HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են հայտարարագրել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուները

«Հանրապետություն» կուսակցության 85 պատգամավորի թեկնածուներից 30-ը գործազուրկ է, 23-ը՝ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, թեկնածուներից 9-ի տարեկան եկամուտը գերազանցում է 10 մլն դրամը։

Վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ, համատիրության ղեկավարներ, գերեզմանատան հսկիչ. ո՞ւմ դրամական միջոցներն են գերազանցում 80 մլն դրամը, ովքե՞ր են ամենաբարձր եկամուտ ստացողները, և ի՞նչ թանկարժեք գույք են հայտարարագրել թեկնածուները։

«Հետք»-ն ուսումնասիրել է կուսակցության 85 թեկնածուների հայտարարագրերը։

«Հանրապետություն» կուսակցությունը հիմնադրվել է 2001թ.-ին։ Կուսակցության նախագահը ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանն է՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Արամ Սարգսյանը 1999-2000թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ 2017թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։ 2018 թվականին առաջադրվել է պատգամավորության թեկնածու «Մենք» դաշինքի ցուցակով, սակայն այն չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ 2023թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո «Հանրապետություն» կուսակցությունը օգնեց «Քաղաքացիական պայմանագրին» Երևանի քաղաքապետ ընտրել Տիգրան Ավինյանին։ Հիմա էլ Արամ Սարգսյանն ասում է՝ միակ կուսակցությունն են, որը ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմի։

Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների վերաբերյալ տվյալները։

«Հանրապետություն» կուսակցությունը գլխավորող Արամ Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն Արարատ գյուղում՝ 800քմ մակերեսով, 2 ավտոմեքենա՝ 2025թ. արտադրության Լ7 և 1994թ.-ի Mercedes-Benz G-Class։

Որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք Արամ Սարգսյանը հայտարարագրել է, իր մեկնաբանմամբ, 100 000 և ավելի դոլար արժողությամբ գրիչների հավաքածու և սրբապատկեր, որը կուսակցության նախագահը համարել է «անգին» և արժեքը չի նշել։

«Գալիք ՍՊԸ»-ից Արամ Սարգսյանը ստացել է տարեկան 21 մլն 150 հազ. դրամ, ևս 1 մլն 470 000 դրամ էլ կենսաթոշակ է ստացել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ կազմել են 30 մլն 400 հազ. դրամ, 100 000 դոլար և 10 000 եվրո։ Բացի այդ, Արամ Սարգսյանը 3 ընկերությունում բաժնեմասեր ունի՝ 50% «Գալիք» ՍՊԸ-ում, 45% «Հատուկ ցեմենտ» ՓԲԸ-ում, ևս 25%-ը՝ «Կավաշեն» ՍՊԸ-ում։

Կուսակցության երկրորդ համարի ֆինանսական միջոցներն ավելի համեստ են։ Կուսակցության մամուլի պատասխանատու Անահիտ Ադամյանը հայտարարագրել է կուսակցությունից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 560 հազ. դրամ և կենսաթոշակակ՝ 600 000 դրամ, Երևանում բնակարան՝ 80քմ մակերեսով, 20 000 դոլարի և 1700 եվրոյի չափով ավանդներ։

Կուսակցության 3-րդ համարը ներկայումս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն է։ Նա հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 73քմ, որպես աշխատավարձ նշել է 840 000 դրամ (հեղ.- ըստ էության, դա նրա ամսական աշխատավարձն է, սակայն պետք է ներկայացներ նախորդ 12 ամիսների եկամուտը), հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 10 մլն 80 հազ. դրամ (հեղ.- ճիշտ այնքան, որքան կկազմի նրա տարեկան աշխատավարձը)։

Կուսակցության 4-րդ համար Անի Խաչատրյանը, ով կուսակցության ցուցակով նաև Երևանի ավագանու անդամ է, անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը 2 մեքենա է հայտարարագրել՝ 2010թ. արտադրության Porsche Cayenne և 2009թ. արտադրության BMW X6M։ Որպես կուսակցության աշխատակազմի ղեկավար նախորդ 12 ամիսների համար հայտարարագրել է 1 մլն 130 հազ. դրամ աշխատավարձ, 900 000 դրամ էլ քաղաքապետարանից փոխհատուցում է ստացել։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ կազմել են 1 մլն 460 հազ. դրամ, 700 եվրո, 4900 դոլար և 27 հազ. ռուբլի։

Ռաֆայել Այվազյանը, ով ցուցակի 5-րդ համարն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կենտրոն համայնքի խորհրդի նախագահն է եղել։ Այվազյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 91/1քմ մակերեսով, 1 մարդատար մեքենա՝ 2014թ. Audi a7, 2 ՄԱՆ մակնիշի բեռնատար և 2 կցորդիչ։ Այվազյանն անկուսակցական է, «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարն է։ Նա նախորդ 12 ամիսների համար որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ և 210 հազար դոլար։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, ով ցուցակի 8-րդ համարն է, հայտարարագրել է Պտղնիում հողամաս՝ 1200քմ մակերեսով, հասարակական նշանակության շինություն Երևանում՝ 100քմ մակերեսով, բնակելի տուն Երևանում (94քմ), որը բաժնային սեփականություն է։ Հովասափյանը հայտարարագրել է 6,5 մլն դրամ և 19 000 դոլար, տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 920 հազար դրամ։

Ցուցակի 13-րդ համար Մարատ Սևոյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է։ Թեև վարչական շրջանի ղեկավարը որպես վերջին 12 ամսվա եկամուտ հայտարարագրել է 850,000 դրամ, հավանաբար դա նրա ամսական աշխատավարձն է։ Բացի այդ, նա հայտարարագրել է 1,5 մլն դրամ դրամական միջոց։ Սևոյանը ունի 2 բնակարան, մեկը Երևանում` 68քմ մակերեսով, մյուսը Վարդենիսում՝ 71քմ մակերեսով, որտեղ նաև 1500քմ մակերեսով տնամերձ հողամաս կա։

Կուսակցության «հարուստները»՝ ըստ հայտարարագրած դրամական միջոցների

«Հանրապետություն» կուսակցությունից ամենաշատ դրամական միջոցներն է հայտարարագրել Ռաֆայել Այվազյանը։ Ինչպես արդեն նշել էինք, նա «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավարն է։ Նախորդ 12 ամիսներին Այվազյանը հայտարարագրել է ընդհանուր 88 մլն 490 հազար դրամ։

Երկրորդ տեղում Գրիգոր Առաքելյանն է՝ 7-րդ համարը, ով հայտարարագրել է 72 մլն 464 հազ. 500 դրամ։  

Երրորդ տեղում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է՝ 71 մլն 560 հազ. դրամով։

Ռուզաննա Պետրոսյանը, ով ցուցակի 80-րդ համարն է, 21 մլն 760 հազ. դրամով չորրորդն է։ Նա անկուսակցական է և չի աշխատում։ Հայտարարագրել է 1 բնակելի, 1 կիսակառույց տուն Առինջ գյուղում, Արզնիում գտնվող գազաբենզալցակայանի համասեփականատեր է, ունի 2010թ. BMW մակնիշի ավտոմեքենա։

Աննա Խաչիկյանն ամենաշատ եկամուտ ունեցող 5-րդ թեկնածուն է, ցուցակի 6-րդ համարն է, կրկին՝ անկուսակցական։ Ընդհանուր դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, կազմել են 21 մլն 150 հազ. 317 դրամ։ Նա «Մեդիա սելլեր» ՍՊԸ-ում տնօրեն է, որպես մանկաբարձ-գինեկոլոգ և սոնոգրաֆիստ աշխատում է «Ֆենիքս մեդիքլ» ՍՊԸ-ում և «Ուիգմոր»-ում։ Հայտարարագրել է 9 մլն 132 823 դրամի եկամուտ և «Արար» ՍՊԸ-ում 25,5% բաժնեմաս։ Աննա Խաչիկյանը ունի նաև 2 բնակարան՝ Երևանում (73,3քմ) և Կոտայքում (57,6քմ), 1 բնակելի տուն Երևանում (275,2քմ)՝ համատեղ սեփականությամբ։ 

Եկամուտները՝ միջակայքով + (4).jpg (210 KB)

85 թեկնածուներից 30-ը չունի որևէ դրամական միջոց։ Կրիպտոարժույթ (42 000 դոլար արժողությամբ) հայտարարագրել է միայն Վազգեն Հովսեփյանը, դրանք նշել է որպես արժեթուղթ և այլ ներդրումներ։ 

Ամենաշատ եկամուտ ունեցող թեկնածուները

Ամենաշատ դրամական միջոցներից բացի, առանձնացրել ենք նաև ամենաշատ եկամուտ ստացողներին։ Ըստ այդմ, թեկնածուներից ամենաշատ եկամուտն ունի Արամ Սարգսյանը՝ 22 մլն 620 հազ. դրամ, երկրորդը Տիգրան Ավետիսյանն է՝ 21 մլն 945 878 դրամով, այնուհետև՝ Երմոնյա Թադևոսյանը՝ 21 մլն 400 000 դրամով, չորրորդը՝ Վազգեն Հովսեփյանը՝ 20 մլն 340 հազ. դրամով, հինգերորդը՝ Գրիգոր Առաքելյանը՝ 17 մլն 800 հազ. դրամով։

Դրամական միջոցները՝ միջակայքով + (3).jpg (189 KB)

Պատգամավորի թեկնածուներից 9-ը նախորդ 12 ամիսներին ունեցել է 10 մլն դրամից ավելի եկամուտ, իսկ 23-ը ընդհանրապես եկամուտ չի հայտարարագրել։

Թանկարժեք իրեր հայտարարագրած թեկնածուները

Կուսակցության 3 թեկնածու իրենց հայտարարագրերում նշել են 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույքի մասին։ Ըստ այդմ, ինչպես արդեն նշել ենք, նրանցից մեկը Արամ Սարգսյանն է, ով հայտարարագրել է 100 հազար և ավելի դոլար արժողությամբ գրիչների հավաքածուն։

Հաջորդը 11-րդ համար Ռոման Մուրադյանն է, ով 3 ժամացույց է հայտարարագրել՝ 10 000, 7000 և 13 000 դոլար արժողությամբ։

Ցուցակի 14-րդ համար Տիգրան Տեր-Մարգարյանը թեև չունի որևէ անշարժ կամ շարժական գույք, չի աշխատում, ևս թանկարժեք ժամացույց է հայտարարագրել՝ 21 000 դոլար արժողությամբ։

85 թեկնածուներից 30-ը գործազուրկ է

«Հանրապետություն» կուսակցության ցանկում գերակշռում են տղամարդիկ. 85 թեկնածուներից 53-ը տղամարդ է, 32-ը՝ կին։

սեռատարիքային կազմ + (9).jpg (250 KB)

16 թեկնածու 25-34 տարիքային շեմում է, 21-ը՝ 55 և ավելի տարեկան են։ Ամենաերիտասարդ թեկնածուն ցուցակի 84-րդ համար 25-ամյա Նարեկ Աբրահամյանն է, ավագը ցուցակի 68-րդ համար 70-ամյա Սամվել Ղազախեցյանն է։

Թեկնածուներից 68-ը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, 17-ը անկուսակցական է։ Կուսակցության 85 թեկնածուներից 30-ը գործազուրկ է։

Ըստ զբաղվածության + (4).jpg (460 KB)

«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերից հետաքրքիր մանրամասներ։

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter