HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ազատ տնտեսական գոտի, փառատոների մայրաքաղաք, «խելացի քաղաք». ի՞նչ են խոստանում Գյումրու համայնքապետի թեկնածուները

Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քարոզարշավի մեկնարկի օրը՝ մարտի 15-ին, ներկայացրել էինք Փարաքար համայնքում առաջադրված 4 քաղաքական ուժերին։

Գյումրիում ընտրապայքարին մասնակցում է 9 քաղաքական ուժ։ Դրանցից 3-ին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն։

Այս հրապարակմամբ կներկայացնենք «Իմ հզոր համայնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրվել է 2021 թ. օգոստոսի 15-ին։ Հիմնադիրներն են` Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության նախկին քարտուղար Մանե Թանդիլյանը և Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահը Մանե Թանդիլյանն է։ Թեև այն մի քանի տարի առաջ է հիմնադրվել, ՏԻՄ ընտրություններում մասնակցության հարուստ փորձ ունի։ 2021 թվականի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ է առաջադրել Սյունիքի մարզի Մեղրի, Տաթև, Տեղ, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում 36 համայնքից 10-ում «Ապրելու երկիր» կուսակցությունը առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ։ Կուսակցությունը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Արարատի մարզի Արարատ, Արմավիրի մարզի Փարաքար, Կոտայքի մարզի Հրազդան, Նաիրի (Եղվարդ), Շիրակի մարզի Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում։

2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունը համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ է առաջադրել Սյունիքի մարզի Սիսիան, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Արագածոտնի մարզի Թալին և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքներում։ Ալավերդիում «Ապրելու երկիր»-ը հաղթել էր։

Ալավերդու 2022-ի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, բայց նա հրաժարվեց մանդատից, երբ «Ապրելու երկիր»-ը մեկ մանդատի առավելությամբ իշխանություն ձևավորեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2023-ի դեկտեմբերին անվստահություն էր հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով համայնքապետ դարձած Արկադի Թամազյանին ու ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարին՝ Դավիթ Ղումաշյանին ընտրել նրա փոխարեն:

2023 թվականի դեկտեմբերի 5-ին Ալավերդիում իշխանափոխություն տեղի ունեցավ: «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանը հեռացավ պաշտոնից, երբ իր կուսակիցներից Սիմոն Զախարովը դուրս եկավ «Ապրելու երկիր» կուսակցությունից ու որպես ավագանու անկախ անդամ միացավ «Քաղաքացիական պայմանագրին»: 

Դավիթ Ղումաշյանին համայնքապետ նշանակելու համար գումարված նիստն առաց միջադեպերի չանցավ։ Նիստից առաջ ոստիկանությունը փակել էր համայնքապետարանի մուտքը և թույլ չէր տվել ավագանու ընդդիմադիր անդամներին մասնակցել նիստին։
Գյումրու ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, կուսակցության ցանկում 30 հոգի կա։
Կարեն Մալխասյանն իրավաբան է։ 2021թ․ նոյեմբերից Գյումրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։

Երկրորդ համարը Հայկ Պողոսյանն է՝ «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկային պորտֆելի կառավարիչը։ Երրորդ համարը՝ Կալիպսե Ասատրյանը, «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունում աշխատում է որպես որակի ապահովման պատասխանատու, նաև խմբակցության ավագանու անդամ է։

 «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածու, գործող ավագանու անդամ Կարեն Մալխասյանն իր ուղերձում ասել է, որ Գյումրիում իշխանությունը պետք է ձևավորվի գյումրեցու քվեով, այլ ոչ թե իշխանությունը զավթելով, զոռբայությամբ կամ մոլորեցնող կեղծ խոստումներով:

Քաղաքական ուժի կարգախոսն է՝ «Միասին, հանուն Գյումրու»։ Կուսակցությունը բացառում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը։ Մյուսների հետ պատրաստ են համագործակցել։ Քվեաթերթիկում «Ապրելու երկիր» կուսակցությունը 3-րդ համարի ներքո է։

«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է նաև Փարաքարի ընտրություններին «Միասնություն» կուսակցությունների դաշինքի կազմում՝ «Հաղթանակ» կուսակցության հետ։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստեղծվել է 2021 թ. մարտի 31-ին։ Վարչության նախագահը Արարատի մարզի Սիսավան գյուղի նախկին գյուղապետ Սպարտակ Թարթիկյանն է։ 

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը մասնակցել է 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին, որտեղ ամենաշատ ձայներն էր ստացել՝ 43,06%։ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը համապատասխանաբար ստացել էին ՝ 38,21% եւ 16,39%։ Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չհաջողվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների։ Այս անգամ ՔՊ-ն Վեդիում հաղթեց։

Գյումրիի ավագանու ընտրություններին «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Նա երկար տարիներ՝ մինչև 2019-ը զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։

Կուսակցությունը համայնքի կառավարումը ստանձնելու դեպքում խոստանում է Գյումրին դարձնել փառատոների կենտրոն, զարգացնել զբոսաշրջությունը, վերականգնել մշակույթի, արդյունաբերության, կինոյի քաղաքի երբեմնի համբավը։
Ընտրական ցուցակում 40 մարդ է գրանցված։
Ցուցակի երկրորդ համարը Վահե Կիրակոսյանն է, նա «Կիրակոսյաններ ՍՊԸ»-ում զբաղեցնում է տնօրենի պաշտոնը, նաև՝ «Hayat project» խմբի պրոդյուսերն է, խումբը ստեղծել է Ռուբեն Մխիթարյանը։ Կուսակցության երրորդ համարը Սուսաննա Մկրտչյանն է՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրենը։

Փետրվարի 14-ին «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Գյումրու համայնքապետի ընտրություններին մասնակցելու են Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ։ «Նման որոշումն առավել քան բնական է՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին, մեր պատկերացումներն ու տեսլականը գրեթե համընկնում են։
Վստահ ենք, որ սկզբունքային գործիչ և լավ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը կարող է լինել Գյումրի քաղաքի պատշաճ և արդյունավետ քաղաքապետ և իր առաջնորդած թիմով լավագույնս ծառայել Գյումրուն և գյումրեցուն»,- ասված էր հայտարարության մեջ։
Կուսակցության կարգախոսն է՝ «Ես քո Գյումրին եմ»։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը քվեաթերթիկում 9-րդ համարն է։

«Մայր Հայաստան» դաշինքը ստեղծվել է 2023 թ. օգոստոսի 9-ին։ Դաշինքի մաս կազմող «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահը Անդրանիկ Թևանյանն է։ Մինչև ընտրություններին մասնակցելը Թևանյանը պատգամավոր էր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Սակայն 2023 թ. Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար հրաժարվեց մանդատից։ Ընտրությունների արդյունքում «Մայր Հայաստան»-ը ավագանիում ստացավ 12 մանդատ՝ հավաքելով ձայների 15,43%-ը։

«Մայր Հայաստան» դաշինքը մարտի 15-ին Գյումրիում քարոզարշավի մեկնարկը սկսեց Արցախից բռնի տեղահանված և Գյումրիում ապաստանած արցախցիների հետ հանդիպումով։ «Մայր Հայաստան» դաշինքը կազմված է «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններից։ Դաշինքի ցուցակում 56 հոգի կա։

Ընտրական ցուցակն առաջնորդում է գործարար Կարեն Սիմոնյանը։ Դաշինքի երկրորդ համարը քաղաքագետ, հաղորդավար Դերենիկ Մալխասյանն է, երրորդ համարը՝ Աննա Մուրադյանը, որը, ըստ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում։ «Մայր Հայաստան» դաշինքը մեծ խոստումներ է տալիս։ Ըստ նախընտրական ծրագրի, Գյումրիում կզարգացնեն զբոսաշրջությունն ու մշակույթը, քաղաքը կդարձնեն ազատ տնտեսական գոտի։ Կբարեփոխեն տրանսպորտը, փողոցային լուսավորությունը, քաղաքի ասֆալտապատումը, կթվայնացնեն քաղաքի կառավարումը, IT ընկերությունների և ստարտափերի համար աշխատանքային հարմար պայմաններ կստեղծեն և այլն։

Դաշինքը քվեաթերթիկում 4-րդ համարի ներքո է, նրանց կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։

Հաջորդիվ «Հետքը» կներկայացնի Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերին։

Գլխավոր լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter