421 մլրդ դրամ․ բանկային համակարգը 2025-ին թարմացրել է շահույթի ռեկորդը
Հայաստանի բանկերը շարունակում են ռեկորդային շահույթներ գրանցել։ 2025 թվականին գործող 17 բանկերը միասին 421 մլրդ դրամի (շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար) զուտ շահույթ են ստացել։ Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետությունները։ «Հետք»-ն այդ հաշվետվությունների հիման վրա պարզել է, որ 2024 թվականի համեմատ բանկային համակարգի զուտ շահույթն աճել է 60 մլրդ դրամով կամ մոտ 17%-ով։
2025 թվականի տվյալներով՝ ամենամեծ զուտ շահույթը գրանցել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ն (Ardshinbank)՝ 137 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ բանկի շահույթն աճել է 4.4 մլրդ դրամով կամ 3%-ով։
Հասկանալու համար, թե «Արդշինբանկ»-ը շահույթով որքան է առաջ մյուս բանկերից՝ նշենք, որ հաջորդող երեք բանկերի շահույթը միասին հավասար է «Արդշինբանկ»-ի շահույթին։
Երկրորդ տեղում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է (Ameriabank)` մոտ 73 մլրդ դրամի զուտ շահույթով և 21% աճով։
Երրորդ տեղում «Ակբա բանկ» ԲԲԸ-ն է՝ 36 մլրդ դրամի զուտ շահույթով, որը աճել է 26%-ով։
Ի դեպ, 2024 թվականի տարեկան տվյալներով՝ զուտ շահույթով բանկային համակարգի առաջին եռյակում էին «Արդշինբանկ»-ը, «Ամերիաբանկ»-ն ու «Ինեկոբանկ»-ը։
2025-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն (Inecobank) չորրորդ տեղում է, հաջորդում է«Էվոկաբանկ» ԲԲԸ-ն (Evocabank):
Ընդհանուր առմամբ, 2025 թվականը բոլոր բանկերը փակել են շահույթով։ Ընդ որում, միայն «Արարատբանկ» ԲԲԸ-ի շահույթն է նվազել, մյուս բոլոր բանկերը ավելացրել են այն։ Բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցել է «Ամերիաբանկ»-ը, իսկ տոկոսային առումով՝ «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ն։
2024-2025 թթ․ բանկերի գրանցած շահույթների և դրանց փոփոխությունների վերաբերյալ մանրամասները կարող եք տեսնել ստորև ինֆոգրաֆիկայում։
Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից հետո բանկերը հրապարակում են նաև տարեկան՝ աուդիտ անցած տվյալները (2025 թվականինը դեռևս չկա), որտեղ ֆինանսական ցուցանիշները երբեմն ճշգրտվում են։ Սովորաբար, շահույթի տվյալների մեծ ճշգրտումներ չեն լինում։
«Մոդեքս» (Modex) կենտրոնը վերլուծել է բանկերի ֆինանսական ցուցանիշները։ Կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի դիտարկմամբ՝ բանկերը տարին ավարտել են սպասվածից ավելի լավ ցուցանիշներով, գրանցվել է ակնկալվածից ավելի բարձր շահույթ։
Հաշվի առնելով վարկածը, որ վերջին տարիներին բանկերի ռեկորդային շահույթները պայմանավորված են մեծ մասամբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մարդկանց, փողերի ներհոսքով և այն իրավիճակով, որ այդ հոսքերի աճը 2025-ին դանդաղել էին՝ կային կանխատեսումներ, որ բանկերը այս տարի շահույթի աճ չեն գրանցելու կամ այն լինելու է չնչին։ Սակայն, փաստացի, բանկերի մեծ մասի շահույթն աճել է։
Մինչև 2022 թվականը Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը տարեկան չի գերազանցել 90 մլրդ դրամը։ Վերանայված տվյալներով՝ 2022-ին այն գերազանցել է 250 մլրդ դրամը, հաջորդ տարում՝ որոշակի նվազել, 2024-ին՝ կրկին մեծ տեմպով աճել։ 2025–ի ցուցանիշն ամենաբարձրն է։
2025-ին ամենամեծ շահույթ ստացած բանկի՝ «Արդշինբանկ»-ի հաշվետվության մեջ երևում է, որ «տոկոսային եկամուտներ» տողով էական աճ է գրանցել․ եթե 2024 թվականին այն շուրջ 144 մլրդ դրամ է կազմել, ապա 2025-ին՝ 194 մլրդ դրամ։ Սա այն դեպքում, երբ տոկոսային ծախսերի աճը ավելի փոքր է՝ 43 մլրդ դրամից դարձել է 55 մլրդ դրամ։
«Ըստ էության, այստեղ խոսքը հիմնականում վարկային պրոդուկտներից ստացված եկամուտներն են։ Բանկերը շարունակում են նաև ավելացնել եկամուտները փոխարժեքային տարբերություններից: Ավելի մանրամասն հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, սակայն բանկերի մի մասը, այդ թվում՝ «Արդշինբանկ»-ը, այն դեռևս չեն հրապարակել»,- նշում է Ֆանյանը։
Ըստ նրա՝ փաստը, որ առաջին տեղում գտնվող բանկի շահույթը հավասար է իրեն հաջորդող երեք բանկերի շահույթի հանրագումարին, նշանակում է, որ բանկային ոլորտում բևեռվածության ռիսկ կա, որը նաև մոնոպոլիզացման կարող է տանել իր բացասական հետևանքներով հանդերձ։
Հատկանշական է, որ բանկերի ստացած շահույթների չափը «համահունչ չէ» Հայաստանի տնտեսությանը։ Այն ունակ չէ կլանելու այդ գումարները։ Այդպես է նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերում հավաքված գումարների պարագայում է․ չկան համապատասխան ոլորտներ, բորսաներ, որտեղ կարելի է ներդնել այդ գումարները՝ ի շահ տնտեսության։
Դա է պատճառը, որ այսօր կուտակային կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների մի զգալի հատված ներդրվում է պետական պարտատոմսերում և բանկերում՝ որպես ավանդ։
«Կառավարության կողմից ճիշտ կառավարման պարագայում, օրենքի համապատասխան փոփոխությունների դեպքում այդ գումարները կարելի է ուղղել, օրինակ, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին»,- ասում է Ֆանյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի բանկային համակարգին այսօր պակասում են միջազգային կապիտալով բանկեր, որոնք ռազմավարական խաղացող կլինեն դաշտում, նոր մշակույթ կբերեն իրենց հետ, կավելացնեն մրցակցությունը։
Ըստ տնտեսագետի՝ եթե Հայաստանի տնտեսությունը այս տարի շարունակի աճել, ինչպես պլանավորել է Կառավարությունը, այդ շղթայում շարունակելու են աճել նաև բանկային համակարգի ցուցանիշները։ «Դրան կարող է նպաստել Ամուլսարի հանքի շահագործումը, որը կա Կառավարության ծրագրերում, ներքին ու արտաքին գործոններ, որոնք այս պահին չենք կարող կանխատեսել։ Բոլոր դեպքերում, բանկերի համար հիմա բարենպաստ իրավիճակ է»,- ասում է նա։
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ևս համակարգի զուտ շահույթը 17%-ով աճել էր։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մեկնաբանել է, որ 2022 թվականից ռուս ռելոկանտների թողած դրական ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա դեռևս շարունակվում է, սակայն՝ ավելի փոքր չափով։ Ըստ նրա՝ բանկերի շահույթն աճում է ինչպես ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչպիսին են՝ ռելոկանտներին մատուցված ծառայությունները, այնպես էլ՝ տոկոսային։
Հարցին՝ արդյոք վերջին երեք-չորս տարիներին բանկերի գրանցած բարձր շահույթը կարո՞ղ է հիմք հանդիսանալ վարկերի տոկոսադրույքների նվազման համար, Ազատյանը նշել է, որ ուղիղ կապ չի տեսնում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել