆոնին Հայաստան ժամանեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Մինչև Հայաստան գալը նա մեկնել էր Ադրբեջան և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Փորձագետների կարծիքով՝ այս այցերի նպատակը տարածաշրջանում հնարավոր էսկալացիա թույլ չտալն է։ Փաշինյանի հետ  հանդիպմանը Ալի Աքբար Ահմադիանը քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։

Ահմադիանից բացի, այս շաբաթ Հայաստան և Ադրբեջան ժամանեց նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով նախորդ տարեվերջին էր նշանակվել այդ պաշտոնին։ Գրոնոն Հայաստանում հանդիպումներ ունեցավ վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԺ մի քանի պատգամավորների հետ։ 

Ինչպես տեղեկանում ենք տարածված մամուլի հաղորդագրություններից Մագդալենա Գրոնոյի հետ քննարկված հարցերից մեկը վերաբերել է ԵՄ դիտորդական  առաքելության գործունեության կարևորությանը։ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի գրասենյակից ավելի վաղ տեղեկացրել էին, որ առաջարկել են ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգել ևս 2 տարով։

ԵՄ քաղաքացիական դիտորդների գործունեության կարևորության մասին խոսել էր Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսում նա նշել էր, որ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես ենք լինում։

«Մեր համոզմունքն է, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանազատված սահմաններ կամ այն հատվածներում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, և քանի դեռ լինում են այսպիսի շինծու մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ, ինչին ականանատես եղանք նաև բառացիորեն օրեր առաջ, մենք շարունակելու ենք ԵՄ քաղաքացիական առաքելության կարիքն ունենալ և համարում ենք նրանց ներկայությունը պահանջված»,- նշել էր նախարարը:

Մագդալենա Գրոնոյի և Հայաստանի իշխանությունների միջև քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև Կառավարության կողմից հավանության արժանացած «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Հիշեցնենք, որ այն հավանության արժանացավ Կառավարության կողմից հունվարի 9-ի նիստում։ 

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը հեղինակել էին «Եվրաքվեի» անդամները։ Նրանք նախորդ տարի սկսեցին ստորագրահավաք իրականացնել, որպեսզի կարողանան այս օրենքի նախագիծը խորհրդարան տանել։ Մինչև տարեվերջ նրանց հաջողվեց հավաքել մոտ 60,000 ստորագրություն, 10,000-ով ավելի, քան անհրաժեշտ էր։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունումից շատ չանցած՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքեց. «Հնարավոր չէ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ»։ Նա նաև հավելեց, որ ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց ԵԱՏՄ-ում մնալը ՀՀ-ի համար ավելի շահավետ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter