
ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց Էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։ Այս նախագիծը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Նախագծի հիմնական զեկուցողը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր։ Նա ներկայացրեց հայտարարության նախագիծը և կարևորեց դրա ընդունումը։
Ըստ Կոնջորյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն և ԱԺ-ն այս հայտարարության ընդունմամբ պետք է իր աջակցությունը հայտնի խաղաղության գործընթացին։
«Այս համատեքստում կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատով ընտրված ներկայացուցչական մարմին, հայտարարության միջոցով աջակցություն հայտնի խաղաղության գործընթացին եւ քաջալերի բոլոր շահագրգիռ կողմերին՝ պահպանելու եւ ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Արտահերթ նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին նիստը։
Հայտարարության նախագիծն ընդունվեց 64 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ ՔՊ-ականները ծափերով ողջունեցին նախագծի ընդունումը։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության ընդունմանը՝ այն անվանելով նվաստացուցիչ և սպառնալիքներ ստեղծող։
«Հայտարարությունում, ինչպես նաև Վաշինգտոնում ընդունված որևէ համաձայնությունում տեղ չեն գտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջները»,- նշված է խմբակցության տարածած հաղորդագրությունում։
«Պատիվ ունեմ»-ը նույնպես քննադատել է հայտարարության ընդունումը՝ այն համարելով աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ։
«Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլև Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Մեկնաբանել