HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երջանկությունը մեր ներսում պետք է փնտրենք»

Հարցազրույց տրանսցենդետալ մեդիտացիայի ուսուցիչ Սվետլանա Գալստյանի հետ

-Հոգեբանների մի խումբ նշում են, որ դեպրեսիան 2020 թ. դառնալու է համաշխարհային համաճարակ: Այսօր էլ նկատելի է ծայրահեղ հուսահատության դրսևորումը որոշ մարդկանց մոտ: Ի՞նչ անել:

-Հոգեբաններն ասում են, մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի հնարավորությունների 3-5 %-ը: Սթրեսների ու լարվածությունների պատճառով է սոսկ, որ մարդը չի կարողանում օգտագործել իր ուղեղի ողջ ներուժը և սխալ որոշումներ, սխալ գործողություններ է կատարում ու սկսում տառապել: Այնինչ կյանքի բնույթը երջանկության մեջ աճելն է: Սթրեսները, հոգնածությունը, լարվածությունը, տագնապները մարդուն չեն թողնում, որ նա բնական ձևով ապրի հարաճուն գոհացման մեջ:

50 տարի առաջ Մահարիշի Մահեշ Յոգին մարդկությանը հասու է դարձրել տրանսցենդենտալ մեդիտացիայի պարզ, բնական, անջանք մտավոր տեխնիկան, որն, ըստ 32 երկրների 250 համալսարաններում և գիտական կենտրոններում կատարված 600 գիտական հետազոտությունների, մարդուն տալիս է հանգստի մի այնպիսի եզակի վիճակ, որը 2-3 անգամ ավելի խորն է, քան ամենախոր քնի վիճակը, և միևնույն ժամանակ բանականությունն իր ներսում զգոն ու արթուն է, ինչպես աղեղի վրա ետ տարված նետը: Նման հանգստի վիճակում մարդը փորձառում է ստեղծարար իմացականության՝ բնական օրենքի անսահման դաշտը մտքի ակունքում, որտեղ միտքը շատ հզոր է: Հզոր միտքն առաջ է բերում հմտություն գործողության մեջ, մարդը բնականորեն, ինքնաբուխ ձևով, կարելի է ասել առանց ջանքի, կատարում է այնպիսի գործողություն, որը նրան գոհություն է բերում, ոչ թե տառապանք:

-Այսօր հատկապես վիրտուալ տարածքն ավելի շատ բացասական էներգիա է հաղորդում մարդկանց, երբեմն նույնիսկ սթրեսներ կարող է առաջացնել առողջ հոգեվիճակ ունեցող մարդկանց մոտ: Ինչո՞ւ է բացասական էներգիան այսքան շատացել մեզանում:

-Սթրեսը, լարվածությունը, հոգնածությունը խոչընդոտում են մեր էվուլյուցիան: Մարդիկ շատ են աշխատում, ինչի հետևանքով հոգնում են, հոգնածությունն էլ հանգեցնում է լարվածության, երբեմն սթրեսի առաջացման: Այդ դեպքում անհնարին է զարգացումը: Իսկ զարգացման հիմքում ի՞նչ է դրված՝ ստեղծարարությունը: Ամեն մարդ պետք է զբաղված լինի ստեղծարար աշխատանքով, աշխատանքի բնույթը կարևոր չէ, ամեն մարդ պետք է բավարարարություն զգա իր աշխատանքից, միապաղաղ աշխատանքը հոգնեցնում է: Երբ մարդը բավարարված չէ իր աշխատանքով, երջանիկ լինել չի կարող: Աշխատանքային վայրերում էլ սթրեսային մթնոլորտ է լինում՝ վերադասի և ստորադասի, գործընկերների միջև: Այսօր սթրեսային մթնոլորտ է դպրոցներում, և պետք չէ աչք փակել այդ երևույթի վրա: Բայց երեխաները մեղավոր չեն, մեղավոր է սխալ կրթությունը, որը ամբողջական գիտելիքի կրթություն չի տալիս, մարդկանց չի կրթում այնպես, որ նրանք ունենան այդ հանգիստ զգոնության վիճակը, բանականության ամենից խաղաղ, բայց, ինչպես ասացի, ամենից արթուն մակարդակը: Ինչպես վկայում են ուղեղի մասնագետ Ֆրեդ Թրեվիսի հետազոտությունները, հենց այս փորձառությունն է մարդուն դարձնում ստեղծարար, այն տալիս է անսպառ էներգիա, դարձնում մեզ ավելի դինամիկ, այն ինքնաբուխ ճիշտ գործողության հիմքն է: Այսօր արդեն 53 երկիր կա, որտեղ առնվազն մեկ դպրոց, իսկ Բրազիլիայում շուտով 38.000 դպրոց, ներառել են տրանսցենդենտալ մեդիտացիան իրենց կրթության համակարգում, որովհետև արդեն համոզվել են, որ երեխաները սկսում են ավելի լավ սովորել, նվազում է ագրեսիվությունը, ավելի ներդաշնակ մթնոլորտ է ստեղծվում դպրոցում: Անգլիայում Մահարիշի դպրոցի հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ դպրոցին տվել են պետական դպրոցի կարգավիճակ: Մարդիկ պետք է օգտագործեն իրենց մտավոր ողջ ներունակություններն ու իրագործեն իրենց ցանկությունները, ունենան հարաճուն ձեռքբերումներ, ապրեն առաջընթացային, գոհացուցիչ կյանքով:

-Բայց արդյո՞ք կարող են:

-Կարող են, որովհետև այն տեխնիկան, որն առաջարկվում է, պարզ է, արդյունավետ է, հեշտ է սովորել: Հենց այս հեշտությամբ էլ տարբերվում է մնացած այլ մտավոր տեխնիկաներից, մեդիտացիաներից: Երբ մենք չենք նայում դեպի առաջ, չենք աճում, կառչում ենք սթրեսից, իսկ կառչած մնալ ինչ-որ կետից, նշանակում է ճահճի մեջ լինել: Սթրեսը և լարվածությունը մեր ժամանակի հիվանդություններն են: Ավելին՝ դրանք, և սա չափազանցություն չէ, բոլոր հիվանդությունների պատճառն են: Կա այսպիսի մի հիվանդություն, որը կոչվում է հետտրավմատիկ սթրեսային խախտում (անգլերեն կոչվում է PTSD): Ամերիկացիների կողմից անցկացված վիճակագրական տվյալներով՝ Աֆղանստանում, Իրաքում կռված զինվորները մեծ թվով ինքնասպանություններ են գործում պատերազմից հետո, և այժմ այդ ինքնասպանների թիվն ավելին է, քան մարտի դաշտում զոհվածների թիվը: Սա շատ մեծ խնդիր է: Բայց տրանսցենդենտալ մեդիտացիա սովորելով՝ նրանք հաղթահարում են այդ հիվանդությունը, ի դեպ, դրան մեծապես նպաստում են Դեյվիդ Լինչի կազմակերպած բարեգործական համերգները, օրինակ հենց դեկտեմբերի 3-ին Նյու Յորքում նա նման մի բարեգործական համերգ էր կազմակեպել, որին մասնակցում էր նաև դերասան Հյու Ջեկսոնը: Համերգի հասույթով մեծ թվով մարդիկ, ովքեր ունեն այս ախտորոշումը, սովորելու են տրանսցենդենտալ մեդիտացիա:

Մեկ այլ հիվանդություն՝ ADHD, ուշադրության պակասի գերխախտումն է: Դա այն է, երբ ուսուցիչը աշակերտներին անընդհատ ասում է՝ ուշադիր, ուշադիր եղեք: Երեխան չի կարող ուշադիր լինել, նա տառապում է հենց այս ուշադրության պակասից, իսկ նրան անընդհատ նկատողություն են անում: Այս դեպքում էլ հետազոտությունները ցույց են տվել, որ ՏՄ-ն հրաշալի եղանակ է, որն առանց կողմնակի հետևանքներ առաջ բերելու կարող է երեխաների մոտ վերականգնել նորմալ ձևով կենտրոնանալու ունակությունը: Նույնը կարելի է ասել աուտիզմի մասին: Ես այստեղ ցանկանում եմ շեշտել, որ ԱՄՆ-ի սրտաբանների միությունը երաշխավորել է տրանսցենդենտալ մեդիատացիան սրտանոթային հիվանդությունների դեպքում: Տրանսցենդենտալ մեդիտացիան կարգավորում է արյան ճնշումը: Իհարկե, կանոնավոր կատարելու դեպքում, օրական երկու անգամ՝ 15-20 րոպե:

-Լավ, ի՞նչ եք առաջարկում այն մարդկանց, ովքեր կարիք ունեն փոխել իրենց կյանքը:

-Նախ հանգստանալ, կատարել ՏՄ և ձեռք բերել այդ խորը հանգստի եզակի վիճակը: Այն լավացնում է մեր կյանքի որակը, մենք ավելի պարզ ենք մտածում, ստեղծարարությունն աճում է, հասկացողության դիապազոնն ընդլայնվում է, ընկալումն ընդլայնվում է, առողջությունը լավանում է, ներդաշնակությունն աճում է, հարաբերությունները մարդկանց հետ լավանում են, դրականը հասարակության մեջ աճում է, բացասականը նվազում է: Այն մտավոր տեխնիկա է, այն կապ չունի ոչ մի կրոնի, ներշնչանքի կամ փիլիսոփայության հետ: Ցանկացած մշակույթի, ցանկացած կրոնի պատկանող մարդ կարող է կիրառել այս տեխնիկան, հանգստանալ, հասնել բանականության այդ ամենից հանգիստ վիճակին, դրանից էլ այն կողմ անցնել, տրանսցենդել և փորձառել սեփական մտքի ակունքը: Հանգստանալու այս ունակությունը ներհատուկ է մարդու նյարդային համակարգին: Խորը հանգստի հետևանքով խորն արմատավորված սթրեսները տարրալուծվում են, մտածողությունը կարգավորվում է, ֆիզիոլոգիան կարգավորվում է, նյարդային համակարգը սկսում է ավելի նորմալ գործել:

ՏՄ սովորելու համար որևէ նախնական պայման չկա: Բայց երբ մարդն սկսում է մեդիտացիա անել, ֆիզիոլոգիան սկսում է կարգավորվել՝ ինքնաբերաբար հրաժարվում է վատ սովորույթներից՝ ծխախոտից, թմրամիջոցներից, ոգելից խմիչքներից, ագրեսիվ վարքից: Հայաստանում սա ևս խնդիր է, չէ՞:

Ի դեպ, ասեմ, և սա կարևոր է հասկանալ, որ մարդը սկսում է ավելի լավ արժևորել իր ավանդական արժեքները, իր սեփական մշակութային արժեքները: Տրանսցենդենտալ մեդիտացիա կատարելով՝ մենք դառնում ենք ավելի հանդուրժող, ավելի մեծահոգի, ավելի ինքնավստահ: Այն լավացնում է մեր կյանքի որակը բոլոր առումներով: Մեր ցանկությունների իրագործումով մենք ինքնաբերաբար նպաստում ենք մեր շրջապատի լավացմանը:

-Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ մեր երկրում ընդգծված բացասական էներգետիկ դաշտ կա: Երբեմն այն պայմանավորում են սոցիալական վատ պայմաններով: Մի տեսակ դժբախտ տեսքով քայլող մարդիկ շատանում են մեզանում:

-Մարդը միշտ ավելիին է ձգտում, որովհետև բնական է՝ ամեն օր առաջընթաց կատարելը բնական է: Տրանսցենդետալ մեդիտացիան հնարավորություն է տալիս, որ բնականորեն ապրենք առաջընթացային կյանքով:

Սթրեսները, լարվածությունը փակում են առաջընթացի ճանապարհը, երբ դրանք վերանում են այս անջանք տեխնիկայի միջոցով, մենք սկսում ենք ապրել կյանքի լիակատար արժեքով: Իսկ լիակատար արժեքը նշանակում է, որ մենք աճում ենք երջանկության մեջ: Բնության մեջ ամեն ինչ աճում է, զարգանում է առաջընթաց է կատարում, չէ՞, մարդն էլ այդպես պետք է լինի: Բայց նա պետք է տեխնիկա ունենա, եթե մարդը ծարավ է, ջրի մասին գրված հազարավոր ատենախոսություններ չեն օգնի նրան, նրան ջուր պետք է տալ: Տրանսցենդենտալ մեդիտացիան հենց այդ տեխնիկան է, որը շատ հեշտությամբ, ինքնաբուխ կերպով մեր ուշադրությունը տանում է խորը դեպի ներս, անսպառ իմացականության և էներգիայի, կարգավորվածության , երջանկության դաշտը: Բոլոր մեծերն էլ, լինեն դրանք կրոնական առաջնորդներ, թե փիլիսոփաներ, արվեստագետներ թե գիտնականներ, թե ժողովրդի բերանով հնչեցրած ասացվածքներ, միշտ նույն բանն են ասել. երջանկությունը մեր ներսում պետք է փնտրենք:

Տրանսցենդետալ մեդիտացիան հրաշքի պես է գործում. մարդն ինքը ստեղծում է իր շրջապատը, նա դառնում է ինքնաբավ և միևնույն ժամանակ ստեղծում իր շրջապատը: Լավացնում է իրեն ու դրանով լավացնում շրջապատը: Իր լույսը ներսում վառում է, շրջապատն էլ է լուսավորվում (միայն երջանիկ մարդիկ կարող են օգնել ուրիշներին, դժբախտներն ընկղմված են իրենց դժբախտության մեջ): Մենք բոլորս կապված ենք իրար հետ, ֆիզիկոսներն ասում են, որ ամեն ինչ ազդում է ամեն ինչի վրա: Տիեզերքում մեկուսի ոչինչ չկա, և դրա համար մարդը խիստ պատասխանատվություն է կրում իր բոլոր գործողությունների, մտքերի համար:  Որտեղ տանում ենք մեր ուշադրությունը, այդ դաշտն էլ ուժեղանում է: Սա ֆիզիկայում կոչվում է ուշադրության տեսություն:

Ու հենց դրա համար ասում ենք, որ Հայաստանում մարդկանց մի փոքրիկ խումբ՝ շուրջ 200 հոգի, կարող է կերտել խաղաղություն՝ ներքին և արտաքին: Եթե 200 հոգի Հայաստանում միևնույն ժամանակ, միևնույն վայրում կատարեն տրանսցենդենտալ մեդիտացիա և դրա առաջընթաց ՏՄ-Սիդհի ծրագիրը, ներառյալ յոգական թռիչքները, այն կստեղծի մի երևույթ, որը ինքնաբերաբար կկանխի երկրին սպառնացող ամեն տեսակի ներքին և արտաքին վնասակար ազդեցություն՝ պահպանելով ազգի մշակութային ամբողջականությունը: Եվ սա՝ ոչ թե թշնամուն վերացնելով, այլ թշնամությունը թշնամու մեջ վերացնելով: Եվ սա հեշտ է անել: Պարզապես անհրաժեշտ է, որ այս ամենի մասին հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի: Եվ անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կարճ ժամանակում կարող են երկիրը դուրս բերել այս բացասական մթնոլորտից: Սա հնարավոր է: Սա անհրաժեշտ է: Սա հրատապ է:

-Ինչպե՞ս եք ճեղքում բացասական էներգիան:

-Որպեսզի խավարը գնա, լույսը բերում ես:

-Ինչպե՞ս:

-Նետը աղեղի վրա ետ ենք տանում, որպեսզի այն առաջ սլանա ու հասնի թիրախին: Տրանսցենդենտալ մեդիտացիայի տեխնիկան անջանք, բնական, եզակի տեխնիկա է, որը, վերացնելով սթրեսներն ու լարվածությունները, բանականության համար ապահովում է խորը հանգստի վիճակ, անսահման լռության վիճակ մտքի ակունքում, որը ողջ իմացականության և ստեղծարարության ակունքն է, և բանականությունը այդ անսահման լռության դաշտի, մաքուր գիտակցության փորձառությամբ դուրս է գալիս ավելի թարմ, ավելի առույգ, ավելի ստեղծարար, ավելի ներդաշնակ:

Տառապանքի համար պարզապես տեղ չկա: Տառապանքը չի պատկանում կյանքին: Կյանքի բնույթը երջանկության մեջ աճելն է: Դրա համար կա տրանսցենդենտալ մեդիտացիայի այս եզակի տեխնիկան, որ Մահարիշին բերել է հինավուրց վեդայական ավադույթից՝ վերածնունդ տալով գիտակցության լիակատար գիտելիքին հանուն անհատի և հասարակության զարգացման, հանուն անհատական երջանկության, ազգի անպարտելիության և աշխարհի խաղաղության: Բնական օրենքի տեխնիկան, բարեբախտաբար հնարավոր է սովորել Հայաստանում, հնարավոր է աշխարհում խաղաղություն ստեղծել հենց մեր երկրից: Կարծում եմ՝ ժամանակն է: 

Լուս.՝ Ս. Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (4)

Henry
A simple message with the ring of pure and profound truth.
Mariam
Շատ հոգեբանների և հոգեթերապեվտների կարծիքով տրանսցենդենտալ մեդիտացիայով երկար զբաղվելը հանգեցնում է շատ ծանր դեպրեսիվ վիճակների, որոնք ենթակա չեն բուժմանը դեղորայքային կամ հոգեթերապեվտիկ որևէ միջոցներով, ինչպես նաև նշվում է որ տրանսցենդետալ մեդիտացիայի նույնիսկ մեթոդների օգտագործումը բերում է բավականին վտանգավոր հոգեվիճակների զարգացմանը։ էլ չեմ խոսում դրա քայքայիչ ազդեցությանը քրիստոնյայի հոգևոր կյանքի վրա։
Սվետլանա Գալստյան
Տրանսցենդենտալ Մեդիտացիան նվազեցնում է հոգեբանական սթրեսն ու տագնապներըStanford University: A meta-analysis of 146 independent studies found that the Transcendental Meditation technique is twice as effective at reducing trait anxiety when compared with concentration, contemplation or other techniques. Reference: Journal of Clinical Psychology, 45 (1989): 957–974.http://www.tm.org/ http://www.tm.org/blog/category/research/նաև ծանոթացե՛ք http://www.tm.org/blog/category/research/ ՏՄ- ն հոգեբույժները խորհուրդ են տալիս են տալիս նույնիսկ ծանր հոգեկան հիվանդությունների դեպքում: Այն ոչ մի վնասակար ազդեցություն չունի ըստ գիտական հետազոռությունների և չի էլ կարող ունենալ առողջ տրամաբանությունն ասում է, որ հանգիստը լավագույն միջոցն է սթրեսներից ազատվելու համար, իսկ ՏՄ-ն ապահովում է հանգստի ավելի խորը վիճակ, քան ամենախոր քունը: Մտավոր և ֆիզիկական հանգիստը նպաստում է նաև հոգևոր վեհ արժեքների գնահատմանը: Շնորհակալությու՛ն:
Vahan
Transcendental meditation in Armenia, who would have guessed?...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter