HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատողները դատարան են դիմել՝ աշխատանքի վերականգման համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ փետրվարին ընկերության կողմից ազատված 8 աշխատակիցները դատարան են դիմել աշխատանքի վերականգնման հայցով։

Նախքան դատարան դիմելը, ըստ Մխիթարյանի, իրենք սահմանված կարգով դիմել էին ԶՊՄԿ-ի վերադասին՝ վերականգնվելու համար։ Սակայն պատասխանը, մեր զրուցակցի պատմելով, եղել է այն, որ ԶՊՄԿ-ի գործող կանոնադրությամբ նման ընթացակարգ չկա, ապա հորդորել են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները։

«Քանի որ 8 հոգին էլ տարբեր հիմքերով են ազատվել աշխատանքից, բնականաբար, դատական գործերն էլ տարբեր են եղել»,- ասում է Վահե Մխիթարյանը։

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական կարգով բողոքարկումից, ԶՊՄԿ-ի նախկին աշխատողն ասում է․ «Եթե անկեղծ, ապա այդքան էլ մեծ վստահություն չկա արդարադատության համակարգի հանդեպ, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք, որ հանքարդյունաբերության լոբբինգը շատ լավ աշխատում է, եւ այստեղ ռիսկեր էլ կան, բայց ամեն դեպքում գործընթաց է, որի միջով պետք է անցնենք եւ լիահույս ենք, որ արդարադատությունը գործողության մեջ չի ուշանա»։

Մխիթարյանը նշում է, որ գործադուլից հետո իրենք հայտարարել էին փողոցային պայքարը իրավական դաշտ տեղափոխելու մասին, քանի որ գործադուլավորների կողմից բարձրաձայնված խնդիրների մեծ մասը դեռ լուծում չի ստացել։

ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցն ասում է, որ այս պահին չի ցանկանում բացել փակագծերը, քանի որ ռազմավարության հարց կա, բայց հավելում է, որ իրենք պատրաստվում են երկրորդ փուլի, որի ժամանակ ավելի լայն հանրային ճնշում կլինի՝ ներգրավվելով նաեւ միջազգային գործընկերների։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ էին սկսել՝ վերադասից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում։ Հունվարի 10-ին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո հայտարարվել էր գործադուլի ավարտի մասին: Այդուհանդերձ, ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել էր գործադուլին մասնակցած 8 հոգու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter