HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը Ռուսաստանի օգնությամբ փորձել է Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնել. APA

Ադրբեջանի պետական APA գործակալությունը, հղում անելով իշխանության իր աղբյուրներին, սենցասիոն մանրամասներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, երկար տարիներ «սև կարդինալի» համբավ ունեցող Ռամիզ Մեհտիևի գործից, որին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 87-ամյա Մեհտիևը մշակել է պետական հեղաշրջման պլան, որը պետք է իրագործվեր Ռուսաստանի աջակցությամբ։ Բացի այդ, ըստ APA-ի, Մեհտիևը «տասնամյակների ընթացքում ձևավորված խողովակներով Կրեմլին առաջարկել է դրա իրականացման մեխանիզմը»:

APA-ն գրում է, որ Ռամիզ Մեհտիևը փորձել է օգտվել անցյալ տարվա դեկտեմբերից Բաքվի և Մոսկվայի միջև առաջացած լարվածությունից, ինչի պատճառը Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքու-Գրոզնի թռիչքը իրականացնող ինքնաթիռի ավիաաղետն էր, որը Բաքվի պնդմամբ՝ խոցվել էր ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ APA-ի պնդմամբ՝ Մեհտիևը որոշել է օգտվել այդ իրավիճակից և Ռուսաստանի օգնությամբ պետական հեղաշրջում իրականացնել։ 

Գործակալությունը հիշեցնում է նաև մայիսի 9-ին Իմիշլիի շրջանում տեղի ունեցած պատահարը, երբ շրջանային ավագանու խորհրդի ղեկավար Սալեհ Սամեդովը բարձրացրել էր ԽՍՀՄ դրոշն ու ակցիայի մասնակիցներին մոտ եկել գեորգևյան ժապավենով։ Դրանից հետո նա ձերբակալվել էր, իսկ հետո նաև կալանավորվել։ Գործակալությունը Մեհտիևի ակտիվացումը կապում է Իմիշլիի պրոռուսական ակցիայի հետ։ APA-ն կարծում է, որ այդ ակցիայի միջոցով Մեհտիևը փորձում էր հասկանալ Ադրբեջանում պրոռուսական տրամադրությունների մակարդակը։

APA-ն նշում է, որ Ռամիզ Մեհտիևի ծրագիրը ենթադրում էր իշխանության բռնի զավթում, ինչին պետք է հաջորդեր անցումային շրջանի ժամանակավոր պետական խորհրդի ստեղծումը։ Այդ խորհուրդը պետք է ղեկավարեր Մեհտիևը։ Դրա կազմի մասին տվյալներ չեն փոխանցվում։ Ոչ մի տվյալ չկա նաև իշխանության զավթման մեխանիզմի, ինչպես նաև այդ գործընթացին իշխանության ուժային մարմինների մասնակցության մասին։

Առավել հետաքրքրականն այն է, որ Մեհտիևի պլանի մասին ադրբեջանական իշխանություններին Դուշանբեում տեղեկացրել է Կրեմլը։ Հիշեցնենք, որ Տաջիկստանի մայրաքաղաքում կայացել էր Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ «Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհտիևի առաջարկի և դավադիրների ցանցի ծրագրի մասին»,- պնդում է APA-ն։

Այն հարցին, թե ինչու է Կրեմլը փորձել գաղտնազերծել իր գործակալին, APA-ն Ռուսաստանի մոտիվը մեկնաբանում է նրանով, որ «87-ամյա ծերունին հոգնեցրել է Ռուսաստանին իր մշտական խնդրանքներով և համառությամբ։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը լիովին հրաժարվել է Մեհտիևից, նրան ոչ մի հեռանկար չի խոստացել, և պաշտոնական Բաքվին հայտնել է նրա ծրագրի ու դավադիրների ցանցի մասին»։

Այդուհանդերձ, APA-ն նաև գրում է 2024 թվականի ամռանը Բաքվից մոտ 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նովխանի գյուղում Մեհտիևի և նախկին մի շարք պաշտոնյաների հանդիպման մասին, որի մանրամասները չեն նշվում։ 

Ներկայումս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը մեղադրվում է այդ երկրի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 278.1 (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով գույքի օրինականացում)։ Ներկայումս, որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսով տնային կալանքը։

Երկար տարիներ Ռամիզ Մեհտիևը զբաղեցնում էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ու այդ երկրի քաղաքական համակարգում համարվում «սև կարդինալ»։ Նա էական դերակատարում էր ունեցել Ալիև հորից Ալիև որդուն իշխանության փոխանցման ժամանակ։ 2019-2020 թվականներին Իլհամ Ալիևը սկսեց հերթով ձերբազատվել հին կադրերից, որոնք բարձր պաշտոններին էին դեռևս Հեյդար Ալիևի ժամանակներին։ Այդ թվում էր նաև Ռամիզ Մեհտիևը, որն իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց 2019 թվականի հոկտեմբերի 23-ին։ Պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվել էր Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար։ Սակայն որոշ ժամանակ անց գիտնականները սկսել էին քննադատել նրան։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Քերիմ Շուքյուրովը նշել էր, որ Ռամիզ Մեհտիևի նշանակումից հետո ակադեմիան մտել է իր պատմության ամենաանհաջող ժամանակաշրջան, դարձել առավել բյուրոկրատացված, իսկ կառավարման մեջ դրսևորվում է ոչ կոմպետենտություն։ Իսկ Մաթեմատիկայի ու մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Միսիր Մարդանովն էլ նշել էր, որ Ռամիզ Մեհտիևը «երեք անգամ ապօրինաբար ազատել էր ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների», «փակել ակադեմիայի հիմնական գիտական բաժանմունքները»՝ «գիտական համայնքում ստեղծելով ավելորդ անհանգստություններ»։ 

2022 թվականին Մեհտիևը որոշել էր հրաժարական տալ այդ պաշտոնից։ Ընդ որում, իր հեռանալը նա բացատրել էր իր տարիքով, այլ ոչ թե գիտական համայնքի քննադատություններով։

Լուսանկարում՝ Ռամիզ Մեհտիևը և Իլհամ Ալիևը/ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter