HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց 3 ամսով, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի պայմանները մեղմացվեցին

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, իսկ «Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության պայմանները մեղմացվեցին, նվազեցվեց նաև գրավի չափը։

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Այս գործով կա 18 մեղադրյալ։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը դատարանին միջնորդեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը կամ փոխել դրա պայմանները։

Հիշեցնենք՝ Լիդյա Մանթաշյանը 2025թ. նոյեմբերի 27-ին ազատ արձակվեց կալանքից, նրա նկատմամբ ընտրվեցին վարչական հսկողություն, բացակայելու արգելք և 2,5 մլն դրամ գրավ խափանման միջոցները։ 

Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ Մանթաշյանի համար ընտրված պայմանները, համեմատած գործով անցնող այլ մեղադրյալների նկատմամբ ընտրված պայմանների, շատ ավելի խիստ են։ Մասնավորապես, կա ժամային հսկողություն, մինչև երեկոյան 21։00-ն պետք է տանը լինի, նաև շաբաթական մեկ անգամ Պրոբացիայի ծառայություն ներկայանալու պարտականություն կա դրված։

«Չի եղել այս մեկ տարվա ընթացքում մի դեպք, որ Լիդյա Մանթաշյանն այդ պարտականությունները չկատարի, որևէ պարագայում չի բացակայել դատական նիստերից, Պրոբացիայի ծառայություն ներկայանալուց, բայց մեկ տարի շարունակ սարքով հսկողությունը բնականոն կյանքին խոչընդոտներ է առաջացնում»,- ասաց պաշտպանը։

Տաթևիկ Սողոյանը կարծում է, որ բացի այդ անհարմարություններից՝ խափանման միջոցի կիրառման տևականությունը համադրելով պատշաճ վարքագծի հետ՝ բավարար է, որ դատարանը քննության առարկա դարձնի վարչական հսկողությունը վերացնելու կամ դրա պայմանները էապես փոփոխելու հարցը, մասնավորապես, վերացնի էլեկտրոնային սարքի առկայությունը և ժամային սահմանափակումները։

Լիդյա Մանթաշյանն էլ դատարանում հայտարարեց, որ դահլիճում որևէ մեկը ահաբեկիչ չէ։ «Բայց քանի որ այս քրեական գործով բոլորս անցնում ենք, չեմ կարծում, որ ես ավելի մեծ վտանգ եմ ներկայացնում, քան մյուս 17 տղամարդիկ»,- նշեց նա։ 

Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը դեմ էր խափանման միջոցի վերացմանը, սակայն նշեց, որ վարչական հսկողության պայմանները կարող են մեղմացվել։

Դատարանը որոշեց վարչական հսկողություն խափանման միջոցը թողնել անփոփոխ, սակայն պայմանների մեղմացումներով։ Մասնավորապես, որոշեց վերացնել ժամային սահմանափակումները և արգելել շփումը միայն այս գործին մասնակից անձանց հետ՝ բացառությամբ իր պաշտպանների։ Դատարանը որոշեց նաև վարչական հսկողությունն իրականացնել առանց էլեկտրոնային սարքի, Լիդյա Մանթաշյանը շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն։ 

Դատարանը նաև նվազեցրեց գրավի չափը 500 հազար դրամով՝ վերջնական գրավի չափը թողնելով 2 մլն դրամ։ Իսկ բացակայելու արգելք խափանման միջոցը մնաց անփոփոխ։

Հաջորդիվ դատարանը քննեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ 

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2025-ի հուլիսի 9-ին։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը պարբերաբար երկարացվում է։

Հանրային մեղադրողը միջնորդեց տնային կալանքի ժամկետը երկարացնել, իսկ թե ինչ ժամկետով, թողեց դատարանի հայեցողությանը։

Արթուր Սարգսյանը, սակայն, խափանման միջոցի հետ կապված միջնորդություն չուներ, նա խնդրել էր իր պաշտպաններին ևս միջնորդությամբ հանդես չգալ, քանի որ իր կարծիքով՝ արդարադատություն չի իրականացվում։

«Այս դահլիճում արդարադատություն չի իրականացվում։ Բոլորս համոզվել ենք, որ սա փնթի կարված գործ է։ Ես ամենասկզբից ասել եմ, որ սրանք դաժե գործ կարել էլ չգիտեն։ Եվ ես իմ փաստաբաններին էլ խնդրել եմ, մենք միջնորդություն չունենք անելու, քանի որ այս դահլիճում արդարադատություն չկա և կարիք չկա մեր թանկ ժամանակն ու խոսքերն այստեղ օգտագործելու։ Հարգարժան դատարան, գիտեմ, որ օրենքը թույլ է տալիս 1, 2, 3 ամսով երկարացնել, բայց ես միջնորդում եմ միանգամից 1 տարով երկարացնեք, որ ամեն անգամ ապօրինի որոշում կայացնելիս ոչ մեղադրողն իրեն վատ զգա, ոչ էլ դուք վատ զգաք»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Դատարանը որոշեց Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացնել ևս 3 ամսով։ Տնային կալանքի տակ եղած ժամանակահատվածում դատարանը թույլատրեց Արթուր Սարգսյանին իր բնակության վայր հյուրընկալել իր պաշտպաններին և այլ անձանց՝ բացառությամբ այս գործին մասնակիցների։ 

Եվս մեկ միջնորդություն ուներ նաև փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նա դատարանին խնդրեց թույլատրել Բագրատ Սրբազանին նոյեմբերի 8-ին կիրակնօրյա պատարագից հետո մասնակցել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռան առաջին տարեդարձին, որի ընթացքում պետք է Սրբազանը նաև մկրտի երեխային։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Քանի որ գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի երեք պաշտպաններից որևէ մեկը ներկա չէր, դատական նիստը հետաձգվեց։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter