
«Տղայի գլխին սարքել են սպանությունը». փաստաբան
Լուսանկարում ցմահ դատապարտյալ, 27-ամյա Արեն Չատինյանն է, որ 6-րդ տարին արդեն գտնվում է բանտում (Լուսանկարը հրապարակում ենք Արենի հարազատների թույլտվությամբ- հեղ.): Ցմահ դատապարտյալի հարազատներն արձագանքեցին «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հայտարարումից հետո:
Արեն Չատինյանը մեկն է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ավելի քան 100 ցմահ դատապարտյալներից: Դատապարտվել է ցմահ ազատազրկման 2008 թ-ին: Սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում, դատապարտվել 4-րդ կուրսում: Մեղադրվել է տաքսու վարորդի սպանության մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ սպանություն չի կատարել: Սակայն այս գործն անցել է հայաստանյան եռաստիճան դատական համակարգով, հասել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), բայց մերժվել անհիմն համարվելու պատճառաբանությամբ:
«Հետքը» զրուցեց 2008 թ.-ին ներպետական դատարաններում Արեն Չատինյանին պաշտպանած փաստաբան Վարդան Սաֆարյանի հետ, ով գտնում է, որ ժողովրդական լեզվով ասած՝ «Տղայի գլխին սարքել են սպանությունը: Անցել է 6 տարի, բայց լավ հիշում եմ այդ գործը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է պաշտպանը: Փաստաբանի դիտարկմամբ, անհայտ է մնացել սպանության մոտիվը, որ սպանության վայրում` տաքսու մեջ հայտնաբերվել են բոլորովին այլ մարդու մատնահետքեր, ով գտնվում է հետախուզման մեջ, բացի այդ՝ սպանված տաքսիստը թալանված չի եղել, նախկինում ծանոթ չեն եղել, թշնամանք չեն ունեցել: Միակ ապացույցը հանդիսացել է սպանվածի բջջային հեռախոսը, որը հայտնաբերվել է Արեն Չատինյանի մոտ: Վերջինս դատարանում նշել է, որ պարզապես փողոցում գտել է այդ հեռախոսը: Ահա փաստաբան Վարդան Սաֆարյանի պաշտպանական ճառից մի հատված:
Բացի այդ, այս գործը վարող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանին մեկ տարի անց՝ 2009-ին, մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործով ապացույցները խեղաթյուրելու մեղադրանքով: Արեն Չատինյանի մայրը՝ տիկին Ալլան գտնում է, որ նույն կեղծիքներն էլ իր որդու գործում են, թերևս, արվել նրա թեթև ձեռքով:
Ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերանայել իր քրեական գործը: Մոր փոխանցմամբ, տղան մի քանի անգամ դիմում է գրել գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել. «Դա է պատճառը, որ հիմա էլ ես եմ գրել, իսկ Արենը որոշել է բողոքի ծայրահեղ քայլի դիմել»,- գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արեն Չատինյանի մայրը:
«Հետքի» հետ զրույցում հացադուլի փաստը հաստատեց նաև ՔԿՎ լրատվության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ Արեն Չատինյանի խուցն առանձնացվել է, և նա գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ: «Դեկտեմբերի 2-ից նա հացադուլի մեջ է, պահանջում է իր գործի վերանայում: Այլ ցմահ դատապարտյալ հացադուլի մեջ չկա»,- ընդգծեց Գոռ Ղլեչյանը:
Գլխավոր դատախազի օգնական Նորիկ Բարսեղյանն ու քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը հրավիրեցին տիկին Ալլային դիմումի քննարկման:
Քրեական գործի վերաբացման համար, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխի, անհրաժեշտ են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ: Այս մասին գլխավոր դատախազության պաշտոնյաները հայտնել են Արեն Չատինյանի հարազատներին:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել