HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հայ գերիների պաշտպանները Բաքվի վերաքննիչ դատարանին միջնորդել են արդարացնել նրանց

Հունիսի 30-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է այնտեղ ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, նիստը նախագահել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովը՝ դատավորներ Էմին Մեհթիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ։ 

Դատական նիստին մասնակցել են նաև գործով «տուժողների» ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրողները՝ գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի պետ Աբբաս Աբբասլին և նույն վարչության դատախազներ Անար Ալեքբերովն ու Սևինջ Գասիմովան։

Սկզբում նշվել է, որ Մադաթ Բաբայանի և Դավիթ Բաբայանի՝ յուրաքանչյուրի իրավունքները պաշտպանող երկու փաստաբաններից մեկը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել դատական նիստին։ Այդ պատճառով նրանց տրամադրվել են նոր պաշտպաններ։ Այնուհետև շարունակվել են դատական ելույթները։

Դավիթ Իշխանյանը, ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ, դիմել է դատարանին՝ հայտնելով, որ ցանկանում է առարկություններ ներկայացնել դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալուց հետո։ Դավիթ Իշխանյանին դատարանը հայտնել է՝ քանի որ արձանագրությունների վերաբերյալ առարկությունները ներկայացված չեն ադրբեջաներեն լեզվով, դրանք պետք է ներկայացվեն թարգմանությունից հետո։ Նշվել է նաև, որ առարկությունները պետք է ներկայացվեն ոչ թե բանավոր, այլ գրավոր։

Հայ գերիներից Դավիթ Ալավերդյանի պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Դավիթ Ալավերդյանն ասել է, որ միանում է իր պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքին և համաձայն է դրանում բերված հիմնավորումներին։ Այնուհետև ելույթ է ունեցել Մելիքսեթ Փաշայանի պաշտպանը։ Նա դատարանին միջնորդել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ին կայացված մեղադրական դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։ Իր հերթին Մելիքսեթ Փաշայանը հայտարարել է, որ միանում է իր պաշտպանի ներկայացրած դիրքորոշմանը։ Նա նաև նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Այնուհետև ելույթ է ունեցել Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանի պաշտպանը։ Նա միջնորդել է բեկանել Դավիթ Իշխանյանի նկատմամբ 2026 թվականի փետրվարի 5-ին կայացված դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։ Դավիթ Իշխանյանն ասել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 3-ին։

Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ 

Այս գործով անցնում է ևս 8 հայ գերի։ Նրանցից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը և Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա ազատազրկման։ 

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվել է առանձին վարույթով: Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter