HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 տարվա «Հին Երևանը». ինչու չի կառուցվում հուշարձանների թաղամասը

2005 թվականին մեկնարկած «Հին Երևան» նախագիծը դեռևս ավարտի հեռանկար չունի։ Հայաստանի Կառավարությունն այս նախագծի վերաբերյալ 10 որոշում է կայացրել՝ փոխելով կամ ավելացնելով կառուցապատողների, երկարացնելով ժամկետները, ավելացնելով կամ պակասեցնելով հասցեներ, սակայն նախագիծն այդպես էլ չի իրագործվում։ Տարածքի 33 %-ը դեռեւս իրացված չէ: 

«Հին Երևանի» վերաբերյալ Կառավարության որոշումները

Գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Կառավարության 01.08.2002թ. թիվ 1151-Ն որոշմամբ հաստատվել էր Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի ցանկը: Քանի որ այն ժամանակ գերակա շահ ճանաչված տարածքների սեփականության օտարման վերաբերյալ օրենք չկար, Կառավարության այս որոշումը հետագայում հակասահմանադրական ճանաչվեց:  

2006թ.-ին ընդունվեց «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, և արդեն 2007 թվականի հունվարին Անդրանիկ Մարգարյանի կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչվեց մի շարք տարածքների նկատմամբ, այդ թվում՝ «Հին Երևան» նախագծի մի շարք հասցեներում, որտեղ հիմնական ձեռքբերողներ դարձան «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ու  «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն:  

Հաջորդող տարիներին որևէ գործընթաց տեղի չի ունեցել: Եվ քանի որ վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝յոթ տարվա ընթացքում, 2013-ին Կառավարությունը կրկին գերակա շահ ճանաչելու մասին որոշում է ընդունում: 

Կառավարությունը, արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2013թ որոշմամբ գերակա հանրային շահ է ճանաչել Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ։ Տարածքի ձեռք բերողները 3 ընկերություններ էին՝ «Գլենդել Հիլզ» և «Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ները, որոնց սեփականատերն այն ժամանակ Վահե Յակուբյանն էր, եւ «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն։ 

2014 թվականին Կառավարությունը, արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մեկ այլ որոշմամբ առաջարկել է «Գլենդել Հիլզ» և «Ի Էմ ՍԻ» ՓԲԸ-ներին սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքներն օտարել «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին, որի սեփականատերն այն ժամանակ նույն Վահե Յակուբյանն էր։ Ներկայում «Օլդ Սիթի» ընկերության միակ իրական շահառուն կամ բաժնետերը Մարսելում նախկին պատվո հյուպատոս, գործարար, ժամացույցներ արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի համահիմնադիր, «Արմսվիսբանկի» և «Արցախբանկի» խոշոր բաժնետեր Վարտան Սրմակեսն է: Այսինքն՝ «Գլենդել Հիլզ» և «Ի Էմ Սի» ընկերությունները գերակա հանրային շահ ճանաչված տարածքի սեփականատերերից և Երևան համայնքից ձեռք բերվող հողամասերը հետո պետք է օտարեին «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին:

2015թ Կառավարությունը, կրկին Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, 2013թ որոշման մեջ փոփոխություններ է կատարել, որոնց համաձայն՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի անունը հանվել է հավելվածից, փոխարենը ավելացվել է «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի անունը։ Դա նշանակում էր, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տարածքները փոխանցվում են «Ի Էմ Սի» ՓԲԸ-ին։ 

2016-ին և 2017-ին Կառավարությունը կրկին գերակա շահ է ճանաչել «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի տարածքների նկատմամբ, քանի որ ընկերությունը չի կարողացել տարածքում առկա գույքային միավորների սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մի մասի հետ օտարման պայմանագրեր կնքել:  

2017թ հունիսի 1-ին Կառավարությունը երկրորդ որոշմամբ փոփոխություն է մտցնում 2013թ որոշման մեջ և ևս մեկ կառուցապատող ավելացնում «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագուլյան» ՍՊԸ-ի տարածքներում՝ «Սթարլայն» ՍՊԸ-ն։ 

2018թ դեկտեմբերի 27-ին գործող Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, կրկին գերակա շահ է ճանաչում Աբովյան, Բուզանդ, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ` հասցեների չնչին փոփոխությամբ, քանի որ «Ի Էմ Սի»-ն չէր ավարտել իրացման գործընթացը։ 

Եվս մեկ որոշում Կառավարությունը կայացնում է  2022թ. նոյեմբերի 24-ին՝ երկարաձգելով «Հին Երևանի» տարածքների ձեռքբերման ժամկետը ևս մեկ տարով` 2018 թվականի որոշմամբ սահմանված 4 տարին դարձնելով 5: 

«Հին Երևան» նախագծին առնչվող վերջին որոշումը 2025թ օգոստոսին է եղել, որով ևս մեկ անգամ հանրության գերակա շահ է ճանաչվել «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի տարածքների նկատմամբ։ Բացի դրանից, հիմք ընդունելով, որ տարածքը ներառում է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր և հաշվի առնելով, որ ծրագիրն առանց այդ հողատարածքների օտարման հնարավոր չէ իրականացնել, Կառավարությունը նույն որոշմամբ համաձայնություն է տվել կառուցապատվող տարածքի սխեմաների սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը: Դրանք Կադաստրի կոմիտեում որպես համայնքային սեփականություն առանձին ծածկագրով հաշվառված՝ պետական գրանցում ունեցող և չունեցող հողամասերն են, այդ թվում՝ կատարված չափագրումներով հայտնաբերվող՝սխեմայի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող միջանկյալ հողակտորները, իրացված շինությունների զբաղեցրած համայնքային հողամասերը։ 

Հաշվի առնելով, որ տարածքում առկա որոշ գույքերի նկատմամբ ընթանում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներ, որոնց արդյունքում հնարավոր են պետությանը սեփականության իրավունքով անշարժ գույքի փոխանցումներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագիրն առանց այդ անշարժ գույքերի օտարման իրականացնել հնարավոր չէ, Կառավարությունը նաև համաձայնություն է տվել սխեմաների սահմաններում առաջացող՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարմանը։ 

Ինչ է նախատեսվել «Հին Երևան» նախագծով

«Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված էր իրականացնել Գլխավոր պողոտայի տարածքում` մոտ 2.2 հա մակերեսով Աբովյան, Փ. Բուզանդ, Ե. Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող հատվածում:

Տարածքը Երևանի կենտրոնական թաղամասում է` հետիոտնային շարժման ամենաբանուկ հատվածում: Այն քաղաքի միակ հատվածն էր, որտեղ պահպանվել էր պատմական կառուցապատումը: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի բնակելի տներն են` միաձուլված ներքին բակերով և այգիներով: 

Պատերի գունագեղ աղյուսե շարվածքը, ավելի ուշ կառուցված տուֆակերտ զուսպ ու հարուստ զարդանախշ ճակատները, փայտե կամ մետաղե պատշգամբները, միջանցիկ անցումների կամարները ուրվագծել են Երևանի բնակելի թաղամասի ճարտարապետաքաղաքաշինական կերպարը: 

«Հին Երևան» ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն էր վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվեր տարածքը, կամրացվեին կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանար տարածքի առևտրական և մշակութային նշանակությունը: Դրանք հարմարավետ սրճարաններ և ռեստորաններ պետք է դառնային, որոնք դուրս են գալիս դեպի բաց սրահներ և այգիներ, մի մասը կվերածվեր մասնագիտացած ցուցասրահների և թանգարանների, խանութ-սրահների, գեղարվեստական սրահների, ոչ մեծ բարձրակարգ հյուրանոցների և այլն: 

Այս նախագծով ենթադրվում էր նաև Երևան քաղաքի համար լուծել մի քանի կարևոր հարցեր՝ 

  • Կարգավորել տարածքը՝ գեղագիտորեն կանոնավորված ճարտարապետաքաղաքաշինական միջավայր ստեղծելու տեսանկյունից: 
  • Լուծել քանդված և կորած պատմության ու մշակույթի հուշարձանները վերականգնելու խնդիրը:
  • Վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ ժամանակակից խիտ բարձրահարկերով կառուցապատումը համադրելով 19-20-րդ դդ. ճարտարապետական ստեղծագործություններով:

«Ամբողջ տարածքը հուշարձաններն էին, քաղաքի գլխավոր հատակագծով այս ամբողջը պետք է քանդվեր՝ մինչև Պատկերասրահի շենքը և դառնար այգու մի կտոր: Ելնելով իմ առաջարկից, որը լրիվ օրենքի հիման վրա է, որ այստեղ հուշարձան շենքեր են և այն շենքերը, որոնք ժամանակին առանց որևէ ծրագրի ապամոնտաժել են, համարակալել են, որ ուրիշ տեղ հավաքեն, ասացի, որ սա մի կտորն է, որտեղ կարելի է հավաքել»,- պատմում է «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը։ 

Վերջինս նշում է, որ ինքը մշտապես բարձրացրել է հուշարձան շենքերի քանդման հարցը, ավելին՝ պայքարել է դրանց քանդման դեմ, մասնակցել խորհրդային տարիներին հուշարձան շենքերի քանդման դեմ կազմակերպված ցույցերին։  

«Սա մեկ օրվա հարց չէ, որ եկել է: Ուղղակի, որ հեռուստաընկերությամբ տեսա, որ Ռոբերտ Քոչարյանը Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հետ խոսում են, և Քոչարյանն ասում էր, որ այս խարխուլ տները պետք է քանդել, տեղը ծառեր տնկել, մյուս օրը գնացի Երվանդ Զախարյանի մոտ, ասացի, որ չի կարելի էդպես անել, դա միակ կտորն է, որ մնացել է: Ասաց՝ գաղափարդ թղթի վրա անցկացրու, գնամ նախագահի հետ խոսեմ: Գնացել շատ արագ պլան եմ գծել, տվել եմ Երվանդ Զախարյանին, հաջորդ օրը զանգեց և ասաց, որ նախագահը հավանել է գաղափարը, նախագծի առաջարկ պատրաստի: Նախագիծ-առաջարկի ներկայացմանը մասնակցել են լրագրողները, 6 մետր նախագիծ եմ կպցրել պատի վրա»,- 2005 թ. իրադարձությունների մասին է պատմում «Հին Երևանի» հեղինակը:

Ծրագիրը  2005  թվականին բաց մրցույթի է ներկայացվել, տարածքը բաժանվել է լոտերի, հայտարարությունները տրվել են, Լևոն Վարդանյանը մասնակցել է որպես ծրագրի հեղինակ։ 

«Գային մասնակցեին, այդ լոտերն առնեին, ծրագիրն իրականացնեին: Ծառուկյանը եւ այլ մարդիկ լոտեր էին գնել, հետո բոլորը վաճառել են: Սա բաց ծրագիր է եղել: Հուշարձան շենքերից կառուցված միակ թաղամասն է, որ մեր թոռներն ու ծոռները կկարողանան գան տեսնել, թե ինչպիսին է եղել Երևանի կառուցապատումը 19-րդ դարում»,- ասում է Լևոն Վարդանյանը:

Վերջինս նշում է, որ ինքը մշտապես բարձրացրել է հուշարձան շենքերի քանդման հարցը, ավելին, պայքարել է դրանց քանդման դեմ, մասնակցել խորհրդային տարիներին հուշարձան շենքերի քանդման դեմ կազմակերպված ցույցերին։  

«Սա մեկ օրվա հարց չէ, որ եկել է: Ուղղակի որ հեռուստաընկերությամբ տեսա, որ Ռոբերտ Քոչարյանը Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հետ խոսում են, և Քոչարյանն ասում էր, որ այս խարխուլ տները պետք է քանդել, տեղը ծառեր տնկել, մյուս օրը գնացի Երվանդ Զախարյանի մոտ, ասացի, որ չի կարելի էդպես անել, դա միակ կտորն է, որ մնացել է: Ասաց, գաղափարդ թղթի վրա անցկացրու, գնամ նախագահի հետ խոսեմ: Գնացել շատ արագ պլան եմ գծել, տվել եմ Երվանդ Զաքախրայնին, հաջորդ օրը զանգեց և ասաց, որ նախագահը հավանել է գաղափարը, նախագիծ առաջարկ պատրաստի: Նախագիծ-առաջարկի ներկայացմանը մասնակցել են լրագրողները, 6 մետր նախագիծ եմ կպցրել պատի վրա»,- 2005 թ. իրադարձությունների մասին է պատմում «Հին Երևանի» հեղինակը:

Ծրագիրը  2005  թվականին բաց մրցույթի է ներկայացվել, տարածքը բաժանվել է լոտերի, հայտարարությունները տրվել են, Լևոն Վարդանյանը մասնակցել է որպես ծրագրի հեղինակ։ 

«Գային մասնակցեին, այդ լոտերն առնեին, ծրագիրն իրականացնեին: Ծառուկյանը եւ այլ մարդիկ  լոտեր էին գնել, հետո բոլորը վաճառել են: Սա բաց ծրագիր է եղել: Հուշարձան շենքերից կառուցված միակ թաղամասն է, որ մեր թոռներն ու ծոռները կկարողանան գան տեսնել, թե ինչպիսին է եղել Երևանի կառուցապատումը 19-րդ դարում»,- ասում է Լևոն Վարդանյանը:

Ովքեր են «Հին Երևանի» կառուցապատողները

Երևանի քաղաքապետարանը մեր հարցման պատասխանում նշել է, որ Կառավարության որոշումներով տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ի Էմ Սի» ընկերությունը, որն իրականացնում է իրացման (սեփականատերերից գույքը ձեռք բերելու) աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարության 2014թ որոշման՝ «Հին Երևան» համալիրի կառուցապատումն իրականացնելու է «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությունը։ 

«Ի Էմ Սի» ՓԲԸ-ն այստեղ ավելի շատ միջնորդի դերակատարություն ունի, նա տարածքները վերցնելուց հետո դրանք փոխանցում է Վարտան Սիրմակեսի «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին: 

«Ի Էմ Սի» ՓԲԸ-ի միանձնյա բաժնետերն այժմ Էդուարդ Մելիքյանն է, նա նաև «Գլենդել Հիլզի» տնօրենն է։ Էդուարդ Մելիքյանը հայտնի է այս ոլորտում, նա նաև Երևանի կենտրոնի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) հիմնական ձեռքբերողն էր: Էդուարդ Մելիքյանը տարածքը լոտերի բաժանեց և վաճառեց տարբեր ընկերությունների։ 

«Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» և «Սթարլայն» ՍՊԸ-ներն արդեն իրացրել և կառուցապատել են իրենց տարածքի լոտերը: 

Գծապատկերը՝ Արեն Նազարյանի

«Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ն 3 բաժնետեր ունի՝ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն,  Արթուր Ստեփանի Գելազարովը և Արտավազդ Ռաֆիկի Մարտիրոսյանը՝ 35%, 16% և 49% մասնաբաժիններով: 

«Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ի սեփականատերերը եղբայրներ են՝ Դավիթ և Տիգրան Վահեի Հարությունյաններ (50/50)։ Նրանց հայրը՝ Վահե Գարուշի Հարությունյանը, ընկերության տնօրենն է։ Վերջինս նախկինում Պավել Անդերսոնին պատկանող «Գրադշինինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Նրան է պատկանում նաև «Վի Էյչ Դիվելոպեր Քամփնի» ՍՊԸ-ն։ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն հանդես է գալիս նաև «Ապեքս» բրենդի ներքո, որովէլ ներկայացնում է իր նախագծերը։ Ընկերությունը ներգրավված է նաև 33-րդ թաղամասի կառուցապատման մեջ, որտեղ այս պահին ընթանում է նրան պատկանող 4 լոտերի կառուցապատումը։ 

Արթուր Գելազարովը 2018 թվականից է մտել այս ընկերություն։ Նա այլ բիզնեսներում ևս ներգրավված է։ Նա բաժնետեր է «Մ Ֆիշ» ՍՊԸ-ում, 2006-2019թթ 26% բաժնեմաս է ունեցել «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ում, որն իրականացնում է գազի սպասարկման ծառայություն։ Ընկերությունը, հիշեցնենք, հիմնադրել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը` Վլադիմիր Կարապետյանը։ Արթուր Գելազարովն ու Վլադիմիր Կարապետյանը մինչ օրս 25-ական տոկոս մասնակցություն ունեն «Դեզանա» ՍՊԸ-ում։ 

Արթուր Գելազարովը 2011 թվականին 10 ամսով զբաղեցրել է Երևան համայնքի հիմնադրած «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։  2015 թվականից «Հայկական առևտրի տուն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի տնօրենն է։ 

«Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ի երրորդ բաժնետերը՝ Արտավազդ Ռաֆիկի Մարտիրոսյանը, եղել է «Դեկորպրոֆ» ՍՊԸ-ի տնօրենը 2011-2018թթ։ Վերջին ընկերությունը փոխկապակցված է հայտնի «Դոմուս» խանութների ցանցը շահագործող «Դեկորա գրուպ» ընկերությանը, մասնավորապես՝ ընկերության բաժնետեր Արման Ասլանյանին։

Անցնենք մյուս բաժնետիրոջը. «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ-ի գործընկեր, «Հին Երևանի» կառուցապատող «Սթարլայն» ՍՊԸ-ի բաժնետերերը «Դոմուսի» հիմնադիր «Դեկորա-Գրուպի» սեփականատերերն են՝ Արմեն Մուրադյանն ու Արման Ասլանյանը` համապատասխանաբար 73.5% և 26.4%։ Նրանք, բացի «Դոմուս» խանութների ցանցից, նաև ընդգրկված են շինարարության և հյուրանոցային բիզնեսում։ Հիշեցնենք՝ վերջիններս նաև Հիդրոմետի շենքն էին վերածում հյուրանոցի, որն այժմ դարձել է Hayasa Hotel Yerevan.

Ինչու չի ավարտվում «Հին Երևանի» կառուցապատումը

«Հին Երևան» նախագծում ընդգրկված 21 շենքերից մինչ օրս կառուցվել է 3-ը: Այսինքն` կառուցապատման իրենց լոտերն ավարտել են երկու տեղական ընկերությունները` «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագուլյան» և «Սթարլայն» ՍՊԸ-ները: Մեկը` Արամի փողոցից, երկուսը` Բուզանդի: Սակայն ավարտական ակտ դեռևս որևէ կառույց չունի` չնայած այդ շենքերում արդեն գործող բիզնեսներ կան: 

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը կառուցապատման ձգձգման գլխավոր պատճառ է համարում տարածքների իրացումը. տարբեր սեփականատերեր աստղաբաշխական գումարներ են ուզում իրենց տարածքների օտարման համար, ինչի պատճառով էլ մինչ օրս «Հին Երևան»-ը չի կառուցվել:

«Ամեն մի հայ մտածում է` այս առիթն օգտագործի և դառնա միլիոնատեր: Գույքեր կան, որ քմ-ը 6000-7000 դոլար են ուզում»,-ասում է Լևոն Վարդանյանը և օրինակ բերում Պուշկին փողոցում արդեն իսկ կառուցված և պատրաստի համալիրում քառակուսի մետրի արժեքը` առավելագույնը 4000-5000 դոլար:

Ըստ ճարտարապետի, այն 3 կտորները, որոնք իրականացված են, ժամանակին տեղացի ներդրողներն արագ կողմնորոշվել և ձեռք են բերել գույքերը` շուկայական արժեքից մի փոքր ավել առաջարկելով սեփականատերերին, այդ պատճառով իրացման խնդիրներ չեն ծագել: Սակայն հենց այդ շենքերը սկսեցին կառուցվել, շրջակա բնակիչների «ախորժակը», ինչպես բնութագրում է ճարտարապետը, բացվել է, և մեծ գումարներ են ուզում ստանալ կառուցապատողից:

Լևոն Վարդանյանն ասում է, որ այս հատվածում բազմաբնակարան բնակելի շենքեր չեն կառուցվելու, սրանք առավելագույնը վերգետնյա 4 հարկից բաղկացած հասարակական տարածքներ են, ուստի մատների վրա կարելի է ներդրողներ գտնել: Այս նախագծի իրականացումն ինքնին թանկարժեք է, քանի որ հուշարձան շենքեր են, որոնք պետք է վերակառուցվեն կամ վերստեղծվեն: Ֆինանսապես ծանր ծրագիր է: Մինչդեռ բազմաբնակարան շենքերի կառուցապատողները շահում են, քանի որ արագ կառուցում ու վաճառում են իրենց բնակարանները:  

Երևանի քաղաքապետարանը մեզ հայտնել է, որ նախագծի ազդեցության գոտում ընդգրկված են եղել ինչպես 3-րդ անձանց, այնպես էլ համայնքին պատկանող գույքեր։ Օրինակ՝ տարածքում գտնվող Արամի 9 շենքը նույնպես պատկանել է 3-րդ անձանց և օտարման գործընթացի արդյունքում ներկայումս պատկանում է «Հին Երևան» համալիրի կառուցապատող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին։ Այս շենքի օտարման գործընթացին «Հետքը» ժամանակին անդրադարձել է

Քաղաքապետարանը հայտնել է, որ տարածքում դեռևս իրացված չէ 31 գույք, որոնց վերաբերյալ կան դատական հայցեր: 

Ինչ ճակատագիր է սպասվում հուշարձան շենքերին, և որտեղ են այժմ ապամոնտաժված հուշարձանների քարերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ «Հին Երևանի» կառուցապատման տարածքում 21 հուշարձան շենք է ընդգրկված: 

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի խոսքով, 7-ը կանգուն է և գտնվում է կառուցվելիք թաղամասի տարածքում, 14-ը` տեղափոխված:  

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ «Հին Երևան» թաղամասի վերակառուցման էսքիզային նախագիծը քննարկվել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության: Նախագծով նախատեսվում է 21 hուշարձանների վերականգնում, վերստեղծում: Արդեն իսկ վերստեղծված են Բ մասնաշենքի 36-45 և Ա-Ե առանցքներով պարփակված հատվածի` Բուզանդի 12, 14 հասցեների շենքերը: 

Որտե՞ղ են ապամոնտաժված հուշարձանները, ի՞նչ վիճակում. մեր այս հարցին ԿԳՄՍ-ն պատասխանել է, որ դրանք պահպանվում են Սեբաստիա 37 հասցեում` «Գլենդել Հիլզի» տարածքում:

Այդ հասցե մեր այցելության ժամանակ պարզեցինք, որ հուշարձանների քարերը բնավ էլ այնտեղ չեն: Ավելին, ըստ պահակի, ավելի քան 5-6 տարի է`  դրանք տեղափոխվել են: 

ԿԳՄՍ Հանրային կապերի բաժնին խնդրեցինք հստակեցնել, թե որտեղ են հուշարձանների քարերը։ Լևոն Վարդանյանի հետ ճշտումներ կատարելուց հետո ԿԳՄՍ աշխատակիցը հայտնեց, որ քարերն այժմ գտնվում են «Օլդ սիթի» ՓԲԸ-ի` Աբովյան քաղաքում գտնվող տարածքում: Այստեղից կարելի է հետևություն անել, որ ԿԳՄՍ-ն այսքան տարի չգիտեր, թե որտեղ են հուշարձան շենքերի համարակալված քարերը, իսկ մեր հարցին, թե ինչ վիճակում են դրանք, նախարարությունն առհասարակ չի պատասխանել:

Լևոն Վարդանյանը վստահեցնում է, որ Աֆրիկյանների շենքի քարերի գրեթե 100%-ը  պահպանված է, այն նույնպես ընդգրկվելու է «Հին Երևան» նախագծում: Աֆրիկյանների շենքը հենց Լևոն Վարդանյանի հսկողությամբ է ապամոնտաժվել, մնացածն ապամոնտաժվել է մինչեւ իր՝ նախագծի առաջարկ ներկայացնելը:

«Էնտեղ գնում ես, քարակույտ է, ապամոնտաժված քարերը մի տեղ դրված են, բայց էդ քարերը մինչև չհասնի մոնտաժի աշխատանքներին, որպես ճակատ գետնի վրա մինչև չփռվի, իրար կողքի չդրվի, նայվի, ոչ մեկ չի կարող ասել՝ ինչ վիճակում է, պետք է փռել, նոր հասկանալ, էդ շատ բարդ աշխատանք է: Սա սովորական ծրագրերից չի»,- ասում է Լևոն Վարդանյանը և վստահեցնում, որ հուշարձան շենքերի քարերը ծածկի տակ ապահով պահպանվում են:

«Օլդ Սիթի» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Դավթյանն այլ տեղեկություն է հայտնում. հուշարձան շենքերի պահպանված քարերը պահեստավորված են ընկերության Ձորաղբյուրի տարածքում։  Քանի որ դրանք հիմնականում տուֆից են և հին, մասամբ փշրվում են:  

Լևոն Վարդանյանը թերահավատ է, որ ծրագիրն իր կենդանության օրոք կավարտվի: «Ինչ հանգուցալուծում է տեսնում» հարցին պատասխանում է. «Համենայնդեպս, ես սրա ավարտը չեմ տեսնելու, դա 100 %։ Աղջիկս կշարունակի»: Նա է տարածքի ու հուշարձանների ուսումնասիրությունները կատարել, ամբողջությամբ տեղյակ է նախագծին:

Այնուամենայնիվ, ճարտարապետը վստահ է, որ «Հին Երևանը» մի օր կավարտվի, «որովհետև տեղում կանգնած հուշարձան շենքեր կան»: 

«Տեղում 7 հուշարձան կա, եթե գլխավոր պողոտա սարքեին, գոյություն ունեցող 7 հուշարձանները պետք է քանդվեին, այդ մասին ոչ ոք չէր խոսում»,- ասում է Լևոն Վարդանյանը:

Այս փուլում փորձում են Արամ-Բուզանդ փողոցների կառուցված հատվածի հարեւանությամբ գտնվող տարածքների սեփականատերերի հետ բանակցել և անցնել այդ կտորների կառուցապատմանը, որպեսզի ավարտեն գոնե մինչև Տերյանի խաչմերուկ հասնող լոտերի շինարարությունը։  

Սակայն Բուզանդի 22 հասցում` բակային հատվածում գործող «13:20» բար-սրճարանի տարածքի սեփականատերը ոչ մի կերպ չի համաձայնում առաջարկվող փոխհատուցմանը և 7 մլն դոլար է ուզում իր տարածքի համար: «[Կառուցապատողը] Ինչ է սարքելու, որ այդքան տա»,- ասում է Լևոն Վարդանյանը և զարմանում, թե ինչպես է քաղաքապետարանը թույլ տվել այդ վթարային հատվածում սրճարանային բիզնես ծավալել:

Գործարք՝ պետության և ներդրողի միջև

Կառավարության 2014թ. որոշումը և շվեյցարաբնակ գործարար Վարտան Սիրմակեսի ներգրավումն այս նախագծում պատահական չէր, այն գործարք էր պետության և գործարարի միջև: Հայաստանի կառավարության առաջարկով Վարտան Սիրմակեսը փակել է  28 մլն դոլարի պետական երաշխիքային պարտավորությունը, որի դիմաց նրան տրվել է «Հին Երևան» նախագիծը: 

«Օլդ Սիթի» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Դավթյանը, ով Սիրմակեսի ներգրավման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականն էր, «Հետքին» պատմեց, որ Սիրմակեսի 28 մլն դոլարն ուղղվել է «Գլենդել Հիլզի» կողմից աղետի գոտու կառուցման ծրագրերին, ինչպես նաև՝ Ֆիրդուսի, Գինու գործարանի հարակից կառուցապատումների և «Հին Երևան» նախագծերի համար տրված պետական երաշխիքով ապահովված բանկային վարկերի մարմանը։ Ժամանակին Կառավարությունը «Գլենդել Հիլզի» կողմից իրացվող տարածքների կառուցապատման համար երաշխավորության պարտավորություն է ստանձնել բանկերի նկատմամբ։ Սակայն արդեն կուտակված պարտավորությունները ժամկետանց էին, և պետական բյուջեն ռիսկի տակ էր: Այդ պատճառով ներդրողին առաջարկվել է վերցնել «Հին Երևան» նախագիծը որպես հնարավոր ակտիվ, փոխարենը վճարել այդ պարտավորությունը, ինչին համաձայնել է Վ. Սիրմակեսը: «Գլենդել Հիլզ»-ը դրա դիմաց շարունակել է իրացումները, տարածքները պետք է հանձներ ներդրողին, որից հետո ներդրողը սկսեր կառուցապատումը։

Գործող Կառավարության օրոք՝ 2023-2024-ին, Վարտան Սիրմակեսը ևս 6,5 մլրդ դրամի (17 մլն դոլար) ներդրում է կատարել իրացման հարցերն ավարտին հասցնելու համար: 

Հայկ Դավթյանն ասում է, որ նախկինում՝«Գլենդել Հիլզի» օրոք Երևանի գերակա շահ ճանաչված իրացվող տարածքները շղթայաբար փոխկապակցված են եղել։ Նախ՝ Գինու գործարանին կից կառուցված բնակելի շենքերով սպասարկվել են «Հին Երևանի» և Ֆիրդուսի ընթացիկ իրացումները, այնուհետև Ֆիրդուսի թաղամասի իրացված հողերի հաշվին Կոնդի, «Հին Երևանի» իրացման գոտիների ծրագրերն են սկսել սպասարկվել։ Օրինակ` Ֆիրդուսի ռեսուրսների հաշվին 2017թ․-ին «Հին Երևան» նախագծի շրջանակներում 3000 մ հող է իրացվել։

Ներկա իրավիճակը` ըստ կառուցապատողի

«Հին Երևան» նախագծի շրջանակներում կառուցապատող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ի  երեք լոտերի ընդհանուր  16 382 մ տարածքից արդեն իրացվել է  10 951 քմ տարածք, 5 432 քմ մնացել է իրացնելու (ներառյալ համայնքային հողերը): Այսինքն՝ իրացման ենթակա է դեռևս տարածքի 33 %-ը: 

2023-24թթ․-ին 38 դատական հայց է մուտքագրվել դատարան։ Այս պահին 27-ն է մնացել. մի մասը կասեցված է ներքին վեճերի պատճառով, մի մասը դեռևս ընթացքի մեջ է առաջին և վերաքննիչ դատական ատյաններում։  

«Օլդ Սիթի» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Հայաստանում Հայկ Դավթյանն է, նա նաև իրացվող տարածքների շահառուների հետ գլխավոր բանակցողներից է: Հայկ Դավթյանն այժմ համակարգում է «Օլդ Սիթիի» իրավական թիմը: Հայկ Դավթյանը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնուհետև Կարեն Կարապետյանի նախկին գլխավոր խորհրդականը, նաեւ՝ իրավական խորհրդական։ Բացի դրանից, «Շանսի Նաիրիտ» ՀՁ-ի տնօրենների խորհրդի անդամ, «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ-ի սեփականատեր։ 

«Հետքին» նա ասաց, որ «Հին Երևան» նախագծի ձգձգման երկու հիմնական պատճառ կա՝ տարածքների իրացումը եւ քաղաքաշինական ժամանակատար թղթաբանությունը, որը պայմանավորված է մշակութային շենքերին առնչվող վարչարարական համաձայնեցումների հետ։ Թեև «Հին Երևան» կառուցապատման նախագիծը հաստատվել է 2005 թվականին, ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում թաղամասի ամփոփ կոնցեպտը հաստատվել է 2023-ին, ընդ որում` պայմանով, որ յուրաքանչյուր շենքի նախագիծ պետք է առանձին՝ ևս մեկ անգամ հաստատվի խորհրդում։  

Իրացման առնչությամբ Հայկ Դավթյանը 3 տիպի խնդիր է առանձնացնում․

1․ Գույքերի սեփականատերերն իրար հետ ներքին վեճեր ունեն, բաժնային չափերն են վիճարկում։

2․ Գույքերի սեփականատերերն արտաքին վեճեր ունեն, վկայականով գրանցված է 4-5 անձ, սակայն կան այլ անձինք, որոնք պնդում են, թե իրենք սեփականաշնորհման պահին ներկա չեն եղել, բայց նույնպես ունեն սեփականության իրավունք տվյալ գույքի նկատմամբ։ 

Այս վեճերը քննվում են դատարաններում, և հնարավոր չէ իրացումը կազմակերպել, քանի որ այդ գործերով կասեցված են գույքերի նկատմամբ որևէ գործողություն իրականացնելու գործընթացները։  

3․ Գույքերի համադրումներ, այսինքն՝ նույն գույքի կամ հողի նկատմամբ երկու սեփականության վկայական կա, երկուսն էլ` պետական մարմնի կողմից տրամադրված։ Առաջարկներ տրվել են երկուսին, երկուսի սեփականության վկայականների հիման վրա էլ գնահատվել է գույքը, այդ գնահատումների հիման վրա դեպոզիտներ են դրվել երկու գույքերի համար, բայց իրականում նույն հողն է:  Կադաստրն ասում է՝ այո, համադրում կա, վեճերը լուծեք դատական կարգով, և տարիներ կարող է տևել այդ վեճերի լուծումը։ 

Հայկ Դավթյանը կարծում է, որ դատական այս գործերը հանգուցալուծում կստանան, առավել բարդ է համադրվող տարածքների հարցի լուծումը, որը նույն հողի համար կրկնակի փոխհատուցման է հանգեցնում:  

Տարածքների իրացման կապակցությամբ Հայկ Դավթյանը մանրամասնում է, որ դրանց մեծ մասը սկսել է իրացվել դեռևս 1980-ականներից, և բնակիչների մի մասը, ստանալով բնակարանային փոխհատուցում, ՀՀ անկախացումից հետո գույքերի հաշվառման նոր պետական կառույցների կազմավորման անցումային շրջանում վերադարձել, նորից հին տների սեփականության վկայական է հանել և կրկին իրացնում է  փոխհատուցմամբ։ Այս երևույթն արձանագրվել է ոչ միայն «Հին Երևան» թաղամասի տարածքում, այլև՝ Գլխավոր պողոտայի այլ տարածքներում:  

Ձգձգումներ` առանձին դեպքերով 

Կան նաև առանձին դեպքերով պայմանավորված ձգձգումներ։ Օրինակ՝ Արամի 23 հասցեն, որը տեղափոխման ենթակա հուշարձան շենք է (Զարմայր Անդրեասյանի բնակելի տունն է եղել), ժամանակին թաղապետարանից ստացած նվիրատվության հիմքով «Հայ փոքրիկ երգիչների» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ-ին է պատկանում, հարակից տարածքում նախագծային փողոցի փոսորակի  փորման աշխատանքների ժամանակ փլուզվել է պատը, ինչը քրեական գործի առիթ է դարձել, և 7 տարի է՝ չի ավարտվում։ Հետևաբար, իրացման գործընթացն առկախված է, Քոչինյան փողոցի շինարարությունը ևս առկախված է։ 

«Հին Երևան» նախագծի շրջանակներում տեղում առկա բոլոր հուշարձան շենքերը պետք է ապամոնտաժվեն  և տեղում վերակառուցվեն, քարերը հատ-հատ պետք է հանվեն իրենց տեղերից, նորից կառուցվեն։ Քրեական գործի շրջանակներում Երևանի քաղաքապետարանին արգելվել է Քոչինյան փողոցի շինարարությունը շարունակելու  թույլտվությունը երկարացնել՝ մինչեւ գործի ավարտը, ինչի հետևանքով, ըստ Հայկ Դավթյանի, Քոչինյան (նախկին Տերյան) փողոցի միացնող հատվածի կառուցումն առկախված է։ 

«Փոսը փորել են, որ բարձրանան, կողքի չիրացված շենքի քանդման ենթակա պատը փլուզվել է, և այդպես մնացել է, քրեական գործը մտել է դատարան»,- ասում է Հայկ Դավթյանը:

Բացի քրեական գործից, «Հայ փոքրիկ երգիչների» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ-ն վարչական դատարան է դիմել և վիճարկել 2018 թվականի՝ հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքների մի քանի հոդվածների մասով այն հակասող և անվավեր ճանաչելու պահանջով։ Այս գործը մինչեւ Վճռաբեկ դատարան է հասել, և Վճռաբեկը նոր քննության է ուղարկել Վարչական դատարան։ Այժմ այն քննվում է Վարչական դատարանում: 

«Կան պրոբլեմային թնջուկներ, որ թողնում ես վերջում»,- ասում է Հայկ Դավթյանը: Նման թնջուկներից է Կողբացի 22 հասցեն, Բուզանդի 23-ը, Թուֆենկյաններին պատկանող Բուզանդի 32-ը և մի քանի այլ հասցեներ: 

Տարածքի իրացման միջին գինը, ըստ Հայկ Դավթյանի, 2800-3000 դոլարի սահմաններում է։ Մինչդեռ սեփականատերեր կան, որ քմ-ի համար 7000 դոլար են ուզում, ինչը խելամիտ չէ ներդրողի  համար։ 

Որ հատվածում իրացումն ավարտվել է, փորձ է արվում կազմակերպել կառուցապատումը, շինհրապարակը կապել, աշխատանքներ սկսել։ 

Ինչ բիզնես տարածքների են վերածվելու «Հին Երևանի» կազմում ընդգրկված շենքերը, դեռևս պարզ չէ, սակայն Հայկ Դավթյանն ասում է, որ օգտագործվելու են խոշոր ներդրումների վերադարձ  ապահովող նշանակությամբ։

Հայկ Դավթյանը խուսափում է պատասխանել հարցին, թե քանի տարի հետո կիրագործվի «Հին Երևան» նախագիծը։ Սակայն վստահեցնում է, որ այն կավարտվի՝ հաշվի առնելով 2022-ից հետո տարածքների իրացման ուղղությամբ կատարված լայնածավալ կազմակերպական աշխատանքները։ 

Կարդացեք նաև` 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter