HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ պաշտոնյաների տները Դուբայում. փողերի լվացման ու գույքի չհայտարարագրման քրեական վարույթով մեղադրյալ դեռ չկա

Դուբայում գույք ձեռք բերած նախկին ու ներկա հայ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացել ենք Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2018 եւ 2023 թթ. գրել էինք Դուբայի շքեղ համալիրներում մի շարք նախկին ու ներկա հայ պաշտոնյաների կողմից ձեռք բերված անշարժ գույքի մասին:

2018-ի նոյեմբերին հրապարակված մեր առաջին հետաքննությունից հետո՝ 2020-ի փետրվարին, քրեական գործ էր հարուցվել, որի նախաքննությունն իրականացնում էր Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում քրեական վարույթով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն):

Նախապես քրգործի առանցքում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանն ու նրա որդին էին, սակայն գործը վերաբերում էր նրանց հայաստանյան գույքը չհայտարարագրելուն, քանի որ մեր հոդվածում հիշատակված արաբական գույքը Դավթյանը հայտարարագրել էր:

2020-ի սեպտեմբերին քննիչը նոր քրգործ էր հարուցել, որը վերաբերում էր մեր հետաքննության մեջ հիշատակված մեկ ուրիշ պաշտոնյայի՝ նախկին բարձրաստիճան ոստիկան, 2022-ից Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին, որը նաեւ մեր երկրում Ղրղզստանի պատվավոր գլխավոր հյուպատոսն է: Այս քրգործը եւս վերաբերում է գույքի չհայտարարագրմանը, սակայն Գլխավոր դատախազությունը, ելնելով նախաքննական գաղտնիքից, չի մանրամասնել, թե Սեդրակյանը կոնկրետ ինչ գույք չի հայտարարագրել, եւ արդյոք խոսքը նաեւ նրա արաբական տան մասին է։

Փաստն այն է, որ ՀՔԾ քննիչը 2020 թ. Սեդրակյանին վերաբերող քրգործը միացրել է Դավթյանների գործին, բայց 2021-ի ապրիլին վերջիններիս մասն անջատվել է եւ դատախազի կողմից մեղադրանքի հաստատումից հետո ուղարկվել դատարան, որտեղ, սակայն, ինչպես արդեն գրել ենք, 2024-ի օգոստոսին կարճվել է, քանի որ լրացել էին վաղեմության ժամկետները: 

Իսկ ահա Բ. Սեդրակյանի մասով շարունակվող քրեական վարույթն ավելի ուշ միացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի, որի հիմքում «Հետքի» երկրորդ հետաքննությունն է հայ պաշտոնյաների արաբական ունեցվածքի մասին:

2023-ի ապրիլին հրապարկված մեր նյութը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր Քննչական կոմիտե, որտեղ 2023-ի մայիսին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (10 մլն դրամը գերազանցող), պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ:

Այսինքն՝ գույքը չհայտարարագրելու դրվագ ի սկզբանե չի եղել քրեական վարույթում: Սակայն նախաքննության ընթացքում ՔԿ քննիչը նախաձեռնել է նոր քրեական վարույթ ՔՕ 444-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն վերաբերում է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույք կամ եկամուտ կամ ծախս չհայտարարագրելուն, որը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ: 

Գույք չհայտարարագրելու վարույթը ՔԿ-ում միացվել է փողերի լվացման վարույթին: Դրան միացվել է նաեւ Բաբկեն Սեդրակյանին առնչվող վարույթը: Նկատենք, որ վերջինիս հիմքում 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասն է առանձնապես խոշոր չափերով գույք չհայտարարագրելու մասին: Այն նախատեսում է 2-4 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: 

Վերոնշյալ ընդհանուր վարույթը քննչական ենթակայության կանոններին համապատասխան Քննչական կոմիտեից ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ):

ՀԿԿ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Էդուարդ Ծառուկյանը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հրաժարվել է տեղեկություններ տրամադրել այս վարույթով ընթացող նախաքննության մասին՝ հղում անելով վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներին, որոնց հրապարակումը, ըստ քննիչի, կարող է խոչընդոտել վարույթի բնականոն ընթացքին: Սակայն մենք ՀԿԿ-ին ուղղել էինք նաեւ հարցեր, որոնց պատասխանելը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել վարույթին, մասնավորապես՝ ինչ ընթացքում է գտնվում նախաքննությունը, արդյոք այն շարունակվում է ՔՕ նույն հոդվածներով, որոնցով նախաձեռնվել էր, թե եղել են փոփոխություններ, կամ արդյոք վարույթի շրջանակներում կան քրեական հետապնդման ենթարկվող անձինք, քանի հոգի են, ինչ մեղադրանք է նրանց առաջադրվել, եւ ինչ խափանման միջոցներ են ընտրվել:

Չստանալով այս հարցերի պատասխանները՝ նմանատիպ մի հարցում ենք ուղղել Գլխավոր դատախազություն: Գերատեսչությունից արձագանքել են, որ նախաքննությունը շարունակվում է ՔՕ նույն հոդվածներով, եւ այս պահին քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: 

Լուսանկարում՝ համայնապատկեր Դուբայից (Nelemson Guevarra, unsplash.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter