HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մահվան դեպքերի և կալանավորների թվի աճ. ՔԿՀ-ները շարունակում են գերբեռնվել

Քրեակատարողական հիմնարկներում 2025թ. 5 ամսվա ընթացքում (մայիսի 19-ի դրությամբ) մահացել է 13 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանցից 5-ն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել: Ինքնասպան եղած անձանցից երկուսը պահվել են միայնակ և նրանց հետ այլ անձ չի եղել: Ինքնասպանության գործիքը եղել է պարանը կամ  սավանը:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և մահվան դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ:

Մահվան 13 դեպքից 5-ը ինքնասպանության դիմածներն են, իսկ 8 անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: 4 դեպքով մահն արձանագրվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում, իսկ 9-ը մահացել են քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում մահվան 2-ական դեպք արձանագրվել է «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում, 1-ական դեպք՝ «Սևանում», «Նուբարաշենում» և «Վարդաշենում»:

Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա 5 դեպքից 2-ն արձանագրվել է «Արթիկ» ՔԿՀ-ում և 1-ական դեպք՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:

Կալանավորների մահեր 1.jpg (164 KB)

Ինքնասպանության 5 դեպքից 3-ը եղել է 2025թ. հունվար ամսին:

  1. 10.01.2025թ. ժամը 02:15-ի սահմաններում «Արթիկ» ՔԿՀ-ի թիվ 11 խցում պահվող կալանավորը՝ ծնված 1997թ., սև գույնի պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
  2. 17.01.2025թ. ժամը 17:50-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ-ի թիվ 53 խցում պահվող դատապարտյալը՝ ծնված 1982թ., սավանից պատրաստված ինքնաշեն պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
  3. 28.01.2025թ. ժամը 07:50-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունքի թիվ 4 հիվանդասենյակում միայնակ պահվող դատապարտյալը՝ ծնված 1990թ., սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
  4. 17.03.2025թ. ժամը 09:05-ի սահմաններում «Արթիկ» ՔԿՀ-ի թիվ 8 խցում միայնակ պահվող կալանավորը՝ ծնված 1976թ., սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
  5. 20.04.2025թ. ժամը 11:30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 013 խցում պահվող դատապարտյալը՝ ծնված 1973թ., սավանից պատրաստված ինքնաշեն պարանով ինքնասպան է եղել:

«Մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նախաձեռնվում է քրեական վարույթ: Վարույթի ընթացքում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում է նաև դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է Քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ Ռաֆայել Հարությունյանը:

Թեև քրեական վարույթի շրջանակում քննություն տարվում է, սակայն այդ գործերը հետագայում կարճվում են, ինքնասպանության իրական պատճառներն այդպես էլ չեն բացահայտվում:

Կալանավորների մահեր 2.jpg (210 KB)

Քրեակատարողական հիմնարկներում ավելանում է նաև կալանավորված և դատապարտված անձանց թիվը: 2025թ. մայիսի 19-ի դրությամբ՝ Հայաստանում ավելի շատ կալանավորված անձ կա, քան դատապարտյալ: Մասնավորապես՝ նշված օրվա դրությամբ 10 քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2789 մարդ: Նրանցից 1465-ը եղել է կալանավոր, իսկ 1324-ը՝ դատապարտյալ:

Ամենաշատ դատապարտյալ և կալանավորված անձ պահվում է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 1103 մարդ, որից 725-ը՝ կալանավորված անձ: Այս  ՔԿՀ-ն նախատեսված է 1240 մարդու համար, որից 720-ը՝ կալանավորված անձանց համար:

Անազատության մեջ գտնվող անձանց թվով առաջին եռյակում են  «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ները՝ համապատասխանաբար 539 և 302 մարդ:

Համեմատության համար նշենք, որ 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ «Արմավիրում» 1083 մարդ էր պահվում՝ 714 կալանավոր և 369 դատապարտյալ: Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում էր 476 մարդ, որից 281-ը կալանավոր, իսկ «Սևանում»՝ 270 դատապարտյալ:

Անազատության մեջ գտնվող ամենաքիչ անձինք պահվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ մայիսի 19-ի դրությամբ 22 կալանավոր և 8 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնում է հասարակական դիտորդների խումբը: Խմբի անդամ Շուշան Խնկոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այսօր չկա տարիներ առաջվա գերբեռնվածությունը, վերջին տարիներին պետությունը փորձել է  թոթափել գերբեռնումը: Սակայն, վերջին 2 տարվա ընթացքում սկսել են կալանքը՝ որպես խափանման միջոց, շատ կիրառել, դա էլ հանգեցնում է ՔԿՀ-ներում պահվող անձանց թվի մեծացման, ինչը մտահոգիչ է:

Կառավարության կողմից ներդրվեցին այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք և այլն, սակայն, ըստ Շ. Խնկոյանի, փորձը ցույց է տալիս, որ գործընթացում կան խնդիրներ, և կալանքը գերակշռում է:

«Սա իր հետ շատ խնդիրներ կարող է բերել, եթե թվարկենք, կարող ենք ժամերով խոսել:  Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկներում մինչ օրս շարունակվում է քրեական ենթամշակույթը: Մարդիկ կամա, թե ակամա կարող են ներգրավվել քրեական ենթամշակույթում, կամ դա իր բացասական հետևանքներն ունենալ այլոց համար՝ սկսած ներանձնային շփումներից, ինքնավնասումներ, ինքնասպանություններ և այլն: Քրեակատարողական հիմնարկը, ունենալով քիչ ռեսուրսներ, պայքարի, կանխարգելման  միջոցները բավարար չեն լինի»,- ասում է դիտորդական խմբի անդամը:

Շ. Խնկոյանի դիտարկմամբ՝ այդ խնդիրը զգացվում է հատկապես «Արմավիր» ՔԿՀ-ում, քանի որ  ամենաշատ ազատազրկվածներն այնտեղ են պահվում: 

«Եթե համեմատենք վերջին 3 տարվա վիճակագրությունը, այս տարվա 5 ամսվա  ընթացքում արդեն 10-ից ավել դեպք ունենք, որը շատ մտահոգիչ է: Ինքներս էլ փորձում ենք խնդիրները վեր հանել, հասկանալ պատճառները: Դրանք տարբեր են՝ անձանց առողջական վիճակը, անտեղ գտնվելով, ավելի է սրվում, պահման պայմանները և այլն: Նույն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, չգիտեմ՝ ոնց են մարդիկ պահվում: Նույնիսկ աշխատողների համար է վտանգավոր այնտեղ մնալը»,- նշում է Շ. Խնկոյանը:

Զրույցների ժամանակ անազատության մեջ գտնվող անձինք դժգոհել են, որ պատշաճ բուժօգնություն չեն ստանում կամ երբեմն ստանում են ուշացումներով: Երբեմն էլ, ըստ փորձագետի, ծայրահեղ քայլերի են դիմում՝ իրենց գործի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter