HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Զբոսաշրջության վարկային ծրագիրը ձախողած կառավարությունը նոր վարկային ծրագրի մասին է ազդարարում

2024թ դեկտեմբերի 31-ին ավարտվեց Հայաստանի զբոսաշրջային ուղղություններում ենթակառուցվածքներ ստեղծելու վարկային ծրագիրը։ 2015թ-ին Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի (ՀԲ) միջև հաստատված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) վարկային ծրագրով Հայաստանի զբոսաշրջային ուղղություններում 47 ենթածրագիր իրականացվեց՝ ընդհանուր 49,2 մլն դոլար աժեքով։ ՀԲ-ի հաստատած 55 մլն դոլար վարկից տուրիզմի համար ծախսվել է 39,3 մլն դոլար, ծրագիրը 9,9 մլն դոլարով համաֆինանսավորել է Հայաստանի կառավարությունը։

Այս թեմայով մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ զբոսաշրջության զարգացման համար տրված 55 մլն դոլար վարկից կառավարությունը 9 մլն-ը հատկացրել է Երևանի ավտոբուսային պարկին, ևս 32 մլն դոլար՝ «Քովիդ-19»-ի միջոցառումներին։ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ՏՏԵԶ ծրագրի վարկի 35 մլն մնացորդային գումարից մինչև ապրիլ ամիսը վճարումներ են կատարվելու որոշ ենթածրագրերի պայմանագրերով։ Նրանց հաշվարկներով՝ վճարումներից հետո մոտ 2 մլն ԱՄՆ դոլար կվերադարձվի Համաշխարհային բանկին։

Ըստ էության, ՏՏԵԶ վարկային ծրագրի բյուջեն ամբողջությամբ չի սպառվել, անավարտ ծրագրեր կան, ենթածրագրերի հաստատված նախագծեր, որոնք չիրականացվեցին, սակայն Կառավարությունը վարկային պայմանագրի ժամկետը կրկին երկարաձգելու խնդրանքով չի դիմել ՀԲ-ին։

Կառավարությունը 2024թ սկզբներից ՀԲ-ի հետ բանակցում է Հայաստանի մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նոր՝ 100 մլն դոլարի վարկային ծրագիր հաստատելու շուրջ: Նոր ծրագիրն անվանել են «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» (TRIP), որն, ըստ էության, ՏՏԵԶ ծրագրի տրամաբանական շարունակությունն է լինելու։

ՀԲ-ը 2024թ դեկտեմբերի 16-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հայաստանի կառավարությունը 2025-2029թթ. ընթացքում ծրագրի շրջանակներում ակնկալում է ստեղծել 10 զբոսաշրջային կլաստերներ՝ Արենիում, Գյումրիում, Դիլիջանում և այլ բնակավայրերում։ Մեր պատկերացումով՝ այս ծրագրում ներառված են 2015թ-ին հաստատված վարկային ծրագրից դուրս թողնված, զբոսաշրջային հանգույցն ամբողջացնող հատվածները, որոնց մասին պատմել ենք այս հոդվածում։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում զբոսաշրջության ենթակառուցվածքներ ստեղծելու նոր ծրագիրը ՀԲ-ի ցանկությունն է, իսկ Հայաստանի կառավարությունը պատրաստակամորեն ընդառաջում է բանկի մեծ ցանկությանը։

«Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), գործողությունների շրջանակն ու բաղադրիչները, ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ու առաջնահերթ գործողությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման հնարավոր ժամկետները:

Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքրքիր է, թե ինչու պետք է ՀԲ-ն ցանկանա 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր վարկային ծրագիր իրականացնել մի կառավարության հետ, որն աղճատեց զբոսաշրջության 55 մլն դոլարի ծրագիրը, ենթածրագրերը թերություններով իրականացրեց, վարկային միջոցներն այլ ծախսերի ծառայեցրեց, խախտեց ստանձնած պարտավորությունների ժամանակացույցը, կրկնակի երկարաձգեց ծրագրի իրականացման ժամկետները ու դրանից հետո էլ ամբողջությամբ չկատարեց ստանձնած պարտավորությունները։

ՏՏԵԶ ծրագիրը գրվել էր տուրիզմը Հայաստանում զարգացման գերակա ճյուղ հայտարարելուց հետո։ Նախնական հետազոտության արդյունքները հիմք ընդունելով՝ որոշվել էր տուրիզմի հյուսիս-հարավ երթուղին զարգացնել՝ Կոտայք, Լոռի, Արարատ, Վայոց ձոր, Սյունիք։ Այս զբոսաշրջային ուղղություններում ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով ժամանակի կառավարությունը 55 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիր ներկայացրեց ՀԲ-ին։ Հայաստանի կառավարությունը ծրագրում 20% համաֆինանսավորում պետք է կատարեր, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 64 մլն դոլար։

2015թ.-ին կողմերի միջև վավերացված ծրագիրը 8 տարվա չարչարանաց ճանապարհ անցավ։ Հաստատված ժամանակացույցով ծրագիրը պետք է սկսվեր 2016թ. մայիսի 9-ին եւ ավարտվեր 2021թ. ապրիլի 30-ին։ Սակայն, մեկնարկը տրվեց 2017թ-ին, նախապատրաստական որոշ աշխատանքներ էին իրականացվել։ 2018թ. իշխանափոխությունից հետո աշխատանքները դադարեցվեցին, ծրագրի կառավարման նոր կոմիտե նշանակվեց, որն էլ հիմնարար փոփոխությունների ենթարկեց վարկային ծրագիրը։ 2020թ.-ին ծրագրային հիմնական աշխատանքները դեռևս չէին սկսվել։

Քանի որ վարկային ծրագիրը նախատեսված ժամկետից երկու տարի ուշ սկսվեց, Կառավարության խնդրանքով ՀԲ-ն ավարտելու ժամկետ սահմանեց 2023թ. մարտը։ Կառավարության խնդրանքով ՀԲ-ն ծրագրի իրականացման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգեց՝ մինչև 2024թ դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի կառավարման կոմիտեին այս ժամկետն անհրաժեշտ էր ընթացող շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Սակայն, մեկ տարի 10 ամիսը ևս բավարար չի եղել ընթացիկ ծրագրերն ավարտելու համար։

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ վարկային ծրագրով 47 ենթածրագիր է իրականացվել 8 տարում, որից 36-ը ենթակառուցվածքներ ստեղծելու շինարարական ծրագրեր են։ Շինարարական ենթածրագրերից երեքը չեն ավարտել՝ «Զորաց քարեր» հուշարձանի մերձակա տարածքի, Ջերմուկ քաղաքի Ջրվեժ տանող ճանապարհի և Մաշտոցի պողոտայի բարեկարգման ենթածրագրերը գտնվում են գնահատման փուլում։

Եվս 11 ենթածրագրի շրջանակում տարբեր հետազոտություններ են կատարվել, ծրագրի մոնիթորինգն է իրականացվել, զբոսաշրջային կլաստերի զարգացման հայեցակարգ է մշակվել, ՀՀ-ի համար զբոսաշրջային այցելավայրերի կառավարման կազմակերպության (DMO) զարգացման մոդելն է մշակվել, թանգարաններ կառուցելու երեք նախագիծ է պատվիրվել՝

  • «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում՝ թանգարան և հնագետների հանգրվան
  • Դաշտադեմի ամրոցում թանգարան և արհեստանոցների փորձառությունների տաղավարներ,
  • Գորիսում Սերո Խանզադյանի տուն-թանգարանի վերանորոգման նախագծային աշխատանքներ։

Թանգարաններն ու նախագծված մյուս շինությունները չեն կառուցվել։  

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած կառավարությունը ոչ միայն վարկային ծրագրի բուն բովանդակությունը վերանայեց և հրաժարվեց հիմնարար ծրագրերից՝ ժամանակի անբավարարության և այլ պատճառաբանություններով, այլև տարեց տարի նվազեցրեց հաստատված ենթածրագրերի աշխատանքների ծավալը։

Վարկային ծրագրով հաստատված Ամբերդ ամրոցը վերականգնելու փոխարեն կառավարման կոմիտեն Արագածոտնի մարզում նախընտրեց Դաշտադեմ ամրոցի աշտարակը ամրակայել այն պատճառաբանությամբ, որ «այստեղ անհամեմատ ավելի քիչ աշխատանք կա անելու»։ Ամրոցի աշտարակը չի ամրակայվել, Դաշտադեմի համար թանգարանի և արհեստանոցների փորձառությունների տաղավարներ են նախագծվել, բայց չկառուցեցին։

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագիրը  նախատեսում էր՝

ա/ Կենտրոնական զբոսայգիների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ճանապարհային ցանցի և հանրային տարածքների, փողոցների լուսավորության սյուների և կարևոր ճարտարապետություն ունեցող հին հանրային շենքերի վերականգնում:

բ/ Հայաստանի առավել այցելվող զբոսաշրջային երթուղում գտնվող վանքերի, եկեղեցիների կամ եզակի ժողովրդական հուշարձաններ ունեցող մշակութային ժառանգության ընտրված օբյեկտների վերակառուցում:

գ/ Զբոսաշրջային վայրերում ավտոկայանատեղերի, սանհանգույցի, հուշանվերների խանութների, տեղեկատվական տաղավարների կառուցում և այլն:

Կառավարությունը հրաժարվեց տուրիզմի հյուսիս-հարավ երթուղու՝ Կոտայք, Լոռի, Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, զբոսաշրջային ուղղություններում գտնվող անտիկ և միջնադարյան հուշարձանները վերականգնելու և ամրակայելու պարտավորությունից: Ծրագրային փոփոխությունների արդյունքում որոշվեց վերակառուցման և ամրակայման աշխատանքներ չիրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված երեք վանական համալիրներում՝ Հաղպատ, Սանահին, Գեղարդավանք:

Հայաստանի առավել այցելվող զբոսաշրջային երթուղում գտնվող վանքերի, եկեղեցիների հանրահայտ հուշարձաններ ունեցող մշակութային ժառանգության ընտրված օբյեկտների վերակառուցում բաղադրիչից շատ քիչ բան արվեց:

Տուրիզմի կոմիտեն հայտնում է, որ այս բաղադրիչով

  • Գորիսում պատմական նշանակություն ունեցող 36 տուն է վերականգնվել,
  • «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքի հուշարձանների մասնակի վերականգնում և ամրակայում է կատարվել։

Դվինի հնագիտական արշավախումբը ղեկավարող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը կատարված աշխատանքների մասին «Հետք»-ին հայտնել էր, որ Դվինի կենտրոնական թաղամասում ամրակայել են՝ 5-7 դարի կաթողիկոսական պալատները, Սուրբ Գրիգոր եկեղեցին, միանավ բազիլիկ եկեղեցին, Արշակունյաց գահանիստ դահլիճը։

«Դվինում քիչ են պահպանված մոնումենտալ կառույցները, այստեղ այլ մոտեցում պետք է լինի։ Հիմա մեր գործընկերների հետ քննարկում ենք մի ուրիշ ծրագիր, որի նպատակը պետք է լինի Դվինի հայտնի կառույցների ծավալային ցուցադրությունը ․․․։ Իրական աղյուսներով անցյալը վերականգնելը մեր արշավախմբի կարևոր գործերից մեկն է»,– հայտնել էր պրոֆեսոր Հ Պետրոսյանը։

Մեղրիի «Փոքր թաղի» ժառանգության հանգույցի վերականգնում ենթածրագրից դուրս թողնվեց Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված 19 տուն։ 2005թ-ից հանրապետական նշանակության հուշարձան համարվող «Փոքր թաղի՝ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի էթնոգրաֆիկ տների ճարտարապետական տեսքի պահպանությունը հարկադրանքով թողնվեց բնակիչներին: Նրանք տների ամրակայումն ու պահպանումը պարտավոր են իրականացնել իրենց միջոցներով։

Տարածքային զարգացման հիմնադրամը չի ավարտել նաև 2022թ-ից ընթացքի մեջ համարվող «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։  

Ըստ էության, «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագիրն իր նպատակներից այնքան շեղվեց, որ ավարտին 90%-ով դարձավ փողոցները վերականգնելու, ճանապարհները հիմնանորոգելու ծրագիր։

Ծրագիրը ևս մեկ բաղադրիչ ուներ, որով ՏՏԵԶ ծրագրի պետական-մասնավոր ներդրումների ենթաբաղադրիչից նախատեսվում էր արտաքին ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու աջակցություն ցուցաբերել մասնավոր ներդրողներին։ Պայմանն այն էր, որ

  • ներդրումները պետք է իրականացվեն միայն զբոսաշրջության կամ ագրոբիզնեսի ոլորտում,
  • առաջարկվող ներդրումները պետք է սոցիալ-տնտեսական օգուտ բերեն հարող տարածքների բնակիչներին,
  • մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը պետք է կազմի 200 մլն դրամ և այլն։

Աջակցություն է տրվել Գյումրիի Բարեկամության այգին վերակառուցող «Քաղաքաշինություն և զբոսաշրջություն» (ТUF) բարեգործական հիմնադրամին (համահիմնադիր՝ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյան)։ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը՝ Արենի համայնքում կառուցած «Արենի Ուայն հոթել» հյուրանոցային համալիրի համար, «Դար» հիմնադրամի «Գագարին նախագծին»՝ Սևանի Ծաղկունք գյուղի այգին և դրան մոտեցող մի քանի փողոց բարեկարգելու համար։ Աջակցություն են ստացել նաև Վանաձորում  կառուցվող «Մայմեխ Ռիզորթ» հանգստի և ժամանցի կենտրոնը, «ԴԻ ՍԻ ԴԻ» ընկերությունը՝ Դիլիջանում կառուցվող զբոսաշրջային գյուղի համար, «ՋիԲիԷյջ» ՍՊԸ-ն՝ Գառնիում կառուցվող հյուրանոցառեստորանային համալիրի համար, «Ապագա Տուր» ՍՊԸ-ն՝ Ենոքավանում գործող հյուրանոցային համալիրի համար։

Տուրիզմի կոմիտեն «Հետքին» տեղեկացրել է, որ Ենոքավանում «Ապագա տուր» ՍՊԸ-ի համար ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համակարգ է կառուցվել, հեռահաղորդակցություն և ճանապարհային ենթակառուցվածք։

Ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը հայտնեց, որ Զբոսաշրջային կոմիտեի հետ նախնական համաձայնություն ունեին ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համակարգ կառուցելու համար։ Պայմանագիրը կնքել են 2022թ դեկտեմբերի վերջին, բայց քանի որ աշխատանքները շատ հետաձգվեցին, այլևս չէին կարող սպասել և իրենք կառուցեցին։ Պայմանագրում ամրագրվեց ինտերենետ կապը և Ենոքավանի համայնքապետարանից մինչև «Ապագա Տուր» հյուրանոցային համալիր շուրջ 2,8 կմ երկարությամբ հողային ճանապարհի վերակառուցումը։

«Ինտերնետի լարն անցկացրել են, բայց ինտերնետ չկա, ճանապարհի լայնությունը նախագծելիս քննարկվել է 54 մետր լայնությունը, որի դեպքում ավտոբուսները երկկողմանի կարող են անցնել, բայց կառուցվել է 4,5 մետր լայնության ճանապարհ»,– հայտնեց Տիգրան Չիբուխչյանը։ Գործարարը նշում է, որ «Իկարուս» մակնիշի ավտոբուսների համար սա շատ նեղ և վտանգավոր ճանապարհ է, ոլորանների վրա վթարային իրավիճակ է ստեղծում, տեսանելիություն չի ապահովվում։ 

Մասնավորին աջակցող բաղադրիչով մյուս ընկերությունների համար կատարված աշխատանքները թե ինչ ծավալով են իրականացվել և որքանով են գոհացնող, պարզ կլինի ՏՏԵԶ ծրագրի մոնիտորինգի արդյունքների հրապարակումից հետո։ Այն շատ կարևոր է ծրագիրը գնահատելու համար, հատկապես՝ Համաշխարհային բանկի համար, որը զբոսաշրության նոր վարկային պայմանագիրն է քննարկում։

Այս թեմայով կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր