HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը հետազոտեց Միքայել Աջապահյանի գործով ապացույցները

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով երրորդ դատական նիստը, որով մեկնարկեցին հիմնական դատալսումները։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն էր։

Հիմնական դատալսումների մեկնարկին բացման խոսքով հանդես եկան կողմերը, դատավորն առաջինը խոսք տվեց մեղադրող կողմին։ Հանրային մեղադրողը ներկայացրեց Աջապահյանին վերագրվող հանցանքը։ «Նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»,- հանրային մեղադրողն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Միքայել Աջապահյանի պաշտպանական խումբը ևս հանդես եկավ բացման խոսքով։ Պաշտպաններից Ռոման Ահարոնյանն ասաց, որ այս գործընթացն ամբողջությամբ քաղաքական է, ոչ թե իրավական։ «Մենք տեսնում ենք, որ պետությունը, իր ողջ գործիքակազմն առած, ճնշում է ազատ խոսքը»,- ասաց նա։

Պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ իր բացման խոսքում բառ առ բառ վերլուծեց Միքայել Աջապահյանի խոսքերը, որոնք մեղադրանքի կողմը բռնության կոչ է որակել։ Ըստ Երեմ Սարգսանի՝ Աջապահյանը որևէ կոչ չի հնչեցրել․ «Մեղադրանքի կողմը պարտավոր է նշել այն հատվածը, որտեղ Միքայել Սրբազանը կոչ է արել, այլ ոչ թե իր մտքերն ու վերլուծություններն է արտահայտել»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջին դրվագը հարցազրույց չէ, այլ պարզապես քննարկում է, «դասախոսության նման մի բան», որը լուսաբանել է «Գալա» հեռուստաընկերությունը։

Միքայել Աջապահյանն այդ քննարկմանը նշել է, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։ Ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի՝ Աջապահյանն իր այս խոսքերով պատմել է նախկինում տեղի ունեցած պատմությունները, թե ինչեր է ասել նախկին նախագահներին, իսկ իրավապահ մարմինները համարել են, որ այդ պատմությունով Աջապահյանն այդ պահին է հանցագործություն կատարում։ «Կոչ չի արել, նա պատմել է նախկինում տեղի ունեցած իրադարձությունների մասին»,- կրկնում է Երեմ Սարգսյանը։

Իսկ մեղադրանքի երկրորդ դրվագով 2025 թվականի հունիսի 21-ին Աջապահյանը, ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:

Այս մասով Երեմ Սարգսյանն ասաց, որ իրավապահ մարմինները հայտնել են իրեն, որ երկրորդ հարցազրույցը առաջինի վերահաստատումն է․ «Հետևաբար՝ եթե առաջինում հանցագործություն չկա, երկրորդը չի կարող լինել հանցագործություն»,- նշեց պաշտպանը։ Միևնույն ժամանակ հարց բարձրացրեց, թե այդ որտե՞ղ է երևում, որ հենց 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի վերահաստատումն է։

Դատական նիստին հետազոտվեցին նաև գործում առկա ապացույցները, այդ թվում՝ Միքայել Աջապահյանի հարցազրույցները, որոնք մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել։ Հանրային մեղադրողն ընթերցեց նաև սոցիալական ցանցերի մեկնաբանությունները, որոնք թողել էին օգտատատերերը այդ հարցազրույցների վերաբերյալ։ Բացի վերոնշյալ երկու տեսանյութերից՝ դատարանում որպես ապացույց հետազոտվեցին այլ տեսանյութեր ևս, որոնցով, ըստ մեղադրող կողմի, Աջապահյանը վերահաստատում է իր առաջին հարցազրույցում հնչեցրած միտքը՝ ռազմական հեղաշրջում կատարելու մասին։ Սակայն պաշտպանական կողմը վիճարկում է այն պնդումը, որ Աջապահյանը վերահաստատում է հենց այդ հարցազրույցում հնչեցված միտքը, որը մեղադրանքի հիմքն է։ Բացի այդ՝ նրանք պնդում են, որ Աջապահյանը կոչ չի արել։

Հետազոտվեցին նաև Աջապահյանի տան խուզարկության արձանագրությունները։ Ըստ դրանց՝ Աջապահյանի աշխատասենյակից և ննջասենյակից խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են DVR համակարգ (թվային տեսաձայնագրում), 3 համակարգիչ, կրիչներ և լազերային սկավառակներ։ Դատարանում հետազոտվեցին նաև քննչական գործողությունների տեսաձայնագրությունները։ Այդ տեսագրությունների վերաբերյալ Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիտարկումներ արեց։ Ըստ նրա՝ տեսագրությունը կատարվում է խուզարկության առաջին իսկ պահից, մինչդեռ այս տեսագրությունում, ըստ պաշտպանի, երևում է, որ արդեն իսկ սկսել են խուզարկությունը, տեսել են, որ դուռը չի բացվում, կանչել են ԱԻՆ-ի աշխատակիցներին, որոնց ժամանելուց հետո են սկսել տեսագրել։ Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ խուզարկությանը մասնակից բոլոր անձանց գործողությունները պետք է տեսանելի լինեն տեսագրությունում, ինչը այդպես չէ Աջապահյանի տան խուզարկության տեսագրությունում։ «Մի հատ գործողություն պետք է անեին, աշխարհի բոլոր հնարավոր խախտումներն արել են։ Էսքանից հետո կարելի է ասել, որ սա թույլատրելի՞ ապացույց է»,- նշում է Երեմ Սարգսյանը։

Դատական նիստն այսքանով ավարտվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը՝ 14։30-ին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով։

Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Նա հունիսի 28-ից կալանավորվել էր

Լուսանկարը՝ էկրանակադր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter