HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատրաստ ենք լուրջ կոմպրոմիսների»,- ասում է ԶՊՄԿ-ի գործադուլի մասնակիցը

Քաջարանում առատ ձյուն է տեղում, ու թեեւ ցուրտ է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցները շարունակում են շուրջօրյա ակցիան: Հիշեցնենք, որ հունվարի 31-ի առավոտյան ընկերության ավելի քան 700 աշխատակից գործադուլ է հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ աշխատակիցների ու վերադասի միջեւ բաց երկխոսության ապահովում:

Երեկ երեկոյան գործադուլի մասնակիցները հանդիպել են ԶՊՄԿ-ի տնօրինությանը: Հանդիպումը տեւել է մոտ 2,5 ժամ, բայց կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակից, ֆլոտացնող Վահե Մխիթարյանը գործադուլի համակարգող խորհրդի անդամ է: Ասում է՝ երեկվա բանակցությունները վերադասի հետ ապակառուցողական էին: Երկուստեք մնացել են իրենց դիրքորոշումներին: Ըստ նրա՝ տնօրինությունը նշել է, որ գործադուլավորների պահանջներն իրատեսական չեն եւ չեն բավարարվելու, իսկ իրենք էլ հակառակն են պնդել՝ փաստարկներ բերելով: Ընդ որում՝ մինչեւ փետրվարի 5-ը եւս մի հանդիպում էր եղել տնօրինության հետ, որը կրկին, ըստ մեր զրուցակցի, որեւէ արդյունք չէր տվել:

Վ. Մխիթարյանի փոխանցմամբ՝ տնօրինությունն իրենց առաջարկել է, որ վերադառնան աշխատանքի, եւ գործարանը վերագործարկվի, ինչից հետո քննարկում կկազմակերպեն, կստեղծվի աշխատանքային խումբ՝ բանակցային սեղանին դնելով բարձրաձայնված բոլոր հարցերը: Գործադուլի մասնակիցները չեն համաձայնել: «Դրանք բանավոր առաջարկներ էին: Մինչ այդ բոլոր խոստումները եղել են բանավոր եւ չեն իրագործվել, դրա համար վստահության շեմը շատ ցածր է, որեւէ երաշխիք չեն տվել, որ գործադուլավորների հանդեպ որեւէ գործողություն չեն իրականացնի»,- պարզաբանում է «Հետքի» զրուցակիցը:

Տնօրինության հետ հանդիպմանը գործադուլավորները ներկայացրել են նաեւ իրենց կողմից կազմակերպած փակ քվեարկության արդյունքը: Փետրվարի 2-3-ը նրանք կազմակերպել էին փակ քվեարկություն՝ ի աջակցություն գործադուլի եւ աշխատավարձի բարձրացման պահանջի: Վահե Մխիթարյանը նշում է, որ պատճառը ԶՊՄԿ-ի եւ վերջինիս արհմիության այն հայտարարությունն էր, թե իրենց կազմակերպածը սաբոտաժ է, եւ կասկածի տակ էին դրել դրա օրինականությունը:

Քվեարկության արդյունքում 2448 կողմ, 5 դեմ եւ 8 անվավեր ձայներ են ունեցել: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սա ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընդհանուր թվի 53 տոկոսն է: «Մենք դրանով լեգիտմացրել ենք մեր պահանջը»,- ասում է գործադուլի աշխատակիցը:

Ծեծկռտուքի մասին

Վահե Մխիթարյանը ապատեղեկատվություն է համարում լուրերը, թե գործադուլի աշխատակիցների եւ ԶՊՄԿ-ի՝ գործադուլին դեմ կարծիք ունեցողների միջեւ ծեծկռտուք է եղել:

«Ուզում եմ պաշտոնապես հերքել, որ տվյալ միջադեպը որեւէ կապ ունի գործադուլի հետ: Դա տեղի է ունեցել մեր հավաքի վայրից մոտ 10 կմ հեռու, որտեղ գտնվում է դեռ խորհրդային ժամանակներում կոնսերվացված Քաջարանի պոչամբարը»,- մեկնաբանում է Վահե Մխիթարյանը: Ըստ նրա՝ քանի որ Քաջարանի բնակիչները մեծամասամբ աշխատում են ԶՊՄԿ-ում, հնարավոր է, որ այդ միջադեպի մեջ ներքաշված մարդիկ կոմբինատի աշխատակիցներ լինեն, սակայն նորից ընդգծում է՝ միջադեպը որեւէ առնչություն չունի գործադուլի հետ:

Իսկ հարցին, թե ներկա պահին ինչ փուլում է գործադուլը, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է. «Ճգնաժամը գնալով ավելի է խորանում է, փակուղային իրավիճակ է ստեղծվել: Այս պարագայում երեւի թե ճիշտ ժամանակն է, որ միջնորդող կողմ ի հայտ գա: Թե ով կլինի, չգիտենք, բայց, ըստ տրամաբանության, ներկայացուցչական մարմին պետք է լինի, քանի որ ամբողջ գործիքակազմը սպառված է: Առաջինը մենք ենք շահագրգիռ, որ գործարանը աշխատի: Պատրաստ ենք զիջումների»:

ԶՊՄԿ. «Հատուկ հանձնաժողովը մանրակրկիտ կլրամշակի աշխատավարձի ներդրվելիք փոփոխությունների ծրագիրը»

Մեր ստացած տեղեկությունների հիման վրա ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանին հարցրել էինք, թե արդյոք ծանուցագրեր են բաժանվել աշխատակիցներին պարգեւավճարների դադարեցման մասին: Եթե այո, ապա ո՞րն է դադարեցման պատճառը, ե՞րբ եւ քանի՞ աշխատակցի վրա է տարածվելու այդ որոշումը, ի՞նչ բացատագրեր են պահանջվել աշխատակիցներից:

Օրվա երկրորդ կեսին Ա. Մարգարյանը պատասխանել է. «Այս ժամի դրությամբ որեւէ աշխատակցի պարգեւավճարի դադարեցման մասին ծանուցագիր չի ուղարկվել: Մի շարք աշխատակիցներ ստացել են ծանուցումներ կարգապահական խախտում թույլ տալու մասին (աշխատանքից անհարգելի բացակայելու առնչությամբ) եւ առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել բացատրագիր»:

Հարցրել էինք նաեւ, թե գործադուլի մասնակիցների նկատմամբ ինչ գործողություններ են կիրառվելու՝ աշխատանքից ազատում, դատական գործընթացներ: Հետաքրքրվել էինք, թե փետրվարի 5-ին տեղի ունեցած հանդիպմանն ինչ է արձանագրվել, ինչ դիրքորոշում ունի տնօրինությունը, եւ որ դեպքում է հնարավոր ընդհանուր հայտարարի գալ: Կոմբինատից արձագանքել են. ««ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը աշխատակիցների հայտնի գործողությունները գործադուլ չի համարում եւ չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Այն աշխատակիցները, ովքեր խախտել են ընկերության ներքին կանոնակարգերը եւ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, կենթարկվեն օրենքով նախատեսված տույժերի։ Ձեր այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի փետրվարի 6-ին տարածած հայտարարությունում»:

Այդ հայտարարությունում ԶՊՄԿ-ն նշել է. «Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 6-ին, ընկերության գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընկերության բոլոր արտադրամասերի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը եւ վերականգնել ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության եւ տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին թվով երեք հաղորդում։

Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ, ընկերության աշխատակից չի համարվում եւ անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։ Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը եւ ընկերությանը։ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների անվտանգության, ինչպես նաեւ արտադրական օբյեկտների եւ գույքի պաշտպանության համար։

Ընկերությունը աշխատողների հետ քննարկել է կազմակերպչական հարցեր եւ հանձն է առել արտադրության վերականգնումից հետո ստեղծել հատուկ հանձնաժողով, որը յուրաքանչյուր արտադրամասի հետ աշխատանքային քաղաքակիրթ մթնոլորտում կքննարկի առկա խնդիրները, ինչպես նաեւ մանրակրկիտ կլրամշակի աշխատավարձի ներդրվելիք փոփոխությունների ծրագիրը՝ ապահովելու համար վարձատրության առաջադեմ, թափանցիկ, արդար եւ համալիր լուծումներ»։

Գործադուլավորների արձագանքը ԶՊՄԿ-ի հայտարարությանը

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Վահե Մխիթարյանը մեզ հետ հեռախոսազրույցում մեջբերեց փակ քվեարակության արձանագրությունը, որտեղ աշխատողներն իրենց դիրքորոշումն արտահայտել են:

«Հետքի» զրուցակցի խոսքով՝ այդ հայտարարությանը ծանոթանալուց հետո իրենք հավաքվել են ԶՊՄԿ-ի մուտքի մոտ, որպեսզի կոմբինատում հասկանան, որ սա 70 հոգու հարց չէ: Այդ ժամանակ, ըստ Մխիթարյանի, իրենց դիմավորել են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները. «Առաջին անգամ պետական կառույցներից որեւէ մեկը արձագանքեց մեզ: 1-1,5 ժամ շփումներ եղան, արձանագրվեցին մարդու արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի աշխատանքային պայմանները, ցույց տվեցինք ծանուցումները, ցույց տվեցինք, որ մարդիկ արձակուրդի մեջ են, բայց հետ են կանչվում աշխատանքի, բարձրաձայնվեց նաեւ այն հանգամանքը, որ Քաջարանի ԲԿ-ն հիվանդաթերթիկ չի տրամադրում, քանի որ ԶՊՄԿ-ն ասել է, որ ոչ մեկին չտրամադրի եւ այլն: Պայմանավորվեցինք, որ առկա խնդիրները գրավոր կերպով ուղարկելու ենք ՄԻՊ գրասենյակ, նաեւ հանրայնացնելու ենք»:

ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ իրենց ներկայացուցիչների այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ԶՊՄԿ-ի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաեւ աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։ ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը եւ Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։ Ըստ հաղորդագրության՝ մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն ՄԻՊ-ին:

«Հետքի» դիտարկմանը, որ եթե երկու կողմն էլ անդրդվելի են մնում, այդ դեպքում որն է լինելու ելքը ստեղծված իրավիճակից, գործադուլավոր Վահե Մխիթարյանը պատասխանում է. «Մենք լուծումը տեսնում ենք կոմպրոմիսային տարբերակով: Պատրաստ ենք լուրջ կոմպրոմիսների, ու թիվ 1 երաշխքիը պետք է լինի այն, որ գործադուլավորները չեն պատժվելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter