
Միքայել Աջապահյանի պաշտպանի խոսքով՝ վարչապետը ևս հեղաշրջում կատարելու կոչ է արել, սակայն, դա որպես հանցանք չի դիտարկվել
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն էր։
Այս գործով արդեն ավարտվել են հիմնական դատալսումները, դատավարությունը հասել է եզրափակիչ ելույթների փուլին, մինչդեռ դատարանը գործի քննությունը սկսել էր օգոստոսի 15-ին՝ 2 շաբաթ առաջ։ Գրեթե ամեն օր դատական նիստ է նշանակվել, գործի քննությունը հաճախ ձգվել է աշխատանքային ժամից հետո։
Մեղադրանքի կողմը և պաշտպաններից Երեմ Սարգսյանն արդեն եզրափակիչ ելույթ ունեցել են։ Այսօրվա նիստին եզրափակիչ ելույթներ ունեցան մյուս պաշտպանները։
Պաշտպաններից Արա Զոհրաբյանը մինչև ելույթ ունենալը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Նա նշեց, որ այս գործով 6 դատական նիստ է տեղի ունեցել, որոնցից միայն առաջին՝ օգոստոսի 15-ի նիստի վերաբերյալ է որպես պաշտպան պատշաճ ծանուցվել։ Ըստ Արա Զոհրաբյանի՝ օգոստոսի 15-ի նիստի ավարտին դատավորը մի քանի ամսաթիվ է հայտարարել և հեռացել։ Օգոստոսի 18-ի, 19-ի նիստերի վերաբերյալ ընդհանրապես ծանուցագիր չի ստացել, նշված օրերի նիստերի վերաբերյալ տեղեկություն չի եղել նաև «Դատալեքս» համակարգում։ Օգոստոսի 21-ի և 25-ի նիստերի վերաբերյալ ևս պաշտպանը ծանուցում չի ստացել, չի եղել տեղեկություն նաև «Դատալեքս» համակարգում։ Իսկ օգոստոսի 28-ի նիստի վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով դատավորի օգնականի կողմից նիստից մեկ օր առաջ ստացել է ծանուցումը, որը, ըստ փաստաբանի, չի համապատասխանել օրենքի պահանջին։
Իսկ այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստի վերաբերյալ փաստաբանը ստացել է դատավորի օգնականի կողմից ծանուցում օգոստոսի 29-ին։ «Գտնում եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է ազատվի այս քրեական վարույթին մասնակցելուց»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրեն չծանուցելով դատավորը խախտել է մի շարք նորմեր։
Մեղադրող դատախազն ասաց՝ «հաշվի առնելով, որ մեղադրյալի մյուս 4 պաշտպանները ծանուցվել են դատական նիստերի վերաբերյալ նույն եղանակով, ինչ որ առաջին նիստի ժամանակ Արա Զոհրաբյանն է ծանուցվել, և հաջորդող բոլոր դատական նիստերի ներկայացել են, ավելին՝ յուրաքանչյուր նիստի ժամանակ դատարանը հարցնում էր պաշտպանական կողմին պարոն Զոհրաբյանի ներկայանալու կամ չներկայանալու մասին, և, եթե չեմ սխալվում, պաշտպաններն ասում էին, որ պարոն Զոհրաբյանը չի ներկայանալու։ Այսինքն՝ դրանից կարելի է եզրակացնել, որ նիստերի մասին տեղյակ էր, սակայն չէր ներկայանում։ Եվ տպավորություն էր ստեղծվում, որ ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայանում»,- նշեց հանրային մեղադրողը։ Նա նշեց, որ մեղադրյալ Աջապահյանի պաշտպանական իրավունքը չի խախտվել, և չի եղել իրավիճակ, որ նա առանց պաշտպան լինի։ Նա անհիմն համարեց միջնորդությունը՝ դատարանից խնդրելով մերժել այն։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դատական նիստի ժամանակ ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցված, իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային ծանուցումներին, որոնք, ըստ Արա Զոհրաբյանի, պետք է առնվազն 2 օր առաջ ուղարկվեին, դատարանն ընդգծեց այն հանգամանքը, որ նիստերը սեղմ ժամկետներում են հրավիրվում։
Համաձայն չլինելով դատարանի որոշման հետ՝ Արա Զոհրաբյանը պնդեց, որ ոչ իր կամքով է բացակայել նիստերից, այլ պատշաճ ծանուցված չի եղել։ Ուստի միջնորդեց դատարանին ապացույցների հետազոտումը վերսկսել՝ հնարավորություն ընձեռելով իրեն մասնակցելու ապացույցների հետազոտմանը և ներկայացնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու և ապացուցողական գործողություններ կատարելու միջնորդություններ։ Դատարանը Արա Զոհրաբյանի այս միջնորդությունը ևս մերժեց։
Մեղադրանքն անհիմն է, Սրբազանը քրեական հետապնդման է ենթարկվում պարզապես իր արտահայտած կարծիքի համար. պաշտպան
Այնուհետև շարունակվեցին պաշտպանական կողմի եզրափակիչ ելույթները։ Առաջինը ելույթ ունեցավ պաշտպաններից Ռոման Ահարոնյանը։ Նա նշեց, որ սա սովորական իրավական գործընթաց չէ, այլ պետությունն իր ողջ գործիքակազմով ցանկանում է Միքայել Աջապահյանին պատժել իր խոսքերի համար։
«Մեղադրանքի կողմը ընդամենը պնդեց մեղադրանքը, այնինչ պետք է համոզիչ կերպով փաստարկեր ու ցույց տար, որ գործ ունենք հանցանքի հետ՝ հերքելով պաշտպանական կողմի փաստարկները։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ պետությունը՝ ի դեմս Դատախազության, դատարանին ապացուցելու, համոզելու, հիմնավորելու անհրաժեշտություն չի տեսնում, այնինչ առաջին հերթին հենց դատարանի համար պետք է ջանք չխնայեր հիմնավորել։ Ինչևէ, գտնում եմ, որ դատաքննության արդյունքները դատարանին հնարավորություն են տալիս մի քանի ուղղություններով դարձնել արդարացման հիմք»,- նշեց պաշտպանը։
Ըստ Ռոման Ահարոնյանի՝ մեղադրանքի հիմքում պետք է լինի կոնկրետ փաստ, այս դեպքում՝ հենց կոչ, այլ ոչ թե այն խոսքերը, որոնք կարող են մեկնաբանվել որպես կոչ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մեղադրանքը չունի փաստական հիմք։
«Մեղսագրվել է երկու վեկտորով արված կոչ՝ իշխանություն զավթելը, սահմանադրական կարգը բռնի տապալելը։ Միևնույն խոսքը չի կարող ուղղված լինել երևկու տարբեր նպատակների։ Սահմանադրական կարգը տապալելն էնքան անորոշ է, որ չի կարող գոյություն ունենալ։ Եթե մի բան, որ չի կարող գոյություն ունենալ, դրա կոչը առավել ևս չի կարող գոյություն ունենալ։ Մեղսագրված արարքը պետք է դիտել միայն իշխանությունը զավթելու կոչի իմաստով։
Դատախազը, չունենալով այլ փաստարկ, դատաքննության ժամանակ՝ որպես մեղադրանքի հիմնավորում, ցիտեց օրագրից մի գրառում, որտեղ գրված էր՝ «Այսօր անհամեմատ լավ էի, ամեն ինչ անցավ նախատեսված հունով, թեև ձայնս դեռ քաշված էր, սակայն հարցազրույց տվի 168 ժամին, որտեղ խստագույնս դատապարտեցի այս իշխանությանը՝ կոչ անելով հեղաշրջման»։ Սակայն, դատախազը չնշեց, որ այդ գրառումը վերաբերում է 2022թ.-ին։ Սրանով, իբր, հաստատվում է, որ 2024-ին Սրբազանն ունեցել է դիտավորություն՝ կոչ անի բռնությամբ իշխանությունը զավթե՞լ։ Հեղաշրջման կոչ անելը հանցանք չէ, հանցանք է բռնությամբ իշխանության զավթելու կոչը»,- նշեց Ահարոնյանը։
Պաշտպանը նաև հիշեցրեց՝ 2025թ. օգոստոսի 21-ին երկրի վարչապետը նույնպես հեղաշրջման կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն Ղարաբաղի հարցում իր մոտեցման հետ։ Ավելին՝ նշել է, որ աշխարհի և պատմության առաջին ու միակ վարչապետն է, որ սեփական երկրի քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել։
«Վարչապետի կոչը, որ ուղիղ դիմում է մարդկանց հեռուստացույցով հեղաշրջում կատարելու մասին, հանցանք չէ, իսկ Սրբազանի՝ իշխանությունը փոխելու անհրաժեշտության մասին մտորումները, որ առնվազն վեց տարի է՝ շրջանառվում են, նոր միայն դառա՞վ հանցանք»,- ասաց Ահարոնյանը։
Պաշտպան Հարութ Ակլունցն էլ նշեց, որ Միքայել Աջապահյանի մեղադրանքի հիմքում համացանցում տեղադրված երկու տեսանյութ է, որտեղ Սրբազանը պատմում է, որ վերջին տարիներին նույն բանն է ասում՝ ռազմական հեղաշրջում է պետք իշխանությունը փոխելու համար։ Մյուս տեսանյութում Սրբազանը պարզաբանում է, որ իշխանությունը զավթելու կոչ չի արել, պարզապես կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, և ուժայինները պետք է փրկեն երկիրը։ Պաշտպանի խոսքով՝ սա դատախազությունը դիտարկել է որպես իշխանությունը զավթելու կոչ։
«Պարզ է, որ մեղադրանքն անհիմն է, Սրբազանը քրեական հետապնդման է ենթարկվում պարզապես իր արտահայտած կարծիքի համար։
Քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առնվազն առերևույթ առկայության պայմաններում, մեղսագրվող միջին ծանրության հանցանքի պայմաններում, որի համար, ուզում եմ ուշադրություն հրավիրել, կարող է նշանակվել նույնիսկ տուգանք, կարող է պարզվի, որ Սրբազանը երկու ամիս կալանավորված է, և իրեն, օրինակ, տուգանք վերջում լինի, դա ինչքանո՞վ պիտի իրավաչափ լիներ»,- ասաց պաշտպանը։
Աննախադեպ է 7 աշխատանքային օրում 5 դատական նիստ նշանակելը. պաշտպան
Հարութ Ակլունցը՝ որպես ցուցիչ, որ նախագահող դատավորը հատուկ բացասական վերաբերմունք ունի այս վարույթի նկատմամբ, նշեց այն հանգամանքը, որ 7 աշխատանքային օրվա ընթացքում 5 դատական նիստ է նշանակվել. «Աննախադեպ էր 7 աշխատանքային օրվա մեջ 5 նիստ շանակել, սա աննախադեպ էր թե՛ այս դատավորի նախագահությամբ իրականացվող դատավարություններում, թե՛ ընդհանրապես Հայաստանի դատական պատմության մեջ»։
Պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ հավելեց՝ Միքայել Սրբազանը ենթարկվել է բացահայտ քաղաքական հետապնդման իշխանության կողմից իր կարծիքի, խոսքի, մտքի համար։
Միքայել Աջապահյանի կալանքը երկարացվեց մեկ ամսով
Այնուհետև դատարանը քննարկեց խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց 1 ամսով երկարաձգել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց կալանքի ժամկետը:
«Հիմա ասում են՝ նոր մեղք կգործի, ցմահ տվեք պրծեք։ Դուք սեփական մեղադրանք չունեք, դուք պատվեր եք կատարում։ Էս երկրին անպատիվ է. խոզանոց է, որտեղ ինձ պահում եք, էստեղ՝ էդ ընդմիջումների ժամանակ»,- նշեց Միքայել Սրբազանը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ երկարացնելով խափանման միջոց կալանքը 1 ամսով։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15.30-ին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս 10 օրով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Նա հունիսի 28-ից կալանավորված է։
Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:
Մեկնաբանել