HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Պարույր Ասրյանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ` Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Պարույր Ասրյանը։ Այս մասին «Հետքին» հայտնեցին Առողջապահության նախարարությունից։ 

Պարույր Ասրյանը Ստեփանավանի բժշկական կենտրոնում աշխատում է 2020 թվականից՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ 2021 թվականից նշանակվել է Բժշկական կենտրոնի փոխտնօրենի պաշտոնում։

Հիշեցնենք՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ վստահված գույքը հափշտակելու և խարդախության հոդվածներով։ 

Մեղադրանք էր առաջադրվել նաև բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանին։ Նա մեղադրվում է խարդախություն կատարելու (2 դրվագ) մեջ։ ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանի և հաշվապահ Նորայր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ստեփանավանի բժշկական կենտրոնի հետ կապված մեկ այլ քրեական վարույթ էլ այժմ քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ վարույթով այս պահին մեղադրյալ չկա։

Հիշեցնենք՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները «Հետք»-ին պատմել էին, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։

Նախկին աշխատակիցների խոսքով՝ հիվանդանոցում վախի մթնոլորտ է, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և նրա անունն է անընդհատ շահարկում։

Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել էին մնալ անանուն, քանի որ վախենում էին, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից։

Լուսանկարում՝ Պարույր Ասրյանը, աղբյուրը՝ Ստեփանավանի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter