
Դատարանում հրապարակվեց Միքայել Աջապահյանի օրագիրը
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Արմինե Մելիքսեթյանը։
Դատական նիստին շարունակվեց գործում առկա ապացույցների ուսումնասիրությունը։ Հանրային մեղադրողը ներկայացրեց խուզարկությամբ Աջապահյանի տնից հայտնաբերված համակարգչում առկա «Օրագիր» անվանումով ֆայլի բովանդակությունը։ Օրագրում, ըստ ամսաթվերի, Աջապահյանը գրառումներ է կատարել՝ ամփոփելով օրերը։ Հանրային մեղադրողն ընթերցեց Միքայել Աջապահյանի օրագրից մի քանի հատված, որոնցում Աջապահյանը նշել է, թե որ ԶԼՄ-ներին ինչ հարցազրույցներ է տվել, և թե տվյալ հարցազրույցներն ինչ դիտումներ և արդյունքներ են գրանցել սոցիալական ցանցերում։ Մեջբերված հատվածներից մեկում նշվում է․ «Այսօր իմ խոսքի դիտումները գերազանցեցին 60 հազարը, որն աննախադեպ է որևէ սքեմավորի համար»։ Աջապահյանի օրագրից մեկ այլ մեջբերման մեջ նշվում է․ «Թեև ձայնս դեռ քաշված է, սակայն հարցազրույց տվեցի 168.am-ին, որտեղ խստագույնս դատապարտեցի այս իշխանությանը՝ կոչ անելով հեղաշրջման»։
Ըստ հանրային մեղադրողի՝ այդ գրառումներով ապացուցվում է Աջապահյանի ունեցած դիտավորությունը և վերահաստատվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը, մասնավորապես՝ իշխանությունն իրացնելու կոչ անելու հետ կապված։ «Քանի որ մեղադրանքը ներկայացված է նաև 2024 թվականի փետրվարի 3-ին հնչեցված կոչերի վերաբերյալ, դրա մասին մեղադրյալը նաև իր օրագրում մանրամասն նշումներ է կատարել, ինչը կրկին հիմնավորում է նրա դիտավորությունը՝ իշխանությունն իրացնելուն ուղղված կոչեր կատարելու վերաբերյալ»,- նշեց հանրային մեղադրողը։
Միքայել Աջապահյանի պաշտպաններից Արմինե Ֆարմանյանը նշեց, որ ՀՀ-ում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ «Մարդը դատվում է ոչ միայն իր խոսքի, կարծիքի, այլ նաև իր մտքի համար, որովհետև եթե մի բանի վրա գրված է օրագիր, դա տվյալ մարդու միտքն է, և եթե հանկարծ Սրբազանը մի օր մտածեր, որ դա հանրայնացվելու է, հաստատապես այդ օրագիրը չէր վարի, դա մարդու անձնական մտքերն են։ Մարդը հիմա դատվում է ոչ միայն իր խոսքի համար, այլ այդ խոսքի ապացուցմանը վրա են հասնում մտքերը։ Մտքեր, որոնք հանրության կողմից դիտելիության, լսելիության քանակի մասին են։ Այս որակի սին ապացույցներով մեղադրանք հիմնավորելն ուղղակի իրավաբանության հետ առնչություն չունի»,- նշեց նա։
Իսկ ինչ վերաբերում է օրագրում իր ելույթների դիտելիության վերաբերյալ Աջապահյանի գրառումներին, Ֆարմանյանը նշեց, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ իր ասած ողջամիտ խոսքը կկարևորի և կկարևորի, որ հանրությունն իրեն լսի։ «Հանրային խոսքի տիրույթում ցանկացածս էլ, երբ արտաբերում ենք որևէ միտք, հետաքրքիր է՝ արդյոք այդ միտքը, վերլուծությունը հասանելի դարձել է հանրությանն իր բովանդակությամբ, թե՝ չէ»,- նշեց Ֆարմանյանը։
Աջապահյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ պնդեց, որ խուզարկությամբ ձեռք բերված որևէ ապացույց չի կարելի թույլատրելի համարել, քանի որ խուզարկությունն ինքնին մի շարք խախատումներով է տեղի ունեցել, առանց Աջապահյանի կամ նրա օրինական ներկայացուցչի ներկայության։ Բացի այդ՝ Երեմ Սարգսյանը կասկածներ ունի, թե ինչու առգրավված բոլոր իրերից որոշել են նույն օրը զննել հենց այդ համակարգիչը։ Ըստ պաշտպանի՝ քննիչի միջնորդության մեջ գրված է եղել, որ անհետաձգելիորեն պետք է զննել DVR անվտանգային համակարգը (թվային տեսաձայնագրում)։ «Հիմա էդ ո՞նց եղավ, որ երկու համակարգչից հենց սա ընտրեցին, բայց DVR-ի մասին, որ գրել են անհետաձգելի է, չզննեցին։ Դրա համար են կալանավորել, որ զննեն, տեսնեն այլ մասնակից կա, թե չկա, որ նրանց հարցաքննելուն չխոչընդոտի, բայց դա թողնում են ամենավերջում»,- ասում է Երեմ Սարգսյանը։
Այնուհետև դատարանը հետազոտեց պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները։ Այդ ապացույցները ներառում էին փաստաթղթեր, նախաքննական մարմինների որոշումներ, զեկուցագրեր, լրատվական կայքերի հրապարակումներ և այլն։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին, որտեղ կորոշվի նաև Միքայել Աջապահյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի փոփոխման կամ պահպանման հարցը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Նա հունիսի 28-ից կալանավորվել է։
Մեկնաբանել