Սամվել Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Այսօր՝ փետրվարի 11-ին, տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Կուսակցության նախագահ ընտրվեց ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Այս մասին տեղեկացրեց «Մեր ձևով» շարժման՝ ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանը։
«Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը»,- գրել է Ղահրամանյանը։
Ըստ Ազատություն ռադիոկայանի տեղեկությունների՝ «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցվել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ «Հայամետ» անվամբ։ 2026-ի հունվարին կուսակցությունն անվանափոխվել էր։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրները, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Մեր ձևով» շարժման անդամներ Ալեքսան Ալեքսանյանը, Լենա Մաթևոսյանը և Աշոտ Ֆարսյանն են։
Սամվել Կարապետյանը քաղաքական գործընթացներին մասնակցելու հայտ ներկայացրեց նախորդ տարի՝ կալանավորումից հետո։ Նա կալանավորվել էր ի պաշտպանություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու արված հայտարարությունից հետո։ Դատախազությունը մեղադրում է գործարարին Քրեական օրենսգրի 422-րդ հոդվածը խախտելու մեջ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Հունվարի 17-ից Կարապետյանը տնային կալանքի մեջ է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել