HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են հայտարարագրել «Նոր ուժի» թեկնածուները

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, որը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ԿԸՀ է ներկայացրել 85 թեկնածուների հայտարարագրերը։ 

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հիմնադրվել է 2024 թվականի մայիսի 1-ին: Նախագահը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Հիմնադրման օրը Մարությանը հայտարարել է, որ 2026-ին մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցության ցուցակի առաջին համարը Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է։ Մարությանը հայտարարագրել է Չեխիայում գտնվող 5 բնակարան` 72.54, 62.70, 51.96, 48.93 և 56.75 քմ մակերեսներով, 2 բնակելի տուն՝ 116 և 252.84 քմ մակերեսներով, 5 ավտոկայանատեղի և հասարակական նշանակության 5 տարածք։ Չեխիայում Մարությանը ունի նաև 7 հողամաս` ընդհանուր 3844 քմ մակերեսով։

Եվրոպական մեկ այլ երկրում՝ Ավստրիայում Հայկ Մարությանն ունի 3 բնակարան՝ 62.79, 41.4 և 53.7 քմ մակերեսներով։

Երևանում Մարությանն ունի մեկ բնակարան՝ 34.2 քմ մակերեսով և բնակելի տուն՝ 92.5 քմ մակերեսով։

Մարությանն, ըստ հայտարարագրի, գործազուրկ է։ Նա նախորդ 12 ամիսներին գույքի վաճառքից ստացել է 7 մլն 200 հազար չեխական կրոն և 65 մլն դրամ։ Անշարժ գույքերի վարձավճարներից նրա ստացած եկամուտը կազմել է 2 մլն չեխական կրոն և 34 հազար 671 եվրո։ Մարությանն անցնող տարում 80.000 եվրո նվիրատվություն է ստացել Եվա Ջակեսովայից։

«ԱԱԱ փրոջեքթս» ՍՊԸ-ից, որի 100% բաժնետերը Մարությանն է, որպես շահաբաժին ստացել է 17 մլն դրամ և 6 հազար 316 եվրո։

Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմել են 76.1 մլն դրամ, 2.6 մլն չեխական կրոն (46,813,000 դրամ), 122 հազար 733 եվրո և 154 հազար 673 դոլար։

«Նոր ուժ»-ի ցուցակում երկրորդը լրագրող Հակոբ Կարապետյանն է։ Նա համատեղ սեփականությամբ երկու բնակարան ունի Երևանում՝ 114.9 և 58 քմ մակերեսներով։

Կարապետյանը 2018 թվականի արտադրության «Chevrolet» ավտոմեքենայի սեփականատեր է։

Նախորդ 12 ամիսներին նա 5 մլն դրամ աշխատավարձ է ստացել Երևանի մամուլի ակումբից և 800.000 դրամ վարձատրություն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից։

Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ և 180 եվրո։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարինե Արամյանը ցուցակում երրորդն է։

Նա հայտարարագրել է  համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան Երևանում, որի մակերեսը 63.8 քմ է։ 

Արամյանը նաև 2025 թվականի արտադրության «Geely geome» մակնիշի մեքենա ունի։

ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկից Արամյանը նախորդ 12 ամիսներին ստացել է 3.3 մլն դրամ աշխատավարձ։

Դրամական միջոցներ Նարինե Արամյանը չի հայտարարագրել։

Երևանի ավագանու անդամ, «Անի-Տեստ» ՓԲԸ-ի տնօրեն Մուշեղ Հակոբյանը, որը «Նոր ուժի» ցուցակում չորրորդն է, հայտարարագրել է Երևանում գտնվող 71.61 քմ մակերեսով բնակարան և 660 քմ մակերեսով հողամաս։ Հակոբյանին պատկանող ևս երկու հողամաս՝ 1252 և 1150 քմ մակերեսներով, գտնվում են Կոտայքի մարզում։

Հակոբյանը 2004թ.-ի արտադրության «Mercedes-Benz»-ի սեփականատեր է։

Երևանի քաղաքապետարանից, որպես ծախսերի փոխհատուցում, Մուշեղ Հակոբյանը ստացել է 900.000 դրամ։ 2.2 մլն դրամ էլ Հակոբյանը ստացել է որպես վարձավճար Տիգրան Հարությունյանից։

Մուշեղ Հակոբյանին է պատկանում «Անի-Տեստ» ՓԲԸ-ի 50%-ը։ Նա հայտարարագրել է 3.5 մլն դրամ և  20.000 դոլար։

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը «Նոր ուժ» կուսակցության ցուցակում 5-րդն է։ Նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Բժշկական համալսարանից Վարդանյանը 3.5 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ Նրա դրամական միջոցները կազմել են 1.7 մլն դրամ և  5000 դոլար։

«Նոր ուժ»-ի ցուցակում 6-րդը Հովհաննես Մովսիսյանն է։ Նա «Դրիմքարս ՍՊԸ»-ի տնօրենն է։ Մովսիսյանը հայտարարագրել է 400 քմ մակերեսով վարելահող Մասիս համայնքում։

Հովհաննես Մովսիսյանը 7 ավտոմեքենա ունի՝ 3 «Mercedes-Benz» 2016, 2017 և 2018 թվականների արտադրության, «Nissan»` 2019-ի արտադրության, «Mazda»՝ 2022 թվականի արտադրության, «Ford mustang»՝ 2016-ի արտադրության և «Volkswagen Transporter»՝ 1993 թվականի արտադրության։

Նախորդ տարի Մովսիսյանը գույքերի օտարումից ստացել է 17 մլն դրամի եկամուտ։ Մովսիսյանը հայտարարագրել է 25.5 մլն դրամ և 80.000 դոլար։

Երևանի ավագանու անդամ Իոսիֆ Կուբաթյանը ցուցակում 7-րդն է։ Նա հայտարարագրել է Երևանի Կիևյան փողոցում գտնվող մեկ բնակարան, որի մակերեսը հայտարարագրում չի նշել, և 2012 թվականի արտադրության «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա։

Հաշվետու ժամանակահատվածում Կուբաթյանը ստացել է 10.8 մլն դրամի եկամուտ «Ամերիաբանկի» բաժնետոմսերի վաճառքից, 825.000 դրամ ծախսերի փոխհատուցում Երևանի քաղաքապետարանից և 825.125 դրամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից։

Կուբաթյանը հայտարարագրել է 4.2 մլն դրամ, 6001 եվրո և 649 դոլար։ Իոսիֆ Կուբաթյանը հայտարարագրել է նաև «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 94 հատ պարտատոմս։  

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախընտրական ցուցակի 8-րդ համարը «Գո-Կառ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Հարությունյանն է։ Նա հայտարարագրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող երկու բնակարան՝ 85 և 54 քմ մակերեսներով, և ավտոտնակ՝ 36 քմ մակերեսով։

Հարությունյանը 2025 թվականի արտադրության «Nissan patrol» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է։

Ըստ հայտարարագրի, նախորդ 12 ամիսներին Գրիգոր Հարությունյանը որևէ եկամուտ չի ունեցել։ Նա հայտարարագրել է 2 մլն դրամ։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արաքսի Դիլանյանը «Նոր ուժ»-ի ցուցակում 9-րդն է։ Նա 130 և 62 քմ մակերեսներով երկու բնակարան ունի։ Վերջին մեկ տարում, ըստ հայտարարագրի, Դիլանյանի միակ եկամուտը եղել է Երևանի քաղաքապետարանից ստացած 900.000 դրամ ծախսերի փոխհատուցումը։

«Նոր ուժ»-ի ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է  Անդրանիկ Գինոսյանը։ Նա Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության գործավարն է։

Գինոսյանն անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ 2018-ի արտադրության «Mercedes-Benz» և 2020 թվականի արտադրության «Hyundai Elantra»։

Երևանի քաղաքապետարանից Գինոսյանը ստացել է 2.5 մլն դրամ աշխատավարձ, իսկ դրամական միջոցները կազմել են 5.2 մլն դրամ։

Հարուստներ, թոշակառուներ, գործազուրկներ

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության պատգամավորի թեկնածուներից ամենամեծ եկամուտն ունեցել է ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը։ Վերջին 12 ամիսներին Մարությանի եկամուտները կազմել են՝ 9 մլն 200 հազար չեխական կրոն, 82 մլն դրամ և 120.987 եվրո։

Երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցողը ցուցակի 6-րդ համար Հովհաննես Մովսիսյանն է։ Նա հաշվետու ժամանակահատվածում ունեցել է 17 մլն դրամ եկամուտ։

12.8 մլն դրամ տարեկան եկամտով երրորդ տեղում Քրիստ Հովսեփյանն է։ Նա ցուցակում 23-րդն է։ Չորրորդ տեղում Իոսիֆ Կուբաթյանն է՝ 12.5 մլն դրամ եկամտով։ Հինգերորդ տեղում ցուցակի 73-րդ համար, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի լաբորանտ Վիկտոր Ղամարյանն է։ Նա նախորդ մեկ տարում 750.000 դրամ  աշխատավարձ է ստացել համալսարանից, 21.834 եվրո ձեռնարկատիրական գործունեությունից, 390.000 ռուբլի՝ Սարատովի պետական բժշկական համալսարանից։ 

Ղամարյանին եկամտի չափով հաջորդում է Սարգիս Խուրշուդյանը։ Նա գույքի վարձավճարից ստացել է 11.5 մլն դրամ։ «Նոր ուժ»-ի ցուցակում յոթերորդ ամենաշատ եկամուտ ունեցողը ցուցակի 30-րդ համար Արուսյակ Մանուկյանն է։ Նա ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 10 մլն դրամ։

Ցուցակում ընգրկված պատգամավորի մյուս թեկնածուների նախորդ 12 ամիսների եկամուտը ցածր է եղել 10 մլն դրամից, իսկ նրանցից 20-ը առհասարակ որևէ եկամուտ չի ունեցել։

«Նոր ուժ»-ի ցուցակում ամենաշատ դրամական միջոցներ ունեցողը կրկին Հայկ Մարությանն է։ Նա հայտարարագրել է 76.1 մլն դրամ, 2.6 մլն չեխական կրոն, 122.733 եվրո և 154.673 դոլար։ Երկրորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրածը ցուցակի 13-րդ համար Մարատ Օգանեզովն է։ Նա «Դարմ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Օգանեզովը հայտարարագրել է 5.2 մլն դրամ, 148.700 դոլար, 45.000 եվրո և 0,39 բիթքոյն։ Օգանեզովին հաջորդում է ցուցակի 40-րդ համար Տիգրան Զատիկյանը։ Նա անհատ ձեռնարկատեր է։ Զատիկյանի դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ։

Չորրորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրածը Հովհաննես Մովսիսյանն է։ Մովսիսյանը հայտարարագրել է 25.5 մլն դրամ և 80.000 դոլար։

Ամենաշատ դրամական միջոցներ ունեցողների հնգյակում է նաև Գագիկ Արզաքանցյանը։ «Նոր ուժի» ցուցակի 78-րդ համարը հայտարարագրել է 25 մլն դրամ և 3000 դոլար։

«Նոր ուժի» պատգամավորի թեկնածուներից 18-ը, ըստ հայտարարագրի, դրամական միջոցներ չունեն։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների 60%-ը տղամարդիկ են, 40%-ը՝ կանայք։ Ցուցակում ընդգրկված 85 հոգուց 22-ը կամ 25.8%-ը անկուսակցական են։

Կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուների միջին տարիքը 45 է։ Պատգամավորի ամենաերիտասարդ թեկնածուները 25-ամյա Էրիկ Երվանդյանն ու Դավիթ Սարգսյանն են։ Էրիկ Երվանդյանը ցուցակում 52-րդն է, Դավիթ Սարգսյանը՝ 43-րդը։ Իսկ տարիքով ամենաավագները 73-ամյա Աշոտ Բաբայանն ու Գայանե Ղազարյանն են։ Նրանք ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 55-րդ և 63-րդ հորիզոնականները։

«Նոր ուժի» պատգամավորի թեկնածուներից աշխատանք ունեն 51-ը, 27 հոգի չի աշխատում, իսկ 7-ը թոշակառու է։

«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերի հետաքրքիր մանրամասները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter