18 տարի սպասում է իր բնակարանին․ Կոնդի բնակչուհու փոխհատուցման չլուծված պատմությունը
Նարինե Հովհաննիսյանը արդեն 18 տարի է՝ սպասում է իր բնակարանի դիմաց խոստացված փոխհատուցմանը։ Երևանի կենտրոնում՝ Կոնդ թաղամասում գտնվող Ռուսթավելի փողոցի նրա 37 քմ մակերեսով բնակարանը 2008 թվականին ճանաչվել է գերակա հանրային շահ և օտարվել։ Շենքը, որից որպես փոխհատուցում բնակարան պետք է տրվեր Ն. Հովհաննիսյանին, կառուցվել է 2018 թ.-ին։ Սակայն մինչ օրս Կոնդ թաղամասի բազմաբնակարան շենքի 6-րդ հարկի բնակարանի դիմաց համարժեք փոխհատուցում չի ստացել։
Կառավարության 2007 թ. մարտի 1-ի որոշմամբ՝ Կոնդ թաղամասում գտնվող բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված գույքերի ձեռքբերող է ճանաչվել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն: Կառավարության որոշման հիման վրա ընկերությունը 37 քմ մակերեսով բնակարանի սեփականատերերի հետ 2008 թ. դեկտեմբերի 4-ին կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագիր։ Ընկերությունը պարտավորվել է օտարված գույքի դիմաց պայմանագրի գնի 59 մլն 748 հազ. դրամի փոխարեն նույն թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքում սեփականատերերին, որպես սեփականություն տրամադրել բնակարան:
Կառավարության որոշմամբ՝ որոշ տարածքներ ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է եկել Երևանի քաղաքապետարանը:
2012թ. «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է և վերջինից առանձնացել է «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ն: Կառավարությունը 2014թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ին առաջարկել է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող՝ նախկին իրավատերերի և նախնական գնորդների հատուցման պարտավորություններով ծանրաբեռնված հողամասերը, Երևանի Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինարարությամբ հանդերձ մասնակի հատուցմամբ, օտարել «Գլենդել Հիլզ» և «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ներին:
«Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը պարտավորվել է իրականացնել հասարակության և պետության կարիքների համար օտարված գույքի սեփականատերերի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Սակայն մինչ օրս Նարինե Հովհաննիսյանը իր օտարված գույքի դիմաց որևէ փոխհատուցում չի ստացել։
Նշենք, որ 2015թ. դատարանի վճիռներով թե «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն, թե «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ն սնանկ են ճանաչվել:
«Հետքը» դիմել է Երևանի քաղաքապետարան, հասկանալու համար, թե ինչու մինչ օրս Նարինե Հովհաննիսյանը փոխհատուցում չի ստացել 37 քմ բնակարանի դիմաց: Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնեցին, որ փոխհատուցման գործընթացը «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի իրավասության շրջանակում չէ: Սակայն, նշված հարցի վերաբերյալ իրենց տրամադրության տակ է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի կողմից 2026 թ. ապրիլի 27-ին ներկայացված պաշտոնական պատասխանը, որն էլ տրամադրվել է մեզ։
Նշված գրությունը հասցեագրված է «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանին: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Կոնդ թաղամասի գույքային միավորների վերաբերյալ նախկինում կնքված հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման և փոխհատուցման պայմանագրերի իրավատերերի համար կառուցված Կենտրոն Վարչական շրջանում գտնվող Պարոնյան 42 և 42/1 հասցեների բազմաբնակարան շենքերում 37 քմ մակերեսով բնակարաններ ի սկզբանե չի նախագծվել և չի կառուցվել: Կառուցված բնակարանները եղել են 78 քմ-ից ավելին:
Ըստ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի՝ հաշվի առնելով, որ օտարման պայմանագրերի հիման վրա նույն շենքերում փոքր մակերես ունեցող բնակարանների սեփականատերերի հետ ձեռքբերողը կնքել է հրաժարագնի (դրամական փոխհատուցման) պայմանագրեր՝ հաշվարկը կատարելով պայմանագրային արժեքի և բնակարանի մակերեսի հարաբերակցությամբ, ընկերությունը Նարինե Հովհաննիսյանին և մյուս փոքր մակերես ունեցող բնակարանների սեփականատերերին նույնպես առաջարկել է կնքել նույն պայմաններով հրաժարագնի պայմանագրեր։ Սակայն, ըստ ընկերության՝ Ն. Հովհաննիսյանին առաջարկվել է իրեն տրամադրվելիք մոտ 7 մլն 418 հազ. դրամից (1 քմ 200.497 դրամ հաշվարկով) շատ ավելի բարձր գումար՝ 55.500 ԱՄՆ դոլար (1 քմ 1500 ԱՄՆ դոլար): Սակայն, Հովհաննիսյանը մերժել է՝ պահանջելով ավելի մեծ գումար, ինչը, ըստ ընկերության ներկայացուցչի՝ «տվյալ պահին իրատեսական չէր»:
Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ կառուցապատող ընկերությունը առաջարկել է դրամական փոխհատուցում՝ հիմնվելով այդ ժամանակ գործող շուկայական արժեքի վրա, ինչին շենքի բնակիչներից ոմանք համաձայնել են։ Հետո այդ գործընթացը կիսատ է մնացել։ Կառուցապատողն ասել է, որ այդ պահին չունի գումար, որպեսզի կարողանա բոլոր բնակիչներին համարժեք փոխհատուցում տալ։ Օտարված գույքի սեփականատերերին առաջարկել են սպասել, մինչև շենքի բնակարանները վաճառվեն։ Բնակարանները վաճառվել են, շենքը երկար տարիներ է արդեն շահագործվում է, բայց խոստացված փոխհատուցումը Նարինե Հովհաննիսյանը չի ստացել։
Նարինե Հովհաննիսյանը չի հերքում, որ ավելի ուշ իրեն մեկ քառակուսի մետրի համար շուրջ 1500 դոլար փոխհատուցում է առաջարկվել, սակայն նշում է, որ այդ գումարով նույնիսկ Երևանի ծայրամասում փոքր բնակարան հնարավոր չէ գնել, իսկ իրեն ոչ թե գումար, այլ բնակարան է պետք։ Մինչդեռ իր օտարված բնակարանը վերանորոգված էր, կային կոմունալ բոլոր հարմարությունները:
«Ի Էմ Սի» ընկերությունը գրեթե նույնաբովանդակ գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանի ԾԻԳ-ին նաև 2024թ. փետրվարին: Այդ գրության մեջ նույնպես նշված է 1 քմ 1500 դոլարով փոխհատուցելու մասին:
«Հիմա էլ ասում են՝ գույք ունենք, կվաճառենք, այդ գումարից կվճարենք ձեզ։ Բայց մենք 18 տարի սպասում ենք։ Եթե գույք ունեին, կարող էին վաղուց վաճառել»,- ասում է Նարինե Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ոչ բոլոր բնակիչներն են հայտնվել նույն իրավիճակում, որոշները ստացել են փոխհատուցում կամ վաճառել են իրենց բնակարանները ցածր արժեքով, մինչդեռ սեփականատերերի մի մասը մինչ օրս մնացել է առանց համարժեք փոխհատուցման։
Նարինե Հովհաննիսյանին կառուցապատող ընկերությունը մինչ օրս ամսական 60 հազար դրամ է տալիս: Այդպես է նախատեսված կողմերի միջև դեռևս 2008 թ. կնքված հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պայմանագրում: Այդ գումարը փաստացի տրվում է, որպես վարձավճարի փոխհատուցում և պետք է տրվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր կառուցված շենքից բնակարանը չի տրամադրվել սեփականատիրոջը: Ն. Հովհաննիսյանն ասում է, որ այդ գումարն էլ չի համապատասխանում շուկայական արժեքին։ 60 000 դրամով քաղաքում տուն վարձակալել հնարավոր չէ։
Նա բազմիցս դիմել է քաղաքապետարան և կառավարություն, ուղարկել բազմաթիվ նամակներ, սակայն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իր դիմումներին ընթացք չեն տալիս։
Նշենք, որ Կառավարության որոշմամբ բնակարաններից զրկված այդ տարածքի սեփականատերերն ու իրավապաշտպանները բազմիցս բարձրաձայնել են օտարման և փոխհատուցման գործընթացների անկատարությունից: Սակայն, մինչ օրս խնդիրը մնացել է չլուծված:
Գլխավոր լուսանկարում այն շենքն է, որտեղ նախատեսվում էր բնակարաններ տրամադրել օտարված գույքի սեփականատերերին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել