
Գալուստ Գյոդելի (Գեոդելեքյանի) նկարը կցուցադրվի լոնդոնյան հայտնի ցուցասրահում
Ամերիկաբնակ արվեստագետ Գալուստ Գյոդելի "Cityscape #147" նկարը կցուցադրվի բրիտանացի աշխարհահռչակ կոլեկցիոներ Չարլզ Սաաչիի ցուցասրահում:
Ամերիկաբնակ, ազգությամբ հայ արվեստագետ Գալուստ Գյոդելի նկարը Սաաչիի պաշտոնական կայքում, մրցակցելով 3300 այլ նկարիչների աշխատաքների հետ, անցնելով քվեարկության մի քանի փուլերով՝ ընդրգրկվել է լավագույն տասնյակի մեջ:
Տասնյակից ընտրվել է երկու նկար, որոնք կտեղափոխվեն Լոնդոն: Գյոդելի նկարը երկրորդն է: Նախորդ զրույցս Գալուստի հետ տեղի էր ունեցել 2012-ի մարտին: Կապ հաստատեցի նաեւ այսօր:
Նախ կխնդրեի` պատմեք Սաաչիի “Showdown” մրցույթի մասին:
Չարլզ Սաաչին վերջին 30 տարիներ ամենաազդեցիկ եւ կարեւոր մարդկանցից է արվեստի աշխարհում, ունի անձնական հավաքածու եւ, նկարիչը, ում աշխատանքը մտնում է այդ շարքի մեջ, կարեւորվում է արվեստասեր հանրության շրջանակներում եւ շուկայում բարձրանում է արժեքը:
Սաաչին Լոնդոնում ժամանակակից արվեստի մի հսակայական թանգարան ունի, որտեղ ցուցադրվում են իր այլ կարեւոր հավաքածուներ, սրան զուգահեռ աշխատում է նրա կայքը, որը ղեկավարվում է Լոս-Անջելոսից:
Թանգարանի տնօրենը` Ռեբեկա Ուիլսոնը, որը միաժամանակ ղեկավարում է նաեւ կայքը (ամեն շաբաթ երկու օրով ժամանում է Նահանգներ եւ վերադառնում Լոնդոն` արդեն չորս տարի անընդմեջ) եւ հնարավորություն է տալիս բոլոր նկարիչներին իրենց գործերն անձամբ տեղադրել կայքում եւ ցուցադրել հանրությանը:
Այս ամենին զուգահեռ կայքում տեղադրված են նաեւ հատուկ ծրագրեր, որոնք նախատեսված են նկարիչներին աջակցելու համար: Այդպիսի մի ծրագիր է "Showdown" լայնամասշտաբ մրցույթը:
Մինչ մրցույթի ընթացքի մասին պատմելը, ինչո՞ւ ներկայացաք հենց "Cityscape #147" նկարով:
Հիմնական պատճառը մրցույթի թեմատիկան էր` "Bright Lights, Big City" («Պայծառ լույսեր, Մեծ քաղաք»):
Նկարն արված է ոչ ավանդական նյութերով` վերցրված կենցաղից, այս դեպքում օգտագործված է vinyl (վինել), որը թափանցիկ նյութ է, իսկ գույների հիմնական մասը դրված են հետեւի կողմից:
Սա ամբողջությամբ փոխում է նկարչության մեջ եղած ավանդական մոտեցումը, որովհետեւ մենք հիմնականում այլ նկարիչների մոտ տեսնում ենք վերջին շերտը, եւ գնալով նվազ երեւում են նախորդ շերտերը:
Այս դեպքում հակառակն է: Ես գույներն ստանալուց հետո տեղափոխում եմ կարծր մակերեսի վրա. vinyl-ը եւ ակրիլից ներկը ճկուն են, երկուսն էլ ուժեղ կպչելու հատկություն ունեն:
Ձեւերը (ֆորմաները) կտրտելուց հետո դրանք ամրացնելուց առաջ հետեւի մասում ներկ եմ դնում եւ տեղադրում ուզածս տեղում` ճնշում գործադրելով մակերեսի վրա. այդ ժամանակ տակի ներկը դուրս է մղվում եւ առաջացնում ուրվագիծ:
Անդրադառնալով մրցույթին` ինչպիսի՞ն էր գնահատման կարգը, ո՞վ կամ ովքե՞ր էին որոշում կայացնում:
Մրցույթը բաղկացած էր մի քանի փուլից: Նախ՝ ինքնաառաջադրվել էին 3300 նկարիչ: Առաջին փուլի արդյունքում մրցակցության մեջ մնաց 300 աշխատանք, որից 50-ը` հանարային (օն-լայն), իսկ 250-ը` Սաաչիի թիմի քվեարկության արդյունքում:
Վերջին 30 աշխատանքների հիմնական ընտրողը Ռեբեկա Ուիլսոնն էր:
Այնուհետեւ հրավիրվեց ամերիկացի շատ հայտնի նկարիչ Էդդի Մարտինեզը, ով վերջին փուլի համար առանձնացրեց 10 աշխատանք:
Այս 10 նկարից միայն 2-ը հնարավորություն ստացան ցուցադրվելու Լոնդոնում` “Saatchi Gallery”-ում: Հուրախություն ինձ` իմ նկարը 2-րդն էր:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Լոնդոնից:
Դեռ չգիտեմ: Սպասում եմ քննադատության, քանի որ անտարբերությունն ինձ համար ավելի սարսափելի է:
Մեր զրույցից անցել է մեկ տարուց ավելի: Տեսնում եմ` շատ բան է փոխվել: Անհատական, խմբակային ցուցահանդեսներ, այս վերջին հաղթանակը... Հետաքրքիր է` ստեղծագործական մոտեցման սկզբունքը, ինչպես նշել էիք դեռ այն ժամանակ, պայմանավորված է փիլիսոփայությամբ եւ հոգեբանությամբ: Կցանականայի նկարագրեք այժմյան ստեղծագործական վիճակը:
Անհատական ցուցահանդեսից հետո մեծ տեղաշարժ տեղի ունեցավ. որոշեցի զսպվածությունից դուրս գալ եւ նոր փորձեր անել` տեսնելու համար, թե ուր կարող եմ հասնել: Խոսքը վեջրին 8 ամսիների մասին է:
Եվ...
Եվ չգիտեի, որ այսքան գժություն կա մեջս:
Էդդի Մարտինեզի վերջնական որոշումից հետո նրա էջում տեղադրվեցին Սաաչիիում ցուցադրվելիք երկու նկարները:
Գալուստ Գյոդելի ստեղծագործությունը բազմաթիվ մեկնաբանությունների արժանացավ: Թարգմանաբար ներկայացնում եմ նրանցից երկուսը:
Fei Anagnostopoulu Mentzari (Հունաստան). «Մակերեսը, շերտավորումը, ներկի հաստությունը` համատեղված թափանցիկ նյութի գործածության հետ, նյութերի խառնվածքը, ուժը եւ ձեւերի հատուկ ուրվագծերը, որոնք հիմնական մակերեսից են դուրս պրծնում… Սիրեցի այս աշխատանքը»:
Cristina Popovici (Ավստրալիա). «Շնորհավորում եմ այս հնարամիտ արվեստագետին, որին հաջողվում է շարունակաբար գերել դիտողին, շարժել հետաքրքրասիրությունը եւ ակտիվացնել մեր վերաբերմունքը արվեստի նկատմամբ: Ավելի պարզ հասկանալու համար խորհուրդ եմ տալիս կարդալ նաեւ նրա արվեստի թեզը»:
Հ.Գ. Ստեղծագործության լուսանկարը` saatchionline.com կայքից:
Գալուստ Գյոդելի աշխատանքները` Սաաչիի պաշտոնական կայքում:
Մեկնաբանել