Միքայել Աջապահյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի դատավճռի դեմ պաշտպանները ներկայացրել են վերաքննիչ բողոք։ Այս մասին «Հետքին» հայտնեց Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը։ Առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճռի դեմ բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացվել է այսօր։ Պաշտպանները պահանջել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նա դատարանի որոշմամբ՝ շարունակում է մնալ կալանավորված մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Սեպտեմբերի 24-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։
Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում էր տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանն ընտրեց ամենախիստ պատժատեսակը։
Նշենք, որ մեղադրանքի հիմքում ընկած են երկու արտահայտություններ, որոնք մեղադրանքի կողմը որակել է ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։ Դրանցից առաջինում «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աջապահյանն ասել էր, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։
Երկրորդ հարցազրույցում, ըստ մեղադրանքի, Աջապահյանը վերահաստատել է իր միտքը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ նշելով․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:
Միքայել Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա և իր պաշտպանական խումբը պնդում են, որ Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իշխանության կողմից եկեղեցականներին հալածելուն ուղղված գործողությունների շրջանակում։ Ըստ պաշտպանների՝ Աջապահյանի խոսքը կոչ չի եղել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել