Դատարանը որոշել է չավարտել «Արմավիայի»՝ 12 տարի ձգվող սնանկության գործը
2025 թ. դեկտեմբերի 11-ին Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը որոշել է մերժել Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկության գործն ավարտելու միջնորդությունը, որը ներկայացրել էր սնանկության գործով կառավարիչը:
Հիշեցնենք, որ այս գործը մեկնարկել է 2014-ի սեպտեմբերին, իսկ նույն տարվա հոկտեմբերին «Արմավիան» իր սեփականատեր օֆշորային «Միկա Լիմիթեդի» պահանջով սնանկ է հայտարարվել եւ 2015-ի ապրիլից գտնվում է լուծարման վարույթում:
Ի տարբերություն սնանկացած մյուս հայկական ավիաընկերությունների, որոնց գործերը «Արմավիայի» նման քննվել կամ դեռ քննվում են տարիներով, եւ այդ ընթացքում մի քանի դատավորներ են փոխվել, «Արմավիայի» գործն արդեն 12 տարի քննում է Լ. Կատվալյանը: Փոխարենը սնանկության գործով կառավարիչներն են փոխվել: 2014-2021 թթ. «Արմավիայի» սնանկության գործով կառավարիչը եղել է Կարեն Ասատրյանը, որի որակավորումը դադարեցվել է 2021-ին: Նույն տարում դատարանը կառավարիչ է նշանակել Արտաշես Փարսադանյանին, սակայն ամիսներ անց՝ կրկին 2021-ին, Փարսադանյանին փոխարինել է Ռուզաննա Մարգարյանը:
Լուծարման վարույթում գտնվող «Արմավիայի» գույքի աճուրդի մասին վերջին հայտարարությունը նախկին կառավարիչ Կ. Ասատրյանն արել էր 2018-ի հոկտեմբերին: Օտարվող լոտը օդանավ էր, որն իրացվել է այդ տարվա նոյեմբերին: Այսինքն՝ «Արմավիայի» գործով աճուրդի հանված բոլոր լոտերն իրացվել են դեռ 8 տարի առաջ, բայց մինչ օրս դատական քննությունը չի ավարտվել:
2024-ի օգոստոսին սնանկության գործով կառավարիչ Ռ. Մարգարյանը միջնորդել էր ավարտել գործը, սակայն նույն տարվա դեկտեմբերին դատարանը որոշել էր վերսկսել դրա քննությունը: 2025-ի նոյեմբերին գործի քննությունն ավարտվել է, դատարանը նշանակել է 2014-ից ձգվող սնանկության գործի վերաբերյալ դատական ակտի հրապարակման օր՝ դեկտեմբերի 11:
Ու չնայած ակնկալվում էր, որ այդ օրն «Արմավիայի» գործն ավարտվելու է, եւ հայտարարվելու է նախկին ազգային ավիափոխադրողի լուծարված լինելու մասին, դատավոր Կատվալյանը մերժել է Ռ. Մարգարյանի միջնորդությունը: Ի՞նչ է տեղի ունեցել:
Գործն ավարտելուն դեմ է եղել «Յունիբանկը»
Սնանկության գործով խոշոր պարտատերերից «Յունիբանկի» հանդեպ «Արմավիան» ունեցել է 6,6 մլն դոլարի պարտք, որի վերադարձման երաշխավորը եղել է փոխադրողի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:
Վճռաբեկ դատարանի 2017 թ. նախադեպային որոշումից հետո, հիմնվելով նաեւ ՀՀ օրենսդրության այլ դրույթների վրա, «Յունիբանկը» խնդրել է օրենքով սահմանված կարգով հայց ներկայացնել իր պարտքի երաշխավոր Բաղդասարովի դեմ՝ 6,6 մլն դոլարը բռնագանձելու համար (այսինքն՝ բանկը փորձել է իր պարտքը ստանալ ոչ միայն սնանկության, այլեւ քաղաքացիական գործի միջոցով): Բանկի խնդրանքից հետո սնանկության գործով նախկին կառավարիչ Կ. Ասատրյանը քաղաքացիական հայցով դիմել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը 2018-ին բավարարել է այն: Մ. Բաղդասարովի բողոքարկումները վերադաս ատյաններում օգուտ չեն տվել, եւ վճիռը մտել է օրինական ուժի մեջ, ինչից հետո «Արմավիայի» սնանկության գործով կառավարչի դիմումի հիման վրա վճիռը ներկայացվել է հարկադիր կատարման:
2020 թ. Մ. Բաղդասարովը մահացել է Ռուսաստանում, սակայն 6,6 մլն դոլարի մասով նրա պարտավորությունը ժառանգել է կինը՝ Տատյանա Բաղդասարովան: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն (ՀԿԱԾ) սկսել է հանգուցյալ գործարարից կնոջն անցած գույքի հարկադիր աճուրդ: Չնայած կատարողական վարույթով պարտատեր էր գրանցված նաեւ «Արմավիայի» սնանկության գործով կառավարիչը, վերջինիս որեւէ բան չի հասել, քանի որ նրա պահանջը գրանցված է եղել 4-րդ հերթում, այնինչ հարկադիր կատարողը փոխանցել է, որ Բաղդասարովայի գույքի օտարումից ստացված միջոցներով հնարավոր է եղել բավարարել միայն առաջնահերթ մի քանի պարտավորություններ:
Հաշվի առնելով Միխայիլ Բաղդասարովի տնտեսական գործունեության նախկին մասշտաբները, համացանցով մատչելի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը՝ «Յունիբանկը», ըստ վերջինիս ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանի, ողջամիտ հիմքեր է ունեցել կարծելու, որ գործարարն ակտիվներ եւ գույք ուներ ՀՀ սահմաններից դուրս, որոնց արժեքը կարող է համադրելի լինել բռնագանձման ենթակա գումարի հետ:
Դրա համար էլ 2022 թ. «Յունիբանկը» դիմել է սնանկության գործով կառավարիչ Ռ. Մարգարյանին, որպեսզի վերջինս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ վճիռը ներկայացնի Ռուսաստանում ճանաչման եւ կատարման: Կառավարիչն էլ բանկին հայտնել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու նպատակով գրություններ է ուղարկել վճիռը կայացրած դատարան եւ ՀԿԱԾ, որոնց պատասխանները ստանալուց հետո անհրաժեշտ կլինի դրանք նոտարական վավերացմամբ թարգմանել, ապա համապատասխան միջնորդություն ներկայացնել վճիռը կայացրած դատարան՝ արտերկրում վճռի ճանաչման եւ կատարման համար: Սակայն «Յունիբանկի» ներկայացուցչն ավելի ուշ Սնանկության դատարանում պնդել է, որ Ռուզաննա Մարգարյանն այս ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկել, ինչի համար էլ «Յունիբանկն» առարկել է, որ «Արմավիայի» սնանկության գործը փակվի (մյուս պարտատերերը չեն առարկել):
Դատավոր Լիլիթ Կատվալյանը, ուսումնասիրելով կառավարչի ներկայացրած վերջնական հաշվետվությունը, արձանագրել է, որ դրանում իսկապես չկան տեղեկություններ այն մասին, թե արդյոք Մարգարյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ճանաչելու եւ կատարելու համար այս դատարանին դիմում է ներկայացրել, եւ եթե ներկայացրել է, ապա ինչ փուլում է դիմումի ընթացքը:
«Նման պայմաններում դատարանը գտնում է, որ պարտապանի գույքի կազմում ներառված ակտիվների հավաքագրմանն ուղղված միջոցառումներն ու պարտատերերի հետ հաշվարկները դեռեւս չեն ավարտվել, ուստի սնանկության գործով վերջնական հաշվետվությունը ենթակա չէ հաստատման, իսկ սնանկության գործն ավարտելու մասին սնանկության գործով կառավարչի միջնորդությունը ենթակա է մերժման»,- որոշել է դատավոր Կատվալյանը:
Նկատենք, որ 2017-2018 թթ. «Յունիբանկը» պահանջի զիջման (ցեսիայի) մի քանի պայմանագրեր է կնքել կիպրական Arolova Enterprises Limited-ի հետ՝ վերջինիս զիջելով «Արմավիայից» ունեցած 6,6 մլն դոլարի իր պահանջի մի մասը՝ 2,5 մլն դոլարի չափով: Նախկինում գրել ենք, որ Arolova-ն, ըստ էության, փոխկապակցված է «Յունիբանկի» վերջնական շահառու տերերին: Ինքը՝ «Յունիբանկը», մնացել է 4,1 մլն դոլարի պահանջատեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել