
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը
Մարտակերտ քաղաքի մոտակայքում գտնվող Պուշկեն յալ կոչվող տեղամասի դիրքերի պաշտպանությունն իրականացնում էին Արցախի Ազգային անվտանգության ծառայության 3-րդ վարչության հատուկ ջոկատայինները։ Այս ստորաբաժանման հրամանատարը գնդապետ Արթուր Ավանեսյանն էր՝ Կանդազը։
Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Կանդազի հատուկ նշանակության ջոկատը Պուշկեն յալի պաշտպանությունը սկսել էր իրականացնել 2021 թվականից։ Ջոկատը բաղկացած էր 35 հատուկ ջոկատայիններից։
«Սահմանի վրա ձեւավորվեցին նոր դիրքեր։ 2020 թվականից հետո Ազգային անվտանգության ծառայությունում սկսվեցին վարչություններ ձեւավորվել՝ արագ արձագանքման, հատուկ գործողությունների, ԱԹՍ-ների եւ այլն։ Ու տենց, լավ գործը գնում էր ու ահագին առաջընթաց ունեցանք երկու տարվա ընթացքում։ Այդ ստորաբաժանումները համալրվեցին` ճիշտ է ոչ ամբողջությամբ։ Բայց եթե էդպես շարունակվեր, երեւի հինգ տարի հետո ԱԱԾ ստորաբաժանումները, կարծում եմ, կփոխարինեին Պաշտպանության բանակին։ Ափսոս չհասցրին, դա էլ չհասցրինք»,- ասում է Ավանեսյանը։
Արցախի ԱԱԾ-ում ձևավորված վարչությունների սկզբնական նպատակը զորքի պատրաստումն էր, վարժանքների անցկացումը։ Սակայն, հետագայում զորքի քիչ թվաքանակով պայմանավորված՝ այս ստորաբաժանումները սկսեցին իրականացնել սահմանի տարբեր հատվածների, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրին Պուշկեն յալում գտնվող դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը։
«Այդ օրը սովորական օրերից մեկն էր մինչեւ կեսօր։ Կեսօրից դիրքերից զանգեցին, ասացին, որ հակառակորդն արդեն լիցքավորում է հրանոթները։ Դա արդեն նորություն էր։ Համար մեկ տվեցի զորքին»,- պատմում է Կանդազը։
Ավանեսյանը մի խմբի ուղարկել է դիրքեր՝ օգնության։ Այդ ընթացքում հակառակորդը սկսել է հրետակոծել դիրքերը։
«Սկսեցին բոլոր բլոկպոստերը գրավել, հրետակոծել Մարտակերտը։ Հետո հասկացա, որ զորքս շատ քիչ էր, ռեզերվային ուժերից, մեր թիկունքայիններից բարձրացրի բոլորին դիրքեր։ Եթե հակառակորդին հաջողվեր գրավել Պուշկեն յալը և անցնել մեր թիկունք, Մարտակերտը կհայտնվեր շրջափակման մեջ»,- ասում է Կանդազը։
Գնդապետ Ավանեսյանը նաև դիպուկահարների է տեղափոխել Պուշկեն յալ՝ ապահովելու առաջնագծում կռվող հատուկջոկատայինների թիկունքը։ Ավանեսյանի խոսքով դիպուկահարները կատարել են իրենց առջև դրված խնդիրը։ Դիպուկահարների օգնությամբ 2 անգամ հնարավոր է եղել հետ մղել հակառակորդի գիշերային երկու գրոհները։
Հրետակոծության առաջին ալիքից հետո՝ հինգ րոպե անց, ադրբեջանական բանակի հետևակը անցել է հարձակման։ Սկսվել է մերձամարտ Պուշկեն յալի դիրքապահների և ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների միջև։ Կանդազի խոսքով՝ նախկինում հրետակոծությունից 25-30 րոպե հետո էր սկսվում հետևակի առաջխաղացումը։
«Ադրբեջանցիները մտան դիրք, ու սկսվեց կռիվը։ Առաջին 10-15 րոպեում շատ էին գալիս, տղերքը սկսեցին նռնակներ գցել։ Տեսան, որ արդեն չեն կարում մտնեն դիրք, նահանջեցին։ 7 դիակ թողեցին մեր դիրքում»,- հիշում է հետախույզը։
Ադրբեջանցիների նահանջից հետո, Ավանեսյանի հրամանով, սկսել են աշխատել անօդաչու թռչող սարքերը։ Սկզբում՝ մոտ 40 րոպե, կարողացել են անօդաչուներով նռնակներ նետել հակառակորդի վրա, հետո, հավանաբար, ռադիոէլեկտրոնային պաշտպանության (ՌԷՊ) կայանի աշխատելու հետևանքով հնարավոր չի եղել ԱԹՍ-ները օդ բարձրացնել։ ԱԹՍ-ների աշխատանքի հետևանքով ավելացել են հակառակորդի մարդկային կորուստները և հարձակումը ժամանակավորապես դադարել է։
Հարձակման երկրորդ ալիքն ավելի ուժգին է եղել։ Հասկանալով, որ իրավիճակը լուրջ է, և առավելությունը կարող է ամեն պահի անցնել հակառակորդի կողմը՝ գնդապետ Ավանեսյանը կապվել է հրետանային բրիգադի հրամանատար Դավիթ Ղազարյանի հետ։ Նա Ղազարյանին խնդրել է հրետակոծել Պուշկեն յալի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքը։
«Ղազարյանն ասաց՝ շատ մոտ եք իրար, կարող է ձեզ էլ կպնի արկերը։ Ասացի՝ դե, սրանից հետո ինչ ուզում է լինի, մեկ է դիրք չենք տալու, խփի՛։ Խփեցին, մեր ու ադրբեջանցիների արանքն էր ընկնում։ Ու էդպես ամբողջ գիշեր հրետանու հետ համագործակցելով՝ հարձակումները հետ ենք մղել»,- պատմում է Կանդազը։
Հարձակման ընթացքում Արթուր Ավանեսյանն իր ենթակայության տակ գտնվող դիպուկահարների խմբերից մեկին ուղարկել է Չարեքթար՝ օգնելու Վանքի գումարտակին, որն իրականացրել է Նարեշտար-Չարեքթար հատվածի պաշտպանությունը։
Մարտական գործողությունները Պուշկեն յալում ընթացել են մինչև սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամը 06:00-ն։ Իսկ ժամը 13:00-ին Արցախի իշխանությունների և ադրբեջանական կողմի միջև ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն։ Մարտական գործողություններն ամբողջությամբ դադարել են։
«Պուշին յալի» հատվածում Արթուր Ավանեսյանի ստորաբաժանումից զոհվել է 3 հոգի՝ Վահե Մամունցը, Գոռ Անտոնյանը, Տիգրան Ավանեսյանը։ Վիրավորվել է 7 զինծառայող։ Կանդազի խոսքով՝ ադրբեջանական կողմի կորուստներն այդ հատվածում անգամներով ավել են եղել։
«Տարբեր թվեր են ասում, բայց ես իմ աչքի տեսածն եմ ասում, յոթ հոգու դիակ մեր խրամատներում էր մնացել, իսկ նկարներով, որ նայել եմ, մի 15-20 հոգի էլ դիրքերի մոտակայքում կային։ Մնացածն էլ արդեն հրետանին գիշերը թե ինչքան կորուստ է պատճառել, չգիտեմ։ Բայց իրենց զոհերը շատ էին, դրա համար առավոտյան գրոհների փորձեր չարեցին»,- ասում է գնդապետը։
Մեկօրյա մարտական գործողությունների արդյունքում հակառակորդին չհաջողվեց գրավել «Պուշին յալ» բարձունքը։ Սակայն նրանք կարողացան գրավել Պուշկեն յալից աջ գտնվող Կաշենի ոսկու հանքի մոտակայքում գտնվող դիրքը։ Այս դիրքի գրավումից հետո ադրբեջանցիները մտել են Ճանկաթաղ գյուղ և գրավել այն։
«Իրենց խնդիրը, իմ կարծիքով, ճանապարհները փակելն էր, որ ժողովուրդը չհասցնի դուրս գալ։ Իրենք կարողացան Չարեքթարով մտնել և Դրմբոնի ճանապարհ փակել, բայց Խաչենի ճանապարհը, որը մեր ԱԱԾ-ի տղերքն էին պահում, չկարողացան գրավել»,- պատմում է Ավանեսյանը։
Արթուր Ավանեսյանը, վերլուծելով 2023-ի սեպտեմբերին Արցախում կատարվածը, կարծում է, որ հնարավորություն կար այլ արդյունք ունենալ։
«Արցախում եթե բոլորը համախմբված լինեին, համագործակցեին, արդյունքն այլ կլիներ։ Բնականաբար, զոհեր շատ կլինեին։ Դա կլիներ մեր վերջին, բայց հաղթական ճիչը»,- հավելում է հայտնի հետախույզը։
44-օրյա պատերազմ
44-օրյա պատերազմի ժամանակ գնդապետ Արթուր Ավանեսյանը ծառայության մեջ չի եղել, աշխատել է՝ ջրային տնտեսության պետն էր։ Բայց պատերազմի սկսվելու առաջին օրն իսկ միացել է հինգերորդ պաշտպանական շրջանի զորամիավորմանը։
«Դա իմ գունդն է, դրա ստեղծման առաջին քարերից մեկը ես եմ դրել։ Գնացի էնտեղ, մեր տղերքը ճանաչում էին ինձ։ Օգնում էի իրենց ու մարտական դիրքերում որտեղ որ մարտերը թեժանում էին, որտեղ որ կարիք էր լինում, գնում էի»,- ասում է Արթուր Ավանեսյանը։
Այն ստորաբաժանումը, որին միացել էր Կանդազը, խնդիր էր ստացել իրականացնել Լևոնարխ գյուղի պաշտպանությունը, որ հակառակորդը չկարողանա գրավել կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող 530 բարձունքը։
«Էդտեղ մեծամասնությունը հետախուզական ստորաբաժանումներն էին, մեր հին տղերքից էլ կային, և պահեցինք գյուղը, կատարեցինք էդ խնդիրը։ Երեք անգամ տանկերով հարձակվեցին, մենք երեք անգամ էլ հետ մղեցինք։ Հետո հետևակով փորձեցին առաջանալ, բայց կոտորեցինք մեծ մասին, դիակները թողեցին, նահանջեցին»,- պատմում է Կանդազը։
44-օրյա պատերազմի ժամանակ գնդապետ Ավանեսյանը նաև օգնել է դիվիզիայի հետախուզության պետին, փոխանցել նրան իր ծառայության տարիներին հավաքած ինֆորմացիան՝ հակառակորդի կարևոր, ռազմավարական նշանակության օբյեկտների մասին։
Զորքերի բարեփոխման անհրաժեշտությունը
«2014-ին՝ օգոստոսյան դեպքերից հետո, ես արդեն զգում էի մոտալուտ վտանգը,- ասում է Կանդազը,- բայց մերոնք էդ հարցի ուղղությամբ ոչ մի քայլ չէին անում, առաջընթաց չկար»։
Ավանեսյանի կարծիքով՝ անհրաժեշտ էր զորքը հասցնել հատուկ նշանակության ստորաբաժանումների կարգավիճակի, ինչպես անում էր Ադրբեջանը։ Պետք էր ստեղծել ավելի մոբիլ (շարժուն) ստորաբաժանումներ, քանի որ ռազմական տեխնիկան նույնպես տարիների ընթացքում դառնում է ավելի շարժունակ։
«Մենք չպիտի Սովետական միության մարտական կանոնադրությամբ շարժվեինք, դա նույնիսկ ռուսները չեն օգտագործում։ Մենք պիտի քիչ քանակությամբ մարդկանց օգտագործեինք մեծ օպերացիաներ կատարելու համար։ Բանակի ձևավորումից ի վեր ոչ մի բարեփոխում բանակում չկար։ Մենք պիտի 2005 թվականից անեինք էդ փոփոխությունը, ադրբեջանցիներից շուտ մեր բանակը պիտի զարգացնեինք։ Բայց նույն տեմպով բանակում շարունակվում է զորակոչ, զորացրում։ Հիմա էլ, քանի դեռ ուշ չի, բանակը պիտի էդ ուղղությամբ զարգանա»,- ասում է Ավանեսյանը։
Լեգենդներ և իրականություն. ինչպես Արթուր Ավանեսյանը դարձավ Կանդազ
Արթուր Ավանեսյանը զինվորական ծառայության է մտել 90-ականներից։ Սկզբում զինվորական դառնալու մասին չի էլ մտածել։ Ուզել է ֆուտբոլիստ դառնալ։ 1986 թվականին Ավանեսյանը հայրենի Մաղավուզ գյուղից մեկնել է Մոսկվա՝ սպորտային ուսումնարանում սովորելու։
«1988 թվականին փողոցում տեսա՝ ցույց էին անում մարդիկ, պլակատների վրա գրված էր Ղարաբաղ։ Զարմացա, ասեցի՝ էս մեր Ղարաբաղի համա՞ր են ցույց անում»,- պատմում է Ավանեսյանը։
Արթուր Ավանեսյանը պատմում է, որ այդ ժամանակ չի իմացել՝ ինչ է կատարվում Արցախում։
«1990-ին վերադարձա, հայրս էդ ժամանակ ավտոբուս էր քշում, ավտոբուսի վրա կրակել էին։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, չէի պատկերացնում Սովետական միությունում տենց բան, որ հնարավոր է Սումգայիթ, Բաքվի ջարդեր, տանկեր են մտել Ղարաբաղ, սաղ աշխարհը խառնվել է»,- ասում է նա։
Հասկանալուվ, որ պահն օրհասական է, որոշում է կայացրել միանալ Արցախի ինքնապաշտպանական ուժերին։ Նա անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին և այդ ջոկատում էլ ստացել է իր մարտական մկրտությունը։ Խիստ կարգուկանոնով հայտնի այս ջոկատում Արթուր Ավանեսյանը շատ բան է սովորել մարտ վարելու, հետախուզություն իրականացնելու մասին։
«Առաջին հետախուզական գործողությունս էդ ժամանակ եղավ։ Մեր գյուղը՝ Մաղավուզը, ադրբեջանցիները գրավել էին։ Ես այդ ժամանակ Դաստակերտում էի՝ Շահումյանի շրջանում։ Էնդեղ ասացին, որ գյուղի վրա հարձակվել են։ Ես էլ չգիտեի մերոնք հասցրել էին դուրս գալ, թե չէ։ Մտա գյուղ, մի ահավոր տեսարան բացվեց դեմս, որ ամբողջ կյանքս մնաց հիշողությանս մեջ։ Տեսա 92 տարեկան տատիկս, բալկոնի վրա, վիզը կտրած, ընկած է»,- հիշում է Ավանեսյանը։
Նա փոս է փորել, տատին տան բակում թաղել։ Այդ դեպքից տասն օր անց նույն ճանապարհով անցնելիս նկատել է երկու ադրբեջանցու, որոնք բեռնատարով եկած են եղել գյուղը թալանելու։
«Արդեն արյունը տվեց աչքերիս։ Ոչնչացրի երկուսին էլ։ Ու դրանից հետո ընտրեցի հետախույզի մասնագիտությունը։ Էդպես էլ ստացվեց հետախուզական կյանքս»,- պատմում է Ավանեսյանը։
Իր անվան շուրջ պտտվող լեգենդների մասին Կանդազն ասում է. «Առանց ծուխ, կրակ չի լինում»։ Սկզբում հետախուզական վաշտի հրամանատարի, հետո էլ զորամասի հետախուզության պետի պաշտոններում նա բազմիցս անցել է հակառակորդի թիկունք, դիվերսիոն և հետախուզական նշանակության գործողություններ իրականացրել։ Առաջին դիվերսիոն գործողությունը Ավանեսյանն իրականացրել է 1997թ․-ին։ Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել էր հայ դիրքապահներից մեկը։ Հակառակորդին պատժելու համար նա մտել է մոտակա ադրբեջանական գյուղ։ «Եթե շատ ուզեի, ինձ այդ գյուղում գյուղապետ էլ կընտրեին»,- կատակում է Ավանեսյանը։ Գյուղ մտնելուց հետո նա ականապատել է գյուղի մոտ գտնվող դիրքը և դուրս եկել։ Ադրբեջանցի դիրքապահները պայթել են այդ ականների վրա։
Հետագա տարիներին Ավանեսյանը բազմաթիվ այդպիսի օպերացիաներ է իրականացրել։ Նրա ղեկավարած ստորաբաժանումները նաև դիրքային առաջընթաց են ունեցել որոշ հատվածներում։
Արթուր Ավանեսյանը Կանդազ մականունը ստացել է 1992թ․-ին՝ Քարագլուխ բարձունքի պաշտպանության ժամանակ։
«Հակառակորդը հարձակվել էր Քարագլխի վրա։ Մեր հետախուզական վաշտը տագնապով տարան այդ դիրքը։ Մեր վաշտում մի քանի թալիշեցի կային։ Ես վաշտում նռնականետորդ էի, իսկ թալիշեցիներից մեկը իմ օգնականն էր։ Հասանք դիրք ու մտանք մարտի մեջ։ Այդ օրը երևի 30 արկ կրակել էի նռնականետից, էլ ոչ մի բան չէի լսում մենակ արագ կրակելով՝ առաջ էի գնում։ Օգնականս չէր հասցնում հետևից գալ ու վազելու ընթացքում ընկավ ու գոռաց «կանդա՞զ ես դու»։ Հետո իմացա, որ կանդազ նշանակում ա «ուռու գլուխ» (ինքնագլուխ, ոչ մեկին չլսող մարդ) թալիշի բարբառով»,- հիշում է Կանդազը։
Գրեթե բոլորը, ովքեր ծառայել են Արցախի Պաշտպանություն բանակում գոնե մեկ անգամ լսել են Կանդազի մասին պատմություններն ու լեգենդները։ Քչերն են, սակայն, որ դեմքով ճանաչում են նրան։ «Դեռ տեսնելու առիթներ կունենան,- ասում է նա,- անելիքներ շատ ունենք։ Սրանով ոչինչ դեռ չի ավարտվում։ Էն ժամանակ, երբ Արցախը վերադարձնենք, այդ ժամանակ էլ կգնանք իսկական թոշակի»։
Մեկնաբանել