HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Գևորգյանը պետք է մնար և կատարեր իր խնդիրը՝ թեկուզ մահվան գնով»․ պնդում է Դ-20 հրետանային դիվիզիոնի նախկին հրամանատարը

Ապրիլի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավոր Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ, շարունակվեց Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ 8–րդ առանձին մոտահրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնն զբաղեցրած փոխգնդապետ Հայկ Թովմասյանի հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանին։ Վերջինս մեղադրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2020թ հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում Ցորի հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

Կատարվածի հետևանքով զոհվել է դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։ Դիրքերում է մնացել մեծ թվով զինտեխնիկա։

Քրեական գործով վկա հրավիրված Հայկ Թովմասյանի հարցաքննությունն սկսվել էր այս տարվա հունվարի 15–ին։ Դատարանում ցուցմունք տալուց հետո կողմերը հայտարարեցին, որ հակասություններ կան վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում։ Նախորդ նիստում դատարանը հրապարակեց վկայի ծավալուն նախաքննական ցուցմունքները, որոնց շուրջ երեկ հարցեր ուղղեցին նրան։ 

Հանրային մեղադրող Հայկ Ռափյանը հայտնեց, որ հարցեր չունի վկային, իսկ զոհված զինծառայողներից Արտակ Միքայելյանի հոր՝ Ջիվան Միքայելյանի հարցերին կողմերն առարկեցին։ Ասվեց, որ դրանք Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի գործով դատաքննության ժամանակ հնչեցված վկայություններին են վերաբերվում և այս գործով չեն կարող քննության առարկա լինել ու գնահատվել։

Վկային բազմաթիվ հարցեր ունեին մեղադրյալ Գևորգ Գևորգյանն ու նրա պաշտպանը՝ փաստաբան Գոռ Գևորգյանը։ Վերջինս հայտնեց, որ վկան բովանդակային առումով երկու բացարձակ տարբեր ցուցմունքներ է տվել, իսկ հանրային մեղադրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ պնդում է նախաքննական ցուցմունքները։ 

«Նախաքննական ցուցմունքում ասել եք, որ եթե Գևորգ Գևորգյանը նահանջ կազմակերպեր՝ հետևանքներն այսպիսին չէին լինի։ Դատաքննության ընթացքում հարցրեցի, իսկ եթե Գևորգյանը մնար ու կազմակերպե՞ր։ Ասացիք՝ որևէ բան չէր կարողանա փոխել, որովհետև այն իրավիճակը, ինչի մեջ հայտնվել էիք, որևէ կանոնադրությամբ կարգավորվող չէր։ Ինչո՞վ է պայմանավորված ձեր ցուցմունքների տարբերությունը»,– հարցրեց պաշտպանը: 

Հայկ Թովմասյանը դատարանին հայտնեց, որ դեպքից 6 տարի է անցել, բաներ կար, որ չէր հիշում, բայց դատարանում իր ցուցմունքները հրապարակելուց հետո դրանք էլ վերհիշեց։ «Ես նախորդ նիստի ժամանակ ասել եմ, որ Գևորգյանը պետք է մնար և կատարեր իր խնդիրը՝ թեկուզ մահվան գնով։ Դա իմ ասելով չէ, կարգն է այդպիսին»։ 

Փաստաբանի հարցին՝ կանոնադրությունում այդպիսի բան կա՞։ Վկան հայտնեց, որ կանոնադրությունը սովորում են խաղաղ պայմաններում, իսկ պատերազմական իրադրությունում տվյալ ստորաբաժանման պատասխանատուն պետք է որոշում կայացնի, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից։ «Գևորգյանի մնալ–չմնալու հետ կապված հարց եք տվել, ես էլ ասել եմ՝ չեմ կարող ասել, որ մնար ինչ կլիներ։ Կարող է՝ ինքն էլ զոհվեր, կարող է 15 կամ 20 հոգի հետը հաներ»,– ասաց վկան։

Փաստաբանը ցանկացավ վկայից՝ իր խոսքով՝ որպես փորձառու հրամանատարից, լսել, թե ի՞նչ գործողություններ պետք է կատարեր Գևորգ Գևորգյանն իր պարտականությունների մասով, որոնք չկատարելու պատճառով այդպիսի ցավալի հետևանք է առաջացել: «Ես պետք է իր կողքին կանգնած լինեի, որ ասեի՝ այս գործողությունը պետք է անես։ Դրա համար կանոնադրությունը տալիս է, որ դիվիզիոնի շտաբի պետը պետք է շարասյուն կազմի, կրակային դիրքերից հանի, վերջում ինքը դուրս գա կամ ասի՝ իմ հետևից և այլն: Իսկ պատերազմական գործողության ժամանակ ինքը պետք է ասի՝ էսպիսի որոշում եմ կայացրել, էսպես կարամ երեխեքին հանեմ կամ՝ որ էսպես հանեմ՝ չի լինի, սաղ զոհվելու են»,– պատասխանեց Հայկ Թովմասյանը։ 

Վկայի պատասխանը Գոռ Գևորգյանին նոր հարց հուշեց«Ստացվում է, որ Գևորգյանն այդ պահին կանոնադրային պարտականությունը չէր կարող կատարել, իսկ ոչ կանոնադրային ո՞ր պարտականությունը չի կատարել»։ Վկայի ասելով՝ կանոնագրքում նշվում է, որ հրամանատարի ցանկացած որոշում, եթե ինքը կարող է պարզաբանել, ճիշտ է: «Պատերազմի ժամանակ ոչ մեկը հրամանատարին չի կարող ասել՝ սխալ որոշում ես կայացրել, եթե այդ որոշումը բերում է մարտական խնդրի հաջող կատարմանը։ Իսկ եթե որոշումը բերում է ձախողումների՝ ինքը պատասխան պիտի տա դրա համար։ Այսինքն, հրամանատարը, եթե որոշեր, որ «Սատկո» մեքենան պետք է քշեր դեպի հակառակորդի կրակային գոտի ու հիմնավորեր այդ որոշումը, ուրեմն՝ դա է ճիշտը»,– հայտնեց Հայկ Թովմասյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ անձնակազմին ամբողջությամբ դուրս չի հանել կրակակետից։ Նրա ասելով՝ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաներով փաստացի հիմնավորվել է, որ կառավարման դասակի անձնակազմից Դավիթ Ազատյանը միակն է, ում դուրս չի բերել, որովհետև նա այդ պահին այնտեղ չի գտնվել։

Հայկ Թովմասյանը փաստաբանին հիշեցրեց, որ առաջին մարտկոցի ժամկետային զինծառայողներից առնվազն երկու հոգի՝ Խաչիկ Քոչարյանն ու Արգիշտի Բիչախչյանը, վազել են «Սատկո» մեքենայի հետևից, որով Գ Գևորգյանը հեռանում էր կրակակետից։ Մեքենան չի կանգնել, Խ Քոչարյանը կախվել է մեքենայից, կարողացել է բարձրանալ ու նստել, իսկ Արգիշտին՝ չի կարողացել։ Նա գիշերը մնացել է թշնամու կողմից գրավված կրակակետում, հաջորդ օրը 1–ին մարտկոցի հրամանատար Արիկ Գոքորյանին է հանդիպել ու միասին դուրս են եկել տեղանքից։ «Այդ տղաները ողջ են և անձամբ են պատմել ինձ»,– փաստաբանի հարցին այսպես հակադարձեց վկան։

Վկայի ցուցմունքներն ակնհայտորեն դուր չէին գալիս ամբաստանյալ Գ Գևորգյանին և նա իր վերաբերմունքն արտահայտում էր ձեռքերի շարժումներով, որի համար երկու անգամ նկատողություն ստացավ։ Դատավորը զգուշացրեց, որ շարունակվելու դեպքում դատական սանկցիա կկիրառի՝ կզրկի դատական նիստերին ներկա գտնվելուց։

Փաստաբան Գոռ Գևորգյանը ձգտում էր ոչ միայն իր պաշտպանյալի համար նպաստավոր ցուցմունքներ լսել վկայից, այլև կատարվածի համար հավասարապես մեղադրել նրան։ Առաջին նպատակին նա չհասավ, Հայկ Թովմասյանը հաստատակամ պնդեց, որ անձնակազմին դուրս բերելու պարտավորությունը նրանն էր։ Փաստաբանի հաջորդ հարցերը իր երկրորդ նպատակը հիմնավորելուն էին ուղղված։ Հայտնեց, թե վկայի ասածներից եկել է այն հետևության, որ նրա նահանջի հրամանը փաստացի ձախողվել է։ «Ստացվում է, որ ձեր տվածը ոչ ճիշտ հրաման էր այդ պահին, որը ձախողվեց։ Ի՞նչ կասեք այդ մասին»,– հարցրեց վկային։

Դիվիզիոնի նախկին հրամանատարի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ինքը համարժեք հրամաններ է տվել։ Այդքան կարճ տարածությունում հրանոթներով կրակ չէին կարող վարել, նաև՝ հրանոթները չէին կարող դուրս բերել, որովհետև թշնամին արդեն դիրքավորվել էր թմբի վրա, իսկ մինչև այդ պահը մեզ ասել էին՝ «մերոնք են, չկրակեք»: Մյուս որոշումն այն է եղել, որ եթե անձնակազմը հրանոթներով դուրս գար՝ պետք է գնային մեքենաները բերելու, որպեսզի հրանոթները կցեին, նոր դուրս գային։ Մեքենաներն այդ թմբի տակ էին, հակառակորդին շատ մոտ, դա ընդհանրապես հնարավոր չէր: 

«Այդ իրավիճակում ճիշտ որոշումն այն է եղել, որ ասել եմ՝ տեխնիկան, հրանոթները թողում ենք, մենակ անձնակազմին վերցնում ենք, դուրս գալիս»,– ասաց վկան: Նախկին հրամանատարը հայտնեց, որ իր կայացրած որոշման արդյունքում կրակակետի տարբեր տեղամասերից կարողացել են հրամանը կատարելով անձնակազմը դուրս բերել, 123 հոգանոց անձնակազմից 103–ը փրկվել են։

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի նախկին հրամանատարը կրկին հիշեցրեց նախորդ դատական նիստում իր տված ցուցմունքը, որ այդ իրավիճակը դիվիզիոնի հրամանատարության մեղքով չէր ստեղծվել։ «Մեզ այդ իրավիճակում գցողներին արդեն բոլորս գիտենք (նկատի ունի Ջալալ Հարությունյանին-խմբ.), բայց խնդիրը հնարավորինս պետք է կատարվեր: Խնդիրը պարզ էր՝ արդեն կրակոցներ կային, ողջ անձնակազմը չէր կարող այդտեղից դուրս գալ, որովհետև հենց առաջին կրակոցներից վիրավորներ ու զոհեր ունեինք»,– ասաց նա: 

Դիվիզիոնի նախկին հրամանատարից փաստաբանը ցանկացավ ճշտել, թե ինչ չափորոշիչներով պիտի առաջնորդվեին դիտակետն ընտրելիս։ Որքա՞ն հեռավորություն պիտի լիներ տեսադաշտում և արդյոք պարտականություն ունեի՞ն իրենց զբաղեցրած դիտակետից ավելի բարձր կետում դիտակետ նշանակելու՝ ավելի մեծ տեսադաշտով։ «Դուք ուժեղացրել եք կրակային դիրքը, բայց փաստացի հարձակման պահին դիտակետ չեք ունեցել: Հարձակման օրը, եթե ձեզնից առաջ ավելի հասանելի տեղում դիտակետ ունենայիք, հնարավոր չէր լինի՞ ավելի շուտ թշնամուն հայտնաբերել»,– հետաքրքրվեց փաստաբանը:

Վկան կրկնեց նախորդ նիստում տված ցուցմունքը, որ իրենք տեղանքում ոչ մի քարտեզ չեն ունեցել։ Թե՛ կրակակետերում, թե՛ դիտակետերում կարգադրությունները վերադասն է տվել։ Հրամաններ չկային, որ իրենք այդ շրջանում կրակային դիրքեր, դիտակետեր պետք է զբաղեցնեին։ Դիվիզիոնն ինչքան խնդիր կատարել է, հիմնականում, կատարել է հրետանու պետի տված նշանակետերով։ Մեկ կամ երկու նշանակետ է խոցվել Ցորի գումարտակի հրամանատարի տված նշանակետով։ Վերջինս խնդրել է կոնկրետ ուղղությամբ մի քանի հատ կրակել, որովհետև հակառակորդն արդեն մոտ 200 մետր հեռավորության վրա է եղել։

«Այդպես չի, որ դիտարկում չենք արել։ Առաջինը Նորիկ Հայրապետյանն է այդ խումբը հայտնաբերել ու զեկուցել վերադասին։ Մենք տեսել էինք, էդ պահին կարող էինք խոցել, բայց զեկուցել ու սպասել ենք պատասխանի»,– հայտնեց վկան։ 

Փաստաբանի հաջորդ հարցին, թե հրամանատարական դիտակետը նրա համար է նաև, որ տեղեկություններ հայթայթեն ու մշակեն: Թշնամու առաջխաղացումը  տեսնելուց հետո ինքն ի՞նչ է եզրակացրել։ «Այդ պահին, եթե ձեր հրետանուն ուղղություն տայիք, այդքան մոտիկից կարո՞ղ էիք խոցել,– հարցրեց փաստաբանը։ 

Հրամանատարի ասելով՝ առաջին մարտկոցի վերջին հրանոթը գուցե կարողանար, բայց քանի որ չեն ուղղել այդ ուղղությամբ, չի կարող ասել։ Հաջորդ հարցին՝ որքա՞ն ժամանակ է անցել, երբ իրենց համար հստակ է դարձել, որ թշնամու զորքն է մոտեցողը, վկան հայտնեց, որ ժամանակը չի կարող ասել։ Երկու անգամ են վերադասին տեղեկացրել: Այդ պահին էլ ասել են, որ դիտակետի կազմը հավաքեն, թողնեն կրակային դիրքերը։ «Ոչ թե ասել ենք՝ ով ոնց կարում ա երեխեքին վերցրեք, դուրս եկեք, այլ՝ ոնց կարգն ա՝ կրակային դիրքերը թողնել»,– ճշտեց նախկին հրամանատարը։ 

Հանրային մեղադրողն ընդհատեց փաստաբանին և հիշեցրեց, որ նրա պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել այն գործողությունների համար, որոնք սկսվել են 2020թ․–ի հոկտեմբերի 12–ին՝ ժամը 18:00-ից հետո, երբ հակառակորդը Վարանդայի շրջանի կրակային դիրքում հարձակվել է յուրային ուժերի վրա: Բոլորին արդեն հայտնի է, թե նախորդող ժամանակահատվածում ոնց է ստացվել, որ ոչ յուրայինները յուրային զորքերի քողի ներքո մոտեցել են մերոնց և մարտի են բռնվել։ Դրա վերաբերյալ մարդիկ արդեն քրեական պատասխանատվության են ենթարկվել, կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: 

Այսքանով ավարտվեց վկայի հարցաքննությունը, դատավորը կողմերին հիշեցրեց, որ գործով անցնող ևս 6 վկա կա, որոնց գտնելու դժվարություն ունեն, հասցեները փոխվել են և այլն։ Պայմանավորվեցին, որ դատարանը ոստիկանության միջոցով ծանուցի նրանց, բերման ենթարկելու որոշումներ կայացնի և հայտնաբերելուց հետո կողմերին տեղեկացնի հաջորդ դատական նիստի մասին։ 

 Գլխավոր նկարում՝ Հայկ Թովմասյանը

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter