HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միրգը՝ տեղական․ որքանով ենք ինքնաբավ (մաս 3)

Հայաստանը մեծ մասամբ ապահովում է ներքին շուկայի համար անհրաժեշտ այն մրգերի ու ընդեղենի պաշարները, որոնք երկրում արտադրվում են։ Շատ քիչ տեսակների դեպքում է ինքնաբավության մակարդակը 100%-ից ցածր։ Վերջին տասը տարիների ընթացքում արտադրության, սպառման և արտահանման ծավալներում էական փոփոխություններ են եղել, որոշ մրգերի արտադրությունը նվազել է։

«Հետքը» գրել էր, որ շատ ապրանքատեսակների մասով մեր երկիրը ինքնաբավ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալների նվազմամբ։ Ավելի քիչ արտադրում ենք, ավելի շատ՝ ներմուծում։ Այս խնդիրը հատկապես արդիական է ցորենի և այլ հացահատիկային մշակաբույսերի պարագայում, որոնց պահանջարկը զգալիորեն գերազանցում է տեղական արտադրության հնարավորությունները։ 

Պնդուկի արտադրությունը Հայաստանում փոքր ծավալներով է իրականացվում և տարիների ընթացքում կտրուկ տատանումներ է ունեցել։ Պահանջարկի միայն մի մասն է ապահովվում տեղական արտադրությամբ, իսկ ներմուծումն ավելի շատ է, քան արտադրության ծավալները։ 2023-ին արտադրվել է 400 տոննա պնդուկ, ինչը ներքին պահանջարկի 59․4%-ն է, սակայն արտահանման ծավալը գերազանցել է արտադրությունը՝ կազմելով հազար տոննա։ Սա վկայում է վերաարտահանման մասին, քանի որ նույն տարում Հայաստան է ներմուծվել 1300 տոննա պնդուկ։ Այս միտումն առկա է դեռևս 2017-ից։

Թզի արտադրությունն ու արտահանման դինամիկան նման է պնդուկին։ 2014-2023 թվականներին ինքնաբավության մակարդակը հիմնականում գերազանցել է 100%-ը, վերջին տարիներին աճել է նաև արտադրությունը։ 2023-ին արտադրվել է 2․1 հազար տոննա թուզ՝ հասնելով վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշին։ Ինքնաբավության մակարդակը կազմել է 465%։ Արտադրված թզի ողջ ծավալը, ըստ տվյալների, արտահանվել է, ինչը տեսականորեն հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե ներքին սպառումը լիներ զրոյական, սակայն մեկ շնչի հաշվով, ըստ Վիճակագրական կոմիտեում ներկայացված տվյալների, տարեկան սպառվում է 100 գրամ թուզ։ Սա նշանակում է, որ երկիրը որոշակի քանակով թուզ վերաարտահանում է. 2023-ին ներմուծվել է 400 տոննա։ Նմանատիպ պատկեր գրանցվել է նաև նախորդ տարիներին։

Հայաստանում ընկույզի արտադրությունը վերջին 10 տարվա ընթացքում իրականացվել է փոքր ծավալներով, բայց ապահովել է գրեթե 100% ինքնաբավության մակարդակ։ Միջին տարեկան արտադրությունը կազմել է 3.9 հազար տոննա, իսկ ներմուծում գրեթե բոլոր տարիներին եղել է, առավելագույնը՝ 600 տոննա 2023-ին։ 2020-ից սկսած՝ Հայաստանը նաև արտահանել է ընկույզ՝ տարեկան 100-200 տոննա։

Կեռասի ինքնաբավության մակարդակը 2014-2023 թվականներին գերազանցել է 100%-ը, իսկ 2023-ին հասել է 220%-ի, ինչը վկայում է արտադրության զգալի աճի մասին։ Ներմուծումը չնչին է՝ վերջին տարիներին ընդամենը 100 տոննա։ Փոխարենը աստիճանաբար աճել է արտահանումը՝ 2023-ին հասնելով 6.6 հազար տոննայի։

Սալորի և բալի արտադրությունը ևս 2014-2023 թվականներին ապահովել է 100%-ից բարձր ինքնաբավություն։ Սալորի ներմուծումը աննշան է, մինչդեռ արտահանումը զգալի ծավալ ունի։ 2023-ին արտադրությունը կազմել է 29.8 հազար տոննա, ինքնաբավության մակարդակը՝ 160.6%։ Արտահանվել է 11.5 հազար տոննա, ներմուծվել՝ 200 տոննա։

Բալի արտադրությունը ևս բավարարել է տեղական պահանջարկը և ստեղծել արտահանման պաշարներ։ 2023-ին արտադրվել է 2.9 հազար տոննա բալ, ինքնաբավության մակարդակը կազմել է 190.2%։ Արտահանվել է 1.5 հազար տոննա, ներմուծումը նվազագույն է՝ 100 տոննա։

Խաղողի արտադրությունը 2021 թվականից սկսած նվազում է։ 2023-ին այն կազմել է 213.4 հազար տոննա՝ ապահովելով 106.6% ինքնաբավության մակարդակ։ 2014-2023 թվականներին ինքնաբավությունը մշտապես եղել է 100%-ից բարձր, սակայն արտադրական ծավալները զգալի տատանումներ են ունեցել։ Արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015-ին՝ 309 հազար տոննա։

Բոլոր տարիներին ավելի շատ արտահանել ենք, քան ներմուծել, սակայն ծավալները կայուն չեն։ 2016-ին գրանցվել է արտահանման ռեկորդ՝ 32.7 հազար տոննա, մինչդեռ 2023-ին արտահանվել է 16.2 հազար տոննա։

Խաղողի կորուստները տարիների ընթացքում նվազել են։ 2023-ին գրանցվել է պատմականորեն ամենացածր կորուստը՝ 7 հազար տոննա, ինչը վկայում է օգտագործման արդյունավետության բարձրացման մասին։

Ծիրանի արտադրությունը 2014-2023թթ. ընթացքում միշտ ապահովել է տեղական պահանջարկը։ Առավելագույնը գրանցվել է 2018-ին՝ 179.5%։ Սակայն արտադրության ծավալները տարեցտարի զգալի տատանումների են ենթարկվել։ 2016-ին արտադրությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 47%-ով՝ կազմելով 62.1 հազար տոննա։ Հաջորդ երկու տարիներին ծավալներն աճել են՝ հասնելով 104 հազար տոննայի։ 2019-2020թթ. նորից անկում է գրանցվել՝ 68 հազար տոննա 2019-ին, 53.2 հազար տոննա՝ 2020-ին։ 2021-2023 թվականներին արտադրության ծավալը կրկին ավելացել է՝ 2023-ին հասնելով 114.5 հազար տոննայի։

Հայաստանը ծիրան գրեթե չի ներմուծում, սակայն կայուն կերպով արտահանում է։ Արտահանման ծավալները տարբեր տարիներին փոփոխվել են՝ պայմանավորված ինչպես արտադրության, այնպես էլ միջազգային շուկայում պահանջարկի փոփոխություններով։

Վերջին 10 տարիներին դեղձի գծով Հայաստանն ինքնաբավ է եղել։ Սակայն արտադրության ծավալները տատանվել են, ինչին զուգահեռ փոփոխվել է նաև մեկ շնչի հաշվով տարեկան սպառումը։ 2023-ին դեղձի արտադրությունը կազմել է 62.2 հազար տոննա։ Նույն տարում արտահանվել է 14.4 հազար տոննա, ներմուծվել՝ 1.7 հազար տոննա։ Տարեկան միջին կորուստը կազմել է շուրջ 5 հազար տոննա։

Խնձորի մեկ շնչի հաշվով սպառումը 2014-ից սկսած նվազել է՝ տարեկան 39 կգ-ից 2023-ին հասնելով 29.7 կգ-ի։ Դրան զուգահեռ նվազել է նաև արտադրության ծավալը՝ 132.6 հազար տոննայից (2014թ.) 94.8 հազար տոննայի (2023թ.)։

Չնայած արտադրության նվազմանը՝ արտահանման և կորուստների կրճատման միտումներ կան։ 2018-ից սկսած՝ արտահանման ծավալները կտրուկ աճել են։ 2018-2023 թվականներին միջին տարեկան արտահանումը կազմել է 13 հազար տոննա։

Խնձորի կորուստները 2014-ին եղել են 12.6 հազար տոննա, բայց տարիների ընթացքում հիմնականում նվազել են՝ 2023-ին կազմելով 3.8 հազար տոննա։

Տանձի արտադրությունը ևս, 2014-ից սկսած, նվազման միտում է ունեցել։ Տարբեր տարիներին գրանցվել են տատանումներ, սակայն 2023-ին այն հասել է ամենացածր՝ 12.5 հազար տոննայի, ինչը 50% պակաս է 2014-ի 25.4 հազար տոննայից։

Չնայած այս անկմանը՝ տանձի ինքնաբավության մակարդակը գրեթե բոլոր տարիներին եղել է 100%-ից բարձր, ինչին նպաստել է նաև մեկ շնչի հաշվով սպառման կրճատումը։ 2014-ին մեկ մարդու հաշվով միջինում սպառվել է 6.9 կգ տանձ, մինչդեռ 2023-ին այս ցուցանիշը նվազել է մինչև 4 կգ։

Տանձի արտահանման և ներմուծման ծավալները փոքր են, շուկան հիմնականում ներքին արտադրության վրա է հիմնված։

Կորուստների ծավալները նվազել են, սակայն դեռևս արտադրության համեմատ զգալի են։ 2023-ին կորուստը կազմել է 9%, ինչը կարևոր ցուցանիշ է արտադրության արդյունավետության տեսանկյունից։

Սերկևիլի արտադրության ծավալները համեմատաբար փոքր են, սակայն 2014-2023 թվականներին հիմնականում բավարարել են ներքին պահանջարկը, որոշ տարիներին՝ ամբողջությամբ։ Տարեկան միջին արտադրությունը կազմել է 2 հազար տոննա։

Կորուստները միջինում կազմել են արտադրության 10%-ը, ինչը համեմատաբար բարձր ցուցանիշ է նման փոքր ծավալի արտադրության համար։

Սերկևիլ չի արտահանվել, իսկ ներմուծումը փոքր քանակով է իրականացվել՝ տարեկան 100-200 տոննա։ Եթե հնարավոր լինի նվազեցնել կամ վերացնել արտադրական կորուստները, ներմուծման կարիք չի լինի, և ներքին շուկան ամբողջությամբ կհիմնվի տեղական արտադրության վրա։

Տե՛ս նաև․

Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)

Մեկնաբանություններ (1)

Մմմ
Լավ նյութ էր, միայն թե նորմալ գրաֆիկներով տվյալները տվեք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter