
Բանկերի շահույթը 17%-ով աճել է առաջին կիսամյակում. որ բանկերն են առաջատարները
Հայաստանում գործող 17 բանկերը միասին 2025 թվականի առաջին կիսամյակում մոտ 201 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել։ Ինչպես վկայում են բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ բանկային համակարգի շահույթն աճել է մոտ 17%-ով։
Ամենամեծ շահույթը ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն (Ardshinbank)՝ մոտ 69 մլրդ դրամ։ Ընդ որում, այն մեծ տարբերությամբ գերազանցում է մյուս բանկերին։
2024 թվականի նոյեմբերի 29-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC) 100%-ը։
Ձեռքբերումից հետո «էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը վերանվանվել էր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի։ Արդեն 2025-ի ապրիլին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն միացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին։
Շահույթի չափով երկրորդ տեղում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է (Ameriabank)` 32.5 մլրդ դրամով, հաջորդում է «Ակբա բանկ» ԲԲԸ-ն (ACBA bank)` 17.2 մլրդ դրամով։
Ընդհանուր առմամբ, կիամյակը շահույթով են փակել բոլոր բանկերը։ Նրանցից հինգի շահույթը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ կրճատվել է։
Ստորև ինֆոգրաֆիկայում Հայաստանի բանկային համակարգի շահույթի ցուցանիշներն են՝ ըստ բանկերի։ Տվյալները հավաքագրել ենք բանկերի՝ այս տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվություններից։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ 2022 թվականից ռուս ռելոկանտների թողած դրական ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա դեռևս շարունակվում է, սակայն՝ ավելի փոքր չափով։
«2022 թվականից հետո Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները բարձրացան՝ հասնելով 20%-ի, առանձին բանկերի դեպքում՝ նույնիսկ ավելին։ Դա պայմանավորված էր հիմնական աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ։ Մեծ թվով ռելոկանտներ ունեցանք, լրացուցիչ բիզնեսներ, աշխատատեղեր։ Այս իրավիճակը դեռևս պահպանվել է, բայց հնարավոր է փոքր նվազում լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Դանիել Ազատյանը։
Ըստ նրա՝ բանկերի շահույթն աճում է ինչպես ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչպիսին են՝ ռելոկանտներին մատուցված ծառայությունները, այնպես էլ՝ տոկոսային։
«2021 թվականից սկսած՝ ամեն տարի, 10-15% վարկային ներդրումների աճ է գրանցվել։ Դա ևս բանկերի համար ապահովել է լրացուցիչ շահութաբերություն»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք վերջին երեք-չորս տարիներին բանկերի գրանցած բարձր շահույթը կարո՞ղ է հիմք հանդիսանալ վարկերի տոկոսադրույքների նվազման համար, Ազատյանը նշեց, որ ուղիղ կապ չի տեսնում։
«Ուղիղ կապ չկա բանկի շահույթի և վարկերի տոկոսադրույքի հետ։ Ընդհակառակը՝ տոկոսադրույքից կարող է գալ դեպի շահույթ, բայց շահույթից դեպի տոկոսադրույք, իմ կարծիքով, չի լինի։ Տոկոսադրույքի վրա ամենամեծ ազդեցությունը ունենում են ռիսկերը։ Ինչքան ռիսկերը բարձր են, այնքան տոկոսադրույքը բարձրանում է։ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է ազդեցություն ունենալ»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահը՝ հավելելով, որ խոշոր բանկերի շրջանում վերջին կես տարում վարկավորման բարձր աճ է գրանցվել։
Բանկերի միությունն այս պահին չունի վերլուծություն, թե հետագայում բանկերը ինչպե՞ս են տնօրինում ստացված ռեկորդային շահույթները, արդյոք այդ գումարները մնում են Հայաստանում, թե՞ ներդրվում են արտերկրում։ Հիշեցնենք՝ վերջերս հայտնի դարձավ, որ «Արդշինբանկը» ցանկանում է ձեռք բերել նաեւ HSBC Bank Malta-ն։
Դանիել Ազատյանը դրական երևույթ է համարում հայաստանյան բանկերի կողմից արտերկրում կատարվող ներդրումները։
«Բանկերը ինքնին միջազգային խոշոր գործարքների մասնակիցներ պետք է լինեն։ Որքան հայաստանյան բանկերը ներդրումներ կատարեն միջազգային կազմակերպությունների նախագծերում, ընդհուպ՝ մինչև կապիտալի մասնակցություն ունենան, միացված լինեն բորսայական հարթակներին և դրանց միջոցով կարողանան գործարքներ իրականացնել, այնքան մենք կունենանք ավելի զարգացած բանկային համակարգ, այնքան եվրոպական և միջազգային բանկային մշակույթը ինտեգրված կլինի մեր բանկային համակարգում»,- նշեց նա։
Տես նաև՝
Մեկնաբանել