HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ինչպես հայտնում է ադրբեջանական պետական Azertac գործակալությունը, պատճառը երկրի նախագահի աշխատանքային խիտ գրաֆիկն է։ 

«Մեր երկրի ղեկավարը, աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, չի կարողանա մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որն այսօր կկայանա Սանկտ Պետերբուրգում»,- գործակալության փոխանցմամբ հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։

Azertac-ը նաև նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ ձևաչափով պաշտոնական գագաթնաժողովներին ու «կարեւոր նշանակություն է տալիս Կազմակերպության շրջանակներում պետությունների միջև համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ դեկտեմբերի 21-ին է մեկնել ՌԴ։ Սկզբում վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր կմասնակցի նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Հետաքրքրական է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը կմասնակցեն այս գագաթնաժողովին։

Տարեվերջյան այս հանդիպմանը Ալիևի չմասնակցելը թերևս պայմանավորված է ռուս-ադրբեջանական շարունակվող լարված հարաբերություններով, ինչը սկսվել է նախորդ տարվանից, երբ, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական զինուժի կողմից խոցվեց Azerbaijan Airlines ավիաընկերության Բաքու-Գրոզնի թռիչքն իրականացնող քաղաքացիական ինքնաթիռը։ Չնայած որ այս տարի Ալիևն ու Պուտինը հանդիպել էին Դուշանբեում ու հայտարարել այս էջի փակման մասին, այդուհանդերձ Բաքուն շարունակում է Մոսկվայի նկատմամբ վարել նույն դեմարշը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter