
Վալենտինայի վազքը․ «Ինձ ուժ էր տալիս իր ամեն քայլը, որ առաջ էր գնում»
Վալենտինայի գոգնոցը նախորդ օրը պատռվել էր։ Դեռ չէր հասցրել նորը գնել։ Այդ օրը, այնուամենայնիվ, ուզում էր ազատ մնալ, բայց հաճախորդներից մեկը զանգել էր, ժենգյալով հաց պատվիրել։
Վալենտինա Բաբալյանի գիշերն ու ցերեկն անցնում են թխելով. գիշերը խմորեղեն է պատրաստում, ցերեկը՝ ժենգյալով հաց։ Ու նրա կյանքի մութն ու լույսն իրար է միացնում ժպիտը։ Այդ ընթացքում նա հասցնում է նաեւ երեք երեխաների խնամքով զբաղվել։
Վալենտինան 39 տարեկան է։ Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Ամուսնանալուց հետո բնակվում էր Մարտակերտի Վերին Հոռաթաղ գյուղում։
Դեռ Արցախում նա մտածում էր փոքր բիզնես ունենալու մասին։ Կարտոֆիլով ու նրբերշիկով կարկանդակներ էր թխում ու հանձնում դպրոցի մոտ գտնվող փոքր կրպակին։ Բայց միշտ չէ, որ հասցնում էր թխել, քանի որ որդուն՝ Վալենտինին, հաճախ բուժումների էր տանում։
Ավագ որդին ծնվել է 2011 թ։ Վալենտինան հղիության ուշ փուլում է իմացել, որ զույգ պտղով հղի է։ Վալենտինի երկվորյակ եղբայրը մահացած է ծնվել, իսկ ինքը՝ վերին ու ստորին վերջույթները կապտած։ «Վալենտինի մոտ սրտի արատ էր։ Եթե դնեին կուվեզում, կարծում եմ՝ խնդիրներն էդքան շատ չէին լինի։ Միջոցներ չկային, մանկաբույժ չկար։ Էդ ընթացքում քունս անընդհատ տանում էր, երեխան ոնց որ մրսում էր, ինչքան փաթաթում էինք։ Ամուսինս եկավ, ասեց՝ Ստեփանակերտի հիվանդանոց տանենք»,- հիշում է Վալենտինան ու ավելացնում, որ երբ դուրս էին գրվում, բուժքույրերից մեկն իրեն ասել էր, թե չէր պատկերացնում, որ մայրը երեխային գրկած է տուն գնալու։
Վալենտինը մի քանի ամսական էր, երբ սրտի զոնդավորում արեցին։ Մինչեւ 8 ամսականը չգիտեին, որ երեխան մանկական ուղեղային կաթված ունի։ Երեւանում հաստատվել էր ՄՈւԿ ախտորոշումը։ Արցախ վերադառնալուց հետո Վալենտինին մայրը բուժական թերապիաների էր տանում Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։ Վերջինս ասում է՝ կենտրոնի մասնագետների շնորհիվ է, որ որդին ոչ թե սայլակով, այլ քայլակով սկսեց տեղաշարժվել։ Նկատում է՝ եթե երեխային ավելի շուտ տաներ այդ կենտրոն, ապա արդյունքն ավելի լավ կլիներ։
Վալենտինան այս ամենը թեթեւ է պատմում՝ առանց խղճահարության որեւէ նրբերանգի։ Քանի որ որդուն անընդհատ գրկած էր տանում-բերում, մի անգամ Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրենն առաջարկել էր սայլակ վերցնել, որ ավելի հեշտ լինի երեխայի տեղափոխումը, եւ մայրն էլ ողնաշարի խնդիր հետագայում չունենա։ Վալենտինան վերցրել էր սայլակը, տարել տուն ու թաքցրել։ «Սայլակը թաքցրեցի, որովհետեւ ինքը հարմար էր գտնելու՝ որպես տրանսպորտ գյուղում դրանով քայլելու, բայց ես հասկանում էի, որ եթե ինքը նստեր, էլ չէր ուզենալու քայլել»,- նշում է արցախցի կինը։ Ու սկսվեց պայքարը քայլելու համար։
«Ինձ ուժ էր տալիս իր ամեն քայլը, որ առաջ էր գնում»,- ասում է նա։
Ամեն մի նոր դժվարության հանդիպելիս Վալենտինան թեւաթափ չի եղել։ Մասնագետների աշխատանքին էր հետեւում, տանն էլ ինքն էր աշխատում նույն մեթոդներով։ Ասում է՝ այնքան շնորհակալ է վերականգնողական կենտրոնի մասնագետներին, որ պայքարում էին ծնողների հետ միասին, եւ որոնց հետ արդյունք ստացան։
Վալենտինի ամեն քայլի մեջ մոր ջանքերն ու չկոտրվելու կամքն են։ 1,5 տարեկանում երեխան սկսել էր նստել, մասնագետները հույս էին հայտնել, որ եթե նստում է, ապա նաեւ քայլելու է։
«Վալենտինը մինչեւ 7 տարեկան չոչ էր անում տանը։ Միշտ նեղվում էի. բարեկամները գալիս էին, ուզում էր խաղալ երեխաների հետ… Երբեք չեմ առանձնացրել իրեն, այսինքն՝ եթե սխալ է, ուրեմն՝ սխալ է, իր բնավորության մեջ մինչեւ հիմա էլ կա դա»,- ասում է 39-ամյա մայրը։
Վալենտինը տանն էր ուսում ստանում, բայց սիրում էր դպրոց գնալ՝ վերջին դասաժամերին մասնակցում էր դասերին։ Հիմա նա 8-րդ դասարանում է սովորում, բայց քանի որ դեռ չի խոսում, առաջին ու երկրորդ դասարանի ծրագիրն է անցնում։ Վալենտինան նկատում է, որ որդին տառերը գրում, կարդում է, հեռախոսով նամակ է գրում, բայց բառերն արտաբերել դեռ չի կարողանում։ Այդուհանդերձ, դա չի խանգարում, որ ազատ հաղորդակցվի ընտանիքի ու մտերիմների հետ։
«Միշտ անհանգստանում էի, ուզում էի, որ քայլակով քայլեր, ինքնուրույն դառնար, տանը մենակ մնար, տրանսպորտով գնար, թեկուզ դժվարությամբ, բայց կարողանար անել,- ասում է մայրն ու շարունակում,- Վալենտինը 7 տարեկանից հետո սկսեց քայլակով քայլել, հետո տարանք Տուլա՝ վիրահատության։ Քայլում էր ոտքի մեկը ծուռ, մեկը՝ բարձր, ուղիղ քայլք չուներ, ու անընդհատ ընկնում էր։ Էնքան է եղել, որ քայլակով քայլելուց ոտքն ընկել է ոտքին, ընկել է։ Դեպքեր են եղել, երբ ձեռքն է ջարդել ընկնելուց։ Երբ քայլակով քայլում էր, միշտ լարված էի լինում։ Տուլայում վիրահատությունից հետո, 10 տարեկան էր այդ ժամանակ, քայլակը փոխեցինք, արդեն կարողացավ քայլել։ Քայլակով արդեն երրորդ կամ հինգերրոդ հարկ է բարձրանում»։
Վալենտինը հիմա ինքնուրույն տեղաշարժվելու փորձեր է անում։ Վերջերս թերապիայից տուն էին գնում մոր հետ։ Մայրը խնդրել էր մի քանի րոպե սպասել կանգառում, մինչեւ ինքը հարեւան խանութից առեւտուր անի։ Բայց որդին ինքնուրույն նստել էր 97 համարի ավտոբուսն ու մորը հեռախոսով նամակ գրել, որ տուն է գնում ավտոբուսով։ Անհանգստությանը զուգահեռ մայրն ուրախացել էր՝ բացահայտելով որդու կամքը։
«Իրեն անընդհատ գրկում էի, չէի ուզում, որ սայլակ նստեր, որովհետեւ գիտեի, որ արդյունքն ունեմ, կարամ առաջ գնամ։ Ասում էի՝ մինչեւ Վալենտինը չքայլի, երկրորդ երեխան չեմ ունենա, քանի որ Վալենտինին չեմ կարողանալու հասցնել արդյունքի»,- պատմում է արցախցի կինը։
Վալենտինից 7 տարի անց՝ 2018-ին, ծնվել է Էմիլին, իսկ 2020-ին՝ Ռուսլանը։
Հիմա Վալենտինան պայքարում է որդու խոսքի համար։ Ինչքան պետպատվերով բուժման տեղ է իմանում, դիմում է, մասնակցում։ «Ցավը իմ մեջ կրելով, հաղթահարելով, ժպիտը դեմքիս, ոնց Վալենտինի ժպիտն է դեմքին․․․»,- ասում է մայրն ու ժպտում։ Զուգահեռ Վալենտինն է ժպտում՝ բազմոցին նստած։
Էմիլին արդեն դպրոցից տուն է եկել։ Եղբոր կողքին է նստում, երկուսով իրար են նայում ու ժպտում։
Վալենտինան ու Վալենտինը մասնակցում էին մի վերականգնողական ծրագրի, որն Արցախից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների համար էր։ Այդտեղ ոչ միայն Վալենտինը, այլեւ Վալենտինան է բուժական թերապիաներ անցել։ Ու սա, թերեւս, եզակի դեպք է եղել մոր համար։
Այս ծրագրի մասին գրել էինք դեկտեմբերին։
Վալենտինան ասում է՝ «Զարգացում եւ համագործակցություն» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Բաբայանը որդուն պլանշետ է նվիրել, որը հատուկ ծրագրով է: Խոսքը «Արմավ» այլընտրանքային հաղորդակցման առաջին հայալեզու հավելվածի մասին է: Վալենտինը դրանով կարող է հաղորդակցվել արտաքին միջավայրում. պատկերներ է ընտրում, նախադասություն կազմում եւ սեղմում։ Ծրագիրը ձայնով արտաբերում է նրա գրածը։
Սեղանին Վալենտինայի նոր թխած ժենգյալով հացն է, տանը տարածվել է դրա բույրը։ Այս գործում Վալենտինային օգնում է մայրը։ Ասում է, որ եթե մոր օգնությունը չլիներ, ինքը հաստատ չէր հասցնի։ Ամուսնու մայրն էլ աշխատում է, իսկ ամուսինն առողջական խնդիրների պատճառով այս պահին չի աշխատում։
Վալենտինան առաջին անգամ ժենգյալով հաց թխել է Երեւանում։ Ասում է՝ փորձում է Արցախի համուհոտը պահել, բայց դժվար է՝ դրա համար կանաչիներն Արցախից պիտի լինեն։
Նա վերջին անգամ իր տանը եղել է 2023-ի մարտին։ Այդ ժամանակ Արցախն արդեն շրջափակման մեջ էր։ Վալենտինան որդու հետ Կարմիր խաչի մեքենայով բուժումների էր եկել Երեւան ու մնացել այստեղ։
«Ցավ եմ զգում։ Ո՞վ կմտածեր, որ էսպես կլիներ։ Ասում էինք՝ կբացվի ճանապարհը, մինչեւ վերջին վայրկյանը չէինք սպասում, որ կկորցնենք Արցախը»,- ժպիտը կորում է Վալենտինայի դեմքից, ու սենյակում, կարծես, մի տեսակ սառնություն է տարածվում։
Հիմա ընտանիքը վարձով է ապրում Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում։ Վալենտինայի վազքը շատ է, բայց դրա մասին չի խոսում, հակառակը՝ նոր նպատակներ է դնում իր առջեւ։ Երազում է հրուշակեղենի փոքր բիզնես ունենալ, որ Վալենտինն էլ դառնա իր օգնականը՝ առաքիչը։ Երկուսով ժպտում են, ու նրանց ժպիտից սենյակը լուսավորվում է։
Մեկնաբանել