Սնանկացած «Ատլանտիսի» նախկին ինքնաթիռները տեղափոխվել են Իրան. ի՞նչ է սպասվում դրանց
Սնանկացած հայկական «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերության կողմից նախկինում շահագործված 3 ինքնաթիռները հայտնվել են Իրանում: Չնայած դրանք այս պահին թռիչքներ չեն կատարում, կարելի է ենթադրել, որ առաջիկայում երկինք կբարձրանան իրանական որեւէ ավիաընկերության կազմում կամ ուղղակի կդառնան պահեստամաս:
Խոսքը 3 հատ Airbus A320 տիպի օդանավերի մասին է, որոնք ՀՀ-ում գրանցված էին իբրեւ EK-32002, EK-32003 եւ EK-32008:
EK-32002-ը Հայաստանում գրանցված էր 2003-2005 թթ. (այն ժամանակ կրում էր այլ գրանցում՝ EK-32007) եւ շահագործվում էր «Արմավիայի» կողմից: 2017-2023 թթ. էլ բորտը գրանցված էր «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» կազմում եւ շահագործվել է տարբեր փոխադրողների կարիքների համար:
EK-32003-ը «Ատլանտիսի» կազմում գրանցված էր 2018-2023 թթ.:
Իսկ ահա EK-32008-ը հայկական ավիացիայի հնաբնակներից էր: Այն հայկական ռեգիստրում էր 2003-2023 թթ.: 2003-2013 թթ. գտնվում էր «Արմավիայի» շարժակազմում, իսկ ավելի ուշ մտել էր «Ատլանտիսի» ավիապարկ:
EK-32002-ն ու EK-32008-ը վերջին անգամ թռիչքներ կատարել էին 2020-ի աշնանը, իսկ EK-32003-ը՝ դրանից ավելի շուտ: Մինչեւ 2023-ի նոյեմբեր այս 3 օդանավերը չէին շահագործվում, կանգնած էին «Զվարթնոցում», սակայն շարունակում էին մնալ ՀՀ օդանավերի ռեգիստրում:
2023-ի նոյեմբերին ինքնաթիռների սեփականատերերի հայտերի հիման վրա դրանք դուրս են բերվել հայկական ռեգիստրից, այսինքն՝ ապագրանցվել են: Այդուհանդերձ, 2023-2025 թթ. օդանավերը շարունակում էին կանգնած մնալ «Զվարթնոցում»:
Նախկինում տարբեր առիթներով գրել ենք այս օդանավերի սեփականատերերի մասին:
Ըստ այդմ՝ EK-32002-ի սեփականատերը կիպրական Arolova Enterprises Limited-ն էր, EK-32003-ինը՝ Բելիզում գրանցված Gratsyn Enterprises Corp.-ը, իսկ EK-32008-ինը՝ հայկական «Յունիբանկ» ԲԲԸ-ն: Սրանք բոլորը փոխկապակցված են «Յունիբանկի» վերջնական շահառու տերերին՝ Գագիկ Զաքարյանին ու Գեորգի Պիսկովին, որոնք խորհրդային տարիներին ավիացիոն կրթություն են ստացել Մոսկվայում, սակայն հետո հաջողության են հասել բանկային ոլորտում: Գրել ենք նաեւ այն մասին, որ, ըստ հայ ավիատորների շրջանում տարածված լուրերի, «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» իրական սեփականատերը հենց «Յունիբանկն» էր: Ընդ որում՝ 2020-ի աշնանը այս ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց հենց բանկի դիմումի հիման վրա:
Երբ 2020-ին «Յունիբանկին» հարցրել էինք, թե արդյոք հնարավոր է, որ իրեն պատկանող EK-32008 գրանցումով A320 ինքնաթիռը դուրս բերվի Հայաստանից, բանկը պատասխանել էր. «EK-32008-ը ՀՀ օդանավերի ռեգիստրից դուրս բերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել, սակայն նման հնարավորությունը չի բացառվում, եթե մոտակա ժամանակներս չլուծվի հայկական ավիափոխադրողներին EASA-ի «սեւ ցուցակից» դուրս բերելու հարցը»: Ինչպես հայտնի է, հայկական ավիացիան 2020-ի հունիսից մինչ օրս ԵՄ «սեւ ցուցակում» է:
Եվ ահա այս ֆոնին «Ատլանտիսի» 3 նախկին օդանավերը, որոնք, ինչպես ասացինք, պատկանում էին «Յունիբանկի» տերերին փոխկապակցված հայկական ու արտասահմանյան ընկերությունների, 2025-ին դուրս են բերվել Հայաստանից:
Այսպես՝ 2020-2025 թթ. ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում պարապուրդի մատնված նախկին EK-32002-ը (կրկնենք՝ կիպրական Arolova Enterprises Limited-ին պատկանող այս բորտը 2023-ի նոյեմբերից չուներ ՀՀ գրանցում, բայց այլ երկրում էր չէր գրանցվել), ըստ planespotters.net-ի, 2025-ի օգոստոսի 2-ին գրանցվել է Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան կղզիների ռեգիստրում որպես D6-LAL:
Նախկին EK-32002-ը՝ «Զվարթնոցում», 15.01.2024, հեղ.՝ Ալեքսանդր Ժուկով, jetphotos.net
Նույն աղբյուրի համաձայն՝ այդ օրն էլ օդանավը Երեւանից տեղափոխվել է Օման՝ Սոհարի օդանավակայան:
Հոկտեմբերի 2-ին ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Իրան: Ըստ էության, վերջնակետը եղել է Թեհրանը, սակայն ինչ-ինչ պատճառներով օդանավը վայրէջք է կատարել Իրանի հարավում գտնվող Չաբահարի օդանավակայանում՝ Օմանից ոչ հեռու: Արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, D6-LAL-ը Չաբահարից թռել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայան, որտեղ գտնվում է մինչ օրս:
Ինչ վերաբերում է բելիզյան Gratsyn Enterprises Corp.-ին պատկանող նախկին EK-32003-ին, որը եւս 2023-ի նոյեմբերից չուներ ՀՀ գրանցում, բայց շարունակում էր կանգնած մնալ «Զվարթնոցում», 2025-ի օգոստոսի 2-ին գրանցվել է Կոմորյան կղզիների ռեգիստրում որպես D6-LEO:
EK-32003-ը՝ «Զվարթնոցում», 17.04.2023, հեղ.՝ Անատոլի Սոլովյով, airfleets.net
Planespotters.net-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ից մինչեւ հոկտեմբերի 2-ն օդանավը կանգնած էր Օմանի Սոհարի օդանավակայանում: Հոկտեմբերի 2-ին այն թռել է Իրանի ուղղությամբ: Ըստ flightaware.com-ի՝ D6-LEO-ն վերջին անգամ երեւացել է Իրանի Քեշմ կղզու երկնքում, սակայն թռիչքի տվյալները հուշում են, որ Քեշմի օդանավակայանը չի եղել դրա վերջնակետը: Ենթադրելի է, որ այս բորտը եւս հասել է «Մեհրաբադ»:
«Յունիբանկի» սեփականություն հանդիսացող նախկին EK-32008-ն էլ, ըստ planespotters.net-ի, 2020-ի նոյեմբերից մինչեւ 2025-ի հոկտեմբերի 1-ը կանգնած էր «Զվարթնոցում»:
Նախկին EK-32008-ը՝ «Զվարթնոցում», 22.05.2025, հեղ.՝ Անատոլի Սոլովյով, airfleets.net
Հոկտեմբերի 1-ին այն գրանցվել է Կոմորյան կղզիների ռեգիստրում որպես D6-LAE, իսկ հոկտեմբերի 2-ից կանգնած է Թեհրանի «Մեհրաբադում», որտեղ գտնվում է մինչ օրս:
Airfleets.net-ի տվյալներով՝ D6-LAL, D6-LEO, D6-LAE գրանցումներով Airbus-ները գտնվում են Lion Alliance Europe ընկերության հաշվեկշռում: Իրավաբանական անձանց բրիտանական ռեգիստրի համաձայն՝ սա շոտլանդական ընկերություն է, որի հիմնական մասնակիցը ուկրաինացի Եվգենի Կուլիկն է: Ըստ Lion Alliance Europe-ի կայքի՝ սա օդանավերի պահեստամասեր ու բաղադրիչներ վաճառող ընկերություն է, գործունեության մյուս ուղղությունը փոքր օդանավերի վաճառքն է: Այս ֆոնին հարց է ծագում, թե ինչու են «Ատլանտիսի» նախկին Airbus-ները գրանցվել Lion Alliance Europe-ի հաշվեկշռում, որը չի զբաղվում ուղեւորային փոխադրումներով:
Հաշվի առնելով, թե ինչպես են նախկինում մեր երկրից տարբեր օդանավեր հայտնվել Իրանում, որը գտնվում է արեւմտյան պատժամիջոցների տակ՝ կարելի է տրամաբանել, որ օդանավերը ժամանակավոր են գրանցվել Կոմորյան կղզիներում՝ դրանց տեղափոխումը Հայաստանից Իրան կազմակերպելու համար:
Իսկ թե ինչ կլինի Իրանում, կա հավանական 2 տարբերակ՝ դրանք կա՛մ պահեստամաս կդառնան իրանական որեւէ ավիաընկերության համար (նախկին հայկական օդանավերը 28-34 տարեկան են), կա՛մ տեխսպասարկում անցնելուց հետո կվերսկսեն թռիչքային գործունեությունը իրանական փոխադրողներից մեկի կազմում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել