Ազգերը չեն կրնար զատուիլ իրենց անցեալէն՝ առանց պատիժի. Հակոբ Օշական (մաս 3)
Սիրածներէս...
Ֆիլիպեի հրաշալի դիրքով այդ տունը, պարզվեց, պատկանում էր Աստարջեան ընտանքին: Վարձու սենյակ խնդրեց: Տան տիկինը մերժեց, բայց անմիջապես խղճահարվեց, արդեն ճերմակած մազերով, գաղթական երիտասարդին: Վերին սենյակը՝ պատշգամբով իրենն էր այլևս: Շուտով իրենը դարձավ նաև տան տերերի դուստրը՝ Արաքսին: Երկար ժամանակ չպահանջվեց, որ նրանք սիրահարվեն: Ձմռանն արդեն ամուսնացան: 1919թ. ծնվեց նրանց դուստրը՝ Անահիտը:
Արաքսին, ըստ ամենայնի, Ֆիլիպեի ամենից աղվոր աղջիկն էր, ինչպես հեռու օրերում Նունուֆարն էր թերևս գյուղի ամենից աղվորը, որի հետ քիչ էր մնում նշանվեր: Շատերն էին աղջկա ձեռքը խնդրում, բայց ընտրեց Հակոբին, մանավանդ, որ հայրն էլ շատ էր հավանել: Բայց Հակոբը մտածեց, որ դեռ չի եկել ընտանիք կազմելու իր ժամանակը՝ «Պոլիս մը իսկ չէ տեսած»: Եվ գնաց իր ապագայի ետեւից՝ առանց Նունուֆարի: Բայց մինչ այս աղջիկը, Բուրսայում մեկ ուրիշ փոքրիկ, համովիկ աղջիկ կար՝ իր սերը: Ճիշտ է «ծերուկ Ակոյին գաւազանը» մեկուկես անգամ ավելի երկար էր, քան իրենց հասակները, բայց դա ի՞նչ կապ ուներ: «...մենք իրար կը սիրենք»: Գ.Չաքըրեանը՝ դասընկերը, հիշում է Հակոբի այդ առաջին հրապուրանքը: Դեղձան հյուսքերով, կարմիր, թավշե թուշիկներով աղջիկը՝ սիրունիկ ոտիկները կոշիկների մեջ սահեցրած, ոտքեր որ «...ես խածած եմ արիւնելու չափ»,-ասում է Հակոբը: Աղջիկ, որ հետո հայտնվեց Օշականի պատմություններում՝ Բուբուլը: Իրականում ո՜նց էր Հակոբը ջանում «տափատին փեթրտուած կարկտանները» քողարկել աղջկանից: Իսկ «Սիրածներէս»-ի մեջ ի՜նչ սիրուն կրքով է պատմում իրենց մասին: «Մենք իրար կը սիրենք մանաւանդ իրիկունները»,-գրում 1: Հորինում էին իրենց հովվերգական կյանքը, որտեղ կային «փայտէ եւ լաթէ շինուած զաւակներ, մանչ ալ, աղջիկ ալ...», և Բուբուլը իբր կուրծք էր տալիս նրանց: «Կը մարենք մոմը: Այն ատեն է, որ մեր պզտիկ շրթունքները իրարու երեսները կը փնտռեն: Մենք ատ բանը տեսած ենք հարսներէն: Տաք ու թաց բան մը կը թուլնայ երեսիս վրայ: Մանրիկ ակռաները անուշ խայթումով մը կը կճեն այտերուս միսը...: ...Այգիներուն մէջ մենք քնացած ենք գիրկ գիրկի: Ես երկնցուցած եմ անոր գլուխին՝ իմ բազուկս: Տուած եմ իմ տղու կուրծքս անոր տաքուկ կուրծքին: Ու երես երեսի, բերան բերանի ըլլալէ ետքը, մենք ժամերով երազած ենք իրարու»:
Ինչպես փրկեց Թորգոմ Սրբազանի կյանքը
Թողնենք Բուբուլին, որ հետո հայտնվեց Փարիզում, ինչպես հավաստում է Հակոբի դասընկերը, և գնանք Պոլիս, ուր, իրենց իրական փոքրիկի հետ, տեղափոխվեցին տեր և տիկին Օշականները: Այստեղ մնացորդաց հոգևոր կյանքը կարծես թե ուզում էր կենդանության նշաններ ցույց տալ, և Հակոբը վերակենդանացնողներից մեկը եղավ: Շարունակեց ուսուցչությունը, ծավալեց գրական բուռն ընթացք: Եվ 1922-ին, Գեղամ Գավաֆեանի, Կոստան Զարեանի, Վահան Թէքէեանի, Շահան Պերպերեանի հետ հիմնեց գրական «Բարձրավանքը», ինչպես 1914-ին, կրկին Պոլսում Կ. Զարեանի ու Գեղամ Բարսեղեանի հետ, հիմնել էր «Մեհեան» հանդեսը: Բայց խաբուսիկ էր հույսը: Սկսվում էր մեծ աղետի 4-րդ արարը: Եվ, ինչպես դրանից մի քանի տարի առաջ Թալեաթի ոստիկանության համար «արժանապատվության» հարց էր Օշականին կալանավորելը, հիմա դա արդեն Քեմալի ոստիկանության պատվի խնդիրն էր: Բարեբախտաբար կնոջ՝ Արաքսիի Բուլղարահպատակ լինելու հանգամանքով կարողացան սահմանն անցնելու արտոնագիր ստանալ և հեռացան երկրից: Արաքսիի հորենական տունը սպասում էր իրենց, նաև՝ 2-րդ զավակին՝ Վահեին, որ շուտով ծնվեց:

Որդու՝ Վահեի հետ
Բայց սա դեգերումների սկիզբն էր: Թորգոմ Սրբազան Գուշակեանը, հետագային Երուսաղեմի Պատրիարք, Օշականին հրավիրում է Եգիպտոս: 1924 թվականն էր: Ճամփորդելու դրամ չունեին, մի կերպ ձեռք են բերում նավի 3-րդ կարգի տոմսակ և մեկնում: Արաքսի Աստարջեան-Օշականը իր ինքնագիր հուշերում, որ պահվում են Գրականության և արվեստի թանգարանում, պատմում է Կահիրեում կատարված մի դեպքի մասին, որն, իր ամուսնու շնորհիվ, արյունալի ավարտ չունեցավ: Եվ այսպես՝ Կահիրեում այդ տարիներին ևս հանգիստ չէր: Ապրիլ 24-ին ընդառաջ մի խումբ տաքգլուխ ջահելներ ցանկանում են Հայոց եռանգույնը փակցնել եկեղեցու վրա: Թորգոմ Սրբազանը մերժում է: Բորբոքված տղաները ծրագրում են սպանել Սրբազանին: Նրանց խոսակցությունը դիպվածով լսում է Հ. Օշականը և սպասում թաքստոցում: Երբ տղաները պատրաստվում են Գուշակեանի մոտ մտնելու, հայտնվում է պարոնը, ատրճանակը պահում է նրանց վրա և ասում.«...ով որ շեմը անցնի, դիակը կը փռեմ...»: Այս դեպքից հետո Սրբազանը, մի տեսակ, երախտագիտության առավել մեծ զգացումով է լցվում Հակոբի նկատմամբ: Եվ երբ Պատրիարք Եղիշե Դուրեանը երկրային Երուսաղեմից ի վերին Երուսաղեմ է տեղափոխվում, և Թորգոմ Սրբազան Գուշակեանը նստում է Պատրիարքական գահին, չի մոռանում Կիպրոսի Մելգոնեան վարժարանի երևելի ուսուցիչ Հակոբ Օշականին հրավիրել իր մոտ:
Ոտքերը տաք ջուրի մեջ աշխատելիս
Սիոնի բարձունքում՝ 16-դարյա հայկական ներկայության մթնոլորտը լցվում է Հ.Օշականով: Իր աշխատասենյակը՝ «հինցած քանեփա մը, աթոռ մը, գրասեղանին՝ թուղթերու դէզ», կողքին՝ ոսպապուրով պնակ, հավկիթ, ձմերուկի մի շերտ եւ տապկած գետնախնձոր: Ու սխտորի մշտական հոտը, որ «Եթէ կոյր ալ ըլլայիր, սխտորին բուրումը քեզ պիտի տանէր անոր դրան առաջ:... Գտեր էր, որ սխտորը լաւ է սրտի հիւանդութիւն ունեցողներուն համար: Քիչ մը երկար կուզէր ապրիլ»: Ինքը ուներ սրտի խնդիր, և բժիշկները չէին արտոնում երկար աշխատել, միայն 2-3 ժամ, այնինչ աշխատում էր օրական 6-8 ժամ՝ հաճախ՝ ոտքերը տաք ջուրի մեջ դրած: Երբ զննության համար 1937-ին Փարիզ մեկնեց, բժիշկները վեց ամսվա կյանք «խոստացան» իրեն: Նշան Պեշիկթաշլեանը անհաջող կատակեց՝ «...լսեցինք որ սրտի հիւանդութիւն ունի: Անակնկալ մըն էր մեզի համար իր սիրտ ունենալը»:

Խմբանկար, Ֆրանսիա, 1937թ. Հակոբ Օշականի կողքին նստած են ձախից՝ Վահրամ Թաթուլ, աջից՝ Ահարոն Հարությունեան
Շատ ընկճված էր: Բայց, ի հեճուկս հիվանդության, շարունակեց ապրել 6 ամսից հետո էլ՝ դասավանդել, գրել, իր ընտանիքը պահել, որ Երուսաղեմում համալրվել էր ևս մեկ զավակով՝ որին կոչեցին Կարո, արարողություն դարձած գնումները կատարել՝ շուկայի իր պայուսակը լցնելով բնության բարիքներով. «Ասիկա ճիտիս պարտքն է:...Օր մը սատկիմ նէ՝ այս պայուսակն ալ հետս թող թաղեն»:
Ես գէշ մարդ չեմ, սակայն բարկութիւնս գէշ է
Միայն մեկ անգամ ձեռք բարձրացրեց աշակերտի վրա: Այդ օրը անտրամադիր տուն գնաց: Խիղճը տանջում էր: Չդիմացավ, դուրս ելավ տնից, գնաց տղային գտնելու: «Զիս մի բարկացնէք, ես գէշ մարդ չեմ, սակայն բարկութիւնս գէշ է»: Իրավ որ բարկությունը գեշ էր: Երուսաղեմում Հակոբը հասցրեց 4 ամիս խռով մնալ Պատրիարքից, այն բանից հետո, երբ վերջինս մերժեց վարժարանն ավարտած աղջկան՝ Անահիտին, բարեգործական հաստատությունում աշխատանք տալու իր խնդրանքը՝ ասելով, թե՝ «Աղջիկները տունը մօրերնուն կօգնեն»: Ավելի շատ իրեն մերժելու, թե՞ կանանց մասին այդչափ կաղապարված կարծիքը չհանդուրժելու պատճառով էր հարաբերությունների խզումը: Ինչևէ՝ 4 ամիս դիմանալուց հետո, ինչպես հիշում է Արաքսին, Պատրիարքը իր ոտքով եկավ իրենց տուն՝ հաշտվելու:
Հավանաբար Երուսաղեմում, 1937թ.
Ապրիլ 23-ների գիշերները
Անո՛նց՝ որ կեանքին բոլոր պարտեզներէն վռնտուեցան երբ թիթեռնիկ էին, ու գացին աւազներուն համբոյրին,
Անո՛նց՝ որ հեքեաթներու տղոց նման ուրուականի գիշեր մը քակուեցան իրենց մօրը բազուկներէն նետուելու համար վանդակներուն բանտին,
Անո՛նց՝ որ դուրս եկան վանդակէն ու անապատէն դարձեալ հայ ապրելու համար,
Իմ հիացումս ու անսահման համբոյրս:
1915-ից ի վեր Ապրիլ 23 լույս 24-ը մղձավանջային ժամեր էին: Քնի մեջ տառապում էր: Անվերջ շուռումուռ էր գալիս, վերմակը ոտքերով ցած գցում, տանջալի ձայներ արձակում, կարծես կտտանքների էր ենթարկվում երազում: Երբեք Ապրիլ 24-ին դաս չարեց: Հանդիմանում էր այն ուսուցիչներին, որոնք այդ օրը չէին արձակում աշակերտներին: 1938 թվականի նահատակների ոգեկոչման օրն էր: Խոսք պետք է ասեր: Բարձրացավ բեմ ու... լռեց, չէր կարողանում խոսել: Դահլիճը քարացած էր: Շատ երկար լռեց ու լաց եղավ... «Օշական արդեն ըսելիքը ըսաւ»:
Պարզ, արդար մարդ էր «մեռելաճաշերուն բաժնուած հացին պէս...»՝ կասեր Եղիվարդը՝ Պատրիարքը Երուսաղեմի: Նաև լուռ մարդ էր՝ «...մէկը՝ որուն մտածումներն ու զգացումները գերազանց էին խօսքերէն: Մեծ արուեստագէտները չեն պարպեր ինքզինքնին խօսակցութիւններով, որովհետև եթէ խօսիլը ցանել է, մտիկ ընելը քաղել է, Օշական խոյս կու տար ամէն բանէ որ աղմուկ էր, հռետորութիւն և բարբանջանք: Իր լռութեանը մէջ ոյժ մը կար... Բոլոր մեծ ու գեղեցիկ մտածումները կը ծնին ու կը դարբնուին լռութեան մէջ...»:
Հալածանքներն չպակսեցին իրենից: Գագաթնակետը, կարծես 1945թ. իր գրական հոբելյանն էր, որ պետք է նշվեր Հալեպում: Կինը պատմում է. մեկնելուց առաջ նայեց իր ձեռքի ափը, անտրամադիր էր: Հերթով մտավ բոլոր սենյակները, երգեց: Ընդհանրապես ճամփորդելուց առաջ սովորություն չուներ տնեցիներին համբուրելու: Այս անգամ համբուրեց բոլորին՝ «Ես կերթամ կոր»,- ասաց: Համբուրեց անգամ օրորոցում քնած իր մեկամյա թոռնուհուն՝ Թալինին: Եվ փեսայի՝ ճարտարապետ Տիրան Ոսկերիչեանի հետ դուրս եկավ տանից՝ «...Տունս քեզի կը ձգեմ»՝ ասաց:
Անահիտ Ոսկերիչեան- Օշականը՝ Ստ. Կուրտիկյանի և Խաչատրյանի հետ, Սարդարապատ
Աշխարհ մը դառնութիւն կայ ներսս դիզուած
«Մարդիկ աւելի դիւրաւ կրնան ներել մեղքը, բայց չեն հանդուրժեր հանճարը: Դժուար է անոնց մարսել իրենց միջակութիւնը»՝ նորեն Պատրիարք Տէրտէրեանի՝ Եղիվարդի խոսքն է: Եվ մեծարման հոբելյանին զուգընթաց, Հալեպում մեկ այլ խումբ կազմակերպեց ամոթալի «Հակակրանքի երեկոյ»՝ Օշականին դպրոցներից դուրս դնելու, «Վկայութիւն մը»-ն արգելելու անկիրթ բոռոցներով: Սովետական Հայաստանից Սփյուռքին խրատեցին օր առաջ ջնջել Հակոբ Օշական անունը: «Աշխարհ մը դառնութիւն կայ ներսս դիզուած...»՝ պատմեց «Յուսաբեր»-ի խմբագիր Բենիամին Թաշչեանին: Իր պաշտպանները եղան Կարո Սասունին, Նիկողոս Սարաֆեանը, Անդրանիկ Ծառուկեանը, Արշակ Չոպանեանը, Շավարշ Միսաքեանը, և ուրիշներ: Միսաքեանին անգամ վտարեցին ֆրանսահայ գրողների վարչությունից Օշականի հոբելյանը նշելու միտք հայտնելու հանդգնության համար: Այսպես, ծննդյան օրվանից սկսած, իր կյանքում ապրած բոլոր վատությունները աննկատ քայքայեցին իր մեծ սիրտը, բայց ամենից շատ, իհարկե՝ իր կյանքի մեծագույն դժբախտությունը՝ 1915-ը. նահատակությունը և խոշտանգումը իր պաշտելի ժողովրդի և սիրելի ընկերների: Եվ ահա, լույսը բացվելուն պես Եփրատի ճամփով պետք է ուխտի գնար Դէր Զօր: Սիրտը չդիմացավ ապրումներին և կանգ առավ 1948-ի Փետրվար 17-ի գիշերը 10.30-ին: 65 տարեկան էր:
Հալեպը, այդպիսի թաղում չէր տեսել: Այն նույն Հալեպը, որ 3 տարի առաջ ամբաստանեց Օշականին, հիմա սգում էր անկեղծորեն, կարծես մեծ զղջումով: Նա ասում էր, թե՝ «Արուեստը տանջանքի գործ է»: Տանջանքիդ ապաշխարհանք, Հակոբ Օշական:
«Ինքը իշխան մը եղաւ ինչպէս մահուան՝ այնպէս ալ կեանքին մէջ: Կեանքի մէջ մինակ մնաց միշտ, և քալեց այն փառքին՝ որ իրենն էր և իրմով հայ գրականութեան: Սակայն մահուան մէջ հազարներ ուզեցին իր հետ ըլլալ: Ահա մեծ հակադրութիւնը կեանքին, որ բաժինն է եղած բոլոր մեծերուն: Զուր չէ որ հալածուող և քարկոծուող մարտիրոսներու գերեզմանը յետոյ ուխտավայր ըլլայ ամբոխներու»:
Իսկ ինչ եղավ ընտանիքը Հակոբ Օշականի մահէն ետք: Կյանքը զավակներին նետեց միմյանցից հեռու. մեկին՝ Հորդանան, մյուսին՝ Ամերիկա... Իրենից շատ տարիներ անց, կարծես 1988-ին, մահացավ կինը՝ Արաքսին: Որդին՝ հրաշալի գրող Վահե Օշականը գրեց քրոջը՝ ուսուցիչ և մանկագիր Անահիտ Օշական-Ոսկերիչեանին.«Մամին ձեռքերուն մէջ իր սիրած Նարեկը դրինք... Հոգեճաշ չըրինք, ատանկ բաներ չկան մեր սովորութեան մէջ: ...Տարօրինակ կին էր մամը, այնքան անուշ ու մեղմ եւ նույն ատեն այնքան ուժեղ: Իրմէ ձայներիզ ունիմ, իր երգելը քասէթի առած եմ: Օր մը գաս մտիկ կ’ընենք»:
Վահե Օշական
Որտեղ էլ որ ապրելիս եղան Հակոբի և Արաքսիի զավակները՝ պահեցին Օշական անունը բարձրության վրա թե՛ գրականության, թե՛ ուսուցչության և գիտության ասպարեզում, բայց ամենից կարևորը՝ իրենց զավակների մեջ: Եվ Մեծ հայրիկի հայկականությունը արձագանքեց թոռների մեջ՝ Թալին, Հրաչ, Հայկ, Արա, Զարեհ, Րաֆֆի, Տիրան, Պերճ...:
գլխավոր լուսանկարում՝ Արաքսի եւ Հակոբ Օշականներ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել