HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Միքայել Աջապահյանի դատավարությունը 2 շաբաթում ավարտին է մոտենում․ հնչեցին եզրափակիչ ելույթները

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր՝ օգոստոսի 28-ին, շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Արմինե Մելիքսեթյանն էր։

Այս գործով արդեն ավարտվել են հիմնական դատալսումները, դատավարությունը հասել է եզրափակիչ ելույթների փուլին, մինչդեռ դատարանը գործի քննությունը սկսել էր օգոստոսի 15-ին՝ 2 շաբաթ առաջ։ Գրեթե ամեն օր դատական նիստ է նշանակվել, գործի քննությունը հաճախ ձգվել է աշխատանքային ժամից հետո։

Առաջինը եզրափակիչ ելույթ ունեցավ մեղադրանքի կողմը։ Հանրային մեղադրողը ևս մեկ անգամ ընթերցեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝

«Միքայել Աջապահյանը, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և լինելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով ԶԼՄ-ները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Հանրային մեղադրողն ուղիղ մեջբերումներ արեց Աջապահյանի հարցազրույցներից, որոնցից «Գալա» հեռուստաընկերության տեսանյութում Միքայել Աջապահյանը նշել է, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։

Ըստ մեղադրանքի կողմի՝ 2025 թվականի հունիսի 21-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցում Աջապահյանը վերահաստատել է իրեն մեղսագրվող արարքը՝ հեղաշրջման կոչ անելը, մասնավերապես, ի պատասխան լրագրողի հարցի՝ նշել է․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:

Հանրային մեղադրողը հատվածներ ընթերցեց Աջապահյանի օրագրից, որտեղ նա գրառումներ է կատարել սոցիալական ցանցերում իր տեսանյութերի արդյունքների վերաբերյալ։ Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ դրանցով հաստատվում է Աջապահյանի դիտավորությունն իրեն մեղսագրվող արարքը կատարելու վերաբերյալ։

Հանրային մեղադրողը դատարանին խնդրեց Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել իրեն մեղսագրված արարքում։

Պաշտպաններից եզրափակիչ ելույթն առաջինը սկսեց Երեմ Սարգսյանը։ Նրա ելույթի առաջին հատվածն ամբողջությամբ նվիրված էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի գործողություններին։ Փաստաբանի խոսքով՝ վախի պատճառով դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Աջապահյանին, այլ ելք չունի։ «Իրականում նախագահող դատավորն ուներ և ունի այդ ելքը, սակայն իր վախերի պատճառով ի վիճակի չէ օգտվել դրանից։ Նա նախընտրում է բացահայտորեն խախտել օրենքը, նախընտրում է իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող մտքեր արտաբերել, ինչպես նաև օրենքի և իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող հիմնավորումներով մերժել պաշտպանության կողմի բոլոր միջնորդությունները»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով, անկախ բոլոր հանգամանքներից՝ դատավորն իր գործողություններով ցույց է տվել, որ միևնույն է, մեղավոր է ճանաչելու Միքայել Աջապահյանին։ «Ի սկզբանե որոշ առումներով փորձում էի ըմբռնումով մոտենալ նախագահող դատավորի ակնհայտ կաշկանդվածությանն ու վախերին, ինչի մասին նույնիսկ մի քանի անգամ բարձրաձայնեցի դատաքննության ընթացքում՝ հույս ունենալով, որ Ձեր մեջ կվերագտնեք դատավորին, սակայն ընթացքը ցույց տվեց, որ Ձեր պատկերացրած արդարադատությունը գործող իշխանության կամքը հլու-հնազանդ կատարելն է»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Ապա նշեց, որ դատաքննության ընթացքում դատարանն այնքան կոպիտ խախտումներ է թույլ տվել, որ նույնիսկ վիճարկման ենթակա չեն, այլ «մաթեմատիկական ճշգրտությամբ» թույլ տրված սխալներ են։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանն ընդհատեց Երեմ Սարգսյանի եզրափակիչ ելույթը՝ նշելով․ «Դատարանի վախերի մասին չէ Ձեր ելույթը, Ձեր ելույթը կառուցեք մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելու շուրջ»։

Երեմ Սարգսյանն ընդդիմացավ՝ նշելով, որ դատավորը կարող էր եզրափակիչ ելույթը սահմանափակել, եթե խոսեր գործին ակնհայտորեն չառնչվող հանգամանքների մասին։ Եվ եթե դատարանը սահմանափակի դատավորի ոչ օբյեկտիվ ու անաչառ լինելու վերաբերյալ իր խոսքը եզրափակիչ ելույթի շրջանակում, ապա ևս մեկ կոպիտ խախտում կկատարի։ «Բայց մենք չենք սահմանափակում Ձեր կայացրած որոշումները, որոնց հետ համաձայն չենք և ամփոփում ենք այդ ամբողջը նրա համար, որ համակցության մեջ գնահատենք ու հետագայում այլ ատյաններում այս հարցերը բարձրացնենք»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը կրկին ընդհատեց Երեմ Սարգսյանին․ «Դատարանի կայացրած որոշումները սույն դատարանի առջև չէ, որ պետք է բարձրացնեք։ Վստահ եմ՝ գիտեք այդ հնարավորությունը՝ տարբեր ատյաններում այդ մասին բարձրաձայնելու։ Ձեր ելույթը կառուցեք մեղադրանքի և դրա հիմքում դրված ապացույցների հիման վրա»։

Երեմ Սարգսյանը շարունակեց ելույթը՝ նշելով, որ եթե դատարանը հստակ և օրենքով սահմանված կարգով պատճառաբանի, որ տվյալ հատվածը կապ չունի գործի հետ, այդ դեպքում կշրջանցի այդ հատվածը։ Փաստաբանը շարունակեց խոսել դատարանի կողմնակալության մասին՝ նշելով, որ դիմում է վերջինիս «պատվարժան դատարան» ձևակերպումով միայն օրենքի պահանջից ելնելով, քանի որ դատավորը չի վաստակել այդ դիմելաձևը իր գործողություններով։

Պաշտպան Երեմ Սարգսյանը հաջորդիվ մանրամասն անդրադարձավ այս գործում թույլ տրված խախտումներին թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլերում։ Նա անդարդարձավ նաև մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներին՝ պնդելով, որ դրանք անթույլատրելի էին։ Երեմ Սարգսյանը հերթական անգամ մատնանշեց խուզարկության ընթացքում թույլ տրված ընթացակարգային սխալները։ Նա մանրամասն վերլուծեց նաև դատարանի որոշումները իր բոլոր միջնորդությունները մերժելու մասին՝ դրանք որակելով ապօրինի և անհիմն։ Նա դատարանին կոչեց այս գործում որպես երրորդ հանրային մեղադրող։

Երեմ Սարգսյանը խոսեց նաև Աջապահյանին առաջադրված բուն մեղադրանքի մասին՝ պնդելով, որ նրա խոսքում կոչ չի եղել։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ իրենց պարզաբանել են, որ մեղադրանքը առաջին հարցազրույցի հիման վրա է ձևավորվել, իսկ երկրորդ հարցազրույցը, ըստ մեղադրող կողմի, առաջինի վերահաստատումն է։ Այս պնդումից ելնելով՝ Երեմ Սարգսյանը մանրամասն վերլուծեց առաջին տեսանյութը, քանի որ, ըստ նրա, եթե առաջին տեսանյութում չկա հանցակազմ, ապա երկրորդում չի կարող լինել, քանի որ երկրորդը դիտարկվել է որպես առաջինի վերահաստատում։

Պաշտպանը թեև նախկինում ասել էր այս մասին, եզրափակիչ ելույթում ևս նշեց, որ «Գալա» հեռուստաընկերության հաղորդումը հարցազրույցի ձևաչափով չի եղել, այլ քննարկման, որտեղ Աջապահյանն իր մտքերն է արտահայտել եւ դրանք մեղադրանքի կողմի նշած «հանրության լայն զանգվածներին» ուղղված չեն եղել։ 

Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ այդ խոսքում Աջապահյանը կոչ չի արել, դա եղել է պատմողական նախադասություն, որտեղ Աջապահյանն ասել է, որ վերջին 6 տարիներին բազմիցս նշել է, որ ռազմական հեղաշրջում է պետք, որ դա ասել է պատերազմի օրերին, նաև նախկին նախագահներ Ռոբեր Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Պաշտպանի խոսքով՝ նախկինում կատարվածի մասին պատմելը չի կարող այդ պահին արված կոչ համարվել։ Բացի այդ, այն ժամանակ իրավապահները չեն համարել, որ Աջապահյանը կոչ է արել։

Երեմ Սարգսյանը հիշատակեց նաև այն հանգամանքը, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ոստիկանության աշխատակիցը հաղորդում է ներկայացրել քննչական մարմին Միքայել Աջապահյանի՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ՝ Հայաստանը կդառնա Էրմենիստան» վերնագրով հարցազրույցում տեսնելով հեղաշրջման կոչի հանցակազմ, սակայն քննչական մարմինը և Դատախազությունն արձանագրել են, որ այդտեղ հանցագործություն չկա։ 

Պաշտպանի մոտ հարց է ծագում, թե ինչու այն ժամանակ նմանատիպ բովանդակությունում Դատախազությունը չի տեսել հանցակազմ, իսկ հիմա տեսել է։ Երեմ Սարգսյանի կարծիքով՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։ 

Ինչ վերաբերում է մեղադրանքի երկրորդ դրվագին՝ News.am-ին տված հարցազրույցին, Երեմ Սարգսյանը նշեց՝ Աջապահյանը որևէ տեղ չի հիշատակում, որ վերահաստատում է հենց 2024 թվականի փետրվարի 3-ի քննարկման մտքերը։ 

Պաշտպանը հարցրեց՝ ինչու՞ 2024-ի փետրվարին ասված խոսքը մինչև 2025 թվականի հունիսը հանցագործություն չի համարվել, բայց երբ իշխանությունները սկսեցին հոգևորականների դեմ գործողությունները, այդ ժամանակ հանցագործություն համարվեց։ Երեմ Սարգսյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ի ֆեյսբուքյան գրառումը՝ ուղղված Աջապահյանին։ «Զարմանալի զուգադիպությամբ, Դատախազության հանրային կապերի բաժնի պետը դիտարկում է անում՝ պարզելով, որ 17 ամիս առաջ՝ 2024թ․ փետրվարի 3-ին, ինչ-որ հարցազրույց է տվել Աջապահյանը»,- հեգնեց փաստաբանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Եզրափակիչ ելույթի վերջում պաշտպանը մեջբերեց ֆրանսիացի իրավագետ և փիլիսոփա Մոնտեսքյոյի խոսքերը․ «Անարդար դատավճիռը հասարակության համար ավելի վտանգավոր է, քան հանցագործությունը»։ Նա միջնորդեց դատարանին արդարացման վերդիկտ կայացնել Միքայել Աջապահյանի նկատմամբ՝ հորդորելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին ղեկավարվել խղճով։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին։ Այդ նիստում Աջապահյանի մյուս պաշտպանները ևս եզրափակիչ ելույթներ կունենան։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Նա հունիսի 28-ից կալանավորված է։

Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

Կարդացեք նաև՝

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter