
Ազատամարտիկը 19-րդ տարին բանտում է՝ պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար
Ինչպե՞ս էին քաղաքացիներին դատապարտում Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման առաջին տարիներին: «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի շրջանակներում ընթերցողին ենք ներկայացնում նաև 1990-ականների քրեական գործերը՝ դրանք ուսումնասիրելով արխիվներում: Սա մի շրջան է, երբ դեռ նոր էին սաղմնավորվում պետական համակարգերը, այդ թվում և՝ դատականը: Շրջան, որը դուրս է մնացել հանրության տեսադաշտից այն պարզ պատճառով, որ զարգացած չէր իրավական ժուռնալիստիկան, դատարաններում նիստերն ընթանում էին լավագույնը մեկ-երկու լրագրողի ներկայությամբ: Մահապատժի դատավճիռները կայացվում էին, օրինակ, 4 ամսում՝ ընդամենը 3 հատորանոց գործերով, իսկ արձանագրությունները սղագրվում էին ձեռքով՝ քարտուղարների կողմից: Մինչև 2003 թ-ը դատավճիռները կայացվում էին 1961 թ-ի Խորհրդային շրջանի Քրեական օրենսգրքով, անգամ 1995 թ-ի դատավճռի ձևաթղթերում պահպանված են «Հանուն Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության», «Հայկական ՍՍՀ Գերագույն դատարան» նշումները:
Հայաստանյան բանտերում 1990-ականներից մինչ օրս պատիժը կրող երկարատև ու ցմահ ազատազրկման դատապարտված մարդիկ կան (մինչև 2003 թ-ը նաև մահապատժի 42 դատավճիռ է կայացվել, մինչդեռ մահապատիժը չէր իրագործվում, քանի որ ՀՀ-ն 1991 թ-ից մորատորիում էր հայտարարել, իսկ 2003 թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով այդ դատավճիռները փոխարինվել են ցմահ ազատազրկման):
Պարսկահպատակ Միրզա-Բեկի սպանության քաղաքական երանգը
Դատարանների կենտրոնական արխիվում, որտեղ պահվում են նաև ՀՀ Գերագույն դատարանի քննած գործերը, ծանոթացա 1992 թ-ից Ղարաբաղյան պատերազմին մասնակցած Սողոմոն Քոչարյանի քրեական գործին: 29-ամյա Սողոմոնը մեղավոր է ճանաչվել 1995 թ-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա պարսկահպատակ Իրանի քաղաքացի Իրաջ Փուր Միրզա-Բեկի կանխամտածված սպանության ու թալանի մեջ՝ դատապարտվելով բացառիկ պատժամիջոցի՝ մահապատժի (2003 թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման): Իրանի քաղաքացի վարորդի մեքենայից, ըստ քրեական գործի նյութերի, Սողոմոն Քոչարյանը վերցրել է գումար ու նրա փաստաթղթերը ու դիմել փախուստի: Ընդամենը 3 հատորանոց գործ ու 4 ամիս տևած դատավարություն, և մահապատժի դատավճիռ:
Պատկերացրեք՝ 1995 թվականն էր, երբ Հայաստանի քաղաքացիները հրադադարից հետո կարողանում էին ապրել Իրանից մուտք գործող ապրանքներով, ուստի մեծ էր այս գործի նկատմամբ պետական ու միջպետական հսկողությունն ու ուշադրությունը: Քրեական գործին հետևել ու դատավարությանը մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հատուկ ներկայացուցիչը: Ահա քրեական գործից միակ համակարգչային շարվածքով փաստաթուղթը:
Բացի այդ, որպես թարգմանիչ ներգրավվել է հենց դեսպանատան թարգմանիչ Ա.Մկրտչյանը՝ հիմնական թարգմանչի հիվանդության պատճառաբանությամբ: Հայաստան ժամանած տուժող կողմի ներկայացուցիչը պահանջել է մահապատժի դատապարտել Սողոմոն Քոչարյանին: Դատարանը հաստատված է համարել, որ Սողոմոն Քոչարյանը դիտավորությամբ կրակել է Հայաստանից Իրան վերադարձող Միրզա-Բեկի բեռնատար մեքենայի առաջին անվադողին, ապա և կանխամտածված սպանություն կատարել՝ հափշտակելով մեքենայում եղած գումարը:
Երբ վարորդը դուրս է եկել անվադողը փոխելու, ըստ գործի նյութերի, Սողոմոն Քոչարյանը մոտիկ հեռավորությունից կրակել է նրա արմնկին, ապա նա վայր է ընկել, գլուխը հարվածել բութ մակերեսի ու մահացել: Այս փաստը ապացուցված է դատաբժշկական փորձաքննությամբ: Փորձագետ Յուրի Դաղունցը նշել է, որ մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքից, հնարավոր է ընկնելուց: Փաստաբանն իր ճառում նշում է, որ Ղարաբաղյան պատերազմով անցած ազատամարտիկը, եթե սպանության մտադրություն ունենար, ապա ոչինչ չէր խանգարի նրան կրակել տուժողի գլխին կամ կրծքին մի քանի անգամ: Այնինչ կրակոցը եղել է միայն արմնկին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել