HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Աջապահյանի գործով վերդիկտը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն էր։

Այս գործով արդեն ավարտվել են հիմնական դատալսումները, ավարտվել են եզրափակիչ ելույթները, մինչդեռ դատարանը գործի քննությունը սկսել էր օգոստոսի 15-ին՝ մոտ 1 ամիս առաջ։ Գործի քննության սկզբում գրեթե ամեն օր դատական նիստ էր նշանակվում, քննությունը հաճախ ձգվում էր աշխատանքային ժամից հետո։

Նիստի մեկնարկին շարունակվեցին պաշտպանների եզրափակիչ կարճ ելույթները, որոնք ուղղված էին հանրային մեղադրողների հայտարարություններին։

Պաշտպան Արա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ խտրական մոտեցում է ցուցաբերվում Միքայել Աջապահյանի նկատմամբ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված հակաեկեղեցական շարժման շրջանակներում է Աջապահյանը ենթարկվել քրեական հետապնդման։

«Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է հոգևորականներին, այդ թվում՝ Միքայել Սրբազանին և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկին։ Ակնարկը մեզ համար շատ պարզ էր»,- Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ի տարբերություն մյուս պաշտպան Ռոման Ահարոնյանի, որ լավատես է և հույս ունի, որ դատարանն արդարացման վերդիկտ կկայացնի, ինքն այդպես չի մտածում։ «Եթե դատավորն իրոք անկողմնակալ և արդար վերդիկտ էր կայացնելու, ապա առաջին քայլը, որ պետք է աներ, գործն ըստ ընդդատության պետք է ուղարկեր Շիրակի մարզի դատարան, քանի որ այն խոսքերը, որոնք արտահայտել է Սրբազանը, երկուսն էլ կատարվել են Գյումրի քաղաքում»,- ասաց փաստաբանը։

Նա հարցնում է, թե եթե արդար վերդիկտ էր կայացնելու դատավորը, ապա ինչու օգոստոսի 15-ին 10 օրով երկարաձգեց Սրբազանի կալանքի ժամկետը։ «Այն էլ այն զավեշտալի հիմքով, որ Սրբազանը կարող է կատարել նույն արարքը»,- նշեց պաշտպանը՝ նշելով, որ Սրբազանը մեղադրվում է խոսքով կատարված արարքի համար, իսկ խոսքը հնարավոր չէ սահմանափակել անազատության մեջ պահելով մարդուն։

Ըստ Զոհրաբյանի՝ դատավորը հաշվի չի առել ո՛չ Սրբազանի տարիքը, ո՛չ բարձրաստիճան հոգևոր կարգավիճակը, որ այն հանգամանքը, որ ամբողջ Շիրակի մարզին զրկել է թեմակալ առաջնորդից։

Նա շարունակեց, թե եթե դատարանն արդար վերդիկտ էր կայացնելու, ապա սեպտեմբերի 2-ին ինչու՞ իր նախաձեռնությամբ քննության առավ Սրբազանի կալանքի երկարացման հարցը, եթե մեղադրողն այդպիսի նախաձեռնությամբ հանդես չէր եկել։

Արա Զոհրաբյանը կանխատեսում է, որ դատարանն այնպիսի դատավճիռ է կայացնելու, որ մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները Միքայել Սրբազանին պահեն փակի տակ։

Եզրափակիչ կարճ ելույթ ունեցավ Միքայել արքեպիսկոպոս Սրբազանը։ Նա նշեց, որ իր եզրափակիչ ելույթում խոսել էր 1․5 ժամ և բազմաթիվ հարցադրումներ էր առաջ քաշել, որոնցից ոչ մեկին մեղադրող կողմը չի անդրադարձել։

Նա նշեց, որ չի չարացել իրավապահ համակարգի ներկայացուցիչների դեմ, այլ խղճահարությամբ է լցվել, քանի որ նրանք, ունենալով հսկայական լծակներ, զբաղված են ոչնչով։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը նկատառում արեց՝ դիմելով Միքայել Սրբազանին, ասաց, որ հետայսու իր խոսքում գնահատողական կատեգորիաներ չկիրառի՝ կապված այս կամ այն սուբյեկտի կողմից իր մասնագիտական գործունեության հետ։

«Բոլոր նիստերի ժամանակ ինձ քննարկել կարելի է, բայց իմ կողմից Ձեզ քննարկել չի՞ կարելի,- դիմելով դատարանին՝ ասաց Միքայել Աջապահյանը, ապա շարունակեց,- դա ի՞նչ անհավասար պայմաններ են։ Դուք ինձ հանցագործ եք համարում, և ես իրավունք չունեմ ձեզ համարժեք պատասխան տա՞լ։ Ինչու՞։ Դուք ինձ հանցագործ եք ներկայացնում, և ես իրավունք չունե՞մ ասելու, որ հանցագործը դուք եք»։

Նա իշխանության ներկայացուցիչների կողմից իր հասցեին հնչած երկու հարցադրումների անդրադարձավ, թե ինչու՞ Միքայել Աջապահյանը ներողություն չի հայցում և թե ինչու՞ չի ներում։

Ի պատասխան առաջին հարցադրման, նա ասաց․ «Ի՞նչ եմ արել, որ ներում հայցեմ և ումի՞ց պիտի հայցեմ»։ Այս խոսքերին հաջորդեցին ծափահարությունները դատական դահլիճում ապակիներից այն կողմ հավաքվածների շրջանակում, որոնց թվում են հոգևորականներ և Աջապահյանին աջակցող այլ անձինք։

Աջապահյանն ասաց, որ չէր ուզենա լինել պաշտպանների փոխարեն, որ խոսում են պատի հետ, չէր ուզենա լինել անարդարությանը հետևող ժողովրդի տեղում․ «Առավել ևս մեղադրողների տեղում, քավ լիցի, լինեի, դատարանի տեղը լինելու ցանկություն երբեք չունեմ։ Լավագույն տեղը, որ կարող եմ լինել, մեղադրյալի աթոռն է»,- ասաց Աջապահյանը՝ նշելով, որ այս իշխանության օրոք քաղաքական պատճառներով մեղադրյալ լինելը միայն պատիվ է, ուրախություն և երջանկություն։

Նա պնդեց՝ ոչ մի հարցում չի սխալվել, ինչ որ ասել է, լավ է արել և կոչ չի հնչեցրել։  

Իսկ թե ինչու ինքը չի ներում հարցադրմանը, Աջապահյանն ասաց, որ տարիների ընթացքում հազարավոր մարդականց է ներել և դեռ կների։ Իսկ թե ինչու չի ներում իր գործով զբաղվող և զբաղված իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, Աջապահյանը պատմեց սովետական բանակում իր հետ կատարվածը, որ իր կրոնական հակումների համար հալածանքների է ենթարկվել, խոշտանգվել է, և այդ ժամանակ ցուցմունք չի տվել իրեն խոշտանգողների դեմ ու ներել է նրանց։ Աջապահյանի խոսքով՝ օտարների ներել է, բայց այսօր իր նկատմամբ հետապնդում իրականացնողներին չի ներում։ «Որովհետև դուք ճանաչում եք ինձ, դուք գիտեք, որ ես անմեղ եմ, դուք գիտեք, որ ես վաստակ ունեմ, դուք գիտեք, որ ես այս Հանրապետության քաղաքացին եմ, այս գերբին ու դրոշին անմնացորդ ծառայած մարդ եմ, և հակառակ դրանց, իմանալով դրանք՝ դուք ինձ ուզում եք հանցագործ ներկայացնեք համառորեն»,- ասաց Միքայել Աջապահյանը։

Նա դիմեց դատարանին՝ ասելով, որ եթե իրեն մեղավոր ճանաչի, ապա ժամանակավոր բարիքներ կստանա այսօրվա իշխանությունների կողմից, սակայն եթե իրեն արդարացնի, ապա կբարձրացնի դատական համակարգի հեղինակությունը։ Եվ եթե դատարանն իրեն դատապարտի, ապա կստանա հավիտենական դատապարտում, իսկ եթե արդարացնի, կստանա հավիտենական արդարացում։

Այսքանով ավարտվեց Աջապահյանի գործի քննությունը։ Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 24-ին՝ 17։30-ին։

Դատական նիստի ավարտից հետո դահլիճում հավաքված մարդիկ բարձրաձայն հնչեցրին Տերունական աղոթքը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ 

Նա հունիսի 28-ից կալանավորված է։ Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter