HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աճուրդ-վաճառքի է ներկայացվել պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող առաջին գույքը

Գլխավոր դատախազությունը հունվարի 27-ին հաղորդագրություն է տարածել, որ 2022թ․ օգոստոսից գործող Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է օրինական ուժ ստացել։ Դատախազության քաղհայցի հիման վրա հօգուտ պետության կբռնագանձվի 750 հազար դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար ԱՄՆ դոլար:

Ապօրինի ծագում ունեցող գույքերից մինչև 2025թ․–ը Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում է ստացել 20 անշարժ և մեկ շարժական գույք՝ 2010թ․ արտադրության Range Rover մակնիշի ավտոմեքենա։ Այդ մասին «Հետք»-ին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը։ 

Պետությանը վերադարձված անշարժ գույքը, հիմնականում, Երևանում և հանրապետության այլ համայնքերում գտնվող հողամասեր են։ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի փողոցում՝ 4 հողամաս, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի ⅖ հասցեում գտնվող 1․24 հա հատուկ պահպանվող հողամաս, մեկ հողամաս՝ Ավանի Աճառյան փողոցում, մեկ հողամաս՝ Վ․ Վաղարշյան փողոցում, երկու հողամաս՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, երկու հողամաս նույն մարզի Արտավազ գյուղում, վեց հողամաս՝ Աղավնաձոր գյուղում, մեկ հողամաս՝ Արզական գյուղում, Արարարտի մարզի Արմաշ գյուղում գտնվող երկու հողամաս։

Սեփականության իրավունքով պետությանն է փոխանցվել երկու շինություն՝ Երևան քաղաքի Ե․ Կողբացու փողոցում գտնվող շենքը, և Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը , որն արդեն վարձակալության է հանձնվել։

Կոմիտեն այս տարվա փետրվարի 20-ին, ժամը՝ 10։30-ին www.e-auctions.am կայքում պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող առաջին գույքն է աճուրդի ներկայացրել։ Հողամասը գնվում է Երևան քաղաքի Ավան-Աճառյան փողոց 39/6 հասցեում։ Էլեկտրոնային աճուրդով կօտարվի 1,601295 հա խառը կառուցապատման հողամաս՝ 2 մլրդ 229 մլն 400 հազար դրամ մեկնարկային արժեքով։ 

Range Rover մակնիշի ավտոմեքենայի աճուրդը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը՝ 10։00-ին։ 2010թ․ արտադրության ավտոմեքենան աճուրդ է դրվել 5․550․000 դրամ մեկնարկային արժեքով։ 

Ապօրինի ծագում ունեցող գույքերից մինչև 2025թ–ը Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում է ստացել 20 անշարժ և մեկ շարժական (տրանսպորտային միջոց) գույք։ Այդ մասին «Հետք»-ին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը։ Պետության սեփականությունը դարձած մեկ անշարժ գույք ներկայացվել է օտարման, էլեկտրոնային աճուրդը տեղի կունենա փետրվարի 20–ին։ Այսինքն, Կոմիտեն այս տարվա փետրվարի 20-ին պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող առաջին գույքն է աճուրդ-վաճառքի ներկայացնելու։

Տրանսպորտային միջոցի գնահատումն ավարտվել է, և նախապատրաստվում է իրավական ակտի նախագիծ՝ էլեկտրոնային աճուրդով օտարելու համար։ Եվս մեկ անշարժ գույք ներկայացվել է գնահատման, 7 անշարժ գույքի մասով շրջանառվում են դրանք Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին իրավական ակտերի նախագծեր։ Մրցույթով վարձակալության է տրամադրվել մեկ անշարժ գույք. խոսքը Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի մասին է։

Պետգույքի կառավարման կոմիտեից հետաքրքրվել էինք նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործերով ընկերություններում ունեցած բաժնեմասերը Պետական գույքի կոմիտեին վերադարձնելու մասին։ Գևորգ Բաբայանը հայտնում է, որ դատական ակտերով ապօրինի ծագում ունեցող գույքի բռանգանձման պահանջներով ընկերություններ կամ դրանցում բաժնետոմսեր Կոմիտեին չեն փոխանցվել։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) նույնպես հայտնում է, որ մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բնույթի կատարողական թերթեր չեն ներկայացվել Ծառայությանը։ Հետևաբար, դատական գործերով շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ չեն բռնագանձվել։ ԴԱՀԿ-ի պատասխանից հետևում է, որ Պետգույքի կառավարման կոմիտեին հանձնված բոլոր անշարժ և շարժական գույքերը, գանձապետական հաշվին փոխանցված գումարները հաշտության համաձայնությունների արդյունքում են փոխանցվել պետությանը։

Կառավարությունը 2024թդեկտեմբերի 5-ին որոշում է ընդունել գանձապետական միասնական հաշվեհամար բացելու մասին։ Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2024թդեկտեմբերի 9ին գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է «Պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվեհամար։ 2024թ․-ին հաշվեհամարին մուտքագրվել է 10 մլրդ 161 մլն 923 հազար դրամ, իսկ 2025թ․–ի առաջին տասնօրյակում՝ ՝ 540 000 դրամ:

Հաշվեհամարին մուտքագրված այս գումարը ապօրինի գույքի բռնագանձման ողջ գործընթացում Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշիվներին վճարված դրամական միջոցներն են, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված վարույթներով վերականգնված, Կենտրոնական բանկում ի պահ հանձնված, ինչպես նաև Ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարում առկա դրամն է։

Թվարկված բոլոր գերատեսչություններից համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով առկա դրամական միջոցները տասնօրյա ժամկետում պետք է փոխանցվեին միասնական հաշվին:

Կառավարության որոշումով՝ վերականգնված միջոցների միասնական հաշվին վճարված դրամական միջոցների կառավարումն ու ծախսերի կազմակերպումը վերապահվել է Ֆինանսների նախարարությանը: Որոշման համաձայն՝ վերականգնված միջոցների միասնական հաշվին վճարված դրամական միջոցներից գումարները կարող են հաշվեգրվել համապատասխան համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին։ Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վահրամ Պողոսյանը «Հետք»-ին հայտնել է, որ 2025թ. հունվարի 10-ի դրությամբ այդպիսի փոխանցումներ չեն եղել:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ 2020թ սեպտեմբերից մինչև 2025թ․–ը դատարան է ուղարկվել 116 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1300 անշարժ և 251 շարժական գույք, ինչպես նաև՝ մասնակցություն 335 ընկերությունում: Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը ավելի քան 587 մլրդ դրամ է (ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն ընկերություններում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները):

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հարուցված վարույթների շրջանակում մինչև 2025թկնքվել է հաշտության 8 համաձայնություն, որից 2-ը՝ մինչև դատարան դիմելը։ Հաշտության արդյունքում, ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, պետությանն է փոխանցվելու նաև շուրջ 937 մլն դրամ: Դատախազությունից հայտնում են, որ հաշտության համաձայնությամբ՝ գումարի վճարման ժամանակացույց է սահմանվել և այդ գումարից 584 մլն դրամն արդեն փոխանցվել է գանձապետական հաշվին:

ԴԱՀԿ–ը տեղեկացնում է, որ  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործերով (քրեական և քաղաքացիական) մինչև 2025թ հունվարի 10-ը ծառայության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցվել է 1019 կատարողական վարույթ (գույքի վրա արգելանք դնելու նպատակով)։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի հարկադիր կատարողները կատարողական թերթի պարզաբանման նպատակով 12 դիմում են ներկայացրել դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter