
ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, եւ սպառնալիքների լեզվով հարցը չի լուծվելու
Երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ընկերությունն սկսել է անօրինական գործողությունների եւ արտադրության սաբոտաժը հրահրող եւ կազմակերպով մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները:
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի: Համաձայն ընկերության հաղորդագրության՝ նշված անձինք այլեւս ԶՊՄԿ-ի աշխատակից չեն, եւ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ:
«Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր եւ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ եւ նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասվում է ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել աշխատավարձերի բարձրացման եւ սոցիալական արդարության վերականգնման համար:
Ազատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են:
Երկուսն էլ աշխատանքից ազատման մասին տեղեկացել են ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքից: Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրեն նաեւ ծանուցում է եկել, որին դեռ չի ծանոթացել:
Թե ինչու հարյուրավոր գործադուլավորներից հենց իրենց են ազատել աշխատանքից, Վահե Մխիթարյանը պատասխանում է, որ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ ԶՊՄԿ-ն, բայց նկատում է, որ նշված 8 հոգուց 4-ը գործադուլը համակարգող խորհրդի անդամներ են:
Շավարշ Մարգարյանի դիտարկմամբ՝ այդ 8 հոգուց 4-ին մեդիադաշտում փորձել են քաղաքականապես պիտակավորել, ինչն էլ, հնարավոր է, դարձել է ազատման պատճառ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ ԶՊՄԿ-ն մեդիատիրույթում ձեւավորում է դիրքորոշում, թե բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքական նպատակներ են հետապնդում, ինչն իրականությանը չի համապատասխանում: Գործադուլի մասնակցի փոխանցմամբ՝ իրենց քայլն ի սկզբանե կապ չի ունեցել եւ հիմա էլ չունի քաղաքական ուժերի հետ:
Մարգարյանը նշում է, որ հունվարի 30-ից արձակուրդի մեջ է եղել: «Ոչ մի անօրինական բան չեմ արել: Հունվարի 30-ից արձակուրդի մեջ եմ եղել, բայց դա չի խանգարել մասնակցել գործադուլի: ԶՊՄԿ-ի գործողություններն անօրինական են, այդ ամենն արվում է, որպեսզի ազդեն մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա»,- ասում է գործադուլի մասնակիցը:
Ե՛վ նրա, ե՛ւ Վահե Մխիթարյանի համար կանխատեսելի են եղել աշխատանքից ազատման հրամանները, սակայն դա, ըստ նրանց, հակառակ ազդեցությունն է ունեցել: «Մարդիկ ավելի շատ հավաքվեցին, պարտավորվեցին, որ պայքարը շարունակեն, բարոյական երանգ տրվեց էդ ամեն ինչին, այսինքն՝ մարդիկ չեն կարող իրենց ընկերներին թողնել այդ վիճակում: Ավելի պարտավորված են զգում, որպեսզի այս հարցի հանգուցալուծումը հօգուտ մեզ լինի»,- ասում է Շավարշ Մարգարյանը:
Վահե Մխիթարյանը ենթադրում էր, որ ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատման միջոցով փորձելու է ճնշում գործադրել հանրային կարծիքի վրա եւ, կոմբինատի պատկերացմամբ, գլխատել շարժումը: Սակայն դա, ըստ մեր զրուցակցի, հակառակ ազդեցությունն է ունեցել:
«Երեկ տնօրինությունը հանդիպում է ունեցել բաց հանքի աշխատակիցների հետ, հորդորել է վերադառնալ աշխատանքի, տղաները ներկայացրել են պահանջները՝ վերականգնել ազատված աշխատակիցներին, ինչպես նաեւ նախկինում հնչած պահանջներն են նշել»,- ասում է գործադուլի մասնակիցը՝ ավելացնելով, որ աշխատավոր մասն է կազմակերպել գործադուլը, եւ ակնհայտ է, որ սպառնալիքներով հարցը չի լուծվելու:
Շավարշ Մարգարյանը նկատում է, որ եթե ԶՊՄԿ-ում հեռատես լինեին, ապա կհեռացնեին այն մարդկանց, որոնք կարող էին խուճապի մատնվել ու խուճապը փոխանցել գործադուլի մյուս մասնակցիներին: «Իրենք հեռացրել են այն մարդկանց, ովքեր խուճապի չեն տրվում, եւ համախմբվելու է այդ շարժումը: Մենք հաստատակամ ենք մնացել»,- նշում է գործադուլի մասնակիցը:
«Հայտարարել ենք, եւ եւս մեկ անգամ հաստատում ենք, որ բաց ենք, կառուցողական ենք եւ պատրաստ ենք զիջումների, նաեւ մարտավարության մի փոքր փոփոխություն ենք մտցնելու, պահանջների մեջ եւս մի կետ է մտցվելու, որի մասին կհայտարարվի»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:
Գործադուլավորները նշում են, որ աշխատանքից ազատումը բողոքարկելու են դատական կարգով: Շ. Մարգարյանն ավելացնում է, որ եթե շարժումը հաջողության հասնի, ապա իրենց բոլորին վերականգնելու են աշխատանքի:
Մեզ հետ զրույցից հետո նրանք պատրաստվում էին գնալ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, իսկ թե ինչ վարույթի շրջանակներում, «Հետքի» զրուցակիցները խոստացան տեղեկացնել ավելի ուշ, երբ իրենք եւս ամբողջությամբ իրազեկված լինեն: Վահե Մխիթարյանը հավելեց, որ դեռ երեկ էին իրենց հրավիրել ՔԿ, բայց քանի դեռ փաստաբանի հետ չէին հանդիպել, չեն գնացել:
Մեկնաբանել