HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առողջության ապահովագրություն. Կառավարությունը խոստանում է, որ «Զինապահ»-ի շահառուները չեն տուժի, բայց հաշվարկները դեռ փակ են

Կառավարությունը պլանավորել է 2026 թվականից Հայաստանում գործարկել  առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Քաղաքացիների մի հատվածի փոխարեն, օրինակ՝ 65 տարեկանից բարձր անձանց, պետությունը կվճարի ապահովագրավճարները։ Իսկ 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները պետք է ամսական 10 800 դրամ վճարեն առողջության ապահովագրության համար։ 

Չնայած, որ այս գաղափարը դեռևս նախագծի տեսքով է, պետք է քննարկվի Կառավարությունում և Ազգային ժողովում, սակայն դրան վերաբերող ծախսերն արդեն ներառվել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։ 

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը զուգահեռ քաղաքացիների կողմից կատարվող պարտադիր վճարներից երկուսի մասով նվազեցում է նախատեսվում։ Առաջինը դրոշմանիշային վճարների մասով է, որոնք աշխատող քաղաքացիների աշխատավարձերից ուղղվում են «Զինապահ» հիմնադրամին։ 

Իշխանությունները վստահեցնում են, որ «Զինապահ»-ին ուղղվող գումարների նվազումից հիմնադրամի շահառուները չեն տուժի։ Միևնույն ժամանակ, դեռևս թվային որևէ հիմնավորում-հաշվարկ չի ներկայացվել։

Որքան ենք վճարում հիմա. քաղաքացիների մի մասը վերադառնում է մինչև 2020-ը սահմանված 1000 դրամներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որն այժմ կոչվում է «Զինապահ», ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։ 

Մինչև 2020 թվականի տարեվերջ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս 1000 դրամ էին ուղղում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Դա կոչվում է դրոշմանիշային վճար, իսկ հիմնադրամն առավել հայտնի էր որպես «1000   դրամների» հիմնադրամ։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո, երբ շահառուների թիվը կտրուկ ավելացավ, օրենքով բարձրացվեց դրոշմանիշային վճարների չափը։ 

Այս պահին ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են պրոգրեսիվ դրույքաչափերով։ Օրինակ՝ ամսական 200 001-500 000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձ ստացողներն ամսական վճարում են 5500 դրամ։ 

Գործում են հետևյալ դրույքաչափերը, որոնք ամրագրված են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով. 

Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այլ դրուքաչափեր են սահմանված։ 

Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ նախատեսված փոփոխություններով՝ 2026 թվականին մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 1000 դրամ։ 

Դրանով, Կառավարությունն՝ ի դեմս Առողջապահության նախարարության, հայտարարում է, որ թեթևացնելու է քաղաքացու բեռը, որ առողջության ապահովագրության շրջանակներում վճարվելիք գումարներն էական ազդեցություն չունենան աշխատավարձերի վրա։ Նախարարությունից նաև շեշտում են, որ քաղաքացիներին հնարավորոթյուն կտրվի վճարված եկամտային հարկից ևս գումարներ հետ ստանալ՝ ամսական 4-6 հազար դրամի չափով։ 

Առողջապահության նախարարությունն ու «Զինապահ» հիմնադրամը թվային հաշվարկ-հիմնավորումներ չեն ներկայացնում, սակայն հավաստիացնում են՝ շահառուները չեն տուժելու

Մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների կողմից «Զինապահ»-ին վճարվող դրոշմանիշային վճարների փոփոխության վերաբերյալ «Զինապահ»-ն ունի դրական դիրքորոշում, քանի որ առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրմամբ, ի դեմս այլ քաղաքացիների և մեր հայրենակիցների, ապահովագրվելու են նաև «Զինապահ» հիմնադրամի շահառուները և նրանց ընտանիքի անդամները։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են «Զինապահ» հիմնադրամից։ 

Հիմնադրամին խնդրել ենք նշել հիմնավորումները, եթե համաձայն են այս փոփոխությունների հետ և հնարավորության դեպքում՝ ներկայացնել նաև թվային տվյալներ։ 

«Առողջության համապարփակ ապահովության ծրագիրը դեռևս նախագծային փուլում է, դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ պատճառով ծրագրի վերաբերյալ հիմնավորումներ կամ թվային տվյալներ ներկայացնել չենք կարող»,-  պատասխանել են հիմնադրամից։

Չնայած այս բացատրությանը, կարելի է արձանագրել՝ միայն այն, որ մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների փոփոխությունների գաղափարը հայտնվել է նախագծում, արդեն իսկ ենթադրում է, որ այդ հաշվարկները պետք է լինեն և պետք է լինեն բաց ու հրապարակային։

Հիմնադրամին նաև հարցրել ենք՝ կա՞ն հաշվարկներ, թե այդ փոփոխությունների արդյունքում որքանով կնվազեն աշխատող քաղաքացիների կողմից «Զինապահ»-ին փոխանցվող դրոշմանիշային գումարները (եթե կան նման կանխատեսումներ)։

Հիմնադրամից այս հարցին ևս ուղիղ պատասխան չեն տվել, սակայն հավաստիացնում են, որ նախագծով անկնկալվող փոփոխությունները «Զինապահ»-ի շահառուներին վճարվող հատուցման գումարների չափի կամ ժամկետների վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Շահառուները շարունակելու են ստանալ իրենց հասանելիք հատուցման և այլ ֆինանսական աջակցման գումարները անխափան կերպով և սահմանված ժամկետներում։ 

Առողջապահության նախարարությունը ևս այդ հաշվարկները մեզ չի տրամադրել։ Դրանք չենք գտել նաև առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման մասին նախագծում, որը հրապարակվել է e-draft.am հարթակում։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին գրավոր ևս հարցել ենք, թե ի՞նչ թվային հաշվարկներ են այս գաղափարի հիմքում, որքանո՞վ կնվազեն աշխատող քաղաքացիների կողմից «Զինապահ»-ին փոխանցվող դրոշմանիշային գումարները։ 

Նախարարությունը ևս չի ներկայացրել հաշվարկները։ Հարցմանը պատասխանել է Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը, որը նշել է, որ հաշվարկներին վերաբերող հարցերով պետք է դիմել «Զինապահ»-ին և Կենտրոնական բանկին։ Հիշեցնենք, որ «Զինապահ»-ի հիմնադիրը Կենտրոնական բանկն է։ 

Ի պատասխան հարցին՝ արդյոք «Զինապահ»-ին ուղղվող այդ գումարների նվազումը նախատեսված է միայն 2026 թվականի համար, թե դա շարունակվելու է նաև հաջորդող տարիներին, Սամվել Խարազյանը նշել է, որ դրոշմանիշային վճարների չափերի փոփոխությունը նախատեսված է իրականացնել 2026 թվականից, և ժամկետային որևէ սահմանափակում չունի։ 

Փաշինյան. ««Զինապահ» հիմնադրամի որևէ շահառուի նկատմամբ ստանձնած որևէ պարտավորություն չի մնալու անկատար»

Շուրջ մեկ շաբաթ առաջ «Զինապահ»-ին ուղղվող գումարների նվազման թեման շոշափվել է նաև Ազգային ժողովում։ Ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ կան արդյոք հաշվարկներ։ 

«Արդեն մի քանի շաբաթ է՝ խոսվում է այն մասին, և այդ հարցը մի խավի անհանգստացնում է, որ առողջապահական ապահովագրման խնդիրը լուծվելու է «Զինապահ» հիմնադրամի հաշվին։ Պարո՛ն Պապիկյան, Առողջապահության հարգելի՛ նախարար, Դուք հաշվե՞լ եք՝ «Զինապահ» հիմնադրամի կրճատումից տուժելու է արդյոք հերոսի ընտանիքը, վիրավոր զինծառայողը, նրա ընտանիքը, այդ հաշվարկներն արվել ե՞ն, թե՞ ուղղակի որոշում ենք կայացրել այդ հարցը լուծել, դե, կարելի է «Զինապահի» հաշվին անել»,- հարցրեց Գեղամ Նազարյանը։ 

Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան հարցին, հայտարարեց, որ «Զինապահ» հիմնադրամի որևէ շահառուի նկատմամբ ստանձնած որևէ պարտավորություն անկատար չի մնալու։ Ընդ որում՝ ոչ միայն հիմա, այլև նախորոշված ժամկետի ամբողջ ընթացքում։ 

«Մարդիկ «Զինապահ» հիմնադրամի նկատմամբ լրացուցիչ 5 տարվա պարտականություն են կատարել, որը տասնամյակներով ապահովելու է հիմնադրամի բնականոն գործունեությունը։ Այդ մարդիկ իրավունք չունե՞ն իրենց առողջության վրա ծախսեն այդ գումարը։ Մենք ասում ենք՝ քաղաքացի շնորհակալ ենք, որ հավելյալ վճարում արեցիք հինգ տարի՝ պատերազմից հետո, խորհրդարանի ընդունված օրենքով։ Փոխանակ այդ մարդկանց ասենք՝ շնորհակալ ենք, որ այսքան տարի անմռունչ այդ ավելացված վճարումներն արել եք, ասում ենք՝ «Զինապահ» հիմնադրամի հաշվին է լուծվում այդ հարցը»,- նշեց վարչապետը։ 

zinapah.am-ում հրապարակված տվյալների համաձայն (կայքը դիտարկել ենք 31 հոկտեմբերի 2025-ին)՝ հիմնադրամի ստեղծման պահից ի վեր հավաքագրված միջոցներն ընդհանուր կազմել են 269.9 մլրդ դրամ, իսկ հատուցումները՝ 123.2 մլրդ դրամ։ Շահառուների ընդհանուր թիվը 5507 է։

Հիշեցնենք՝ Կառավարությունը պլանավորել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդնել փուլային տարբերակով։ Առաջին փուլում՝ 2026 թվականին, կներառվեն խմբեր, որոնց փոխարեն պետությունն ամբողջությամբ կվճարի ապահովագրավճարները և աշխատող քաղաքացիների մի խումբ, որոնք իրենց աշխատավարձից կվճարեն։ 

Այսպես, պետությունն ամբողջությամբ կվճարի մինչև 18 տարեկան և 65 տարեկանից բարձր անձանց ապահովագրավճարները, ինչպես նաև՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամների, սոցիալական համակարգում ընդգրկված անապահով քաղաքացիների, որոնք ունեն անապահովության 28-ից բարձր միավորներ։ Երկրորդ խմբում կներառվեն 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները, որոնք կվճարեն իրենց գրպանից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter