HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանին գտնվող մշակութային ժառանգությունը՝ հայ գիտնականների ու ավստրիացի հայագետի թիրախում

Նրանք սահմանին աշխատող մշտադիտարկող խումբ են, բայց չեն օգտագործում հեռադիտակներ, արձանագրումներ ու կոչեր չեն անում: Այս խումբը վերցնում է Հայաստանի քարտեզը, ընտրում սահմանային բնակավայրը ու մեկնում այնտեղ: Խումբն այս գյուղեր է գնում մշակութային ժառանգության հետքերով: Նկարում ու չափագրում է ցամաքում եւ օդից, հավաքագրում տվյալներ, խոսում բնակիչների հետ, երբեմն զարմացնում կամ զարմանում նոր բացահայտումներով:

Ինչպե՞ս է պատերազմը փոխում սահմանին ապրող մարդկանց կենսակերպը, սահմանային նոր իրականությունն ի՞նչ սովորույթներ է առաջ բերում, ի՞նչ ազդեցություն ունի այդ իրականությունը մշակութային ժառանգության վրա: Այս եւ այլ հարցերի պատասխաններ են փորձում գտնել հայ գիտնականները ավստրիացի հայագետի հետ:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) լուսավոր, ոչ այնքան փոքր սենյակում սեղանի շուրջ հավաքվել են մշակութաբանության, հնագիտության, ճարտարապետության ու աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) մասնագետները: Նրանք ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտի հետ ուսումնասիրում են Հայաստանի սահմանային բնակավայրերի մշակութային ժառանգությունը:

Ամեն ինչ սկսվել է 2023 թ.: Զալցբուրգի համալսարանի դասախոս, հայագետ Յասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ հայ գիտնականները դիմել են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների ծրագրին: Նպատակը սահմանային բնակավայրերի մշակութային ժառանգության միջգիտակարգային հետազոտություն իրականացնելն էր: Ծրագիը հաստատվել է եւ մեկնարկել 2023-ի սեպտեմբերին: Շարունակվելու է մինչեւ 2028 թ.:

Հեռավար լաբորատորիաների ծրագիրը նախատեսում է երկու ղեկավար՝ Հայաստանի ներսում եւ դրսում աշխատող: Ծրագրի արտաքին ղեկավարը Յասմին Դում-Թրագուտն է, իսկ ներքին ղեկավարը՝ ՀԱԻ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուրադյանը:

2026-ի հունվարից ծրագրի հիմքի վրա կազմավորվել է ՀԱԻ նոր ստորաբաժանում՝ Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրությունների խումբը:

Ծրագրով ընտրվել է պետական սահման ունեցող 3 մարզ՝ Տավուշը, Գեղարքունիքն ու Սյունիքը: Չնայած դրան՝ 2025-ին ծրագրում ընդգրկվել է նաեւ Վայոց Ձորի մարզի 2 բնակավայր՝ Մարտիրոսն ու Գնիշիկը: Ծրագիրն սկսվել է Տավուշից, գիտնականներն այս տարի կայցելեն նաեւ Սյունիք, իսկ հաջորդ տարի՝ Գեղարքունիք: Դրանից հետո միայն տվյալները կամբողջացվեն, մեծածավալ հետազոտությունը կամփոփվի:

Ծրագրի մեկնարկին ընտրվել էին Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան, Կոթի, Կողբ, Դովեղ, իսկ Բերդի համայնքից՝ Մովսես ու Այգեձոր գյուղերը: Սրանց մասին գիտական հոդվածներ են պատրաստվել, որոնք դեռ չեն հրապարակվել: Հայկուհի Մուրադյանն ու խմբի անդամ, հնագետ Համազասպ Աբրահամյանը հոդված են գրել 44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզի հուշարձանների կարգավիճակային փոփոխությունների մասին:

Խմբի նպատակը պատերազմից հետո սահմանային բնակավայրերի մշակութային ժառանգության հետազոտությունն է, որին համակցված է սահմանային նոր իրադրության հետեւանքով մարդկանց կյանքի փոփոխությունը: Հ. Մուրադյանը պատմում է, որ երբ 2020 թ. պատերազմից հետո ուսումնասիրում էին Խորանաշատ վանքը (այն գտնվում է Բերդ համայնքի Չինարի գյուղից 2,5 կմ հեռավորության վրա), Չինարիի վարչական ղեկավարն ու բնակիչներից մի քանիսն ասում էին, թե երբ Սյունիքը սահմանային դարձավ (արեւելյան՝ Արցախի կողմից), ադրբեջանցիներն իրենց մասին մոռացան: Բնակիչները պատմել են, որ տարիներ շարունակ հուղարկավորությունները գիշերն էին անում, քանի որ ցերեկն անընդհատ կրակում էին: Իսկ հիմա, երբ սահմանն Ադրբեջանի հետ երկարել է, իրենց մասին մի տեսակ «մոռացել են»: «Դա էլ է հետաքրքիր ցույց տալ, թե պատերազմը ոնց է փոխում կոնկրետ մարդու կյանքը: 30 տարի սահմանի բերանում են եղել, դպրոցը պատուհաններ չի ունեցել, դասատուները վախենալով ու վազելով էին գնում աշխատանքի, իսկ 44-օրյայից հետո իրենց կյանքը փոխվել է: Եվ մարդիկ հումորով են մոտենում դրան»,- նշում է Հայկուհի Մուրադյանը:

Ինչո՞ւ հետազոտել սահմանային բնակավայրի մշակութային ժառանգությունը

44-օրյա պատերազմն ազդել է նաեւ սահմանային բնակավայրերի մշակութային ժառանգության վրա: Մուրադյանն ասում է՝ իրենց խնդիրն է փորձել ինչ-որ առումով դառնալ մասնագիտական այն օղակը, որը կօգնի պետական կառույցներին հուշարձանների մասին տեղեկատվությունը թարմացնել, իսկ գիտական հանրույթի առաջ հանրայնացնել սահմանային բնակավայրի հուշարձանները: «Այսինքն՝ մեր խնդիրն է փորձել այս հուշարձաններին ձայն տալ, որ իրենց մասին խոսեն: Դրա ամենալավ օրինակը Տավուշի Կիրանց գյուղի Առաքելոց վանական համալիրն է, որը խմբով հետազոտեցինք: Յասմինն էլ էր մասնակցում դաշտային աշխատանքին, եւ նրա նախաձեռնությամբ գրվեց հայտը, ու Առաքելոցը 2025 թ. դարձավ «Եվրոպա Նոստրա»-ի կողմից հռչակված 7 վտանգված հուշարձաններից մեկը»,- ասում է մշակութաբանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ այս տարի «Եվրոպա Նոստրա»-ի պատվիրակությունը ժամանելու է Հայաստան՝ տեղում ուսումնասիրություն կատարելու նպատակով: Առաքելոցում պեղումների աշխատանքը կղեկավարի Համազասպ Աբրահամյանը: Նա միջնադարյան հնագիտության մասնագետ է, զբաղվում է հողաշեն ժառանգության եւ պահպանության խնդիրներով, ուսումնասիրում է միջնադարյան խեցեղենի տիպաբանական խնդիրները, Դվինի արշավախմբի անդամ է:

Գիտաշխատողների մյուս խնդիրը տվյալներ հավաքելն է, որոնք նախատեսում են ներկայացնել բաց հասանելիություն ունեցող հարթակում, որը, սակայն, պետք է անվտանգ լինի: Գործընկերների հետ խորհրդակցում են այս հարցի շուրջ:

«Մեր ծրագրի շրջանակներում այն տվյալները, որոնք հավաքում ենք բնակավայրերից, թվային մի քանի մշակումներ են անցնում: Դրանցից մեկը GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգեր) քարտեզագրումն է, այսինքն՝ այն բնակավայրերը, հուշարձանները, որոնք փաստագրում ենք, դրանց համար ստեղծում ենք տվյալների բազա եւ քարտեզագրում ենք: Իրականացնում ենք տարածական մի քանի վերլուծություն, բացի դրանից՝ իրականացնում ենք հուշարձանների ֆոտոգրամետրիա, այսինքն՝ օդալուսանկարների հիման վրա 3D մոդելներ ենք ստանում, որոնք կարող ենք օգտագործել նաեւ չափագրումների համար»,- ասում է խմբի անդամ, հնագետ, GIS մասնագետ Արտյոմ Անանյանը:

Մեր զրույցի ընթացքում խմբի ամենաերիտասարդ անդամ Գայանե Ըռքոյանը համակարգչով հուշարձանի հատակագիծ էր նկարում: Նա սովորում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսում, վերականգնող ճարտարապետ է:

Համազասպ Աբրահամյանը նշում է, որ հետազոտել են սահմանային գյուղերի մշակութային լանդշաֆտի փոփոխությունը, անդրադարձել են ծեսերի փոփոխությանը, թե, օրինակ, սահմանի գոյությունն ինչ ազդեցություն է ունեցել մշակույթի վրա: Բայց դա եղել է փոքր ծրագիր: Իսկ այս հնգամյա ծրագիրը ոչ միայն աշխատանքի ծավալով է մեծ, այլեւ տարբերվում է բազմակողմանի մասնագիտական, միջգիտագիտակարգային մոտեցմամբ:

Հնագետի խոսքով՝ դաշտային աշխատանքին հաջորդում է խորը ուսումնասիրությունը: Երբեմն պատահում է, որ ինչ-որ տվյալ ճշտելու համար նորից հետ են գնում այդ բնակավայր: Ըստ Հ. Աբրահամյանի՝ հետազոտությունը բազմաշերտ է, երբեմն տեղում ուսումնասիրության ժամանակ կարող է անսպասելի նոր շերտ, նոր հետազոտության թեմա բացվել: Այդպես եղել է Մովսես գյուղում:

Հայկուհի Մուրադյանն ասում է, որ այս մեծածավալ հետազոտությունների իրենց մեթոդը մշակութային ժառանգությանը տարբեր կողմերից նայելն է: «Եթե գրում ենք հուշաղբյուրների մասին, միայն նկարագրություն չէ, նաեւ մարդկանց վերաբերմունքն է իրենց մշակույթին՝ ո՞նց է ստեղծվել, ի՞նչ է անում: Կամ, օրինակ, ուզում ենք գրենք Գնիշիկի մասին, դրա օրինակով ցույց տանք, թե սովետական շրջանում ինչու էր քաղաքականությունը դրդում ամբողջությամբ տարհանել այդ բնակավայրերը: Իսկ հետագայում այդ տարհանված մարդկանց ինքնությունը երկրորդ սերնդում փոխվում է: 1960-70-ական թթ. Գնիշկ գյուղը տեղափոխվեց Արփի, փոքրերն իրենց արփեցի են համարում, իսկ մեծերն իրենց մանկությունը հիշում են Գնիշիկում»,- պարզաբանում է մշակութաբանը: Իսկ թե հետագայում ինչ են արել այդ գյուղերում, որոնք ամառանոցային տարածքների են վերածվել, այլ հետազոտության թեմա է:

Հայաստանի ամենաշատ հուշաղբյուր ունեցող գյուղը

Մովսես գյուղում հետազոտության ժամանակ խումբը նկատել է հուշաղբյուրների առատություն: Ի տարբերություն շատ գյուղերի՝ դրանք գտնվում են հենց գյուղի ներսում:

Համազասպ Աբրահամյանն ասում է, որ Հայաստանում չկա այնպիսի բնակավայր, որտեղ 24 աղբյուր կարելի է տեսնել, ինչպես Մովսես գյուղում: Մինչդեռ, ըստ խմբի անդամ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ Անուշ Սաֆարյանի, պետական հուշարձանների ցանկում դրանցից երկուսն են գրանցվել, այն էլ՝ խորհրդային ժամանակաշրջանում:

Սաֆարյանը հիմնականում ուսումնասիրում է ժամանակակից մշակութային հուշարձանները, հուշարձաշինության գործընթացները: Փորձում է հասկանալ, թե ինչպես է գյուղը փոխվում, ինչ հուշարձաններ են ավելանում ու ինչպես է երկխոսություն ստեղծվում միջնադարյան հուշարձանների հետ:

Մովսեսում աղբյուրաշինությունն սկսել է 14-րդ դարից, իսկ խորհրդային շրջանում այն ծաղկել է: Այս մասին մեզ պատմում է Անուշ Սաֆարյանն ու ավելացնում, որ Մովսեսի առանձնահատկությունը գործող շատ աղբյուրներ ունենալն է:

«Հայրենական պատերազմի ժամանակ առհասարակ աղբյուրաշինութունը զարգացավ: Ընտանիքները մեծ տեղ էին տալիս աղբյուրներին, դա մի տեսակ վարկանիշի պես բան էր: Ընդ որում՝ սեռային խտրականություն էլ չկա, ինչպես ցայտաղբյուրների դեպքում, որոնք հիմնականում նվիրված են տղամարդկանց»,- ասում է մշակութաբանը:

Համազասպ Աբրահամյանը նշում է, որ Վայոց Ձորի Մարտիրոս ու Գնիշիկ գյուղերում աշխատելիս մտածում են խորհրդային շրջանում բնակավայրերի փոփոխման մասին: Թեեւ այս կետը չկա իրենց առաջնային հետաքրքրություններում, բայց մշակութային ժառանգության մաս է ու հետազոտված չէ: «Փորձում ենք այդ շերտերի հետեւից գնալ: Ծրագիրը երկարաժամկետ է, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել նաեւ այլ շերտեր, բացի դրանից՝ թիմն է մեծ: Այս ծավալով եւ մեծ թիմով հետազոտություն, կարծես, չկա, եղածներն ավելի թիրախային խնդիրներ ունեն, ավելի սահմանափակ ժամանակային ռեսուրս»,- նկատում է մեր զրուցակիցը:

Ո՞վ է որոշում, թե ինչն է մշակութային ժառանգություն

Մշակութաբան Հայկուհի Մուրադյանը նշում է, որ խնդիր է «մշակութային ժառանգություն» ասվածը, քանի որ ժառանգության ընկալման տարբեր մակարդակներ կան: Կա պետական ընկալում, թե ինչ է ժառանգությունը, որը պետք է ներառվի հուշարձանների ցանկում եւ պահպանվի, կա համայնքային ընկալում, երբ մարդիկ տեւական ժամանակ այլ բան են կարեւորել: «Եթե գյուղը համարում է, որ այս մի քարը ժառանգություն է իր համար, պատմություն է ստեղծում, ծեսեր է անում, դանակներ է դնում հողի մեջ եւ ասում, որ իր համար կարեւոր է, դա էլ ենք ընդունում»,- նկատում է գիտաշխատողը:

Պատահում է, որ գյուղի պատմությունը, մշակույթն իմացող մարդուն ցույց են տալիս գյուղի հուշարձանների ցանկը, հարցնում է՝ մեզ մոտ այսպիսի բան էլ կա՞: Հ. Մուրադյանն ասում է, որ Կիրանցի Առաքելոց վանական համալիրի հետազոտության ժամանակ 30 միավոր են գրանցել, բայց գյուղում միայն կանգնած եկեղեցին գիտեին: Օրինակ՝ գյուղից դուրս բաղնիք կա, երբ գիտնականները տանում երկու քար են ցույց տալիս եւ ասում են, որ սա անցյալում բաղնիք է եղել, տեղացիները զարմանում են, որովհետեւ բաղնիքն իրենց ընկալմամբ ուրիշ ձեւի է: Այսինքն՝ համայնքի ճանաչողության հարց կա նաեւ:

«Մենք փորձում ենք թե՛ պետության ընկալումը դիտարկենք, թե՛ հետազոտենք համայնքինը: Իսկ ժառանգությունն այն է, ինչ մենք այսօր գնահատում, խնամում ենք, իմաստ ենք տալիս, ուզում ենք անպայման կարեւորել եւ փոխանցել հաջորդ սերնդին»,- ասում է Հայկուհի Մուրադյանը:

Ի՞նչ է փոխել սահմանային նոր իրավիճակը

Հարցին, թե սահմանային իրավիճակն ինչ ազդեցություն է ունեցել մշակութային ժառանգության, մարդկանց կենսակերպի վրա, եւ արդյոք այս մասին կան հետազոտական տվյալներ, Մուրադյանը պատասխանում է, որ մինչեւ այս հնգամյա ծրագիրը մեկ այլ ծրագրի շրջանակներում սկսել էին ուսումնասիրել համայնքային լանդշաֆտի փոխակերպումները հետխորհրդային շրջանում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում:

Համազասպ Աբրահամյանն էլ նշում է, որ Տավուշի մարզը սահմանի գրեթե ամբողջ եզրագծով ուսումնասիրել են: «Փորձել ենք համադրել իրավիճակների փոփոխությունները, գտնել բոլոր նոր իրավիճակները՝ դեմարկացիան, դելիմիտացիան, սահմանին հայտնված հուշարձանները, մի քիչ ժամանակաշրջանը հետ տալով՝ մինչ խորհրդային շրջանը, երբ ուխտավայրերը ազատ էին, սահման չկար, բնակիչները անցնում էին մի կողմից մյուս կողմ, հուշարձանները հասանելի էին, ապա 1990-ականների պատերազմն ինչ ազդեցություն ունեցավ, ոնց փոխեց սահմանները, ինչպես մի շարք հուշարձաններ դարձան անհասանելի՝ ուղղակի սահմանին հայտնվելով, հետպատերազմյան ժամանակ ինչպես է հուշարձանը, սահմանի վրա հայտնվելով, նորից հասանելի դառնում: Էս ամեն ինչին համադրեցինք նոր քաղաքականությունը՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, աղվանականացման ադրբեջանական քաղաքականությունը, եթե անկլավների հարցն առաջ գա, այդ հուշարձաններն ինչ կարգավիճակ կստանան… Այսինքն՝ փորձեցինք ամփոփել բոլոր հուշարձանների կարգավիճակներն ու փոփոխությունները ու համադրել սահմանային փոփոխություններ ստացած Տավուշի եւ միանգամից սահման դարձած Սյունիքի օրինակները»,- մեկնաբանում է Համազասպ Աբրահամյանը:

Ծրագրի ավարտին՝ 2028թ., գիտաշխատողները կունենան Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանային բնակավայրերի մշակութային ժառանգության ամբողջական պատկերը:

Դաշտային աշխատանքների լուսանկարները՝ գիտական խմբի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter