Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների դատավճիռները
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը այսօր՝ օգոստոսի 6-ին, մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքները՝ առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռները թողնելով անփոփոխ։
Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ էր հղել դատավարության վերաբերյալ՝ հայտնելով, որ իրենց բոլորի համար պարզ էր, որ այդ վճիռը վաղուց կայացված է եղել, և դատավարական կոլեգիան չէ, որ այդ վճիռը կայացրել է, այլ կոլեգիան պարզապես հայտարարել և հրապարակել է այդ վճիռը։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և շատ պարզ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ասել է Իշխանյանն իր ուղերձում։
Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Այս գործով անցնում է ևս 8 հայ գերի։ Նրանցից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը և Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա ազատազրկման։
15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվել է առանձին վարույթով: Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել