
Կապանի լեռնահարստացման կոմբինատը դատի է տվել տեսչական մարմնին
2024 թ. դեկտեմբերին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն երկու դատական հայց է ներկայացրել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դեմ։
Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակման հիման վրա ԲԸՏՄ-ն կոմբինատում ստուգում էր սկսել նախորդ տարվա օգոստոսին: Ստուգման նպատակն էր պարզել ԼՀԿ-ի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույտվության առկայությունը եւ գործունեության համապատասխանությունը բնապահպանական եւ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին:
Դեկտեմբերի 13-ին ԼՀԿ-ն դիմել է Վարչական դատարան՝ խնդրելով ճանաչել ստուգում իրականացնելու իրավահարաբերության բացակայությունը։ Հայցն ընդունվել է դատավոր Լիլիթ Սադոյանի վարույթ: Առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 14-ին:
Ինչպես արդեն գրել ենք, ստուգման արդյունքում տեսչական մարմինը պարզել է, որ Կապանի ԼՀԿ-ի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար։ Իսկ դեկտեմբերի 26-ին ԲԸՏՄ-ն ստուգման նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
Այս ընթացքում ԼՀԿ-ն միջնորդել է, որ Վարչական դատարանը հայցի ապահովման միջոցներ կիրառի՝ 1. արգելի ԲԸՏՄ-ին կատարել գործողություններ կամ ընդունել որոշումներ, որոնք կհարկադրեն Կապանի լեռնահարստացման կոմբինատին կասեցնել, դադարեցնել, արգելել որոշակի կամ ամբողջական գործողությունները, 2․ արգելի ԲԸՏՄ-ին շարունակել Կապանի լեռնահարստացման կոմբինատում ստուգման կամ դրանից բխող որեւէ գործողության իրականացումը:
Հունվարի 7-ին Վարչական դատարանը գտել է, որ հայցի ապահովման երկրորդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը բավարար պատճառաբանված չէ, հետեւաբար մերժել է այն, իսկ առաջին միջոցի մասով միջնորդությունը բավարարել է եւ արգելել է ԲԸՏՄ-ին կատարել գործողություններ կամ ընդունել որոշումներ, որոնք կհարկադրեն ԼՀԿ-ին կասեցնել, դադարեցնել, արգելել որոշակի կամ ամբողջական գործողությունները:
Դեկտեմբերի 30-ին ԼՀԿ-ն երկրորդ հայցով է մտել Վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 17-ի ստուգման ակտը։ Այս հայցն ընդունվել է դատավոր Հերմինե Մուրադյանի վարույթ: Այն քննվելու է գրավոր ընթացակարգով, եւ դատարանը ակտը հրապարակելու է հուլիսի 7-ին:
ԼՀԿ-ն պնդում է, որ ապօրինի հանքարդյունահանում չի կատարել
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի միակ սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին գրավոր հարցեր էինք ուղղել։ Նախ խնդրել էինք պարզաբանել, թե որն է ստուգում իրականացնելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի էությունը։
ԼՀԿ-ից արձագանքել են, որ դա լիարժեք պատկերացնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի նախապատմությանը։ Ըստ ընկերության՝ 2024 թ․ օգոստոսին նախաձեռնված ստուգումը սկզբնական փուլում իրենք համարել են պետական մարմնի բնականոն գործունեության մաս եւ պատրաստակամորեն աջակցել գործընթացին, սակայն գործընթացի թափանցիկության բացակայությունը հանգեցրել է որոշակի կասկածների։
«Այսպիսով, որպես թիվ 209-Ա հանձնարարագրի առաջին նպատակ նշվել է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվությունը պարզելը։ Հաշվի առնելով, որ ընկերությունը բաց եղանակով շահագործում չի իրականացրել եւ չի իրականացնում՝ ընկերությունը առաջնորդվել է կանխավարկածով, որ տեսչական մարմինը ստուգում իրականացնելու արդյունքում կարձանագրի այդ փաստը եւ առարկայազուրկ կհամարի թույլտվության առկայության պարզումը»,- ասվում է պատասխանի մեջ։
ԼՀԿ-ն տեսչական մարմնից փորձել է պարզել, թե ստուգման ընթացքում կատարված նմուշառումն ինչ մեթոդաբանությամբ է կատարվել, ինչպես նաեւ հանձնարարագրի որ նպատակին է նպաստելու: Ըստ հանքարդյունաբերող ընկերության՝ տեսչական մարմինը չի պարզաբանել ստուգման ընթացքում իրականացվող կոնկրետ գործողությունների օրենսդրական հիմքերը, ինչպես նաեւ այն ստանդարտները, որոնցով դրանք իրականացվում են: ԼՀԿ-ն նշում է, որ, ըստ էության, տեսչական մարմինը չի բացահայտել ստուգման նպատակը, բացի դրանից՝ անպատասխան են թողնվել իրենց այլ հարցադրումներ եւս:
«Մինչեւ ստուգման ակտի ընդունումը (այն ընդունվել է դեկտեմբերի 17-ին - հեղ.) ընկերության համար պարզ չի եղել, թե ինչ իրավախախտումներ են պարզվում տեսչական մարմնի կողմից։ Արդյունքում ստացվել է, որ առանց ստուգում իրականացնելու՝ տեսչական մարմինը դեռեւս հանձնարարագիր ընդունելու դրությամբ, առանց որեւէ քննության եւ օրենսդրական հիմնավորման, ընկերության գործողությունը, որը միտված էր ապահովել հանքավայրի փլուզված հատվածին հարող ստորգետնյա ենթակառուցվածքների անվտանգությունը, որակել է որպես բաց եղանակով շահագործում։ Ստացվում է, որ տեսչական մարմինը ընկերությունից նպատակ է դրել պահանջել թույլտվություն այն գործունեության վերաբերյալ, որը փաստացի չի իրականացվում ընկերության կողմից»,- մեզ փոխանցել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը:
Իսկ երբ նոյեմբերին տեսչական մարմնից ստացել են ստուգման վարույթի նյութերը, ըստ ԼՀԿ-ի, դրանց ուսումնասիրությամբ պարզել են, որ օգոստոսյան հանձնարարագրի հիման վրա իրականացվող առանձնահատուկ դեպքերով ստուգման օրենսդրական հիմքերը բացակայել են: Սրա հիման վրա էլ դիմել են Վարչական դատարան:
Հանքարդյունաբերողը նաեւ պնդում է, որ տեսչական մարմնի կողմից ստուգումն իրականացվել է մի շարք ընթացակարգային խախտումներով, ինչպես նաեւ անհայտ մեթոդաբանությամբ, որոնք հանգեցրել են ոչ իրավաչափ եւ անհիմն ստուգման ակտի ընդունմանը, ինչի հետեւանքով ԼՀԿ-ին վերագրվել են իրավախախտումներ, որոնք ընկերության կողմից չեն կատարվել։
«Ստուգման ակտը ակնհայտորեն ոչ իրավաչափ է եւ վիճարկվում է դատական կարգով (նկատի ունեն այն անվավեր ճանաչելու դատական հայցը - հեղ.)։ Ստուգման ընթացքում տեսչական մարմնի գործողություններն ուսումնասիրելու արդյունքում տպավորություն է առաջանում, որ ընկերության համար ստեղծվում են խոչընդոտներ՝ հանքավայրի փլուզված հատվածին հարող ստորգետնյա ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ԼՀԿ-ի պատասխանում:
Քանի որ ԲԸՏՄ-ն արձանագրել էր 2895 տոննա հանքաքարի ապօրինի արդյունահանում, ԼՀԿ-ից նաեւ հետաքրքրվել էինք, թե այս զանգվածը որտեղից է հանվել՝ ստորգետնյա, թե վերգետնյա հատվածից, եւ երբ է արդյունահանումը տեղի ունեցել:
«2895 տոննա հանքաքարի արդյունահանման իրավախախտումը արձանագրված է ստուգման ակտում, որը վիճարկվում է դատական կարգով, քանի որ վերագրվող իրավախախտումը ընկերության կողմից չի իրականացվել։ Մասնավորապես, ակտում նշված թիվ 11 եւ թիվ 6 երակների մերձմակերեւութային մնացորդային պաշարները՝ համապատասխանաբար 456,91 տոննա եւ 2438,48 տոննա, ընկերության կողմից չեն արդյունահանվել»,- հայտնում է ԼՀԿ-ն:
Հանքարդյունաբերողը նշում է, որ տեսչական մարմնի կողմից ստուգման ակտում ներկայացված պնդումները հիմնավորված չեն հետեւյալ պատճառներով․
–Թիվ 6 երակի մերձմակերեւութային պաշարը փաստացի մնացել է իր տեղում եւ մակերեւութային աշխատանքներով չի բացվել։
–Ստուգման ակտի հիմքում տեսչական մարմնի կողմից դրվել են 2008 թ․ հանքավայրի կոնդիցիաների պարամետրերի հաստատման մասին եւ 2009 թ․ հանքավայրի պաշարների հաստատման մասին որոշումները, այն պարագայում, երբ հանքավայրի օգտագործման ընթացքում տեղի են ունեցել փլուզումներ։
–Թիվ 11 երակի փլուզված հատվածի մերձմակերեւութային մնացորդային պաշարները կորսվել են դեռեւս 2007 թ․ փլուզման արդյունքում, որը արձանագրվել է պաշարների վերագնահատման ներկայացված երկրաբանական նյութերում (դրանցում առկա քարտեզներում, սխեմաներում), եւ մնացորդային պաշարների ամբողջությամբ կորսված լինելու հանգամանքը ԲԸՏՄ ղեկավարի 2019 թ․ թիվ 05/39393․19 գրությամբ հաստատվել է։
Ամփոփելով պատասխանը՝ ԼՀԿ-ն նշել է, որ տեսչական մարմնի կողմից արված պնդումները հակասում են իրար, մասնավորապես՝ 2019 թ․ հաստատվել է, որ պաշարները կորսվել են դեռեւս 2007 թ. փլուզման արդյունքում եւ այդ պատճառով առկա չեն, իսկ ներկայումս պնդում է արվում, որ պաշարները ընկերությունն է արդյունահանել. «Փաստորեն, ըստ տեսչական մարմնի՝ ընկերությունն արդյունահանում է կատարել մնացորդային պաշարներ չունեցող տարածքից»:
Տեսչական մարմինը պատասխանում է
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին եւս խնդրել էինք դիրքորոշում հայտնել դատական հայցերի վերաբերյալ։
Տեսչական մարմնից փոխանցել են, որ իրենք առաջին հայցով Վարչական դատարանին միջնորդել են կարճել դատական գործի վարույթը՝ հաշվի առնելով, որ ԼՀԿ-ն մեկ այլ վարչական գործի շրջանակներում վիճարկում է թիվ 209-Ա ստուգման ակտի իրավաչափությունը (խոսքը ստուգման ակտն անվավեր ճանաչելու հայցի մասին է):
Իսկ հարցին, թե ինչպես է արդյունահանվել տեսչական մարմնի արձանագրած 2895 տոննա հանքաքարը, արդյոք արդյունահանումը տեղի է ունեցել Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու արդյունքում, ԲԸՏՄ-ից նշել են. «Ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքում կատարվել են մակերեւութային լեռնային աշխատանքներ՝ լեռնային զանգվածի տեղահանմամբ»:
Լուսանկարներում՝ Շահումյանի հանքավայրի մակերեւութային հատվածը
Մեկնաբանել