
Հովիկ Աբրահամյանը «Ժառանգությանը» հեռացրեց ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժառանգություն» խմբակցությանը հանել է ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից: Այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Այդ լուրը բուռն ծափահարություններով ընդունվեց ՀՀԿ-ական պատգամավորների կողմից:
«Այս ավտորիտար որոշման վերաբերյալ, իհարկե կլինեն համապատասխան բողոքարկման գործընթացներ: Պարոն Աբրահամյան, ուզում եմ տեղեկացնել, որ ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր, այդ թվում` ձեր կուսակիցներին: Բացի այն, որ դժվարին օրեր են սպասվում, ձեզ այս գործողությունները չեն ներվելու»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը: Այս խոսքերից հետո հանրապետականները սկսեցին ծիծաղել:
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ԱԺ նախագահի մոտ խորհրդակցությունից հետո ընդունվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը:
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման նոր սահմանաքանակի համաձայն՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀԿ-ն կունենա 9 տեղ, ԲՀԿ-ն` 5, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» 1-ական տեղ:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում («Եվրանեսթ») ՀՀԿ-ն կունենա 4 տեղ եւ 3 փոխարինող անդամի տեղ, ԲՀԿ-ն` 2 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»` 1-ական տեղ եւ 1-ական փոխարինող անդամի տեղ, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն` 1-ական տեղ:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին հատկացվել է 1-ական տեղ, ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին` 1-ական փոխարինող անդամի տեղ: «Ժառանգություն» խմբակցության համար տեղ չի հատկացվել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀԿ-ն կունենա 2 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ, ԲՀԿ-ն` 1 տեղ եւ 1 փոխարինող անդամի տեղ, ՀԱԿ-ը`1 տեղ, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն`1-ական փոխարինող անդամի տեղ: «Ժառանգությունը» այստեղ եւս տեղ չի ունենա:
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ՀՀԿ-ին հատկացվել է 3 տեղ, իսկ մյուս խմբակցություններին 1-ական տեղ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀԿ-ն կունենա 4 տեղ, ԲՀԿ-ն` 2 տեղ, իսկ մյուս խմբակցությունները` 1-ական տեղ:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում 1-ական տեղեր կունենան միայն ՀՀԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել