
Բրիտանական ընկերությունն սկսել է շահագործել օկուպացված Արցախի Կաշենի հանքավայրը
Բրիտանական Anglo Asian Mining հանքարդյունաբերական ընկերությունը սկսել է արդյունահանումը օկուպացված Արցախի Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրից:
2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները, որոնք կառավարվում էին Ալիեւի ռեժիմի կողմից, փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Քարին Տակ գյուղի հատվածում եւ պահանջում էին իբր թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում, «Հետքը» գրել էր, որ դրանք ընդամենը մեծ խաղի մի պտուտակն են ու սովորական խամաճիկներ Ալիեւի եւ նրա շրջապատի քաղաքական ու տնտեսական նպատակների համար:
Եթե գլխավոր քաղաքական նպատակը ԼՂՀ-ի հայաթափումն ու ամբողջական օկուպացիան էր, ինչն իրականություն դարձավ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի հանցավոր խորը շրջափակումից 9 ամիս անց, ապա տնտեսական նպատակը Արցախի բնակչությանն ու տնտեսվարողներին ոչ միայն հնարավորինս մեծ վնաս հասցնելն ու երկրի ամբողջ տնտեսությունը պարալիզացնելն էր, այլեւ Ադրբեջանի կառավարության ու արտասահմանցի հանքարդյունաբերողների համաձայնությունը կյանքի կոչելը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo Asian Mining-ը շրջափակման մեկնարկից 5 ամիս առաջ՝ 2022-ի հուլիսի 5-ին, Ադրբեջանից ստացել էր հանքարդյունաբերական 3 նոր գոտիներ՝ Ղարղար, Ղարադաղ եւ Դեմիրլի անուններով: Ինչու՞ նոր, որովհետեւ այս հանքարդյունաբերողի տերերն Ադրբեջանի ռեսուրսներով հետաքրքրված էին դեռ 1990-ականներից:
Ինչպես արդեն գրել ենք, ըստ ընկերության պաշտոնական կայքի, 1997-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով Anglo Asian-ը ստացել էր հանքարդյունաբերությամբ զբաղվելու 6 պայմանագրային տարածք (contract area): Բայց իրականում պայմանագիր կնքողը եղել է ոչ թե բրիտանական այս ընկերությունը, որը հիմնադրվել է 2004-ին Լոնդոնում, այլ ամերիկյան RV Investment Group Services-ը: Պարզապես երկուսի հետեւում էլ կանգնած է նույն սեփականատերը՝ ազգությամբ պարսիկ Մոհամադ Ռեզա Վազիրին (Mohammad Reza Vaziri), որի անվանական սկզբնատառերով էլ կոչվել է ամերիկյան ընկերությունը: Վերջինս հիմնադրվել էր 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որն օֆշորային գոտիների նման համարվում է «հարկային դրախտ»:
Այսպիսով՝ Հեյդար Ալիեւի օրոք ամերիկյան ընկերությունն ստացել էր հետեւյալ պայմանագրային տարածքները՝ Գեդաբեկը (հայկական պատմական Գետաբակն է), Գոշան, Օրդուբադը (այս մեկը՝ Նախիջեւանի տարածքում), Սոյուդլուն (նույն Սոթքն է), Ղզլբուլաղն ու Վեյնալին: Սրանցից վերջին երեքը Արցախյան առաջին պատերազմից հետո գտնվում էին ԼՂՀ-ի վերահսկողության ներքո. այսպես՝ Սոթքի հանքի մի մասը ՀՀ Գեղարքունիքի մարզում է, մնացածը՝ պատմական Քարվաճառում, որը մինչեւ 2020 թ. նոյեմբեր գտնվում էր հայկական վերահսկողության տակ, Ղզլբուլաղի տարածքը ներառում է Արցախի Մարտակերտի շրջանի մի մասը (Սարսանգի ջրամբարից հարավ) ու որոշ հատված Ասկերանի շրջանից, սակայն դրա հիմնական ռեսուրսը Դրմբոնի հանքն է, Վեյնալին էլ (այլ աղբյուրներում՝ Վեջնալի) պատմական Կովսականում է (Զանգելան):
Այսինքն՝ 1997-ին Ադրբեջանի կառավարությունը նշված 6 տարածքների թվում բրիտանական հանքարդյունաբերողին է հանձնել 3 տարածք (Սոթք, Ղզլբուլաղ, Վեյնալի), որոնք իր վերահսկողության տակ չեն եղել:
Ամեն դեպքում, Ռեզա Վազիրին իր ընկերների հետ միայն 2000-ականների երկրորդ կեսին է ակտիվ հանքարդյունաբերական գործունեություն սկսել Ադրբեջանում, բայց արդեն բրիտանական Anglo Asian Mining-ով: Խոսքը, բնականաբար, այն տարածքների մասին է, որոնք ադրբեջանական տիրապետության տակ էին այդ ժամանակ՝ Գետաբակ, Գոշա, Օրդուբադ: Այսպիսով՝ Ango Asian-ը մինչեւ 2022 թ. հուլիս «ուներ» 6 պայմանագրային տարածք, որոնցից 3-ում էր գործունեություն ծավալում՝ արդունահանում կամ հետախուզում կատարում:
2022-ի հուլիսին փոփոխություն է կատարվել պայմանագրում, որով Anglo Asian-ը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է հայ-ադրբեջանական նոր շփման գծում հայտնված Սոթքի հանքի իր հատվածից, փոխարենը ստացել 3 նոր տարածք՝ Ղարղարը, Ղարադաղն ու Դեմիրլին (ընդհանուր՝ 8 պայմանագրային տարածք): Այստեղ էլ հարցն այն է, որ եթե Ղարղարն ու Ղարադաղը 2022-ի դրությամբ ադրբեջանական տիրապետության տակ էին եւ դրանց հանդեպ իրավունքները պատկանում էին AzerGold պետական ընկերությանը, որից էլ ձեռք է բերել Anglo Asian-ը, ապա Դեմիրլին գտնվում էր հայկական վերահսկողության ներքո, եւ ընդհանրապես, սա Արցախի տարածքում է: Դեմիրլի ասելով՝ պետք է հասկանալ Մարտակերտի շրջանի արեւելյան հատվածը՝ Կաշենի հանքով (տես ստորեւ): Այս պայմանագրային տարածքի մակերեսը, ըստ բրիտանական ընկերության, 74 քկմ է:
Նկատենք, որ Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարեւանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը: Վերջինս շահագործում էր հայկական «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, ինչն էլ դարձել էր Բաքվի ռեժիմի ու նրա հետ համագործակցող բրիտանական ձեռնարկության եւ դրա արտասահմանցի տերերի աչքի փուշը:
Գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել էր 2002-ին եւ սկզբնապես շահագործում էր Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրն ու դրա հիման վրա ստեղծված լեռնահանքային համալիրը, 2007-ից երկրաբանահետախուզական աշխատանքներ էր սկսել Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Կառուցվող բացահանքի օպտիմալ եզրագծի սահմաններում հաստատվել էր շուրջ 56 մլն տ հանքաքարի պաշար: 2012 թ. վերջին եռամսյակում Կաշենի հանքավայրում սկսվել էին կապիտալ մակաբացման աշխատանքները, իսկ արդեն 2013 թ. ապրիլից հանքավայրում արդյունահանվում էր պղինձ-մոլիբդենային հանքաքար, որը սկզբում վերամշակվում էր Դրմբոնի ֆաբրիկայում, մինչեւ Կաշենի հանքավայրի մոտ հարստացուցիչ ֆաբրիկա կկառուցվեր: 2014 թ. ապրիլին մեկնարկել էին Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցման աշխատանքները, իսկ 2016-ի հունվարին լեռնահանքային համալիրը պաշտոնապես գործարկվել էր տարեկան շուրջ 2 մլն տոննա հանքաքարի վերամշակման մեկնարկային հզորությամբ: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն Արցախի խոշորագույն հարկատուն էր, ուներ շուրջ 2000 աշխատող, ու նաեւ այս առումով պատահական չէ, որ հայտնվել էր ադրբեջանցիների թիրախում:
Արցախի հայաթափումից եւ ամբողջական օկուպացիայից հետո՝ 2024-ի երկրորդ կեսում, Anglo Asian-ը հասանելիություն է ստացել Կաշենի հանքավայրին: Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Սթիվեն Վեսթհեդը (Stephen Westhead):
Anglo Asian-ի կայքում ասվում է, որ հանքաքարը արդյունահանվում է բաց հանքից եւ վերամշակվում հարեւանությամբ գտնվող հարստացուցիչ ֆաբրիկայում: Բնականաբար, ոչ մի խոսք չկա այն մասին, որ սա «Բեյզ Մեթըլսի» կառուցած համալիրն է, որն, ըստ էության, օդից ընկել է Anglo Asian-ի ձեռքը: Նշվում է նաեւ, որ պոչերը տեղավորվում են ժամանակավոր ամբարում, իսկ առաջիկայում պետք է կառուցվի նոր պոչամբար: Ըստ բրիտանական հանքարդյունաբերողի՝ 2025-ին կանխատեսվում է արտադրել մոտ 4.000 տ պղինձ, իսկ 2026-ից սկսած տարեկան արտադրությունը պետք է հասնի 15.000 տոննայի: Anglo Asian-ի տեղեկացմամբ՝ վերջին երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացահանքը ընդլայնելու հնարավորություն կա:
Հիշեցնենք, որ Anglo Asian Mining-ի հետ կնքած պայմանագրի համաձայն (այն կոչվում է Production Sharing Agreement (PSA)՝ արտադրանքի բաժանման համաձայնագիր)՝ Ադրբեջանի կառավարությունն ու բյուջեն եւս շահ են ակնկալում:
Ըստ այդ պայմանագրի՝ բրիտանական կողմը կարող է ստանալ օգտակար հանածոների վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 75 %-ը, ինչի նպատակն ընկերության կողմից կատարվող ծախսերը փոխհատուցելն է: Մնացած հասույթը (նվազագույնը 25 %) բաժանվում է կողմերի միջեւ հետեւյալ կերպ՝ Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությանը՝ 51 %, բրիտանական արդյունաբերողին՝ 49: Այսինքն՝ օգտակար հանածոյի վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 87,75 %-ը բրիտանական կողմինն է, իսկ մնացածը (12,25 %)՝ Ադրբեջանինը:
Բացի դրանից՝ ընկերությունը վճարում է 32 % շահութահարկ:
Մեր նախորդ հոդվածում (2022 թ. դեկտեմբեր), մեջբերելով 2022-ի սեպտեմբերի պաշտոնական տվյալները, գրել էինք, որ Anglo Asian-ի բաժնետոմսերի 43 %-ը կենտրոնացած է դրա տնօրենների կամ նրանց փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ձեռքում: Վերջին պաշտոնական տվյալներով (2024 թ. հոկտեմբեր)՝ այս պատկերը չի փոխվել, բայց որոշ փոփոխություններ եղել են:
Այսպիսով՝ Anglo Asian Mining-ի գլխավոր բաժնետերը (28,7 %) ազգությամբ պարսիկ, ԱՄՆ քաղաքացի Մոհամադ Ռեզա Վազիրին է, որը նաեւ ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն է: Վերջինս բարձրաստիճան պաշտոնյա է եղել Իրանում մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որը գահընկեց արեց այդ երկրի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիին: Հեղափոխությունից հետո Ռեզա Վազիրին հաստատվել էր ԱՄՆ-ում: Չնայած Anglo Asian-ը գրանցված է Մեծ Բրիտանիայում, դրա գործունեության առանցքային ուղղությունը Ադրբեջանն է: Ռեզա Վազիրին նաեւ ԱՄՆ-Ադրբեջան առեւտրային պալատի հիմնադիր է ու տնօրենների խորհրդի ցմահ համանախագահը: Նաեւ այս պալատի միջոցով նա սերտ կապեր ունի ամերիկացի ու ադրբեջանցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վազիրիին է փոխկապակցված նաեւ Anglo Asian-ի 3,53 %-ի բաժնետեր Limelight Industrial Developments Limited-ը: 2022-ին գրել էինք, որ սրա շահառու սեփականատերը Յասամին Վազիրի Լոթֆինեժադն է (Yasamin Vaziri Lotfinezhad), որը կապ ունի Ռեզա Վազիրիի հետ: Այսինքն՝ Վազիրիների ձեռքում է Anglo Asian-ի 32,2 %-ը:
Վազիրիներից հետո Anglo Asian-ում երկրորդ խոշոր բաժնետերը Սունունու ընտանիքն է: Եթե 2022-ին Anglo Asian-ի 9,38 %-ն ամբողջությամբ պատկանում էր ամերիկացի նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, հանրապետական Ջոն Սունունուին, ապա այսօր այս բաժնեմասից 1,36 %-ն է նրա անունով, իսկ մնացած 8,02 %-ի բաժնետերը Sununu Holdings LLC-ն է: Anglo Asian-ի միջոցով Սունունու ընտանիքի մասնակցությունը հանքարդյունաբերության մեջ էթիկական եւ բնապահպանական մտահոգություններ էր առաջացրել ԱՄՆ-ում: Ջոն Սունունուն եւ նրա որդիներից Մայքլը Anglo Asian-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամներ են:
1,27 % բաժնեմաս ունի Խոսրով Զամանին (Khosrow Zamani), որը ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է եւ այստեղ ներգրավված է որպես ոչ գործադիր անդամ: Ազգությամբ պարսիկ Զամանին, որն ԱՄՆ քաղաքացի է, ֆինանսական եւ բանկային համակարգում է աշխատել, այդ թվում՝ Թուրքիայում ու Սերբիայում: Բրիտանական ընկերության 0,3 %-ն էլ պատկանում է Լոնդոնի կայսերական քոլեջի բրիտանացի պրոֆեսոր Ջոն Մոնհեմիուսին (John Monhemius), որը եւս որպես անկախ անդամ ընդգրկված է տնօրենների խորհրդում: Մոնհեմիուսը լեռնամետալուրգիայի ոլորտում ակադեմիական ու արդյունաբերական հետազոտությունների ավելի քան 40 տարվա փորձ ունի:
Ինչ վերաբերում է Մարտակերտի ու Ասկերանի շրջանների մի մասն ընդգրկող եւ Դրմբոնի հանքը ներառող Ղզլբուլաղ պայմանագրային տարածքին, ապա Anglo Asian-ի կայքում նշվում է, որ դրա մակերեսը 462 քկմ է, եւ այստեղ կան մի քանի հանքեր, իսկ տարածքն ունի մեծ պոտենցիալ հետախուզական աշխատանքների համար:
Կաշենի հանքավայրի լուսանկարները՝ արխիվից
Մեկնաբանել