
Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե
Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։
Հունվարի 8-ին գրել էինք, որ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։
«Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։
Հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին հայտարարություն էր տարածվել, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։ Ինչպես նշված էր նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պիտի ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիայից և իրականացրած ոճրագործություններից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Համերգը չկայացավ, իսկ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել։
Մեկնաբանել