HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ձմեռը մոտենում է, օդի աղտոտվածության խնդիրը՝ սրվում. Ավինյանն ուզում է պայքարել տերև ու աղբ այրելու դեմ

Ձմռան մոտենալուն պես Երևանում քայլելիս կարելի է զգալ այրվող վառելիքի, ծխացող տերևների ու աղբի սուր հոտը։ Հատկապես ցուրտ եղանակին, մեր քաղաքին բնորոշ փոշուց բացի, օդի աղտոտմանը նպաստում է նաև մարդկային գործոնը։ Այս խնդրին Երևանի քաղաքապետարանի նոյեմբերի 24-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Արդեն որերորդ տարին է՝ տեսնում ենք, որ խնդիրը սրվում է հենց ձմռան ամիսներին։ Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որկի էական վատթարացում՝ պայմանավորված Հայաստանի տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Ուզում եմ հստակ արձանագրել՝ էս տեսակ հրդեհները և դրանցից արտանետված տոքսիններն էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք»,- նշեց Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի պահանջով՝ բնակելի շենքերի շինհրապարակներում տեղադրվել են օդի որակը դիտարկող սարքեր, որոնց տվյալները հասանելի են yerevan.am կայքում։ Այս սարքերը ցույց են տալիս, որ մայրաքաղաքում մթնոլորտային օդը հիմնականում անառողջ է։ Նախորդ տարի ևս նույն պատկերն էր նոյեմբեր-մարտ ամիսներին։

Քաղաքապետն ընդգծեց՝ պետք է խոսել բակերում տերև ու աղբ այրելու խնդրի մասին։ Տարվա այս եղանակին որոշ մարդիկ տները ջեռուցում են վառելափայտով։ Ավինյանի խոսքով՝ երբ դրան զուգահեռ բակերում «տերևների և աղբի վերամշակման փոքրիկ գործարաններ» են հայտվում, աղտոտիչները երկար ժամանակ մնում են օդում, ու այդ օդը մենք շնչում ենք։

«Պետք է որոշակի գործիքակազմ ստեղծենք։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ ավանդույթային բաներ կան, որոնք միգուցե սովորական են դարձել, սակայն սրանք նորմալ սովորույթներ չեն։ Մի քանի մեշոկ տերևը աղբամանին չհասցնելու համար ուղղակի բակում վառելն ու ամբողջ շրջակա միջավայրը թունավորելը նորմալ չի։ Պետք է սկսել պայքարել դրա դեմ»,- ասաց Ավինյանը։

Իրականում կենցաղայի աղբի և թափոնների այրումն արգելվում է օրենքով, այլ հարց է, թե որքանով է այն արդյունավետ։

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ օրենքի խախտումը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50 հազար դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով։

Վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը։ Ավինյանը հանձնարարեց օրենսդրական փոփոխություն նախաձեռնել, որպեսզի Երևանի քաղաքապետարանն էլ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունենա։

Չնայած սրան՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը նշում է՝ ներկա բարձր աղտոտվածության պատճառները բնական են, մարդածին չեն։

«Վերջին օրերի աղտոտվածության պատճառը նույնն է, ինչ ամեն տարի՝ եղանակային պայմաններ, սառը օդի լճացում, որին գումարվում են այրումներն ու հրդեհները։ Հանրապետության տարբեր հատվածներում անտառային հրդեհներ են, ու ամբողջ ծուխը կուտակվում է ցածրադիր հատվածներում»,- ասում է Ավետիսյանը։

Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ հիմա աղտոտվածության խնդիր ունի ոչ միայն Երևանը, այլ հանրապետության բոլոր բնակավայրերը, տարածաշրջանի մյուս քաղաքները։

Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ օդի աղտոտվածության խնդիրը կրկին սրվել էր, Տիգրան Ավինյանը հանձնարարեց քառամյա համապարփակ ծրագիր մշակել՝ ներկայացնելով, թե Երևանի քաղաքապետարանը ինչ քայլեր պիտի ձեռնարկի օդի որակը բարելավելու համար։

«Քառամյա պլանով ինչքան էլ նվազեցնենք տրանսպորտից, շինարարությունից, հանքերից աղտոտումները, միևնույն է, տարվա այս հատվածում ունենալու ենք բարձր աղտոտվածություն»,- ասում է Բնապահպանության վարչության պետի տեղակալը։

«Հետքը» ամիսներ առաջ անդրադարձել էր օդի աղտոտվածության բարձր մակարդակին։ Քաղաքապետարանի պատասխանը նույնն էր՝ այս պատկերն աննախադեպ երևույթ չէ։ Մինչ այս «ոչ աննախադեպ» խնդրի համար լուծումներ գտնվեն, երևանյան ձմեռները ծխի հոտ են ունենալու, իսկ քարտեզի վրա կարմիր կետերը հուշելու են, որ շնչելը ցանկալի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter