Այնթապի 11/11 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը կուսակցության քարոզչությունն է անում
Մասիս խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրի 11/11 ընտրատեղամասում քաղաքացի Արմեն Թովմասյանը սխալմամբ քվեարկության կտրոնը քվեաթերթիկի հետ դրել էր ծրարում, հանձնաժողովի նախագահ Լուսինե Խաչատրյանը մոտեցավ քվեախցիկին և քաղաքացու հետ սկսեց փնտրել քվեաթերթիկը, շուտով քաղաքացին այն գտավ ծրարում։
Բակում ՔՊ վստահված անձ Արայիկ Գեւորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզն էր անում։ Արմեն Թովմասյանին հարցրինք, թե ինչ ակնկալիքներ ունի, վերջինս ասաց, որ առանձնապես մեծ սպասումներ չունի, բոլորի ձեռագիրը նույնն է, ինքն էլ եկել է իր քաղաքացիական պարտքը կատարելու, ինչին ի պատասխան վստահված անձ Արայիկ Գևորգյանը նշեց Հայաստանում շատ բան է փոխվել, հիմա ազատ առևտուր է, խաղաղություն, վստահ է, որ առաջիկայում էլ ամեն ինչ լավ է լինելու։ Արմեն Թովմասյանը, որ Արցախյան առաջին պատերազմից զինհաշմանդամ է, հակադարձեց համագյուղացուն, ասաց, որ ինքն այդ կարծիքին չէ։
Հանձնաժողովի նախագահ Լուսինե Խաչատրյանը, լսելով նրանց զրույցը, դուրս եկավ բակ և խնդրեց քաղաքացիներին քարոզչությամբ չզբաղվել։ Այնթապի 11/11 ընտրատեղամասում գրանցված 1889 ընտրողներից ժամը 18։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 960-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել