Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Շվեյցարիային ու կիսաեզրափակչում կհանդիպի Անգլիային
Արգենտինայի ազգային հավաքականը Կանզաս Սիթիում կայացած Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ:
Նախորդ փուլում Եգիպտոսի դեմ դժվարին խաղից հետո Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն այս հանդիպումն սկսեց մեծ ճնշմամբ: Արգենտինացիների ակտիվությունը տվեց իր արդյունքը խաղի 10-րդ րոպեին. Լիոնել Մեսիի կատարած փոխանցումից հետո Ալեքսիս Մակ Ալիստերը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Գոլից հետո Արգենտինան շարունակեց վերահսկել խաղը, իսկ Շվեյցարիայի միակ վտանգավոր պահն առաջին կեսում Ջիբրիլ Սոուի հեռահար հարվածն էր, որին վստահորեն տիրեց դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը:
Խաղակեսի միջնամասում շվեյցարացիները փորձեցին մեծացնել ճնշումը: Դան Նդոյեի փոխանցումից հետո Բրել Էմբոլոն արագությամբ շարժվեց առաջ, սակայն դարպասապահ Մարտինեսը դուրս եկավ իր դիրքից և կասեցրեց շվեյցարացի հարձակվողի առաջխաղացումը: Այս դրվագից հետո շվեյցարացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ Արգենտինայի հավաքականն անցավ պաշտպանողական մարտավարության և մինչև ընդմիջում այլևս ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին:
Երկրորդ խաղակեսում Շվեյցարիայի հավաքականը շարունակեց գրոհել։ Մարտինեսը հետ մղեց Էմբոլոյի ու Գրանիտ Ջակայի վտանգավոր հարվածները, սակայն շվեյցարացիները 67-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Դան Նդոյեն:
Շվեյցարացիների ուրախությունը երկար չտևեց. ընդամենը հինգ րոպե անց Բրել Էմբոլոն ստացավ իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից: Թվային առավելություն ստանալով՝ Արգենտինայի հավաքականը վերջին 15 րոպեներին մեծացրեց ճնշումը. Մեսիի հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով, իսկ Լաուտարո Մարտինեսի գեղեցիկ հարվածը հետ մղեց դարպասապահ Գրեգոր Կոբելը: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում Արգենտինան շարունակեց մեծ ուժերով գրոհել։ Հանդիպման 112-րդ րոպեին Արգենտինայի հավաքականը խփեց երկրորդ գոլը. Խուլիան Ալվարեսը հեռվից տպավորիչ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Խաղավարտին շվեյցարացիները մեծ ուժերով նետվեցին առաջ՝ հաշիվը հավասարեցնելու համար, ինչից օգտվեցին աշխարհի գործող չեմպիոնները։ Լաուտարո Մարտինեսը 121-րդ րոպեին դրեց խաղի վերջակետը՝ 3:1:
Արգենտինայի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 15-ին կհանդիպի Անգլիայի ընտրանուն:
Հուլիսի 14-ին էլ կիսաեզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։
Լուսանկարը՝ Charlie Riedel-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել