
Շահագործման իրավունք է ստացել օդանավերի թռիչք-վայրէջքի առաջին հարթակը Հայաստանում
Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում կան հարթակներ, որտեղ թռիչք ու վայրէջք են կատարում ուղղաթիռները, թեթեւ ինքնաթիռներն ու այլ օդանավեր: Սրանք պետության կողմից սերտիֆիկացված չեն, բայց փաստացի շահագործվում են ընդհանուր ավիացիայի տարատեսակ օդանավերի կողմից:
2019 թ. Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) ուսումնասիրություն կատարելուց հետո հայտարարել էր, որ ՀՀ օրենսդրությամբ միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման, սակայն «Արմենիան Հելիքոփթերս» ավիաընկերությունը, որն ուղղաթիռներ է շահագործում, ՔԱԿ-ի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի իր ձեռնարկում նշել է ավելի քան 70 ուղղաթիռադաշտ, որոնք դեռեւս սերտիֆիկացված չեն:
Սրան ՔԱԿ-ն արձագանքել էր, որ այդ 70-ից ոչ մեկը միջազգային կամ ներքին օդանավակայանի ուղղաթիռադաշտ չէ, ուստի ինքը որեւէ հիմք չի ունեցել դրանց սերտիֆիկացման համար: Կոմիտեի դիրքորոշումն այն էր, որ ՊՎԾ-ի մատնանշած հարթակները չեն բավարարում օրենսդրությամբ սահմանված այն պահանջները, որոնք ներկայացվում են օդանավակայանների աերոդրոմներին կամ ուղղաթիռադաշտերին: Բայց փաստ է, որ այդ հարթակները կիրառվում են տարբեր ավիատորների կողմից: Այս պարագայում խնդիր էր ծագել մշակել այնպիսի օրենսդրական լուծումներ, որոնցով կկարգավորվեր ոլորտը: Այսինքն՝ պետք է ոչ միայն փոփոխություններ ու լրացումներ կատարվեին «Ավիացիայի մասին» օրենքում, այլեւ այդ հարթակների շահագործումը կանոնակարգող ակտ պիտի ընդունվեր:
Ի վերջո, օրենքը լրամշակվեց, թռիչք-վայրէջքի հարթակների շահագործման թույլտվություն տալու կարգը եւ շահագործման պայմաններն էլ հաստատվեցին ՏԿԵ նախարարի հրամանով 2022-ի հոկտեմբերին:
Այսպիսով՝ «Ավիացիայի մասին» գործող օրենքի համաձայն՝ թռիչք-վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռի, ուղղաթիռի) թռիչք-վայրէջքի, գետնավարման եւ կայանման համար: Այսինքն՝ սրանք չեն կարող օգտագործվել միջազգային թռիչքների կամ ներքին կանոնավոր առեւտրային չվերթերի համար:
Այս հարթակները պետք է ՔԱԿ-ից ստանան շահագործման թույլտվություն, որը տալու կարգը, ինչպես նաեւ հարթակների շահագործման պայմանները, ինչպես ասվեց, սահմանվել են ՏԿԵ նախարարի հրամանով:
Ըստ այդմ՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների թռիչք-վայրէջքների հարթակներին ներկայացվող պահանջները որոշակիորեն տարբերվում են, ինչը բնական է, սակայն ընդհանրությունն այն է, որ հարթակները կարող են շահագործվել միայն այն ինքնաթիռների եւ ուղղաթիռների կողմից, որոնց առավելագույն թռիչքային քաշը (օդանավի, վառելիքի, օգտակար բեռի ընդհանուր քաշը) չի գերազանցում 3000 կգ-ն: Այս հարթակները նախատեսված են վիզուալ կանոններով թռիչքների համար, որոնք կարող են իրականացվել միայն լուսավոր ժամերին՝ արեւածագից մինչեւ արեւամուտ: Հարթակները կարող են լինել թե՛ արհեստական, թե՛ գրունտային ծածկով: Հարթակները պետք է գործող աերոդրոմների տեղորոշիչ կետից առնվազն 5 կմ հեռու լինեն. սրա նպատակը թռիչքային անվտանգության ապահովումն է:
Բացի դրանից՝ քանի որ ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները որոշակի տարածություն են պահանջում, թռիչքային անվտանգությունն ապահովելու համար ինքնաթիռների հարթակները պետք է գտնվեն բնակավայրերից ու հասարակական վայրերից առնվազն 700 մետր հեռավորության վրա: Ավելին՝ այդ հարթակները պետք է տեղակայված լինեն այնպես, որ թռիչքի ու վայրէջքի ուղղություններով գտնվող բնակավայրերից հեռու լինեն առնվազն 2500 մետր (այլ կերպ ասած՝ թռիչքուղի-վազքուղու ծայրերը պետք է բնակավայրերից 2,5 կմ հեռու լինեն):
Ընդ որում՝ նախարարի հրամանով հաստատված կարգը չի տարածվում այն հարթակների վրա, որոնք ընտրվում են օդանավի հրամանատարի կողմից մեկանգամյա վայրէջքի համար, ինչպես նաեւ այն հարթակների վրա, որտեղ տարվա մեջ լինում է մինչեւ 30 թռիչք-վայրէջք:
Ինչպես ասվեց, ուղղաթիռներ շահագործող «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությունը փաստացի շուրջ 7 տասնյակ հարթակ է օգտագործում մեր երկրի տարածքում: Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի ներկայացուցիչները թեթեւ ինքնաթիռներով ու պարապլաններով թռիչք-վայրէջքներ են իրականացնում Կոտայքի մարզի Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքում ստեղծած հարթակում:
Սակայն մինչ օրս սրանցից ոչ մեկ ՔԱԿ-ի կողմից չի ստացել կարգով սահմանված շահագործման թույլտվություն, բայց փաստացի շահագործվում են:
Եվ ահա օրերս՝ օգոստոսի 7-ին, Քաղավիացիայի կոմիտեն տվել է օդանավերի թռիչք-վայրէջքի հարթակի շահագործման առաջին թույլտվությունը: Այն ստացել է երեւանցի Դավիդ Սահակյանը (թույլտվություն կարող է տրվել թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց):
Հարթակը գտնվում է Արարատի մարզում՝ Արտաշատ խոշորացված համայնքի Լանջազատ գյուղի տարածքում, Ազատի ջրամբարից 1,5 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա եւ այդպես էլ կոչվում է՝ «Ազատ»: Թույլտվության ժամկետը 3 տարի է: Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ «Ազատ» հարթակը ստեղծվել է շուրջ 13 հա մեկերեսով վարելահողի վրա, որը սեփականության իրավունքով պատկանում է լանջազատցի Ղազարյանների ընտանիքին:
«Մեր նպատակը Հայաստանում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացումն է։ Մենք ստեղծում ենք ավիացիոն հաբ, որտեղ կգործեն ավիացիոն դպրոց, հարթակ սիրողական օդաչուների համար եւ ակումբային համակարգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ Azat Airfield-ի համայնքին»,- հայտարարել է Դ. Սահակյանը։
ՀԳ. Նյութում կատարվել է փոփոխություն. նշել էինք, որ ինքնաթիռների համար հարթակ է պատրաստվել Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում, որը եւս թույլտվություն չի ստացել: Իրականում, սակայն, օգոստոսի 7-ին ՔԱԿ-ը տվել է միանգամից 2 հարթակի շահագործման թույլտվություն, առաջինը (թույլտվություն N1)՝ Դավիդ Սահակյանին «Ազատ» հարթակի համար, իսկ երկրորդը (թույլտվություն N2)՝ Անդրանիկ Խաչիկյանին «Մրգաստան» հարթակի համար:
«Մրգաստան» հարթակին կանդրադառնանք առանձին հոդվածով:
Առաջին լուսանկարը՝ Azat Airfield ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել